Շվեյցարիայում մեկնարկել է ՈՒկրաինայի խաղաղության գագաթնաժողովը՝ շուրջ 100 երկրների ու կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։ «Ես հավատում եմ, որ մենք կտեսնենք այստեղ՝ գագաթնաժողովում, թե ինչպես է կերտվում պատմությունը։ Շնորհակալ եմ ձեր աջակցության համար, և թող որքան հնարավոր է շուտ արդար խաղաղություն հաստատվի»,- ասել է ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։                
 

Թափառախումբը մեկնեց լուսաբացին

Թափառախումբը մեկնեց լուսաբացին
21.05.2024 | 08:00

Չորրորդում՝ չգիտեմ, բայց հինգերորդում, վեցերորդում և յոթերորդում պիոներ էինք: Ես «պաշտոնյա» էի՝ ջոկատի խորհրդի նախագահ: Իսկ յոթերորդում դարձա դպրոցի դրուժինայի խորհրդի նախագահը:

Նա իբրև տարբերանշան ձախ թևին կրում էր երեք կարմիր շերտիկ: Այսքան մանրամասն նկարագրում եմ, որպեսզի լրիվ հասկանաք, թե մարդու մեջ ինչպես է սերմանվում պաշտոնամոլությունը և այլևս երբեք դուրս չի գալիս )))…
Դրուժինայի խորհրդի նախագահ ընտրվելուս օրը շտապ տուն եկա և մորս խնդրեցի հորս տաշած փայտիկների վրա կարմիր կտոր քաշել և կարել, որպեսզի հաջորդ առավոտ արդեն մեր թաղամասի հասակակիցներս էլ իմանան, որ հայկական դպրոցի գլխավոր պիոները ես եմ:
Մայրս մի կերպ հարմարեցրեց կարմիր շերտերը, իսկ առավոտյան իսկական ֆուրոր էր. մեր հարևան տղաներն ու հատկապես աղջիկները ճանապարհի՝ իմ ձախ թևի կողմն անցած հիացմունքով (ինձ այդպես թվաց) նայում էին կարմիր փայտիկներիս և զարմանում, թե այս տղան այսքան փառքի արժանանալուց հետո ինչո՞ւ է այսքան անտարբեր (անտարբեր էի ձևանում)…
…Մեկ տարի անց կոմերիտմիության քաղկոմի առաջին քարտուղարի աշխատասենյակում ամբողջ դասարանով մեզ կոմերիտմիության շարքերն ընդունեցին, իսկ մի քանի օր անց տեղի ունեցավ դպրոցի կոմերիտականների հաշվետու-ընտրական ժողովը, որի ավարտին ինձ ընտրեցին կազմակերպության քարտուղար:
…Մի քանի օր անց քաղկոմից ինձ տրվեց կոմերիտական առաջին լուրջ հանձնարարությունը: Ծանոթացրին թխամաշկ մի տղայի հետ և ասացին, որ Վոլոդյան կոմերիտական է, պետք է հաշվառման վերցնել մեր դպրոցում:
Ինձ առանձին բացատրեցին, որ թխամաշկ տղան գնչու է, անհրաժեշտ է նրան ընտելացնել նստակյաց կյանքի, որպեսզի նա քաղաքի արվարձանում վրան զարկած գնչուական թափորի հետ չմեկնի, այլ սովետական դաստիարակություն ստանա:
…Տարեկան մեկ կամ երկու անգամ մեր ծովափնյա տաքուկ քաղաք էր ժամանում գնչուական թափառախումբը:
Բանուկ փողոցներում հայտնվում էին խումբ-խումբ շրջող գնչուհիներ:
Մի մասի գրկում երեխաներ կային, որոնց կրծքով կերակրում էին հենց քայլելիս: Վաճառում էին մանր-մունր իրեր՝ ուլունքից մինչև ծամոն: Տղամարդ գնչուներն ավելի քիչ էին քաղաքում երևում. պայտ, մեխ, գամ և երկաթյա այլ իրեր էին ծախում:
Բայց գնչուհիների ամենատարածված և եկամտաբեր «մասնագիտությունը» գուշակելու արվեստն էր:
-Պագադայու, պագադայու-գոչելով՝ նրանք անցնում էին փողոցից փողոց և ծուղակը գցում առավել սնահավատ քաղաքացիներին:
Մի քանի րոպեում այնպիսի ճշմարտանման բաներ էին ասում հիմնականում միամիտ տղամարդկանց, որ վերջիններս պատրաստ էին գրպանի վերջին կոպեկը տալ նրանց:
…Վոլոդյան ուրախ-զվարթ տղա էր, մենք ոտքով եկանք մեր դպրոց, ես նրան ծանոթացրի մեր կոմերիտականների առօրյային: Հետո ես իրեն ոտքով ճանապարհեցի մինչև շուկա, որից այն կողմ, հավանաբար, գտնվում էր գնչուական թափորը:
Վոլոդյան չցանկացավ, որ ես մինչև իր կացարանը հասնեմ: Քաղկոմը շուտով նրա համար խառատի աշխատանք գտավ գործարաններից մեկում, և Վոլոդյան բարեխիղճ աշխատում էր, երբեմն ինձ մոտ էր գալիս, ինձ նույնիսկ թվաց, որ նա լավ էլ սովետական դաստիարակություն է ստանում:
Ավա՜ղ, դա տևեց մինչև աշուն, քանի որ ձմեռնամուտին գնչուների թափառախումբը մի քանի ժամում իրերը կապեց և իզ ու թոզով անհետացավ Սուխումից:
Վոլոդյան այլևս չերևաց, իմ առաջին դաստիարակչական աշխատանքը ջուրն ընկավ…

Կարլ Յալանուզյան

Դիտվել է՝ 5863

Մեկնաբանություններ