«Փաստ չէ, որ ռուս խաղաղապահների հեռանալը Լեռնային Ղարաբաղից նույնական է Ռուսաստանի դուրս գալուն կովկասյան աշխարհաքաղաքական խաղից։ Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է Եվրասիայի և, մասնավորապես, Մոսկվայի համար: Կարելի՞ է խոսել Ռուսաստանի նահանջի մասին, թե՞ իրականում մենք խոսում ենք կովկասյան տարածաշրջանային անվտանգության ողջ համակարգի վերագործարկման մասին: Մոսկվայի վիճակն ամենևին էլ այդքան անհուսալի չէ»,- ասել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։                
 

Բանտը համակենտրոնացման ճամբար չէ, պարո՛ն նախարար

Բանտը համակենտրոնացման ճամբար չէ, պարո՛ն նախարար
29.07.2013 | 23:49

Մարդուն ազատությունից զրկելն ամենամեծ պատիժն է, սակայն երբ անազատության մեջ անմարդկային պայմաններ են ստեղծում, արդեն չափազանց է: Որքան էլ հանցանքը մեծ լինի, այդուհանդերձ, ամենակարևորից` ազատությունից զրկված մարդուն ճնշված ու ստորացված պահելու մեջ էլ հանցակազմ կա: Անգամ իր պատիժը կրող անձն իրավունք ունի պահանջելու մարդասիրական վերաբերմունք: Ի վերջո, մարդուն ազատությունից զրկելը չի նշանակում նրան զրկել հիգիենայի տարրական միջոցներից, ինֆորմացիա ունենալու հնարավորությունից և այլն, և այլն։ Ծանոթանալով ազատազրկվածների այսօրվա իսկապես «գաղջ» առօրյային, այն տպավորությունն ես ստանում, թե արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը Ստալինի հոգեզավակն է` տեղը տեղին յուրացրել է, թե ազատազրկվածների առանց այն էլ տխուր ու ծանր կյանքն անտանելի դարձնելու համար ինչ ու ինչպես պետք է անել։ Ցավալի է, որ նախարարը խառնել է ժամանակներն ու «մոռացել», որ 21-րդ դարում ենք ապրում։ Որպես տեղեկատվություն նշենք, որ Հայաստանում կան 100-ից ավելի ցմահ ազատազրկվածներ, ովքեր պահվում են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում:

«Իրատես de facto»-ն բազմիցս է ահազանգ ստանում նրանցից, ովքեր մշտապես դժգոհում են իրենց պայմաններից, սննդից: Այսօր այս ամենին ավելացել է նաև այն օրենքի նախագիծը, որը ենթադրում է ցմահ ազատազրկվածների ռեժիմի փոփոխություն, որի քննարկումը ԱԺ-ում տևական ժամանակ ձգձգվում է: Իսկ խնդիրը կարգավորող համապատասխան ոլորտը` արդարադատության նախարարությունը, մեղմ ասած, խիստ անտարբեր է այս հարցի առնչությամբ: Հրայր Թովմասյանին ուղղված նամակներն էլ մնում են անարձագանք: Ցմահ ազատազրկվածները հնարավորության դեպքում անմիջապես փաստում են, որ նախարարական աթոռին բախտի բերմամբ, թե պատահմամբ, Հրայր Թովմասյանի հայտնվելուց կարճ ժամանակ անց, իրենց վիճակն անտանելի է դարձել: Ինչպես նրանք են պատմում, նախարարը, պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո, որոշ խստացումներ է մտցրել։ Խլացուցիչներ են տեղադրվել, համակարգչից օգտվելն արգելվել է։ Ավելին, ազատազրկվածների մոտ մշտապես հեռախոսներ հայտնաբերելու «օպերացիա» է իրականացվում։ Էլ չենք խոսում տեսակցության սենյակի վիճակի մասին։ Ցմահ ազատազրկվածների հարազատները վստահեցնում են, որ եթե երեք օրով տեսակցության են գնում, միայն մեկ օրը տրամադրում են սենյակը տարատեսակ միջատներից, փայտոջիլներից մաքրելուն։ Տարրական պայմաններից զուրկ է նաև այս սենյակը։
«Իրար գլխի թափված ենք, մեկը մի օր գժվում ա, մեկը` կախվում, մյուսները չգիտեն էլ ինչ անեն: Ոչ սոցհոգեբան կա, որ գա խոսի, հանգստացնի։ Անտերանոց ա, ում ենք պետք որ։ Գոնե երկար նստածների ռեժիմը փոխեն, դուրս գան զբոսանքի, արև տեսնեն»,- մեզ հետ զրույցում պատմեց արդեն տասնութ տարի կալանավայրում անցկացրած ցմահ դատապարտյալներից մեկը: Ըստ նրա, եթե այդ օրենքն ընդունվի, գոնե հնարավորություն կունենան տեղափոխվելու այլ կալանավայր, և զբոսանքի ժամերը երկար կլինեն: «Հիմա էլ էս տոթին չորս պատի մեջ խեղդվում ենք: Ոչ մեկն առողջություն չունի: Մի ժամ զբոսանք, էն էլ շաբաթը մեկ-երկու անգամ: Հասկացանք, որ պատժված ենք, բայց կարող ա՞ արագ մահվան են տանում»,- զայրացած բողոքեց ազատազրկվածը: Նախարարին հիշեցնենք, որ, ըստ օրենքի, ցմահ ազատազրկվածներն ամեն օր մեկ ժամ զբոսանքի իրավունք ունեն: Հետաքրքիր է, որ այս խախտումը ժամանակին բանտի տնօրենությունը բացատրում էր քրեակատարողական հիմնարկի աշխատողների սղությամբ:
Փաստորեն, կյանքում ինչ-որ պահի սայթաքած մարդիկ չեն «տեղավորվում» տարբեր ամբիոններից օրումեջ տարփողվող եվրոպական արժեքների մեջ, նրանց իրավունքների պաշտպանությունը ոլորտի պատասխանատուների համար գրոշի արժեք չունի։ Հավանաբար, այդ արտահայտությունը մշտապես շահարկող մեր պաշտոնյաները դրա տակ հասկանում են միայն միասեռականության իրավունքների պաշտպանությունը։ Հիշեցնենք, որ նույն ԵՄ երկրներում բանտային պայմաններն այնպիսին են, որ ինչքան էլ անհեթեթ թվա, բանտից ազատվածը երբեմն դիտավորյալ խախտում է օրենքը, որ նորից վերադառնա կալանավայր։
Իսկ թե որքան ժամանակ է պետք արդարադատության նախարարին, որ իր ոլորտին (կարծում ենք, նախարարն այս անգամ էլ հիշյալ ոլորտից չի հրաժարվի, թե` ես նրանց շեֆը չեմ) առնչվող խնդիրներին լուծում տա կամ գոնե ականջալուր լինի, դժվար է ասել` հետևելով ցմահ ազատազրկվածների բողոքների պարբերականությանն ու խնդիրների մասշտաբայնությանը: Նախարարին նաև պետք է հիշեցնել` «Երբեք մի ասա երբեք» ասացվածքը շատ արդիական է այս պարագայում։ Ասել է, վաղը կյանքը կարող է այնպիսի անակնկալ մատուցել նրան, որ հնարավոր է ինքը ևս հայտնվի այդպիսի պայմաններում։ ՈՒ երբեմնի «ոչինչները» կարող են թելադրողներ լինել, իսկ այս դեպքում հաստատ Հրայր Թովմասյանին ուրախ օրեր չեն սպասում։
Ի դեպ, շատ հաճախ են ցմահ ազատազրկվածներն իրենց խնդիրներին հաղորդակից լինելու համար դիմում այս կամ այն քաղաքական ուժերի ներկայացուցիչներին, խնդրելով այցելել իրենց: Հետաքրքիր է` Հրայր Թովմասյանը երբևէ այցելե՞լ է նրանց` «առաջին բերանից» լսելու ցմահներին հուզող հարցերը:
Որպեսզի միակողմանի չդիտարկվի նյութը, «Իրատես de facto»-ն դիմեց նաև արդարադատության նախարարությանը, թե արդյոք տեղյա՞կ են այս խնդիրներին ու ի՞նչ քայլեր են ձեռնարկում։ Նախարարությունից մեզ վստահեցրին, որ «հնարավոր ամեն բան արվում է»։ Ինչ վերաբերում է հեռախոսներ և համակարգիչներ օգտագործելու արգելքներին, հավաստիացրին, որ դրանք սահմանվել են կառավարության համապատասխան որոշմամբ։ Իսկ երբ անդրադարձանք տեսակցության սենյակի հիգիենայի վիճակին ու այլ պայմաններին, նախարարությունից մեզ «գործուղեցին» քրեակատարողական վարչություն։ Ասացին, որ պայմանների համար պատասխանատու է վարչությունը։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2987

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ