«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Առուն չթռած «հոպ» մի ասա

Առուն չթռած «հոպ» մի ասա
06.07.2018 | 01:41

«Սիրո և հանդուրժողականության հեղափոխությունից» հետո հայ հասարակությունը «շոկահարվելու» պակաս չի ունենում: Մեկը մյուսի հետևից այնպիսի աղմկալի ձերբակալություններ ու խուզարկություններ են տեղի ունենում, որ երազում անգամ հնարավոր չէ պատկերացնել: Յուրացումների, պաշտոնական դիրքի չարաշահման, պետական գույքի մասնավորեցման և այլնի մասին հայտարարություններն էյֆորիայով ապրող հասարակության համար իսկական սրտհովանք են: Մարդիկ չեն ներում պետությանը վնաս հասցրածներին ու պահանջում են ամենախիստ դատավճիռ։


Ինչ խոսք, երկրին վնաս պատճառելը, պետական բյուջեն թալանելը, զինվորի բաժինը յուրացնելը, պաշտոնական դիրքի չարաշահմամբ՝ չարտերային թռիչքներով արտերկիր մեկնելը դատապարտելի են: Այո, խստագույնս ու օրենքի տառին համապատասխան իրենց պատիժը պետք է կրեն բոլոր այն չինովնիկները, ովքեր պաշտոնավարման ընթացքում թալանել են ինչ պատահի ու ինչպես պատահի, և այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող: Ոչ ոք չի առարկում նաև, որ զինվորի բաժինը յուրացնելն ու դրանով արջերին կերակրելը, մեղմ ասած, մարդավայել չէ:


Մանվել Գրիգորյանի առանձնատանն ԱԱԾ-ի իրականացրած խուզարկման տեսանյութը դեռ չմարսած՝ հասարակությունը ցնցվեց մի նոր հայտարարությամբ: Այս անգամ թիրախում «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանն էր, որը, ըստ նախնական հայտարարության, յուրացրել էր բարերարների նվիրատվություններն ու դրանցով խաղատներում խաղադրույքներ կատարել: Դեպքը, իհարկե, սվիններով ընդունեցին բոլորը, թե ինչպես կարելի էր «կազինոյում կոն ֆռցնել», երբ երկրում աղքատության 30-տոկոսանոց շեմ կա, հազարավոր մարդիկ անտուն են, ու դեռ աղետի գոտի ունենք:


Բայց ընդամենը մեկ օր անց Արա Վարդանյանի փաստաբանը մեկնաբանեց, որ իր պաշտպանյալը հիմնադրամի որևէ միջոց չի վատնել, չի յուրացրել: Այո, հիմնադրամի անվամբ բացված վարկային գծի բանկային քարտից կատարել են վճարումներ, այդ թվում՝ Ա. Վարդանյանի անձնական կարիքների համար, որոնք սահմանված ժամկետում (օրերի ընթացքում) իր իսկ միջոցներից վերադարձվել են հիմնադրամի բանկային հաշվին, ու ոչ թե հիմա, այլ հենց ընթացքում։


Ցավոք, սա առաջին դեպքը չէ, երբ ինչ-որ կասկածանքով որևէ անձ է ձերբակալվում, խուզարկվում, բայց որոշ ժամանակ անց պարզվում է, որ ամեն բան այնպես չէր, ինչպես ներկայացվում էր: Մեկ էլ պարզվում է, որ խոշոր չափերի յուրացումներ կատարելու մեջ մեղադրվողը յուրացում չի կատարել, այլ ուղղակի զբաղեցրած դիրքն է որոշակիորեն չարաշահել, իսկ ապօրինի զենք-զինամթերք ունեցողների զենքերն էլ, պարզվում է, օրինական են եղել և այլն:


Այն, որ բարերարների գումարները «պարտքով վերցնելն» ու նորից տեղը դնելը վնաս է պետության վարկին, անկասկած է: Անկասկած, նաև, ժողովրդական այն ասացվածքը, որ առուն չթռած «հոպ» չեն ասում: Կարծում ենք՝ ԱԱԾ-ի, ոստիկանության ու պաշտոնյաների հայտարարությունները պետք է առավել քան ճշգրտված լինեն, թե չէ առանց այն էլ ընդգծված հուզականությամբ առաջնորդվող հասարակությանը նման տեղեկություն հրամցնելն ու հետո մասամբ կամ ամբողջովին այն հերքելը հիասթափության տեղիք է տալիս: Ի վերջո, դժվար չէ բոլոր ստուգումներն իրականացնելուց հետո միայն հայտարարություն անել՝ տարընթերցումներ չառաջացնելու համար: Եթե դատապարտելի արարք է տեղի ունեցել, ապա դրա մասին մեկ, երկու կամ երեք օր հետո հայտարարելիս պետությունը դժվար թե վնասներ կրի, փոխարենը երկրի անվտանգությունն ապահովող անձանց հայտարարություններն ավելի արժանահավատ կլինեն:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 3695

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ