Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ո՞րն է ավելի վտանգավոր` Թրամփը Բրյուսելու՞մ, թե՞ Թրամփը Հելսինկիում

Ո՞րն է ավելի վտանգավոր` Թրամփը Բրյուսելու՞մ, թե՞ Թրամփը Հելսինկիում
10.07.2018 | 09:48

«Ինչի՞ համար է ՆԱՏՕ-ն»` հարցնում է Times-ը խմբագրականում` հուլիսի 11-ին սկսվող ալյանսի սամմիթից առաջ, որ անցնելու է աննախադեպ տրանսատլանտյան լարվածության մեջ ԱՄՆ-ի ու եվրոպացի դաշնակիցների միջև: ՆԱՏՕ-ի գոյության 69-րդ տարում հանդիպման վայր է դառնալու նոր ու էքստրավագանտ շտաբ-բնակարանը, որի կառուցումը միլիարդ դոլար է արժեցել: ՆԱՏՕ-ի մյուս անդամներին ընդհանուր բյուջե անբավարար վճարների և ԱՄՆ-ի սուր մեղադրանքների, Բրիտանիայի ու եվրոպացի գործընկերների միջև պաշտպանության ոլորտում հետբրեկզիտյան անորոշության մթնոլորտում բոլորին անհանգստացնում է մեկ հարց` հանկարծ նախագահ Թրամփը կոշտ մեղադրանքների ալիքի վրա չորոշի ալյանսից դուրս գալ, որ կհանգեցնի տրանսատլանտյան պաշտպանական համագործակցության պատմության ավարտին: Իրադարձությունների այդ ելքի վախը ուժեղացրել է Մեծ Բրիտանիա այցից հետո Հելսինկի մեկնելու Թրամփի որոշումը` հանդիպելու Վլադիմիր Պուտինի հետ:

ՆԱՏՕ-ի շատ անդամների համար ՌԴ նախագահի պահվածքը, այդ թվում` Ղրիմի անեքսիան, արևելյան ՈՒկրաինայում միջամտությունը և սպառնալիքները բալթյան փոքր հարևաններին ալյանսի պահպանման գլխավոր պատճառն են` Բեռլինյան պատի անկումից 30 տարի անց: Թրամփը բազմիցս արտահայտել է իր հիացմունքը Պուտինով: Նա հակված է տպավորիչ ժեստերի, որ կարող են իրեն ներկայացնել առանցքային համաձայնությունների հասնելու ունակ խաղաղարարի: Նրան քիչ են հուզում ԱՄՆ-ի պատմական բարեկամական կապերն ու պայմանավորվածությունները և նյարդայնացնում են իր «Ամերիկան ամենից առաջ» փիլիսոփայությունը ենթարկելու պահանջները ՆԱՏՕ-ի զինված ուժերի գլխավոր հրամանատարի դերում հանդես գալու անհրաժեշտությանը: ԱՄՆ դեսպանատունը Երուսաղեմ փոխադրելու միակողմանի որոշումով ու, ըստ էության, անբովանդակ հանդիպումով Կիմ Չեն Ինի հետ նա արդեն ցույց է տվել առանց դիմացինի երաշխավորված պատասխանի` զիջումների գնալու պատրաստակամությունը: Կտրվի՞ նա փորձառու քաղաքական խաղացող Պուտինի հնարքներին ու կկրճատի՞ ՆԱՏՕ-ի զորավարժությունները Եվրոպայում կամ կմեղմացնի հակառուսական պատժամիջոցները ՈՒկրաինայում արագ կարգավորման հասնելու Պուտինի սոսկ խոստումի դիմաց: Պատրաստ չի՞ լինի նա, ինչպես նախագահ Ռեյգանը 1986-ին Գորբաչովի հետ Ռեյկյավիկում հանդիպումից հետո, ինչում նրան մեղադրում էին ՆԱՏՕ-ի գործընկերները, հանձնել ամեն ինչ: ԱՄՆ-ի եվրոպացի դաշնակիցները չպետք է փորձեն նախապես կաշկանդել Թրամփին:

Պատճառներ չկան, որ Թրամփը Պուտինի հետ չհանդիպի: Նրանք խոսելիք ունեն, այդ թվում` համարյա մոռացված սպառազինությունների վերահսկողության խնդիրը, Մերձավոր Արևելքի խաղաղության հարցը, որտեղ նրանք կարող են միավորվել իրանական էքսպանսիոնիզմի դեմ, ՈՒկրաինայի դիմակայության դադարեցման մասին, և Ռուսաստանի նկատմամբ Արևմուտքի ինստիտուցիոնալ թշնամանքի բացակայության մասին` հակառակ ՌԴ նախագահի համոզվածության: Հավասարապես խելամիտ չէ եվրոպական էլիտաների կողմից Թրամփին իբրև պոպուլիստի հաշվից դուրս գրելու ու նրա կոչերն անտեսելու ձգտումը: ԱՄՆ-ի դժգոհությունը ալյանսի անդամներից, որ ձգտում են անվճար ճամփորդել ՆԱՏՕ-ի սայլով, հրաժարվելով իրենց ՀՆԱ-ի նույնիսկ 2 %-ը ռազմական ծախսերին հատկացնել, լիովին հիմնավորված է: Ինչու՞ պիտի ԱՄՆ-ը կրի 29 անդամ ունեցող ալյանսի բյուջեի ծախսերի 70 %-ը: Ինչու՞ յուրաքանչյուր ամերիկացի պաշտպանության վրա ծախսում է 1877 դոլար, յուրաքանչյուր բրիտանացի` 907, իսկ գերմանացի` ընդամենը 141: Թրամփի մեղադրանքները հիմնարար հարց են բարձրացնում` ինչի՞ համար է ՆԱՏՕ-ն: Իհարկե լավ է, ինչպես Times-ի էջերում անում է ալյանսի նախկին գլխավոր քարտուղար լորդ Ռոբերտսոնը, ՆԱՏՕ-ի մասին խոսել «իբրև պատմության ամենահաջող ալյանսի»: Բայց ո՞րն է նրա ապագա գործառնությունը: Տարածաշրջանային պաշտպանական ալյանս լինել Եվրոպայու՞մ:

Ամրապնդել խաղաղությունը ռազմական գործողություններով ամբողջ աշխարհու՞մ: Տնտեսել իր անդամների միջոցները սարքավորումների ստանդարտացմամբ ու արագ արձագանքման ռեսուրսների միավորումո՞վ: Այդ ամենն առաջվա պես պետք է, թեպետ Աֆղանստանն ու Լիբիան հազիվ թե նպաստել են ռազմական միջամտության նպատակահարմարության վստահության ամրապնդմանը: Ցավոք, մնում է ռուսական սպառնալիքին դիմակայելու անհրաժեշտությունը: Հենց այդ պատճառով ՆԱՏՕ-ի լուծարման մասին երազող Պուտինը ամեն կերպ ջանալու է Թրամփի կասկածները խորացնել ու նույն պատճառով Թրամփը Հելսինկիում պետք է զգույշ լինի:

Times


Հ.Գ. Իսկապես հուլիսի 11-ին Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը խոստանում է հետաքրքիր լինել: Համենայն դեպս` Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ՆԱՏՕ-ի անդամ երկրներին կոչ է արել բարձրացնել պաշտպանության ծախսերը՝ կապելով Դոնբասում իրավիճակի և Ղրիմը Ռուսաստանին վերամիավորելու հետ: Մերկելի խոսքով՝ վերջին տարիներին դաշինքի մարտահրավերները կտրուկ փոխակերպվել են: «Ռուսաստանի կազմի մեջ Ղրիմի մտնելը և զինված հակամարտությունն ՈՒկրաինայի արևելքում կարևոր դեր են խաղացել ՆԱՏՕ-ի ընդունած արմատական փոփոխությունների ու որոշումների մեջ: Սա նշանակում է, որ մենք պետք է ակտիվորեն կենտրոնանանք Դաշինքի պաշտպանության վրա և միջոցներ ձեռնարկենք, օրինակ՝ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրներում ներկայության միջոցով»,- ասել է կանցլերը: Նա ընդգծել է ՆԱՏՕ-ի անդամ պետությունների պաշտպանության բյուջեի ավելացման անհրաժեշտությունը:


Իրականում ՆԱՏՕ-ն Ռուսաստանին թիրախ է ընտրում իր գոյությունը հիմնավորելու համար: Երբ 29 երկիր վստահաբար միմյանց վրա չեն հարձակվի, մնում է Ռուսաստանը, հաջորդ թիրախը կարող է լինել Չինաստանը: Իսկ Մոսկվայի ու Պեկինի ինչի՞ն է պետք պատերազմը: Սպասել, որ ՆԱՏՕ-ն կլուծարվի, մեղմ ասած, անիմաստ է: Բոլոր դեպքերում բազում խնդիրներ կան, այդ թվում` արմատական իսլամիստական ահաբեկչությունը, որոնց լուծումը պահանջում է ալյանսի գոյությունը, բայց իր պատմության 69-րդ տարում ՆԱՏՕ-ն իսկապես պետք է որոշարկի իր գերակայությունները: Եվ` հնարավորինս արագ ու համոզիչ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3632

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ