Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Արցախի ԱԳՆ մեկնաբանությունը ՄԱԿ ԱԽ 4 բանաձևերի վերաբերյալ

Արցախի ԱԳՆ մեկնաբանությունը ՄԱԿ ԱԽ 4 բանաձևերի վերաբերյալ
05.07.2018 | 13:13

Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում նշված է. «Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի՝ Ադրբեջանի կողմից շահարկման շարունակական փորձերի կապակցությամբ անհրաժեշտ ենք համարում նշել հետևյալը՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերն ընդունվել են 1993 թ.՝ ակտիվ ռազմական գործողությունների ժամանակաշրջանում, և նպատակ էին հետապնդում վերջ դնել պատերազմին և սկսել քաղաքական երկխոսություն։ Դրանով էր պայմանավորված բոլոր 4 բանաձևերի կարևորագույն պահանջը՝ կրակի, բոլոր ռազմական և թշնամական գործողությունների դադարեցումը։ ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերն այդպես էլ չիրականացվեցին Ադրբեջանի դիրքորոշման պատճառով, որը կտրականապես մերժեց ռազմական գործողությունները դադարեցնելու պարտավորությունների առնչությունն իր նկատմամբ, միևնույն ժամանակ` պնդելով ռազմական անվտանգությունը խաթարող միակողմանի՝ Արցախի կողմից զիջումների վրա։ Բանաձևերի ընդունումից հետո անգամ Ադրբեջանը բազմիցս տապալել է հրադադարի պայմանավորվածությունները, ինչի մասին հստակ նշված է 884 բանաձևում, և մերժել է հրադադարի հաստատման կամ դրա երկարաձգման վերաբերյալ առաջարկները։ Ավելին, Ադրբեջանը չիրականացրեց ոչ միայն բանաձևերի կարևորագույն՝ կրակի, ռազմական և թշնամական գործողությունների անհապաղ դադարեցման պահանջը, այլև բոլոր մնացյալը՝ խուսափել ցանկացած գործողություններից, որոնք խոչընդոտում են հակամարտության խաղաղ կարգավորմանը (822, 853 բանաձևեր), շարունակել բանակցությունները կողմերի միջև ուղիղ շփումների միջոցով (853 բանաձև), վերականգնել տնտեսական, տրանսպորտային և էներգետիկ կապերը տարածաշրջանում (853 բանաձև), ապահովել միջազգային մարդասիրական օգնության անարգել մուտքը (822, 853, 874 բանաձևեր)։ Ադրբեջանը նույնչափ ընտրողական մոտեցում է ցուցաբերում նաև «822 և 853 բանաձևերի իրականացման անհետաձգելի միջոցառումների նորացված ժամանակացույցի» վերաբերյալ, որը համաձայնեցվել և կողմերին է առաջարկվել ԵԱՀԽ Մինսկի խմբի կողմից։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 874 բանաձևով սատարվող տվյալ առաջարկության հիմքում ընկած է Լեռնային Ղարաբաղի իշխանություններին՝ որպես հակամարտության երեք կողմերից մեկը ճանաչելու մասին դրույթը։


ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերի նկատմամբ Ադրբեջանի իրական, այլ ոչ հռչակվող մոտեցման բնորոշ օրինակ է 1993 թ. մայիսին ԵԱՀԽ Մինսկի խորհրդաժողովի իտալական նախագահության՝ հակամարտող կողմերին ուղղված դիմումի հետ կապված դրվագը, որով առաջարկվում էր հաստատել 1993 թ․ ապրիլի 30-ին ընդունված 822 բանաձևն իրականացնելու պատրաստակամությունը։ Չնայած Ադրբեջանն այդ բանաձևի ընդունման նախաձեռնողն էր, այնուամենայնիվ, անպատասխան թողեց իտալական նախագահության հայցը։ Իր բոլոր գործողություններով Բաքուն ցուցադրում էր, որ ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերը դիտարկում է ոչ թե որպես պատերազմը դադարեցնելու միջոց, այլ ռազմական առավելության հասնելու գործիք։
Ադրբեջանի կողմից բանաձևերի սաբոտաժն այնքան արժեզրկեց դրանք, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դադարեց ընդունել նոր բանաձևեր, իսկ միջնորդները հարկադրված էին այլ քաղաքական-իրավական հիմք փնտրել կրակի դադարեցման համար։ Որպես այդպիսին դարձան ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի 1994 թ․ ապրիլի 15-ի հայտարարությունը և Լեռնային Ղարաբաղի, Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարների՝ 1994 թ․ մայիսի 5-8-ին ստորագրված Բիշքեկյան արձանագրությունը, որոնք և, ի վերջո, ուղի հարթեցին 1994 թ․ մայիսի 12-ին կրակի և ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման պայմանագրի կնքման համար։ Տվյալ պայմանագրի շրջանակներում բոլոր կողմերը հրապարակայնորեն հաստատեցին հրադադարի գծի կոորդինատները՝ այդպիսով սահմանելով status quo post bellum։ 2016 թ․ ապրիլյան ագրեսիայի ընթացքում Ադրբեջանի կողմից հրադադարի գծի խախտումը լուրջ մարտահրավեր է դարձել հակամարտության կարգավորման ամբողջ գործընթացի համար։ 1994 թ. մայիսի դրությամբ գործող հրադադարի գծի կոնֆիգուրացիայի վերականգնումը տարածաշրջանում խաղաղության պահպանման անհրաժեշտ գործոն է և զսպման արդյունավետ միջոց:


Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Ադրբեջանի փորձերը՝ ներկայացնել իր իսկ տապալած ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը՝ որպես պարտադիր ուժ կրող, զուրկ են որևէ իրավական փաստարկներից և հետապնդում են բանակցային գործընթացին հակասող քողարկված նպատակներ։ Ոչ մինչ բանաձևերի ընդունումը, ոչ դրանից հետո ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չի դիտարկել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության քաղաքական կարգավորման հարցը՝ ձեռնպահ մնալով ուղիղ միջնորդական նախաձեռնություններից՝ հօգուտ ԵԱՀԽ/ԵԱՀԿ ջանքերի, ինչն ուղղակիորեն ամրագրված է բանաձևերում։ Դա է մատնանշում նաև փաստը, որ 1994 թ․ մայիսի 12-ին Կրակի և ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման մասին եռակողմ անժամկետ պայմանագրի կնքումից հետո ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չի անդրադարձել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանը։ Անհրաժեշտ է հաշվի առնել, որ ՄԱԿ-ի Կանոնադրության համաձայն՝ Անվտանգության խորհուրդը կարող է ընդունել ինչպես որոշումներ, այնպես էլ հանձնարարականներ։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի փաստաթղթերի իրավական ուժին վերաբերող հարցերի քննման ընթացքում ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը հանգել է այն եզրակացության, որ Անվտանգության խորհրդի որոշումները պարտադիր են պետությունների կողմից իրագործման համար, մինչդեռ հանձնարարականները՝ ոչ։ Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բոլոր բանաձևերը կրում են խորհրդատվական բնույթ և պարտադիր իրագործման ենթակա չեն։
Եթե Ադրբեջանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերն իրապես դիտարկեր պարտադիր և դրանց վերաբերյալ իր դիրքորոշման մեջ ելներ վերջնական խաղաղության հասնելու շահերից, կիրականացներ բանաձևերի պահանջներն ու կոչերը, որոնք մեծ մասամբ վերաբերում են Բաքվին։


Ընդհակառակը, Արցախի Հանրապետության և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում իրավիճակի ապակայունացմանն ուղղված ադրբեջանական իշխանությունների նպատակաուղղված քաղաքականությունը, Բաքվի հրաժարումը՝ կյանքի կոչել վստահության ամրապնդման և լարվածության նվազեցման միջոցառումները, հայերի նկատմամբ այլատյացության և ատելության քարոզչությունը, Արցախի հետ ուղիղ բանակցություններից հրաժարումը, նրան ամեն կերպ մեկուսացնելու ձգտումը՝ ՄԱԿ-ի մասնագիտացված հաստատությունների ներկայացուցիչների կողմից Արցախ այցելությունները խոչընդոտելու միջոցով, հակասում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի տառին և ոգուն։
Ադրբեջանական իշխանությունների կողմից հնչող շարունակական սպառնալիքների և, մասնավորապես, ռազմական ղեկավարության հայտարարությունների ֆոնին՝ այն մասին, որ հարձակման վերաբերյալ հրամանն ընդունվելու է «ամենահարմար պահին՝ հաշվի առնելով միջազգային քաղաքական իրադրությունը», ակնհայտ է դառնում, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի շահարկման հերթական փորձն Ադրբեջանի կողմից ձեռնարկվում է ի շահ պատերազմի, և ոչ խաղաղության»։

Դիտվել է՝ 6832

Մեկնաբանություններ