Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Շանթի ծրագրերը հեռու էին ամբոխավարությունից»

«Շանթի ծրագրերը հեռու էին ամբոխավարությունից»
28.03.2014 | 16:34

2002 թվականից ընտանիքով Հայաստանից մեկնած և այժմ Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում բնակվող Արմեն Խաչատրյանը քաղբանտարկյալ, 2013 թ. նոյեմբերի 5-ին Երևանի Մաշտոցի պողոտայում ակցիա իրականացրած Շանթ Հարությունյանի մտերիմներից է: irates.am-ի հետ զրույցում Արմեն Խաչատրյանը պատմեց, որ ինքը Շանթ Հարությունյանի հետ ծանոթացել է 1989 թվականին, երբ Շանթը համաժողովրդական շարժման օրերին հացադուլ էր հայտարարել: Բացի Շանթ Հարությունյանից` նա ծանոթացել է նաև Լիպարիտ Պետրոսյանի, Վարդան Վարդանյանի, Վահե Մկրտչյանի, Հովհաննես Մկրտչյանի հետ:

«Հիմնականում ճանաչում եմ այսօրվա քաղբանտարկյալներին»,-ասաց նա: Արմեն Խաչատրյանը հիշում է, որ ինքը տասնյոթ տարեկան էր այն ժամանակ, և իրեն դուր էին գալիս Շանթի ծրագրերը, պայքարի մասին մոտեցումները, քանի որ հեռու էին ամբոխավարությունից:
«1989 թ. Հայաստանի անկախության հարցն էր դրված: Երբ Մովսես Գորգիսյանը եռագույն դրոշը բերեց Հայաստան, ինձ ավելի շատ դա էր հետաքրքրում, որ ժողովրդի ինքնագիտակցությունը բարձրանա և հասնենք անկախության: Կարևորը մեզ համար Հայաստանի անկախությունն էր, Ռուսաստանի գաղութացումից ազատագրվելը: Ժամանակին դրա համար են պայքարել Շանթի հայրը` Շահեն Հարությունյանը, Պարույր Հայրիկյանը, Ազատ Արշակյանը, Աշոտ Նավասարդյանը: Իրենք անկախության սերունդն են: Ես հավատացի Շանթի գաղափարներին, որովհետև ինքն ամեն ինչ ավելի ռեալ էր տեսնում ու արտահայտվում: Երբ կա ինքնապաշտպանվելու խնդիր, ապա պետք է ինքնապաշտպանվել: Իմ ու իմ ընկերների խնդիրն է եղել հասնելու նրան, որ Հայաստանը ստանա լիակատար անկախություն»,- պատմում է մեր զրուցակիցը: Արմեն Խաչատրյանը հիշում է, որ այն տարիներին Զանգեզուրի ժողովուրդը մեծ հույսեր է կապել Շանթի հետ:
«Իրենք գիտեին, որ, եթե Շանթն այնտեղ է, ուրեմն դժվար թե Զանգեզուրի հետ մի բան լինի: Եղվարդ, ՈՒժանիս գյուղերում մենք ընկերներով խրամատ էինք փորել, ինքնապաշտպանության խնդիր կար այն ժամանակ: Այն ժամանակ գնդակոծություններ էին լինում, և Շանթն իր ջոկատով միշտ ներկա էր լինում: Մարտական զենք այն ժամանակ ուներ միայն Շանթն` իր ջոկատով: Երևանում ստեղծվեց պաշտպանության կոմիտե, որի անդամ էին Վազգեն Սարգսյանը, Աշոտ Նավասարդյանը, այլք: Մինչև 1993 թվականը, հիշում եք, իրավիճակը լարված էր Սյունիքում, գնդակոծում էին Կապանը, և Շանթն անմնացորդ, ամենայն նվիրվածությամբ ծառայել է իր հայրենիքին»,- հիշում է Արմեն Խաչատրյանը: Այն ժամանակ, իր խոսքերով, հակաօդային պաշտպանության իրենց դասակը խփել է հակառակորդի երեք մարտական ինքնաթիռ, որից երկուսի համար պարգևատրվել են:
Արմեն Խաչատրյանը գոհունակությամբ է նշում, որ Շանթը թեև շատ աջակիցներ չի ունեցել, սակայն չի կոտրվել և իր մեջ միշտ ուժ է գտել իր գաղափարների համար պայքարելու:
«Ինքը չի նայում` ուրիշը գնահատո՞ւմ է այդ պայքարը, ուզո՞ւմ է իրեն օգնել, թե՞ ոչ: Շանթը հավատում է իր գաղափարներին և կարծում եմ, որ իր պայքարը շարունակելու է նաև այսուհետ»,- ասում է Արմեն Խաչատրյանը:

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1921

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ