Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Ինքնասպանության փորձ կատարած Սերոբ Մխիթարյանը չի ցանկացել հանդիպել իրավապաշտպանների հետ

Ինքնասպանության փորձ կատարած Սերոբ Մխիթարյանը  չի ցանկացել հանդիպել իրավապաշտպանների հետ
18.01.2013 | 13:37

Օրերս ՀԱԿ անդամ, քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից հայտարարություն էր տարածել` հայցելով Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի, քաղաքացիների, ԱԺ պատգամավորների ու լրագրողների ուշադրությունը, հակառակ դեպքում անտարբերությունը կարող է հանգեցնել 20-ամյա երիտասարդի` Սերոբ Մխիթարյանի մահվան:
Վերջինս Տ. Առաքելյանի խցակիցն է, ով մեկ օր առաջ փորձել էր ինքնասպանության միջոցով վերջ տալ իր կյանքին:
Ինքնասպանության փորձեր կատարելու պատճառը նրան առաջադրված մեղադրանքներն են, որոնց հետ նա չի կարողանում համակերպվել:
Բանն այն է, որ Սերոբը պնդում է, թե ինքն անմեղ է, բայց իր ձայնը լսող չկա:
Ինչպես տեղեկացնում է քաղբանտարկյալն իր նամակում` Սերոբին Ղարաբաղում կատարված ինչ-որ գողության համար մեղադրանք են առաջադրել և Երևանից տեղափոխել Շուշիի բանտ: Այնտեղ նրան ենթարկել են ամենօրյա ծեծի և նվաստացումների: Չորս ամսից ավելի պահվել է պատժախցում:
«Դա եղել է մի մութ սենյակ` մոտավորապես 2x1,20 մ տարածքով` առանց սանհանգուցի: Նույնիսկ զուգարան գնալու համար հատուկ թույլտվություն է անհրաժեշտ եղել (օրը երեք անգամ): Անտանելի պայմաններից ու անմարդկային վերաբերմունքից ազատվելու միակ ելքը համարելով Երևանի քրեակատարողական հիմնարկ տեղափոխվելը, Սերոբը սուտ ինքնախոստովանական ցուցմունքներ է տալիս բոլորովին այլ` իրականում իր կողմից չկատարված, բայց իբրև թե Երևանում կատարված գողությունների մասին, որոնց հետ նա, իր պնդմամբ, ընդհանրապես առնչություն չունի»,- գրել է Տ. Առաքելյանը:
Տեղափոխվելով Երևան և արդեն այստեղ ամեն ինչ պատմելով` հրաժարվել է իր ցուցմունքներից:
Սերոբը Ղարաբաղում կատարված գողության համար դատապարտվել է 6 տարվա ազատազրկման: Ի նշան բողոքի` վերջերս հայտարարել էր հացադուլ և կարել բերանը: «Խոստացան գործը վերանայել, և այդ օրը Սերոբին բերեցին մեր խուց: Շատ ընկճված էր, բայց հույս ուներ, որ ինչ-որ բան կփոխվի: Սակայն մոտ մեկ ամիս անց Ս. Մխիթարյանին այցելեց քննիչը և Երևանում կատարված գողությունների համար մեղադրանք առաջադրեց: Այդ օրվանից Սերոբի հոգեկան վիճակը կտրուկ վատացավ: Նա այլևս ոչ մի բանի չի հավատում»:
«Հունվարի 14-ի առավոտյան ստացավ գրություն, որ գործն արդեն դատարանում է: Շփոթված էր, ոչինչ չէր խոսում: Ամբողջ օրն անցկացրեց առանց որևէ բառ մեզ հետ փոխանակելու: Իսկ արդեն գիշերը Սերոբին գտանք լոգարանում` կախված, բայց, փառք Աստծո, դեռ լրիվ շնչահեղձ չէր եղել: Մի կերպ կտրելով պարանը` փրկեցինք նրան»:
Ի դեպ, սա Սերոբի արդեն երկրորդ ինքնասպանության փորձն էր: Նախորդ անգամ էլ երակներն է փորձել կտրել:
Ավելացնենք, որ երեկ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի արագ արձագանքման բաժնի աշխատակիցները մեկնել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ, սակայն կալանավոր Սերոբ Մխիթարյանը չի ցանկացել հանդիպել իրավապաշտպանների հետ:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 4670

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ