Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

«Իսահակյանի «Ոգու սովի» ահազանգն այսօր էլ հնչուն է»

«Իսահակյանի «Ոգու սովի»  ահազանգն այսօր էլ հնչուն է»
31.07.2012 | 04:02

Վերջերս, բավականին անսպասելի իր և շատերի համար, լրացավ գրող, նաև նկարիչ, պարզվում է` նաև շախմատիստ ԷԴՎԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆԻ ծննդյան 2x30-ամյակը։ Մեր հանդիպումը հենց այս առիթով էր։

«Շախմատ խաղացին
Ավանակն ու ձին,
Եվ էշը կերավ
Խեղճ ձիու ձին»։
Էդվարդ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ, «Պատմության շախմատ և շախմատի պատմություն»


-Ձեր գրքերի վերնագրերը տպավորիչ են, ենթատեքստեր պարունակող։ Հիշենք թեկուզ «Տեղեկատու կատուն», «Պոլիս¬2007»-ը։ Այսօր էլ, ոչ պակաս ուշագրավ վերնագրով, «Պատմության շախմատ, շախմատի պատմություն» գիրքն է։ Ահա բացում եմ պատահական մի էջ և կարդում պատմվածքի վերնագիրը՝ «Երկվորյակները»։
-Գիրքն ամփոփում է տարիների զուգահեռներում շախմատի հետ ապրելու իմ հոգևոր կապը՝ մանկությունից մինչև այսօր։
-Նախ շախմա՞տն էր, հետո՞ պոեզիան։ Թե՞ դժվար է տարիների հեռվից հստակեցնել. նախ գի՞րքն էր, թե՞ շախմատը։
-Որքան ինձ հիշում եմ` կապ եմ ունեցել գրի հետ։ Երբ դեռ չէի գրում, ինչ¬որ բան էի արտասանում, քույրս «սղագրում» էր։ Քեռիս բանաստեղծ էր, Երջանիկ Առաքելյանը, ով երկար ապրեց աքսորավայրերում, վերադարձավ և խորասուզվեց գրականության մեջ։ Նրա մասին մեր ընտանիքում խոսում էին խորին ակնածանքով։ Տանը ստեղծագործում էր եղբայրս՝ բանաստեղծ Ռազմիկ Տոնյանը։ Բնականաբար, մեր հարկի տակ գրական և մշակութային դեմքեր էին հյուրընկալվում։ Գալիս էին երիտասարդ Լյուդվիգ Դուրյանը, Նանսեն Միքայելյանը, Արամայիս Սահակյանը, ավելի ավագ Սողոմոն Տարոնցին։ Սա միջավայր էր, աշխարհընկալման խթան։ Հետո արդեն ներկայացա դպրոցական պատի թերթում, 8-րդ դասարանում էլ տպագրվեցի «Գարուն» ամսագրի 1967 թ. 12¬րդ համարում։ Բանաստեղծությունների շարք էր։
-Շախմատը ո՞ր եզերքներում էր թաքնված։
-Տիգրան Պետրոսյանի հաղթանակով Հայաստանն էր շախմատով ապրում։ Նաև իմ հայրենի Սարի թաղն էր շախմատային տենդով համակված։ Բայց այստեղ իր դերը խաղաց դիպվածը։ Ինձ գործուղեցին հանրահայտ պիոներպալատ, ընդգրկվելու գրական խմբակում։ Կարդացին ոտանավորներս և ընդունեցին։ Ձանձրալի էր։ Ես գժի պես ֆուտբոլ խաղալ էի սիրում, և շատ դժվար էր ժամերով անշարժ նստել, թեկուզև գրական խմբակի պարապմունքներին։ ՈՒ երբ հեռանում էի, պիոներպալատի 1¬ին հարկում անսպասելի հանդիպեցի աշխարհահռչակ մարմնամարզիկ Ալբերտ Ազարյանին և կամքիցս անկախ քայլեցի նրա հետևից։
Ազարյանը մտավ աջ կողմում գտնվող մի սենյակ, մի այլ սենյակ ձախ կողմում էր, վրան գրված՝ «Շախմատի դպրոց»։ Ներս մտա և ընդունվեցի։ Ազարյանը, այսպիսով, իմ բարի հրեշտակն էր։ Շախմատն ինձ համար հոգեկան մեծ պահանջ էր։ Մեր խմբում էին Ռաֆայել Վահանյանն ու Արշակ Պետրոսյանը։ Հետո ավելի կրտսերները եկան։ Շատ լավ եմ հիշում, որ պատանի Լևոն Յոլյանին, շախմատի ֆեդերացիայի ներկա փոխնախագահին, դպրոց ուղեկցում էին հայրը` ճանաչված սրտաբանը, և կինոռեժիսոր Հենրիկ Մալյանը։ Մալյանը ևս շախմատային «հիվանդ» էր։
-Հեռացանք «Երկվորյակներից»։
-Ամենևին։ Դա ժամանակին մեծ համարում ունեցող Լևոն և Կարեն Գրիգորյան եղբայրների մասին է։ Տակավին պատանի` հրաշալի արդյունքներ էին արձանագրում։ Հայրը` բանաստեղծ Աշոտ Գրաշին, ամբողջովին նվիրվել էր որդիների շախմատային տաղանդի բացահայտմանը։ Երկվորյակ եղբայրներ էին, սակայն արտաքնապես տարբեր։ Հանրապետական և համամիութենական մրցաշարերում պարբերաբար հաղթում էին, սակայն «երկաթյա վարագույրի» դժնդակ տարիներն էին, և նրանց այդպես էլ չհաջողվեց միջազգային արենա դուրս գալ։ Եվ դա, ըստ իս, ճակատագրական նշանակություն ունեցավ նրանց կյանքում։
-Ես էլ աղոտ հիշում եմ, որ կային երկու տաղանդավոր եղբայրներ, որոնց կյանքը ծանր վախճան ունեցավ։
-1975-ին ԽՍՀՄ առաջնությունն էր Երևանում։ Պետրոսյանը նվաճեց չեմպիոնի կոչումը, Վահանյանը` արծաթե մեդալը։ Սակայն տոնական տրամադրությունը խաթարվեց, լուր հասավ, որ Տաշքենդում Լևոնին հյուրանոցի 7¬րդ հարկից ցած են նետել։ Կարեն Գրիգորյանին հաջողվեց մեկնել Պրահա, մրցելույթների։ Բայց ահա մրցման կեսին նրան վերադարձրին Երևան, քանի որ, ըստ ոմանց, շապիկը հանած քայլել էր Կառլի կամրջով։ Նա էլ իր վախճանը գտավ` նետվելով «Հաղթանակ» կամրջից։ Սա էր երկվորյակների ճակատագիրը։ Գրքում նաև շախմատային պոեզիա կա և շախմատային արձակ, շախմատային զրույց և շախմատային պիես։ Նաև իմ խնդիրներն ու էտյուդները։
-Լավ, ի՞նչ է շախմատը քեզ համար։
-Մի մոդել, որի միջոցով և՛ պատմության ծալքերին եմ առնչվում, և՛, որոշ իմաստով, ժամանակները քննում… խաղի միջոցով։ Այսպիսով, խաղն ու գեղարվեստը իմ կյանքում միաձույլ են։ Այդպես էլ ապրել ու ապրում եմ։
-Այնուամենայնիվ, գրականությունը հաղթող գտնվեց և՛ շախմատի, և՛ նկարչության հանդեպ։ Հենց գրական կապերը Ձեզ վերջերս ուղեկցեցին Ղազախստան։ Ե՞վ։
-2012¬ին ԱՊՀ երկրների «Գրքարվեստ» մրցանակաբաշխության ամփոփումն էր։ Ես Հայաստանի ժամանակակից գրքարվեստն էի ներկայացնում։ Անակնկալ էր, անշուշտ, «Օդեղեն տունը» մանկական բանաստեղծությունների գիրքս Ղազախստանում թարգմանել և տպագրել էին հիանալի ձևավորմամբ։ Այս գրքով Ղազախստանը տասը երկրների մեջ շահեց երկրորդ մրցանակը` «Բարեկամություն» անվանակարգում։
-Նկարչության հետ ո՞վ մերձեցրեց։
-Սարյանը՝ հեռակա կարգով։ Նրա հանրահայտ նկարներից մեկը՝ «Արմավենին», ուղղակի կախարդեց ինձ։ Չէի կարող չնկատել։ Հետո արդեն սկսեցի գրքերս ձևավորել, ինչ¬որ ազատ ժամ փնտրել նկարելու համար։
Ազատ մամուլը ծնեց լրագրողի մի «ցեղատեսակ», որի գործն արդի գրական կյանքը և գրողին հանրության աչքում հետևողականորեն վարկաբեկելն է։ Սակայն երկրի համար հանգուցային իրավիճակներում սլանում են որսալու գրողի ձայնը, ի՞նչ է լինելու, չէ՞ որ օրհաս է։
-Խորհրդային տարիներին գրողի հանդեպ պաշտամունք էր ձևավորվել։ Հիշենք Շիրազին և Սևակին։ Սա դարերով է կոփվել, պաշտել են Թումանյանին, Չարենցին, Իսահակյանին։ Այսինքն, գրապաշտությունը մեր ժողովրդի ամենաբնորոշ հատկանիշն է։ Հիմա եկավ անկախությունը, և սկսվեց վերարժեքավորման շրջափուլը։ Սկսվեց հակաընթացքը, ամեն բան պսակազերծելու, խոտորելու ժամանակը։ Ես ոչ խորհրդային պաշտամունքն եմ ընդունում, ոչ էլ ընդունում եմ ներկա պսակազերծումը։ Այսօր հետևողականորեն խառնշտորում են, եթե հանգուցային մի պահի դիմում են գրողին, բացատրությունը միանշանակ է. գրողը՝ Հայաստանում թե այլուր, որոշակի մարգարեության կրողն է, կանխագուշակելու գալիք աղետները և նախազգուշացնելու՝ խուսափել, չխրվել խառնակության ճահիճները։
-Իսահակյանի «Ոգու սովի» ահազանգն այսօր էլ հնչուն է։ Գուցե ավելի, քան նախորդ դարասկզբին։
-Ե՛վ Իսահակյանը, և՛ Վելիմիր Խլեբնիկովը (ով նաև հայկական ծագում ուներ և կանխագուշակել էր ռուսական գալիք հեղափոխությունների սարսափները), նախանշել են գալիքը, քանզի գրողն է ազգի ճակատագրի կրողը, նրա ողնաշարը, ոգին։
Գրողը, առհասարակ մշակույթի և արվեստի մարդը, իր մեջ ապագայի սաղմերն է կրում, դրանք արտահայտում իր ստեղծագործություններում և ներկայացնում հանրությանը։
ՈՒ միանգամայն բնական է, որ գալիս են գրողի մոտ։ Իսկ ո՞ւմ մոտ գնան։ Քաղաքական գործչի՞։
-Ըստ իս, մտայնություն է նաև ներկա հեղհեղուկ խնդրականներն ու տեսլականները դարձնել մատի փաթաթան և շեղել հասարակության ուշադրությունը ողբասացական թմբկահարումներով, այսօր գիրք չեն կարդում։ Թումանյանի օրերում գրքերը հրատարակվել են ներկա տպաքանակով, 500 օրինակ։ Բայց կարդացողը կարդում էր և՛ այն օրերին, և՛ այժմ։
-Ներքին պահանջ ունեցողը, անշուշտ, կարդում է։ Մնում է կրթական համակարգում սկսած նախակրթարանից սերմանել սեր հանդեպ գիրն ու գրականությունը, սեր հանդեպ գիրքը։ Սա գերակա խնդիր է, քանզի գիրք չկարդացող տեսակը վայրագ է, անտարբեր ամեն մի բանական և բարոյական երևույթի հանդեպ։
-Դպրոցում ժամանակակից գրականություն չի ուսումնասիրվում։ Դուրս գանք փողոց, որևէ բանաստեղծի և արձակագրի անուն կտան եզակի անցորդները։ Զարհուրելին այն է, որ միևնույն տեսարանն է դպրոցում։ Սեփական հարցախույզ եմ անցկացրել երեք կրթօջախների գրականության ուսուցիչների շրջանում։ Եվ նրանց ոչինչ չասացին ո՛չ Հրաչյա Սարուխանի, ո՛չ Ռոմիկ Սարդարյանի, ո՛չ Լևոն Խեչոյանի, ո՛չ էլ Արմեն Մարտիրոսյանի, Գուրգեն Խանջյանի, Շանթ Մկրտչյանի, Վահան Վարդանյանի և այլոց անունները։ Ես նշում եմ միջին և արդեն դեպի ավագություն ընթացող գրողներին։ Իսկ երիտասարդ սերո՞ւնդը։
Ես նրանց թվում եմ, ովքեր ջանում են, որ մանկապատանեկան գրականությունը մուտք գործի դպրոց։ Որոշ արդի գրողներ կան միջին դասարանների դասագրքերում։ Իսկ ընդհանրապես ժամանակակից գրականությունն իր լեզվամտածողությամբ, աշխարհընկալումներով և առաջադրած խնդիրներով առայժմ դուրս է դպրոցից, կրթական ծրագրերից։
-Անցնենք այլ ոլորտ։ Անկախության արշալույսին գրական (նաև, առհասարակ, մշակութային) դիլետանտները լուրջ դերակատարում ունեցան հանրային կյանքում։ Նրանք իրենց մոլեգին սեթևեթանքը գրկած ներխուժում էին գրական¬մշակութային շուկա, միաժամանակ աշխատանքով ապահովում հրատարակչություններն ու տպարանները։ Այդ արշավն այսօր էլ դադար չունի։ Արդյունքում գրական¬մշակութային մեր կենսադաշտը աղբոտված է ծայրեծայր։
-Սա նախ ազատականության դրսևորույթ է. մարդն ինչ¬որ բան է ստեղծում և կամենում այն հասու դարձնել ոմանց։ Սակայն միանգամից երկրորդ հարցն է ծագում` արդյո՞ք արհեստավարժ գրականագետից, ճաշակավոր ընթերցողից և պատվախնդիր հրատարակչից ձևավորված է այն մաղը, որը ցորյանը կպահպանի, հարդը քամուն կտա։
-Այնուամենայնիվ, խնդիրն առկա է և բավականին հրատապ։ Գրական¬մշակութային ինչ կարգի և որակի աղբ ասես մատուցվում է հանրությանը տխրահռչակ, երբեմն էլ կործանարար ազատականության շղարշի ներքո։ Բայց տեսեք, ես, որպես լրագրող և հրապարակագիր, և իմ բոլոր մյուս կոլեգաները նույնպես, ենթակա ենք որոշակի «գրաքննության»։ Այսինքն, յուրաքանչյուր նյութ, մինչև հանրությանը մատուցվի, պետք է որոշակի պահանջների բավարարի։ Այսինքն, գուցե վերականգնե՞նք գլավլիտը։
-Գլավլիտը գաղափարական արգելապատնեշներ էր հարուցում, ոչ գեղարվեստական։ Միանգամայն օրինաչափ է նրա վերացումը։
-Այսինքն, շարունակում եք դեգերել գրական¬մշակութային թափոնի միջակայքում։
-Ամենևին։ Եվ խնդրի այլ, ազատ հանրությանը հարիր լուծում կա։ Նույն գլավլիտի տարիներին հրատարակչություններն ունեին որակյալ խմբագիրներ, նրանցից շատերը ճանաչված գրող և բանաստեղծ էին և խիստ նախանձախնդիր էին իսկական գրականության լույսընծայմանը։ Այսօր առաջ է եկել գրահրատարակչական նոր մշակույթ ձևավորելու պահը։ Եվ այն ձևավորվում է։ Այսօր լավ գրողին տպագրում են։ Նրանց ընդգրկում են անթոլոգիաներում։ Եվ սա հրատարակչական նոր մշակույթի սկզբնափուլ պիտի համարել։
-«Անտարես» և «Էդիտ պրինտ» հրատարակչատները ուշագրավ նախաձեռնություններով են հանդես գալիս, սահմանելով մրցանակներ որոշակի գրական ուղղությունների համար։ Այսպիսով, գրահրատարակիչները կարծես թե գրական արժեհամակարգ են ձևավորում` շուկա ստեղծելով։
-Ոչ միայն նրանք, նաև «Գրական էտալոն»-ը, ՀԳՄ հրատարակչությունը և էլի մի քանիսը, իսկապես, այսօր քաղաքակիրթ շուկա են ձևավորում, ընթանում այն ճանապարհով, որը քաղաքակիրթ աշխարհն է որդեգրել։ Գրախանութի բացմանն ենք սպասում գրողների տանը։ Գրախանութներ են բացվել Իսահակյանի և Խնկո Ապոր անվ. գրադարաններում, «Արևիկ», «Անտարես» , «Էդիտ պրինտ, «Զանգակ-97» հրատարակչատներում։ Այսինքն, վիճակն այնքան էլ հուսահատեցնող չէ։ Վերադառնալով գրական կյանքին` ասեմ, որ մի քանի լեզվով թարգմանվել և հրատարակվել են հայ ժամանակակից արձակն ու պոեզիան։ ՈՒ սա շարունակելի, հաստատուն ընթացք է։


Զրույցը վարեց
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 5654

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ