Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

ՀԱՅՏՆԻ ԴԱՐՁԱՆ ՄՐՑԱԿԻՑՆԵՐԸ

ՀԱՅՏՆԻ ԴԱՐՁԱՆ ՄՐՑԱԿԻՑՆԵՐԸ
02.12.2011 | 00:00

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն աշխարհի 2014 թվականի առաջնության եզրափակչին մասնակցելու իրավունք ձեռք բերելու համար ուժերը կփորձարկի որակավորման փուլի եվրոպական գոտու B խմբում, որտեղ ընդգրկված են նաև Իտալիայի, Դանիայի, Չեխիայի, Բուլղարիայի, Մալթայի ընտրանիները: Համաձայն օրերս Չեխիայի մայրաքաղաք Պրահայում հաստատված խմբային խաղացանկի, մեր ընտրանու մեկնարկային խաղը կկայանա 2012-ի սեպտեմբերի 7-ին, իսկ ավարտականը` 2013-ի հոկտեմբերի 15-ին:
Խմբում կայանալիք տասը խաղից առաջին երեքը մեր ֆուտբոլիստները կանցկացնեն 2012-ին` արտագնա խաղերում մրցակից ունենալով Մալթայի և Բուլղարիայի ընտրանիներին (սեպտեմբերի 7 և 11), իսկ մեկ ամիս անց` հոկտեմբերի 12-ին, կհյուրընկալեն Իտալիայի հավաքականին:
Թերևս ավելորդ է հիշել, որ խմբայինի մեր մրցակիցներից ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում մեզնից առավել բարձր դիրք ունեն Իտալիայի, Դանիայի ու Չեխիայի (համապատասխանաբար 9-րդ, 11-րդ, 33-րդ տեղեր) ընտրանիները: Ինչ վերաբերում է Բուլղարիայի ու Մալթայի հավաքականներին, նրանք 85-րդ ու 155-րդ հորիզոնականում են: Մենք պահպանել ենք մեր քառասունվեցերորդ հորիզոնականը:
Վերադառնալով աշխարհի առաջնության որակավորման փուլի եվրոպական գոտու մյուս թիմերի վիճակահանության արդյունքներին` ասենք, որ ինը խմբից միայն մեկում` D խմբում, չի հաստատվել խաղացանկը, քանի որ այնտեղ ընդգրկված Հոլանդիայի, Հունգարիայի, Թուրքիայի, Ռումինիայի, Էստոնիայի, Անդորրայի ֆուտբոլային պատվիրակությունները չեն կարողացել գալ մեկ ընդհանուր հայտարարի, իսկ սա նշանակում է, որ ՖԻՖԱ-ն կդիմի կամային լուծման և կողմերին կպարտադրի իր կազմած խաղացանկը:
Որակավորման խմբային փուլը հաղթահարած ավագ տարիքի Հայաստանի պատանեկան ընտրանին (19 տարեկաններ) 2011-2012 թթ. Եվրոպայի առաջնության էլիտ փուլի խմբային մրցաշարերի վիճակահանության արդյունքով Եվրոպայի գործող չեմպիոն Իսպանիայի, ինչպես նաև Իտալիայի ու Բելգիայի հավաքականների հետ հայտնվել է նույն խմբում: Խաղերը տեղի են ունենալու Իտալիայում` մայիսի 23-28-ին: Խմբում առաջին տեղը գրաված թիմը մյուս վեց խմբերի հաղթողների հետ (Էստոնիայի ընտրանին կազմակերպչի իրավունքով մեխանիկորեն ստացել է այդ իրավունքը) Էստոնիայում կվիճարկի Եվրոպայի չեմպիոնի կոչումը:
ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում նոյեմբերի 29-ին միաժամանակ տեղի են ունեցել նաև 2012-2013 թթ. Եվրոպայի պատանեկան առաջնությունների որակավորման փուլի խմբային փուլերի վիճակահանությունները: Նոր շրջափուլում մեր 19 տարեկանների ընտրանին իններորդ ընտրական խմբում կմրցի Շոտլանդիայի, Շվեյցարիայի, Ռումինիայի, իսկ 17 տարեկանները` Բելառուսի, Սերբիայի, Մոլդովայի իրենց տարեկիցների հետ:
Առաջինի մրցելույթները կկայանան Շոտլանդիայում (հոկտեմբերի 9-14), երկրորդինը` Սերբիայում (սեպտեմբերի 25-30):
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1267

Մեկնաբանություններ