Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Հակաբիոտիկների «խերն» ու «շառը»

Հակաբիոտիկների «խերն» ու «շառը»
22.09.2013 | 12:57

Այսօր աշխարհն անհանգստացած է հակաբիոտիկների չարաշահման իրողությամբ: Իտալական Մոդենա և Պարմա քաղաքներում 2011-2012 թվականներին տեղեկատվական քարոզչություն է իրականացվել հակաբիոտիկների օգտագործման դեմ: Ակցիայի հիմնական նպատակը հակաբիոտիկներով ինքնաբուժման անթույլատրելիությունն էր: Արդյունքում` բժիշկների կողմից դուրս գրվող հակաբիոտիկների քանակը իջել է 12 տոկոսով: Իտալիան, ի դեպ, Եվրոպայում հակաբիոտիկների օգտագործման մակարդակով առաջին երկրներից մեկն է: Ավելի վաղ` այս տարվա հունիսին, G8 երկրների գիտության նախարարների հանդիպման ժամանակ Մեծ Բրիտանիայի գիտության և բարձրագույն կրթության նախարար Դևիդ Ուիլեթսը զարգացած երկրներին առաջարկել էր օրենսդրական սահմանափակումներ կատարել հակաբիոտիկների օգտագործման հարցում: Սա վերաբերելու էր ոչ միայն բժշկության բոլոր ճյուղերին, այլև անասնապահությանն ու արհեստական ձկների բուծմանը: Հիվանդությունների հսկողության և պրոֆիլակտիկայի ամերիկյան կենտրոնի ուսումնասիրության արդյունքում էլ պարզվել է, որ հակաբիոտիկների նկատմամբ կայուն բակտերիաները մեկ տարվա ընթցքում ծանր բարդությունների առջև են կանգնեցնում շուրջ 2 մլն մարդու: Եվ սա միայն ԱՄՆ-ում, որտեղ 23 հազար մարդ մահանում է դեղորայքների նկատմամբ կայուն ինֆեկցիաներից: «Եթե մենք հիմա միջոցներ չձեռնարկենք, ապագայում հակաբիոտիկներ չենք ունենա, որոնք կփրկեն մեր կյանքը»,-ասել է հետազոտության ղեկավար Թոմ Ֆրիդենը: Վերջինս կարծում է, որ պետք է վերջ տալ հակաբիոտիկների չարաշահմանը նաև անասնապահության մեջ: Հայաստանում նույնպես նման խնդիր կա: Անապահով խավի ներկայացուցիչներն աշխատում են բժշկի չդիմել և զբաղվել ինքնաբուժմամբ: Հաճախ նրանք դեղատների աշխատողներին խնդրում են օգնել իրենց ընտրելու հարմար դեղ` հնարավորինս մատչելի և արդյունավետ, առանց հասկանալու, որ դեղատան աշխատողը, լավագույն դեպքում, դեղագործ է, իսկ հաճախ հանդիպում են նաև բժշկությունից հեռու վաճառողներ: Հակաբիոտիկների օգտագործումը չարաշահվում է հատկապես աշնան և ձմռան ամիսներին, երբ մարդիկ մրսածությունը փորձում են բուժել դրանցով: Իտալիայի քաղաքներում իրականացված քարոզչական ակցիան նաև այս խնդիրն էր հետապնդում` բացատրելու մրսածության դեպքում հակաբիոտիկների ոչ բավարար արդյունավետությունը:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1603

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ