Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Էլեկտրոնային առողջապահության համակարգն ամենապաշտպանվածն է ամբողջ աշխարհում»

«Էլեկտրոնային առողջապահության համակարգն ամենապաշտպանվածն է ամբողջ աշխարհում»
06.04.2018 | 00:36

էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրումը տարբեր խոսակցությունների և դժգոհությունների առիթ է տվել։ Բնակչությունն այս պահին չի պատկերացնում, թե ինչին է այն միտված, իսկ բժիշկները և բժշկական կենտրոնների ղեկավարները կարծում են, թե ամբողջ իրարանցումը ֆինանսների շուրջ է։ Կարևորելով այս բոլոր հարցերը` զրուցեցինք առողջապահության նախարար ԼԵՎՈՆ ԱԼԹՈՒՆՅԱՆԻ հետ։

-Ի՞նչ են շահելու մարդը, բժշկությունը այս համակարգի ներդրումից:
-Այդ հարցն ամբողջությամբ հասկանալու համար առաջին հերթին պետք է գնահատենք, թե ինչ ունենք այսօր։ Միշտ և այժմ էլ մարդու առողջության նկարագրի հավաքագրումն իրականացվում է հախուռն։ Նորածնի առողջության մասին տվյալները ֆիքսվում են ծննդատանը, այնուհետև փոխանցվում մանկական, հետո մեծերի պոլիկլինիկա։ Ժամանակի ընթացքում մարդն իր ցանկությամբ առողջական խնդիրների դեպքում դիմում է տարբեր բժշկական կենտրոններ և ստանում բուժում։ Այդպիսով ընդհատվում է նրա առողջության մասին նկարագրի ընդհանուր պատկերը` ընթացքը։ Պետք է նաև ընդգծել, որ առողջապահությունը ներառում է բազմաթիվ նեղ մասնագիտություններ, և այդ մասնագետներին անհրաժեշտ է ձեռքի տակ ունենալ հիվանդի առողջության ամբողջական պատկերը, սկսած ծննդյան օրվանից մինչև ծնողների առողջական վիճակը։ Սակայն դա անհնար է դառնում, քանի որ այդ գործընթացը վաղուց ընդհատված է, և մարդը չի էլ հիշում, թե ինչ բժշկական ստուգում է անցել, և ինչ արդյունքներ են եղել։ Սա ախտորոշման և բուժման հարցում լուրջ դժվարություններ է առաջացնում։ Մինչդեռ էլեկտրոնային առողջապահության ներդրման նպատակներից մեկն էլ այդ խնդրի կարգավորումն է։ Առաջին անգամ ստեղծվում է մարդու առողջության միասնական նկարագիրը, որը ներառում է նաև տվյալ անձի ծնողների առողջական պատկերը։ Էլեկտրոնային առողջապահության ծրագրի հաջորդ նպատակներն են` առաջինը, որպեսզի վճարող կողմը, լինի պետությունը, թե մասնավորը, համոզված լինի, որ տվյալ անձի բուժման համար տրամադրված գումարը բավարար է առաջարկվող բուժմիջամտության համար։ Այսինքն, այն ոչ շատ է, ոչ քիչ։ Երկրորդ. որպեսզի երկիրը հնարավորություն ունենա կատարելագործելու և զարգացնելու հանրային առողջապահությունը։ Եվ երրորդ. այն ֆինանսների լայն վերահսկման հնարավորություն է տալիս։
-Մինչ էլեկտրոնային առողջապահության ծրագրի ի հայտ գալը Հայաստանի առողջապահությունը չի՞ զարգացել, և եթե չներդրվի էլեկտրոնային առողջապահությունը, բժշկությունը մեզանում չի՞ զարգանա։
-Իհարկե ոչ։ Այսօր գերզարգացած երկրները զարգացել և զարգանում են նրա հաշվին, որ չեն անտեսում իրենց մեկ դրամը` այն գնահատում են և վերահսկում։ Թեև ինձ հաճախ են մեղադրում, որ շատ եմ խոսում փողից, բայց, ինչպես ասում են, «копейка рубль бережет»։ Մարդու առողջության պահպանումը պահանջում է լուրջ ֆինանսավորում, և քանի որ մարդու առողջությունը երկրի հարստությունն է, այն միշտ արժեք ունի։
-Որքան գիտեմ` յուրաքանչյուր բժշկական կենտրոն, կլինիկա, անգամ յուրաքանչյուր դեղատուն, յուրաքանչյուր ամիս լուրջ գումարներ պետք է վճարի, որքան տեղյակ եմ, «Արմեդ» ընկերությանը, որն սպասարկելու է էլեկտրոնային առողջապահության համակարգը։
-Ձեզ ընդհատեմ, որպեսզի մեր խոսակցությունն այդ հարցում վերացական չլինի: Դուք ինձ ասեք հստակ կլինիկայի անուն, թե քանի աշխատող ունի և քանի հիվանդ է սպասարկում, և ես Ձեզ հստակ կարող եմ ասել, թե որքան կկազմի այդ կլինիկայի վճարը։ Վստահեցնում եմ Ձեզ, որ վճարի չափը մեծ չէ։
-Որպեսզի այնպես չստացվի, որ առողջապահության նախարարը և լրագրողը նստած հաշվում են տարբեր կլինիկաների փողերը, եկեք խոսենք Ձեր` «Վարդանանց» կլինիկայից։ Յուրաքանչյուր ամիս ինչքա՞ն գումար պետք է փոխանցի այս կլինիկան «Արմեդին»։
-Յուրաքանչյուր ամիս` 300 հազար դրամ (մեր ներկայությամբ հեռախոսազանգով ճշտեց նախարարը և ինքն էլ զարմացավ գումարի չափից- Ժ. Վ.)։
-Տեսա՞ք, պարոն նախարար, որ գումարները փոքր չեն։
-Այո, մեծ փողեր են, բայց սերվեր գնելու համար միայն 5 մլն դոլարի վարկ է վերցրել «Արմեդը», որպեսզի էլեկտրոնային առողջապահության համակարգը գործի դրվի։ Համակարգի անխափան աշխատանքի համար ձևավորվել է 50-հոգանոց աշխատակազմ։ Ինչպես գիտեք, IT մասնագետներն աշխարհում ամենաբարձր վարձատրվողներն են. մեզանում նրանց աշխատավարձը չպետք է ցածր լինի 1,5 հազար դոլարից, որպեսզի ապահովվի բարձրորակ աշխատանք։ Եվ, ի վերջո, էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրման համար դեռևս 2010-ին կառավարությունը հայտարարել էր մրցույթ, և հաղթող էր ճանաչվել «Արմեդը»։
-Վճարը շատ լինի, թե քիչ, եթե Դուք, որպես նախարար, կարևորում եք էլեկտրոնային առողջապահությունը, հետևաբար, ներկայացնում եք պետության մտահոգությունը ժողովրդի առողջության պահպանման և ֆինանսներն ուղղորդելու հարցում։ Այդ դեպքում ինչու՞ այդ համակարգը սպասարկող ընկերությունը «Արմեդն» է, այսինքն` մասնավորը, և ոչ պետական ընկերությանն է վստահված այդ գործընթացը։ Ավելի նպատակահարմար չէ՞ր լինի, եթե այն իրականացներ պետությունը, ոչ թե մասնավորը։
-Ոչ, որովհետև պետությունը կոչված չէ նման ֆունկցիա իրականացնելու։ Այն երկրներում, որտեղ այդ համակարգը գործում է, այն իրականացնում է մասնավոր հատվածը։ Գուցե փորձեինք այդ գործառույթը տալ պետությանը, սակայն տարիների ընթացքում կպարզվեր, որ այդ փորձն անարդյունավետ է, և, կուտակելով կոռուպցիայի ռիսկերը, պետությունը կգար այն համոզմունքին, որ այդ գործընթացը պետք է փոխանցվի մասնավորին` վերահսկելով նրա գործունեությունը։ Եվ, ի վերջո, IT տեխնոլոգիաները գնալով զարգանում են մասնավոր ընկերություններում, պետությունը չի կարող ստեղծել նման զարգացած ընկերություն։
-Լավ, այդ դեպքում հստակեցնենք` «Արմեդին» փոխանցված գումարները ի՞նչ նպատակի են ծառայելու, ու՞ր են ուղղորդվելու։
-Այ, Դուք, որպես լրագրող, կարող եք անցկացնել Ձեր ուսումնասիրությունը, հետաքննությունը` պարզելու, թե հետագայում այդ կուտակված միջոցներն ինչի վրա են ծախսվում։ Այդպիսով Դուք կնպաստեք էլեկտրոնային առողջապահության համակարգի զարգացմանը։ Իմ գործառույթի մեջ չի մտնում հաշվարկել և հասկանալ, թե ուր է ուղղորդելու այդ գումարները կոմերցիոն կազմակերպությունը։ Դրա համար կան վերահսկող կառույցներ։
-Իսկ ավելի լավ չէ՞ր լինի, եթե Ձեր գործառույթի մեջ լիներ այդ տեղեկությունը, և հավաքագրված գումարները կրկին ուղղորդվեին առողջապահությանը։
-Տեսեք, ցանկացած գումար, որը տրամադրվում է ինչ-որ նպատակի համար, պետք է արդյունավետ օգտագործվի։ Անվերահսկելի ծախսերի դեպքում ցանկացած ծրագրի արդյունավետությունը կլինի 15-30 տոկոս։ Մյուս կողմից, կարելի է հավաքված գումարից 5-10 %-ը ուղղել վերահսկողությանը, և այդ դեպքում այն կաշխատի 85-90 % արդյունավետությամբ։ Բոլոր առաջատար երկրներն իրենց ծրագրերում վերահսկողության համար զգալի գումար են հատկացնում։ Մենք այսօր հռչակում ենք, որ վերահսկողությանն է ուղղվելու յուրաքանչյուր կլինիկայի փոխանցած գումարը, որը կազմում է նրանց տարեկան շրջանառության 1,5 %-ը։
-Պարոն նախարար, չե՞ք կարծում, որ այդ դեպքում ԲԿ-ները հանգիստ խղճով կարող են բարձրացնել իրենց ծառայության գումարները։
-Ոչ, և բացատրեմ ինչու։ Այսօր ԲԿ-ների աշխատավարձային ֆոնդի մոտ 30-35 %-ը բաժին է հասնում ադմինիստրատիվ հատվածին։ Ներդնելով այս համակարգը` ԲԿ-ներում կտրուկ նվազում է թղթաշրջանառությունը, ինչի արդյունքում ինչ-որ չափով աշխատավարձային ֆոնդից դուրս են բերվում որոշակի գումարներ։ Արդյունքում` ավելի քիչ աշխատողներով հնարավոր կլինի ապահովել ավելի բարձրորակ ծառայություն։ Ի դեպ, այս համակարգը գումար է տնտեսելու` իր հաշվետվողականության և վերահսկողության հնարավորություններով։
-Այդ գումարն ումի՞ց է տնտեսվելու։
-Եթե մենք ունենք 100 մլրդ դրամ 3 մլն բնակչության համար և առանց որևէ վերահսկողության այդ գումարները ծախսում ենք, ապա վաղը հսկողության արդյունքում այդ նույն գումարները մենք կծախսենք ավելի արդյունավետ։ Սա նշանակում է, որ մարդու առողջության պահպանման համար հատկացված գումարն արդյունավետ կիրացվի։ Բոլոր ասելը չի նշանակում, որ մենք բուժհիմնարկներից գումարներ ենք տնտեսել։
-Եվ մի անհանգստություն ևս. համակարգը ենթադրում է, որ մարդու առողջության մասին բոլոր տվյալները, սկսած ամենատարրականից, վերջացրած ամենալուրջ բժշկական հետազոտությունների և անալիզների տվյալներով, հավաքագրվելու են այդ բազայում։ Արդյոք սա մարդու իրավունքների խախտում չէ՞ և վտանգավոր չէ՞ ազգային անվտանգության տեսակետից, քանի որ ցանկացած հմուտ հակեր կարող է հեշտորեն կոտրել ցանկացած բարդ համակարգ։ Հիմա, եթե մի ամբողջ ազգի առողջության նկարագիրը, անգամ արյան պատկերը պետք է լինի այդ տվյալների բազայում, ապա ցանկության դեպքում կարելի է վերլուծել տվյալ ազգի խոցելի տեղերը առողջության տեսակետից։
-Նույն բանը կարող է կատարվել այսօր` ցանկացած պոլիկլինիկա կարելի է մտնել և մի 5 հազարի դիմաց ձեռքի տակ ունենալ ցանկացած մարդու անկետան։ Այս համակարգը ջարդելը ևս չեմ բացառում, սակայն այն շատ ու շատ մեծ փողեր է պահանջում։ Իհարկե, եթե ջարդում են ԱՄՆ-ի պետքարտուղարության համակարգը և կարդում պետքարտուղարի նամակագրությունը, ապա ասել, որ մեր այս համակարգը ջարդելն անհնար է, միամտություն կլինի։ Միևնույն ժամանակ պետք է ընդգծել` էլեկտրոնային առողջապահության համակարգն ամենապաշտպանվածն է ամբողջ աշխարհում։ Այս համակարգի վերահսկումը ազգային անվտանգության խնդիրն է, ուստի կարող եմ տալ 100-տոկոսանոց անվտանգության երաշխիք։


Զրուցեց
Ժասմեն ՎԻԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 5841

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ