Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Սփյուռքահայ Դարեհ Կույումջյանը արդարություն է ակնկալում ՀՀ իշխանություններից

Սփյուռքահայ Դարեհ Կույումջյանը արդարություն է ակնկալում ՀՀ իշխանություններից
23.12.2013 | 17:22

Ասել, որ ՀՀ դատական համակարգը կայացած չէ, նշանակում է չասել ոչինչ: Մեր երկրի դատարաններն այնքան ապօրինի որոշումներ են ընդունել, որ կբավականացնեն մի նոր կառույցի կողմից դրանք մի քանի տարի վերանայելու համար: Այս անգամ տուժել է հերթական սփյուռքահայը` Ավստրալիայի քաղաքացի Դարեհ Կույումջյանը: Վերջինս դատարանի որոշմամբ կզրկվի սեփականության իրավունքով իրեն պատկանող անշարժ գույքերից, այդ թվում և այն տնից, որտեղ ինքը այժմ բնակվում է:

«Վճիռ կայացնելիս դատարանը թույլ է տվել նյութական և դատավարական իրավունքի նորմերի բազմաթիվ խախտումներ և կայացրել է ամբողջովին ապօրինի վճիռ: Դատարանի կողմից վճռի կայացման հիմքում որպես ապացույց դրված հանգամանքներից ոչ մեկը ապացուցողական նշանակություն չունի և չէր կարող դրվել վճռի կայացման հիմքում»,-գրել է Կույումջյանը: Նա նշել է, որ դատարանը հիմնվել է «անհեթեթ եզրահանգումների և ենթադրությունների վրա» և «արհամարհելով ՀՀ-ում գործող օրենքները, կայացրել է իրեն ձեռնտու վճիռ՝ ղեկավարվելով միգուցե կոնկրետ պաշտոնյաների սուբյեկտիվ շահերով, կամ միգուցե դատարանի նկատմամբ կիրառվող ճնշումներով»: Հայտարարությունից պարզվում է, որ վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել առաջին ատյանի դատարանի կայացրած վճիռը: «Մի խումբ պաշտոնյաների ապօրինի գործողությունների հետևանքով ես կարող եմ անօթևան մնալ և վտարվել այն տնից, որտեղ 11 տարի շարունակ բնակվել եմ: Որքան էլ զավեշտալի և անհավանական է թվում, բայց և հավանական է այն, որ առանձին անհատներ գրչի մեկ հարվածով մարդկային ճակատագրեր են կործանում և մնում են անպատիժ»,- նշված է հայտարարության մեջ: Կույումջյանը հուսահատ դիմել է լրագրողներին` իր «ոտնահարված իրավունքների վերականգնման և արդարության ու օրենքի գերակայության վերահաստատման հարցում» իրեն աջակցելու խնդրանքով: Դարեհ Կույումջյանը դիմել է նաև ՀՀ նախագահի աշխատակազմի վերահսկողական ծառայություն, նա հանդիպում է խնդրում Սերժ Սարգսյանի հետ` անձամբ ներկայացնելու համար իր հետ կատարվածը, ինչպես ինքն է գնահատել` «հակաիրավական գործողությունների բացասական հետևանքները իմ սեփականության ճակատագրի վրա»:

Մեր հայրենակիցը իր այս հայտարարությամբ արդարություն է ակնկալում երկրի իշխանություններից: Իսկ կա՞ արդարություն մեր երկրում: Այս էլ որերորդ սփյուռքահայի նկատմամբ ինչ-որ գործեր են սարքվում և նրանց ունեցվածքի նկատմամբ անօրինական որոշումներ կայացվում: Միաժամանակ, սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը «Արի տուն» է կանչում` առանց հետաքրքրվելու, թե եկածների ճակատագիրը ինչպես է տնօրինվում հայրենիքում` տեղի չինովնիկների կամայականությունների արդյունքում: Հրանուշ Հակոբյանը արդյո՞ք ունի նման վիճակագրություն, թե քանի սփյուռքահայ է իրեն հայրենիքում պաշտպանված զգում, քանիսի նկատմամբ են ապօրինություններ կիրառվում և քանիսն են հիասթափված հետ գնում այն երկիրը, որտեղից մի ժամանակ եկել են:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 5959

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ