Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Գյուղոլորտի հեռանկարում տավարաբուծությունը զարգացման հեռանկար չունի

Գյուղոլորտի հեռանկարում տավարաբուծությունը զարգացման հեռանկար չունի
21.11.2017 | 11:36

Տեղի ունեցավ գյուղատնտեսության նախարարի մեկ տարվա պաշտոնավարման հաշվետու ասուլիսը: Այն նվիրված էր ինչպես առօրյա խնդիրների պարզաբանմանը, այնպես էլ գյուղոլորտի զարգացման հեռանկարներին:
Առօրյա խնդիրներից նախարարն առանձնացրեց մսի թանկացումը, բացատրելով, որ դա շուկայի գործառույթն է, և իրենք ոչինչ էլ չեն կարող անել:


Պարզվեց, որ իրենք ոչինչ էլ չեն կարող անել նաև անասնակերի գնի բարձրացումը կանխելու համար, որովհետև դրա պատճառն էլ բնությունն է: Հավաստիացրեց` եթե գարնանը պարզվի, որ անասնակերը քիչ է, կառավարությունը այն կներմուծի:
Լավ, գյուղնախարարությունում չգիտե՞ն, թե որքան անասուն կա գյուղերում, որքան կեր է կուտակվել, կա՞ կերի պակաս, թե՞ ոչ, ու այսօրվանից մտածեն այն լրացնելու մասին:
Նախարարը զրուցել է գյուղացիների հետ. նրանք ասել են, որ թեպետ անասնակերը թանկացել է, բայց իրենք ապահովված են, մսի գինն էլ չեն բարձրացրել:
Առկա իրավիճակը խոսում է անասնատեր գյուղացու առանց այն էլ ցածր շահույթի նվազեցման մասին` անասնակերի թանկացումը բարձրացնում է մսի ինքնարժեքը, գյուղացին դա չի կարող փոխհատուցել վաճառքի գնի համարժեք բարձրացմամբ, որովհետև եղածն էլ չեն կարողանում իրացնել. շուկան հագեցած է, միս առնող քիչ կա (հասկանալի է, մարդիկ աշխատանք չունեն, փող չկա, միս էլ չեն ուտի):


Մեր դիտարկումներով` անասնակերի (խոտի) գինը բարձրացել է մոտավորապես 2 անգամ, ինչն էլ ենթադրում է մսի գնի բարձրացում, որը ցածր գնողունակության պատճառով կարող է հանգեցնել (հատկապես վաղ գարնանը) անասունների հարկադրական մորթի:
Առկա իրավիճակի մասին նախարարի հանգստացնող, լավատեսական պատասխաններին համամիտ չեն հանրապետությունում ոչ անհայտ հասարակական-քաղաքական գործիչներ Հրաչ Բերբերյանը («Ագրարագյուղացիական միություն» ՀԿ-ի նախագահ) և Վազգեն Սաֆարյանը («Հայրենական ապրանք արտադրողների միություն» ՀԿ-ի նախագահ):
Վերջինս փաստում է, որ այս տարի պակաս է հավաքվել 250000 տ խոտ: Հրաչ Բերբերյանը կանխատեսում է անասունների հարկադրական մորթը 30-40 %-ի սահմաններում և փաստացի երաշտի պայմաններում «երաշտ» չհայտարարելն ու պայքարի գործնական միջոցառումներ չձեռնարկելը համարում է գյուղատնտեսության նախարարության «ջայլամային» վարքագծի արդյունք:


ՈՒ՞մ հավատալ… Ցանկալի կլիներ հավատալ ոլորտի ճակատագիրը (նաև մեր բոլորի ճակատագիրը) տնօրինողներին: Բայց չի ստացվում։ Փաստերը համառում են:
Գյուղնախարարն այդպես էլ չօգտագործեց «երաշտ» բառը, դրա փոխարեն ասաց. «Այո, տարին եղել է չորային… բայց հաջորդ տարի, եթե բնակլիմայական պայմանները ավելի բարենպաստ լինեն, ամեն ինչ կվերականգնվի, պետք չէ խուճապի մատնվել»:
Իսկ եթե չլինե՞ն բարենպաստ… Բնապահպանները պնդում են, որ երաշտի հավանականությունը տարեցտարի մեծանալու է. առաջիկա տասնամյակներում հողի խոնավությունը նվազելու է, մոտավորապես 30 %-ով ջերմային ֆոնն ուժգնանալու է: Հետևաբար առաջիկայում այս տարվա իրավիճակի կրկնության հավանականությունը մեծանալու է:


ՈՒ բնական է հարցադրումը` որքանո՞վ է ճիշտ այս ամենը մարդուց տարանջատելը. մսի գինը բարձրանում է` շուկան է մեղավոր, անասնակեր չկա` բնությունն է մեղավոր:
Մինչդեռ մեղավորը հենց մարդն է, կոնկրետ իրադրությունում` գյուղատնտեսության նախարարը, որը չկարողացավ, թե չուզեց պաշտպանել ոլորտի շահերը, և դրանով նպաստեց երաշտին: Խնդիրն այն է, որ ստեղծել ենք մի մեքենա, որը թույլ է տալիս հանրապետությունից հարևան երկրներ «փախչող» անձրևաձնհալ ջրերը «պահ» տալ մեր արոտներին և խոտհարքներին և կուտակված խոնավության հաշվին խոտածածկույթը հեռու պահել երաշտից: Այս տեխնոլոգիան դրական արդյունքով փորձարկվել է Լոռվա տոհմաբուծարանի արոտներում, նրա նորույթ լինելը ամրագրված է ՀՀ հեղինակային արտոնագրով: Մեքենան կտրում է (ճեղքում) խոտածածկույթի հողաշերտը, այդ ճեղքերով 10-12 սմ ներքև իջեցնում կուլտիվատորի թաթիկը, փխրեցնում խոտածածկույթի արմատային հողազանգվածը 20-25 սմ լայնքով, ճեղքերի ամբողջ երկարությամբ, ստեղծելով փխրեցված հողաշերտի թունելներ, որտեղ վերևից բացված ճեղքերով լցվում է անձրևաձնհալ ջուրը, կուտակվում է խոնավության որոշակի պաշար, ինչի շնորհիվ երաշտը նահանջում է: (Այս ամենի, ինչպես նաև հողատարման երևույթների, ջրհեղեղների, երաշտով պայմանավորված տարածքային հրդեհների մասին, հարգելի ընթերցող, դուք կարող եք մանրամասն տեղեկանալ «Իրատես»-ի 2017 թ. հոկտեմբերի թիվ 72 համարում տպագրված «Ով ականջ ունի, թող լսի» հոդվածից):
Խնդրում եմ նախարարին (անձնական հանդիպման ժամանակ, հետո նաև նամակով) աջակցել մեքենայի արտացուցադրական աշխատանքներին շահառուների (անասնատեր գյուղացիների, արոտի կոոպերատիվների) մասնակցությանը, փաստագրել խոտի բազմապատիկ աճը, հավաստիացնում եմ, որ մենք կարող ենք կազմակերպել այդ մեքենայի հավաքը և իրացումը: Ներկայացված հաշվարկի համաձայն` այդ մեքենայի օգտագործմամբ միայն խոտի բերքի բազմապատիկ աճից հանրապետությունը տարեկան կունենա մոտավորապես 90 միլիոն ԱՄՆ դոլարի մաքուր օգուտ: Նախարարին տեղյակ եմ պահում, որ մեքենայի օգտագործման հարցը քննարկվել է Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակում և որ հատուկ այդ նպատակով հրավիրված բանկի խորհրդատու պարոն Դևիսը հրահանգավորել է ներդրման` բանկի 60 միլիոն ԱՄՆ դոլարի վարկային ծրագրի շրջանակներում մեր ներկայացրած 7000 դոլար հայտի չափով:


Նախարարը խոստանում է օգնել… Բայց, ամենայն հավանականությամբ, չստանալով վարկային գումարների «ատկատավորման» գորշ կարդինալի համաձայնությունը (ինչպես իր նախորդը), մերժեց մեր խնդրանքը, փաստորեն, աջակցելով երաշտի կայացմանը և որպես հետևանք` նաև տարածքային հրդեհների առաջացմանը:
Լրագրողները անհանգստացած են` «…գյուղատնտեսության նախարարությունը ոչինչ չի անում, չի տիրապետում ինֆորմացիայի»: Նախարարը համամիտ չէ` «Տիրապետում ենք, վերլուծում ենք, ուղղակի ամեն ինչին չէ, որ ուզում ենք արձագանքել»:
Ընթերցողը արդեն գիտի, թե ինչ արձագանք ունեցավ գյուղնախարարին մեր ուղարկած` «ամեն ինչի» մեջ մտնող ինֆորմացիաներից մեկը` երաշտի կանխարգելման մեր մեքենան:
Այսպիսի օրինակներ կարող եմ շատ բերել:
Նախարարը փաստում է. «…Հայաստանում գյուղատնտեսությունն ունի զարգանալու մեծ ներուժ` թե բնակլիմայական, թե մարդկային ներուժով պայմանավորված»:
ՈՒրախանում ես. հիանալի համատեղություն է, զարգացման կայուն հիմք: Բայց ինչու՞ առաջ չենք շարժվում. մասնավորապես, արդեն քառորդ դար է, ինչ տավարի մթերատվությամբ (կաթ, միս) աշխարհում զբաղեցնում ենք վերջին տեղերից մեկը: Այս ի՞նչ հանելուկ է:
Նախարարը բացահայտում է` «…մեր գյուղատնտեսությունն այսօր եկամտաբեր, մրցունակ, ինդուստրիալ չէ»: Այսպես էին ասում նաև նախկին նախարարները: Ակամայից մտածում ես` ուրեմն անցած քառորդ դարում «սխալ գյուղատնտեսություն ենք արել»: Բայց այդ դեպքում ինչի՞ վրա են ծախսվել միլիոնավոր դոլարների վարկերը, բյուջեի հսկայածավալ ֆինանսական միջոցները:


Մեզ ասում են` հետ մի նայեք, մի քրքրեք անցյալը, թեպետ ոչ մի կերպ չես հասկանում, թե ինչպես կարելի է առանց անցյալի սխալների վերհանման, համակողմանի քննարկման բացառել նոր սխալները, շարժվել առաջ:
Նախարարի համոզմամբ` առկա իրավիճակի «…թիվ մեկ խնդիրը տեխնիկական հագեցվածության ցածր մակարդակն է», և այն լուծելու համար ստեղծում են մեքենատրակտորային կայաններ (ՄՏԿ), անասնապահական կոոպերատիվներ` նրանց, գրեթե անվճար, 20 % համաֆինանսավորմամբ տրամադրում գյուղտեխնիկա: Կարծես թե խնդիրը լուծվում է. անհատ գյուղացին կօգտվի ՄՏԿ-ի ծառայություններից, կոոպերատիվը` նաև գյուղնախարարության կողմից իրեն տրված տեխնիկայից: Բայց եկեք այս լուծումները պատկերացնենք կաթի ու մսի արտադրության մեր այսօրվա իրողություններում. վիճակագրության համաձայն հանրապետությունում տավարաբուծությամբ զբաղվում է 200000 տնտեսություն, որից 160000-ի (80 %-ի) արտադրական միջին ռեսուրսը 3 գլուխ խոշոր եղջերավոր անասունն է, 1,4 հա հողատարածքն է: Այս ռեսուրսով գյուղացին լուծում է միայն սննդի նվազագույն չափաբաժնով ընտանիքի կենսապահովման խնդիրները, մինչդեռ հերթագրված են երեխաների ուսումնառության, ընտանիքի ընդլայնման, քիչ թե շատ բարեկեցիկ ապրելու հարցերը: Այս պայմաններում ՄՏԿ-ի վճարովի ծառայություններից օգտվելը իրատեսական չէ. միևնույն է, շահույթը չի ավելանալու (թեթևանալու է ֆիզիկական աշխատանքը), իսկ ՄՏԿ-ին վճարել է պետք: Վերջապես տանը կից գոմում պահվող 3 գլուխ տավարի ի՞նչը պետք է մեքենայացնի ՄՏԿ-ն. գոմաղբի հեռացու՞մը, կերաբաշխու՞մը, կի՞թը, ջրամատակարարու՞մը, օդափոխությու՞նը: Նույնքան վիճարկելի է նաև հողամասի մեքենայական մշակման արդյունավետության խնդիրը, որովհետև դրանք մի քանի կտորով են, երբեմն միմյանցից կիլոմետրերով հեռու, դրանց միջակայքում սեփականաշնորհված, բայց տարիներով չմշակված, վայրենացած, անանցանելի տարածքներ են: Հասկանալի է. այս ամենը հաղթահարելու համար ՄՏԿ-ն պետք է բարձրացնի սակագները: Ստացվում է, որ տավարաբուծությամբ զբաղվող 160000 տնտեսության համար (նվազագույնը 640000 մարդ) ՄՏԿ-ն ոչ թե ելք է, այլ անհայտ, անհույս հեռանկար, ելքը արտագաղթն է: Այս իրավիճակը անիմաստ է դարձնում նաև ՄՏԿ-ների առկայությունը, իրենց ծառայությունները վճարովի են, իսկ վճարող չկա:


Ընթացիկ տարվա կեսերին մեքենատրակտորային կայանը պետության համաֆինանսավորմամբ վերագործարկելու առաջարկ ստացավ նաև հանրապետությունում հայտնի տնտեսավարող, Գավառի «Բարեկամություն» ԲԲԸ-ի սեփականատեր Վասիլ Հակոբյանը: Այսօր շատերը, ինչպես ասում են , «գլուխ կջարդեին» կառավարությունից այդպիսի առաջարկ ստանալու համար: Բայց Հակոբյանը, գտնվելով ֆինանսական ծանր վիճակում, ձեռնարկությունը պրակտիկորեն չի աշխատում, իսկ հարկերը, միևնույն է, պետք է վճարել, իր տրամադրության տակ ունենալով հարյուր տոկոսով աշխատունակ (սեղմիր ցանկացած հաստոցի թողարկման էլեկտրական կոճակը և նա քեզ կհիշեցնի անցյալի նոստալժին), մեքենատրակտորային կայանի սպասարկման, նորոգման, հավաքի, մեխանիկական արտադրամասերը, հրաժարվեց կառավարության այդ առաջարկից:
Ինչու՞, ի՞նչն էր պատճառը։
-Որովհետև,- ասում է Հակոբյանը,- տեխնիկան պետք է շահույթ բերի, որ դու կարողանաս պահել քո ընտանիքը, այդ շահույթից գումար առանձնացնես, կուտակես, որ մեքենայի մաշվելուց հետո առնես նորը, որ փակես բանկերից վերցրած վարկերն ու տոկոսները: Բայց, արի քեզ ցույց տամ,- շարունակում է նա,- գյուղացիների բակում կանգնած տեխնիկան, որ չի աշխատում, որովհետև դրանց տերերը Ռուսաստանի անկյուններում են, իսկ այնտեղ են, որովհետև տեխնիկայով բավարար շահույթ չեն կարողանում ստանալ: Երեք կովով և 1-2 հա հողով մեքենա չես աշխատեցնի, մեքենան այս պայմաններում կարող է միայն վնաս տալ, որովհետև չաշխատող կամ քիչ աշխատող մեքենայից արտադրանքի ինքնարժեքը միայն բարձրանալու է, ու դու դրա իրացումից շահույթ չես ունենա կամ կունենաս գոյատևելու շահույթ:


Ո՞րն է ելքը… կոոպերատի՞վը… Բայց արդեն 10 տարի է, ինչ, վարկային միլիոնավոր դոլարներ ծախսելով, ստեղծել ենք ու շարունակում ենք ձևավորել անասնապահական, այսպես կոչված, «արոտ օգտագործողների» կոոպերատիվներ, նրանց գրեթե անվճար տրամադրում հարյուր հազարավոր դոլարների հասնող տեխնիկա, ու այդ տասը տարում չկարողացանք ստեղծել նախարարի բառերով «եկամտաբեր, մրցունակ, ինդուստրիալ» գոնե մեկ անասնաշենք, ֆերմա, որտեղ գյուղացին կսովորեր, թե ինչն ինչպես պետք է անել բարձր շահույթ ստանալու համար, ու պետության աջակցությամբ, բանկային ցածր տոկոսներով իր տնտեսությունում կվերարտադրեր տեսածը, առաջ կշարժվեր: Եղեգնաձորյան անցած տարվա հանդիպման ժամանակ վարչապետի հարցադրումը հենց այդպիսին էր` «Կա՞ արդյոք մարզում մի տնտեսություն, որի գործունեությունը ուսումնասիրելով` մյուսները առաջ կշարժվեն»: Ինչպես հիշում եք, պատասխանը քար լռությունն էր: «4-5 կով պահելով մենք առաջ չենք գնա»` վարչապետի այս դիտարկումը խնդիրը լուծելու բանալին էր: Թվում է, թե մեկ տարին բավարար ժամկետ էր, որ նախարարը կարողանար տալ «կոոպերատիվների և էժան տեխնիկայի» հոբելյանական տասը տարվա վերլուծությունը և ասել, թե վարչապետի վերը նշված հիմնարար, ռազմավարական հարցադրումների ուղղությամբ ինչ աշխատանքներ են սկսել: Դրա փոխարեն նորից շեշտվում են հին, ոչնչով իրենց չարդարացրած (համենայն դեպս արդյունքը այսօրվա դրությամբ` տասը տարի անց, դեռևս բացասական է) մոտեցումները. «մտեք կոոպերատիվ և դուք կստանաք էժան տեխնիկա» (անցյալ դարի 20-ական թվականներին գյուղացուն ահով ու սրով տարանք կոլխոզ, այս դարի 90-ականներին ցնծության աղաղակներով քանդեցինք դրանք, այդ թվում` անասնագլխաքանակի բարձր կենտրոնացում` 100-200 գլուխ, և մեքենայացման բարձր մակարդակ ունեցող կաթնապրանքային ֆերմաները, ավելի վատացնելով իրավիճակը, ու հիմա կարծես թե փորձում ենք վերականգնել անցյալը, բայց նոր բառերով` կոլխոզի փոխարեն` կոոպերատիվ (ռուսը կասեր из пустого в порожное): Հիմնական խնդիրն այն է, որ կոոպերատիվները կարծես թե արհեստածին են, դրանք թեպետ ձևավորվում են կամավորության սկզբունքով, բայց «կամավոր-պարտադիր» շարքից են` կստորագրես կոոպերատիվի անդամ լինելու դիմումը, կստանաս էժան տեխնիկա, սերմացու, պարարտանյութ և այլն: Որոշ փորձագետների կարծիքով, կոոպերատիվների կազմալուծումը կսկսվի արդեն 2020 թվից, երբ Համաշխարհային բանկի 60 միլիոն դոլար վարկը ամբողջովին կսպառվի, էժան տեխնիկա էլ չի լինի: Բոլորս էլ լավ հասկանում ենք, որ խնդրի լուծումը` շահույթ ստանալը, արտադրության ծավալների մեծացմամբ արդյունավետ մեքենայացումն է: Սա օբյեկտիվ, դասական օրինաչափություն է: Բայց ինչու հենց միայն կոոպերատիվների միջոցով, որի հիմքում, ինչ գունավորում էլ նրան տանք, կոլեկտիվ աշխատանքն է, կոլեկտիվ պատասխանատվությունը, որից կարծես թե ազատվեցինք` կործանելով ԽՍՀՄ-ը:


Նախարարը այս խնդիրներին չի անդրադառնում:
Մինչդեռ դարերով ապացուցված է, որ խելացի, ձեռներեց, գիշեր-ցերեկ աշխատող գյուղացին (հայի տեսակը, որ մեծամասնություն էր) ավելի արդյունավետ է կառավարում իր տնտեսությունը: Իսկ երկրին ի՞նչ է պետք` արդյու՞նքը, թե՞ ձևը: Վերջապես, եթե մենք տնտեսությունը զարգացնում ենք մրցակցության հիմքով, ապա ստեղծենք հավասար պայմաններ անհատի և կոոպերատիվի համար, ու ժամանակը թող ցույց տա, թե որն է ավելի արդյունավետ:
Գյուղնախարարության «Ծրագրերի իրագործման գրասենյակի (ԾԻԳ)» ղեկավարմամբ և ֆինանսավորմամբ արոտ օգտագործող կոոպերատիվների գործունեության հպանցիկ վերլուծությունը ցույց է տալիս, որ դրանք երկրին ավելի շատ վնաս են տվել, քան օգուտ: Հանրապետության մասշտաբով ԾԻԳ-երի երկրաքանդ գործունեությունը տեխնիկական գիտությունների դոկտոր Վահան Համազասպյանը և աշխարհահռչակ մարզիկ Նորայր Մուշեղյանը բնորոշեցին նոր հապավումով` ԹԻԳ (թալանի իրագործման գրասենյակ): Այս գործելաոճը արդեն տասը տարի է, ինչ հաջողությամբ ընդօրինակում է գյուղատնտեսության նախարարության ԾԻԳ-ը: Այդ մասին ես մանրամասն անդրադարձել եմ «Իրատես»-ում (2017 թ., թիվ 11) տպված, «Գյուղնախի ԾԻԳ-ը վերադառնում է, որ ի՞նչ անի» հոդվածում: Մեջբերեմ հոդվածի հարցադրումներից մի քանիսը, որոնք արդեն տասներորդ ամիսն է, ինչ չեն արժանանում գյուղնախի արձագանքին. պարոն նախարար, ինչո՞ւ չեք գնում Վասիլ Հակոբյանի արտադրած, որակի և գնի առումով ավելի շահեկան կուլտիվատորները և գութանները, այն դեպքում, երբ միայն այս տարի 550 միլիոն դրամ եք հատկացրել դրանք դրսից ներկրելու համար: Դրսից ներկրում եք, որ հայրենական ձեռնարկությունները փակվե՞ն… Այս տարվա երաշտի պատճառով պատրաստ եք անասնակեր ներկրելու: Տեխ. գիտ. թեկնածու Վասիլ Հակոբյանը իր ստեղծած տեխնիկայով մոտ 5 անգամ ավելի շատ գարի է ստանում, քան հարևանները: Այդ մասին տեղյակ են գյուղնախի ԾԻԳ-ում: Բայց, վարկային ծրագրով ունենալով նորույթների ներդրման 2,5 միլիոն դոլար, Ձեր ԾԻԳ-ը չի աջակցում, որ այդ նորույթը տարածվի, և գյուղնախը չընկնի արտերկրի դռները անասնակեր հայթայթելու: Ինչպես և Ձեր նախորդները, Դուք ևս հայտարարում եք, որ գյուղատնտեսությունը շահութաբեր չէ: Դա նշանակում է, երբ Ձեր բաժանած տեխնիկան մաշվի և նորը գնելու անհրաժեշտություն առաջանա, գյուղացին դարձյալ իր «կուտակումներով» չի կարողանա դա իրագործել: Դարձյալ վա՞րկ եք վերցնելու և վարկատուի ցուցումներով արտերկրի տեխնիկան եք գրեթե ձրի բաժանելու (կհասնի դա շարքային գյուղացուն, թե օլիգարխ խոշոր հողատիրոջը, այլ հարց է): Սա ի՞նչ տնտեսավարություն է: Մի՞թե սա է առաջընթացի ուղին: Կոոպերատիվների միջոցով արոտների բարելավմանը տասը տարվա հաշվով հատկացվել է 60 միլիոն ԱՄՆ դոլար: Այդ ընթացքում Հայաստանի քարտեզից իսպառ ջնջվել են առավել պահանջարկ ունեցող գյուղամերձ արոտները: Հեռագնա արոտների բերքատվությունը նորմատիվից ցածր է 3 անգամ, բուսածածկույթի 70 տոկոսից ավելին չուտվող թունավոր բույսեր են: Սրանք Ձեր նախարարության «Ագրոլրատու» թերթի տվյալներն են: Մտածում եմ` շարունակե՞լ ԾԻԳ-ի ձեռնադրմամբ ստեղծված կոոպերատիվների «սխրանքների» թվարկումը, թե՞ նախարարը կհանձնարարի իր աշխատակիցներին ծանոթանալ դրանց ամբողջականության հետ վերը նշված հոդվածն ընթերցելով: Անկեղծ ասած, վստահ չեմ, որ Դուք այդպես կվարվեք, որովհետև անձնական հանդիպման ժամանակ խոստացաք, բայց չկատարեցիք իմ պարզ, հասարակ խնդրանքը. ասեք Ձեր ԾԻԳ-ին, որ ինձ տան արոտի մեքենայի ներդրման հայտում բացահայտված թերությունները, որպեսզի դրանք վերացնելով` գյուղին տանք ավելի կատարյալ մեքենա: Չկատարեցիք խոստումը, որովհետև Ձեզ ասել էին, որ ոչ մի թերություն էլ չկա, ուղղակի վարկային ամբողջ գումարը մինչև 2020-ը լրիվ ատկատավորված է: Բայց պատասխանել պետք էր։ Գրավոր պատասխանեցիք` «հայտը մերժված է», առանց բացատրելու, թե ինչու: Ձերոնք բանավոր ասացին, որ պատճառները չեն կարող ասել, որովհետև «պետական գաղտնիք է»: Չգիտես խնդա՞ս, թե՞ լաս: Փույթ չէ, որ այդ պատասխանի արդյունքը Արթիկի ավերիչ ջրհեղեղն էր, այս տարվա երաշտն ու տարածքային հրդեհները` առաջիկա տարիներին դրանց սպասվող կրկնություններով:


Այս տարի լրացավ տավարաբուծության զարգացման տասնամյա ծրագրի ժամկետը, որի համաձայն Եվրոպայից ներկրված բարձր մթերատու երինջների շնորհիվ կաթի արտադրությունը հանրապետությունում պետք է ավելանար 200-300 տոկոսով, գյուղացին ստացված շահույթի հաշվին պետք է փակեր երինջների ձեռքբերման (մեկ երինջը արժեր 3000 եվրո) վարկային պարտավորությունները և ապրեր բարեկեցիկ: Բայց ծրագիրն ամբողջությամբ տապալվեց. ներկրված երինջների մի մասը սատկեց, կենդանի մնացածները չտվեցին սպասված արդյունքը, գյուղացին շահույթ չունեցավ, չփակեց վարկերը և հայտնվեց դատարանում:
Ինչու՞, ի՞նչն էր պատճառը… Առայսօր մենք չունենք բազմամիլիոնանոց այս ծրագրի ձախողման պաշտոնական բացատրությունը: Գյուղնախարարը միայն նշում է` «…բարձրարժեք երինջներ կաճեցնենք ինքներս. 2017-2018 թթ. ֆերմերներին կտրամադրենք 250 գլուխ երինջ»: Բայց, նախ, եթե կարողանում ենք աճեցնել, այն էլ համաշխարհային ճանաչում ունեցողներից, երևի, ոչ ցածր որակի, ապա ինչու՞ էինք ներկրում, և երկրորդ` ամենակարևորը, ի՞նչ երաշխիք, որ մեզ մոտ աճեցրածները չեն սատկի կամ կտան սպասված արդյունքը: Չէ՞ որ փաստը կա, բայց բացատրություն չկա:


Գյուղնախարարությունում ի՞նչ է, չգիտե՞ն, թե ինչու մեզանում տասնամյակներով տավարի մթերատվության գենետիկ պոտենցիալը իրացվում է ընդամենը 60 տոկոսով, և որ դրա պատճառը տավարի կենսական պահանջները բավարարել չկարողանալն է. անասնակերը համալրված և հավասարակշռված չէ գենետիկ պոտենցիալի իրացման սննդատեսակներով, խմելու ջուրը միշտ չէ, որ կա, անասնաշենքում մեծ է գոմաղբից առաջացած ազոտի և մյուս թունավոր գազերի առկայությունը, պառկելատեղը սառը և թաց բետոնն է, օրվա մեջ մի քանի ժամ դրսում զբոսնելը, մաքուր օդ շնչելը երազանք է, որովհետև կենդանին առավելապես կապված է, որ բարձրակիթ, ծանրաքաշ` 500-600 կգ, կշռող կովերը չի կարելի կիլոմետրերով «քշել» հեռագնա քարքարոտ արոտները և այլն, և այլն: Մի՞թե ընկալելի չէ, որ այս պայմաններում հայտնված (գյուղացուն վաճառված) տեղական, թե եվրոպական երինջը պետք է սատկի կամ գոյատևի չնչին մթերատվությամբ: Այս ամենի մասին մանրամասն շարադրել էի իմ փաստարկները «Իրատես»-ի 2017 թ. ապրիլ ամսի թիվ 30 համարում տպագրված «…4-5 կով պահելով մենք առաջ չենք գնա» հոդվածում: Մի՞թե պարզ չէ, որ խնդրի լուծման հիմքում տավարի պահման վերը նշված պայմանների ստեղծումն է և նոր բարձր մթերատու երինջներ աճեցնելը: Մի՞թե հասկանալի չէ, որ կաթի ու մսի արտադրության արդյունավետությունը բարձրացնելու համար նախ պետք է մտածել տավարի գլխանակը կենտրոնացնելով խոշորացված ֆերմաներ ստեղծելու, միաժամանակ դրա չափորոշիչների հիման վրա` մեքենայացնելու մասին: Ինչպե՞ս դա անել, ինչպե՞ս համոզել գյուղացուն, որ իր գլուխ տավարը բերի խոշորացված ֆերմա, հարևանի հետ միավորի իր 1,4 հա հողատարածքը: Սրանք ոլորտի զարգացման առանցքային խնդիրներն են, որոնց մասին նախարարը իր ասուլիսում ոչինչ չասաց: Չասաց, որովհետև չգիտե՞ր, թե՞ գիտեր, բայց լռեց:


Շարադրված նյութի հիման վրա կարող եմ հաստատել հոդվածիս վերնագիրը «Գյուղոլորտի հեռանկարում տավարաբուծությունը զարգացման հեռանկար չունի»:


Ստյոպա ԽՈՅԵՑՅԱՆ

Հ.Գ. Գյուղնախարարին օգնելու համար ես և իմ գործընկեր Վասիլ Հակոբյանը մշակեցինք մի ծրագիր, որում ցույց էինք տվել, թե ինչպես Գավառի` «Բարեկամություն» ԲԲԸ-ի գործող անասնաշենքերի, արտադրական ենթակառուցվածքների` տեխնիկայի սպասարկման, նորոգման, հանգստի, սննդի օբյեկտների հիման վրա կարող ենք ստեղծել ուսուցողական ֆերմա, որտեղ գյուղացին կհամոզվի, թե ինչպես նույն տավարի պայմաններում, ավելի քիչ չարչարվելով, կստանա ավելի շատ կաթ ու միս, նաև հավելյալ շահույթ` գոմաղբի մեքենայական մշակումից ստացվող բիոհումուս, օրգանական գրանուլացված պարարտանյութի, կաթիլային ոռոգման համակարգի, օրգանական պարարտանյութ բաղադրիչի, վառելանյութի իրացումից: Թե ինչպես նույն արոտներից և խոտհարքներից կստանա 2-3 անգամ ավելի բարձրորակ խոտ: Թե ինչպես իր սարերից արտերկիր փախչող անձրևաձնհալ ջուրը «պահ» կտա արոտներին, խոտհարքներին` կասեցնելով երաշտը, տարածքային հրդեհները, ջրհեղեղները: Կսովորի, թե ինչպես Հակոբյանի ստեղծած տեխնիկայով կարելի է հնգապատկել գարու բերքը: Կհամոզվի, որ շահավետ է Հակոբյանի անվճար իրեն տված մասնաբաժնում իր տավարը պահելը, ստացված կաթն ու միսը սեփական հայեցողությամբ տնօրինելը, իր տավարին` տանը նստած տեսախցիկով հետևելը: Այս ամենը բազմիցս տեսնելով, շոշափելով, վերլուծելով` նա կհամոզվի ու իր տավարը կբերի խոշորացվող ֆերմա, կհամոզվի նաև, որ պետք է միավորել հողակտորները հարևանի հետ` տավարի համար կերի կայուն բազա ստեղծելու նպատակով: Այս ամենի առավել մանրամասն շարադրանքը «Ժամանակակից կոոպերատիվ տեխնոլոգիաներով Գավառը կդառնա գյուղատնտեսության առաջընթացի լոկոմոտիվը» վերնագրով հոդվածը տպագրվեց «Իրատես»-ում (2017 թ. մարտ ամսվա թիվ 19 համարում) և այն համապատասխան դիմումներով ուղարկեցինք նախարարին` խնդրելով կազմակերպել դրա քննարկումը նախարարությունում կամ ավելի լավ է` Գավառում: Մեր խնդրանքը մերժվեց, քննարկում տեղի չունեցավ: Դրա փոխարեն հրահանգեցին շուտափույթ ներկայացնել մեքենատրակտորային կայանի վերագործարկման բիզնես ծրագիրը: Այս հրահանգն էլ մերժեց Հակոբյանը. հոդվածից դուք արդեն գիտեք, թե ինչու:
ՈՒ այսպես, իրար չլսելով շահառուների հետ հարցերը չքննարկելով, նրանց կարծիքը հաշվի չառնելով վերևներում, որտեղ քիչ չեն ոլորտից անտեղյակ մարդիկ, ընդունում են որոշումներ, ֆինանսավորում դրանք, հետո պարզվում է, որ այդ ծրագրերը ձախողվում են, օրինակ, տավարաբուծության տասնամյա բազմամիլիոնանոց ծրագիրը, օրինակ, Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ արոտների բարելավման 60-միլիոնդոլարանոց ծրագիրը և այլն, և այլն:
Հիմա դուք ասեք, հարգելի ընթերցողներ, բնությունն ու շուկա՞ն են մեղավոր, որ մենք վատ ենք ապրում, որ գյուղացին խռովում է իր սիրած զբաղմունքից` հողից և տավարից, ու բռնում է արտագաղթի ճամփան, որ Երևանի գլխին թառած արվեստի նմուշ դղյակները ոչ թե ուրախացնում, այլ տխուր մտորումների են մղում:

Դիտվել է՝ 5838

Մեկնաբանություններ