Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

«Առանց այդ ծրագրերի հարցը հիմնովին չի լուծվի»

«Առանց այդ ծրագրերի հարցը հիմնովին չի լուծվի»
16.06.2017 | 08:45

Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն իր նշանակման առաջին օրերին` մոտ 9 ամիս առաջ, այն կարծիքին էր, որ բնական աղետներից տուժած գյուղական տնտեսություններին փոխհատուցում տրամադրելը, ինչպես կառավարությունն արել է տարիներ շարունակ, ճիշտ չէ, և նոր մոտեցում է անհրաժեշտ։ Վերջին կարկտահարությունից հետո հրավիրած ասուլիսի ժամանակ նախարարը կարևորեց այդ աջակցությունը։ Կառավարության երեկվա նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նախարարին հարցրինք՝ գտնվա՞ծ է աջակցության նոր ձևը, թե՞ այն իրականացվելու է արդեն դասական դարձած տարբերակով։ «Գործում է դասական մոտեցումը, և կառավարության հաստատմանը պետք է ներկայացնենք նոր մոտեցումները։ Դասական եղանակով ֆինանսական օգնության մեխանիզմների կիրառումը ենթադրում է բանկային վարկերի սառեցում, հետաձգում։ Վերջին դեպքերի հետ կապված կա վարչապետի հանձնարարականը, և այդ ուղղությամբ արդեն կառավարությունը աշխատում է։ Բացի դրանից, կկիրառվեն հարկերի, տուրքերի զիջում, սառեցում։ Սակայն իրականում դա խնդրի լուծում չէ։ Այդ մոտեցմամբ մենք չենք կարող փոխհատուցել ամբողջ վնասը, որ կրել են գյուղական տնտեսությունները։ Խնդրի լուծումը ապահովագրական համակարգի և հակակարկտային ցանցերի ներդրումն է, որը կարող է նման դեպքերում ամբողջությամբ փոխհատուցել վնասը։ Գյուղատնտեսության զարգացման և ապահովության տեսանկյունից այս հարցն ընդգրկված է կառավարության ծրագրերում` որպես առաջնահերթություն»,- ասաց նախարարը։


Ինչ խոսք, ապահովագրությունը կարևոր ծրագիր է, սակայն այն փոխկապակցված է տնտեսության զարգացման աստիճանին, քանի որ ենթադրում է մեծ գումարներ և շարունակականություն։ Այսօր մեր տնտեսությունն այդ հնարավորությունը չունի, ուրեմն ինչպե՞ս պետք է լուծի ապահովագրության խնդիրը։

«Ապահովագրության և հակակարկտային ցանցի փորձնական ծրագրի մեկնարկը տրվելու է 2018-ին։ Հուսով եմ, որ 2-3 տարվա ընթացքում տնտեսությունը կհասնի շուկայում առկա այդ համակարգի ներդրման վճարունակ պահանջարկին։ Եթե ոչ, ապա պետք է փնտրենք և գտնենք այն մեխանիզմները, որոնք կաջակցեն այդ ծրագրերի ներդրմանը։ Բայց որ առանց այդ ծրագրերի մենք հարցը հիմնովին չենք կարող լուծել, փաստ է»,- պատասխանելով մեր հարցին` ասաց Իգնատի Առաքելյանը։

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 4934

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ