Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Հայէկոնոմբանկի» Գավառի մասնաճյուղի կառավարիչը անտեղյա՞կ է բանկային օրենքներին

«Հայէկոնոմբանկի» Գավառի մասնաճյուղի կառավարիչը անտեղյա՞կ է բանկային օրենքներին
11.09.2013 | 15:09

Հայաստանի մարզային համայնքներից և հեռավոր գյուղերից տարբեր ոլորտներին առնչվող բողոքներ շատ հաճախ են լինում, ավելի հաճախ, քան մայրաքաղաքից: Պատճառը շատ պարզ է` հեռավոր գյուղերում այդ հիմնարկությունները վերահսկողությունից դուրս են, բարձիթողի վիճակում, ինչն էլ իրավունք է տալիս պետական կամ մասնավոր կառույցները տնօրինող որոշ «շեֆերի» ինքնագործունեությամբ զբաղվել, վարվել տեղաբնակների հետ այնպես, ինչպես սիրտներն է ուզում: Գավառի Արծվաքար թաղամասի բնակիչ Աշոտ Կարեյանը վերջերս բախվել է նման մի խնդրի` «Հայէկոնոմբանկի» Գավառի մասնաճյուղի աշխատակիցների հետ առնչվելիս: Առաջին հայացքից թվում է, թե մանրուք է, բայց այն հոգեկան վիճակը, որին վերջինիս հասցրել է բանկի հաշվապահն իր «շեֆի» հետ միասին, մեղմ ասած, արդարացում չունի: Ա. Կարեյանը, ով հիշյալ բանկի հաճախորդներից է, իր նոր գնած ավտոմեքենայի ԱՊՊԱ-ն մեկ տարի ժամանկով կատարել է բանկի համապատասխան բաժնում, բայց, քանի որ նախատեսվածից շուտ (վեց ամիս հետո) վաճառել է իր «Վոլգա» մակնիշի մեքենան, ապա ցանկացել է հետ վերցնել մնացած վեց ամսվա համար մուծված հավելյալ գումարը: Գումարը վերադարձնելու համար բանկում նրանից պահանջել են ներկայացնել ավտոմեքենայի դիմապակուն փակցված կտրոնը և մնացած փաստաթղթերը: Քանի որ փաստաթղթերը կորել էին, իսկ կտրոնը հանելու ժամանակ պատռվել էր, ավելի ճիշտ. փշրվել, ուստի բանկի կառավարիչը պահանջել է, որպեսզի դրա դիմաց քաղաքացի Կարեյանը 5000 դրամ տուգանք վճարի: Վերջինս զարմացել է, հարցնելով` մի՞թե համակարգչում չկան իր բոլոր տվյալները. «Եթե պատրաստ եք վճարելու իմ մնացած գումարը, նշանակում է կասկածներ չկան իմ անձի վերաբերյալ, ուրեմն` ամեն ինչ ճիշտ է, իսկ եթե ես այդ մարդը չեմ, ապա ինչո՞ւ եք վճարում մնացած գումարը»,-տարակուսում է նա: Ինչևէ, այսքանից հետո 5000 դրամ պահելով` թղթերը տալիս են հաշվապահին` ստորագրելու: Վերջինս չի ստորագրում` ասելով, որ 500 դրամ ևս պետք է պահել այդ գործարքից, այնինչ գործարք կատարող աղջիկը մի քանի անգամ, շեշտում ենք` մի քանի անգամ պատասխանում է, որ շեֆը ցուցում է տվել` նման գործարքներից գումար չպահել: Հաշվապահը ուշադրություն չի դարձնում նրա խոսքերին` պահանջելով պարտադիր պահում անել: (Այստեղ, հարկ է նշել, որ Աշոտ Կարեյանը լսողության և հասկացողության հետ խնդիրներ չունի և, ինչպես ինքն է պնդում, ամեն ինչ շատ պարզ լսել ու հասկացել է): Այս ամենից հետո նա խիստ վրդովվում է և, թողնելով ողջ գումարը, նյարդային վիճակում հեռանում է բանկից: Ի դեպ, վերջինս երկրորդ կարգի հաշմանդամ է, սրտից հիվանդ և, իր իսկ խոսքով, շատ ծանր է տարել այդ դեպքը. «Այնքան 5000 դրամի համար չեմ վիրավորված, որքան 500-ի»,- մեզ հետ զրույցում պատմում էր նա: Արծվաքարցի բնակիչը, արդարությունը վերականգնելու հույսով դիմել է ՀՀ նախագահին, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին` խնդրելով նրանց աջակցությունն իր իրավունքների պաշտպանության հարցում: Նրանք, բնական է, «ձեռքները լվացել են» այս գործից, ինչը, մեր երկրի պարագայում, նորմալ է: Կարեյանը ճարահատյալ դիմել է մեզ` «Իրատես de facto» թերթի խմբագրությանը` ակնկալելով հարցի պարզեցում: «Իրատես de facto»-ն «Հայէկոնոբանկի» Երևանի գլխավոր մասնաճյուղից խնդրի առնչությամբ որոշ պարզաբանումներ արեց: Ըստ «Հայէկոնոմբանկի» փոխտնօրեն Ռուբեն Բադալյանի, ով, մինչ մեր այցը, արդեն տեղյակ էր այդ պատմությունից, վստահեցրեց, որ ամեն ինչ կատարվել է օրենքի սահմաններում, օրինական է թե´ 5000 դրամի գանձումը, թե´ 500-ի: Իսկ թե Գավառի մասնաճուղի «շեֆը» ինչո՞ւ տեղյակ չէր այդ օրենքից և «ցուցում էր տվել» չպահել ոչ մի գումար (500 դրամի մասին է խոսքը), մնում է անհասկանալի: Այնուհետև Ռ. Բադալյանը միանշանակ հերքեց նաև հաշվապահի և գործարք կատարած աղջկա միջև ծավալված կասկածելի զրույցը, նշելով, որ Ա. Կարեյանը սխալ է հասկացել, որ նման բան չի եղել, հորդորելով ինձ հիմք չընդունել այդ քաղաքացու խոսքերը: «Անձնական շահ ունե՞ք, որ պաշտպանում եք նրան, եթե այնտեղ չեք եղել, ինչպե՞ս եք եզրահանգումներ անում»,-ասաց ինձ բանկի փոխտնօրենը: «Իմ շահը մեզ դիմող քաղաքացիների շահերը պաշտպանելն է»,-պատասխանեցի: Ինչևէ, Ռ. Բադալյանը ինձ ներկայացրեց ԱՊՊԱ-ի պայմանագրի ձևի տեղեկագիր` պայմանների վերաբերյալ: Ավելի ուշ, մանրամասն ծանոթանալով տեղեկագրին, բացահայտեցի հետևյալը. այն, որ ավտոմեքենայի դիմապակու վրա փակցված կտրոնի կորստի ոչնչացման դեպքում է միայն քաղաքացին տուգանվում 5000 դրամով, իսկ պատռման դեպքում տուգանքը 0 դրամ է: Հիշեցնենք` Աշոտ Կարեյանի կտրոնը պատռվել էր, ոչ թե կորել կամ ոչնչացել: Պարոն Բադալյանը այս հարցին էլ այսպես պատասխանեց. «Մի հիսուն հոգի կարող է գան ասեն` պատռվել է, բոլորին հավատա՞նք»: Հարց է առաջանում, իսկ ի՞նչ շահ ունեն այդպես ասողները, չէ՞ որ նրանք, ինչպես նաև Ա.Կարեյանն ու նրա նման շատերը, անտեղյակ են, որ պատռման դեպքում տուգանք չեն մուծելու: Եվ առհասարակ, կա՞ մի քաղաքացի, որ քաջատեղյակ է ԱՊՊԱ-ի կանոններին:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 3637

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ