Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

7-րդ, թե 13-րդ` ո՞ր հարկում ենք ապրում

7-րդ, թե 13-րդ` ո՞ր հարկում ենք ապրում
13.07.2018 | 00:04

ՈՒրբաթ ու 13, սնահավատ չեմ, բայց ուրբաթի ու 13-ի համադրումը չեմ սիրում ու լավ հասկանում եմ այն երկրների բնակիչներին, որ բարձրահարկերում 12-րդ հարկից 14-րդին են անցնում` ոչ ոք չի ցանկանում ապրել 13-րդում: Լավագույնը, իհարկե, 7-րդ հարկն է: Թավշե հեղափոխությունից հետո մենք հենց այդ հարկում պիտի ապրեինք ազգովի` 7-րդ երկնքում կամ հարկում` ոչ մի տարբերություն: Ոմանք գուցե հենց այդ հարկում էլ ապրում են: Բայց շատերն էլ հայտնվել են 13-րդ հարկում, թեպետ իրենց համարում են 7-րդ հարկի ժողովուրդ:
Ի՞նչ է պետք միջին վիճակագրական հային երջանկության համար` տուն, ընտանիք, աշխատանք, վստահություն ու հեռանկար: Այս հարցում մենք չենք տարբերվում այլ ազգերից ու երջանկության նրանց կարծրատիպից` անկախ բնակության վայրից, կրոնից ու պատմությունից: Ի՞նչն է այս պահին մեզ համար ամենակարևորը` անվտանգությունը, տնտեսությունը, մթնոլորտը: Մի՛ զարմացեք` մթնոլորտը, որ համադրվում է հարյուրավոր մանրամասներից, մարդու կյանքում չափազանց կարևոր է` հոգու մասին մոռանալիս վտանգվում է մարմինը: Ոչ միայն մարդու: Պետության: Թավշե հեղափոխության սպասումները չափազանց մեծ են, իսկ պատրա՞ստ էինք մենք փոփոխություններին, որ մեզ վրա թափվեցին առատության եղջյուրից` անսպասելի ու ցանկալի:


Հիմնականում` ոչ: Ցավոք` ոչ: Երբ չափազանց երկար է ընդարմացումը, արթնացումը լինում է քաոսային ու վտանգավոր արթնացողի համար: Նա սկսում է գործել առանց բանականությանն ապավինելու, տրվելով հորձանքին կամ հույզերին, որ ճնշել է ներսում, և հիմա հորդում են առանց կանգառի: Հույզերը ոչ միշտ են բարի, քնքուշ ու փափկամազիկ: Որևէ մեկը կարո՞ղ էր պատկերացնել, որ Հայաստանում, իր կողքին ապրում են, մեղմ ասած, խելագարներ, որ թավշե հեղափոխության անվան տակ ու նրա կարգախոսները պատճենելով` պայքար էին սկսելու Հայ առաքելական եկեղեցու դեմ` կոնկրետանալով Վեհափառի անձի վրա: Եվ այդ խելագարների մեջ լինելու են հոգևորականներ: Որևէ մեկը կարո՞ղ էր պատկերացնել, որ խելագարությունը հասնելու է մինչև Մայր Աթոռի դիվանատունը գրավելուն: Եվ եկեղեցին այդքան անպաշտպան վիճակում է հայտնվելու պետության մեջ, որտեղ ամեն քայլափոխի հաստատվում է օրինականություն, իսկ անօրենները դառնում են իբր եկեղեցու պաշտպաններ, որ ուզում են եկեղեցին… վերադարձնել ժողովրդին: Ովքե՞ր են այդ խելագարները, ո՞վ է նրանց արտոնել ժողովրդի անունից խոսել ու ի՞նչ իրավունք ունեն մեղադրանքներ առաջադրել, որոնց հիմքում սեփական չկայացության փաստն է ու հեղափոխական ալիքի վրա ինքնահաստատումը: Որևէ երկրում պատկերացնու՞մ եք ներխուժում կաթողիկոսարան և մի քանի օր աշխատանքի կազմալուծում: Կա՞ ոստիկանություն Հայաստանում: Եթե այո, ինչու՞ միայն չորրորդ օրն են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի դիվանատան տարածքն ազատում, երբ դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը բառացի ասել էր. «Դիվանատունը գրավված է, և մենք ստիպված ենք դադարեցնել մեր աշխատանքները։ Այս քայլը գնահատում եմ որպես հալածանք ազգային եկեղեցու նկատմամբ։ Հուսով եմ` իրավապահ մարմիններն անհրաժեշտ հետևությունները կանեն, որ ազգային եկեղեցին զերծ պահեն իրականացվող հալածանքից»: Այսքանից հետո դեռ խելագարների ղեկավար Կարեն Պետրոսյանը ասում է, որ կտեղափոխվեն Մայր Աթոռ և չեն պատրաստվում հեռանալ։ Բնավ զարմանալի չի լինի, եթե վաղը նա իրեն հռչակի Ամենայն հայոց կաթողիկոս ու սկսի կոնդակներ հղել ժողովրդին: Իսկ ի՞նչ են անում Հայ առաքելական եկեղեցու հավատացյալները: Բացի Վեհափառի հետ հանդիպումներից: Չի՞ գտնվելու մեկը, որ զրպարտության, եկեղեցին ու Վեհափառին վարկաբեկելու համար դատի տա Կարեն Պետրոսյանին ու պահանջի վնասի փոխհատուցում այնքան միլիոն դրամով, քանի օր տևում է նրա խառնակչությունը:

Նմանների հետ նմանների պես պետք է գործել: Իսկ եկեղեցի՞ն: Եկեղեցին ժամանակ է տալիս ու ապաշխարության ուղարկում: Մինչդեռ հեղափոխական ժամանակների տրենդը կալանավորումն է:


Էյֆորիան ադրենալինի չափաբաժին է ներարկում, որ օգտակար է կարճաժամկետ: Երբ էյֆորիան երկարատև է, սկսում է խաթարել տրամաբանության ու բանականության գործառույթները: Անձնական հարթության մեջ գուցե տանելի է, պետության պարագայում ձևավորում է անկանխատեսելիության վիճակ, որ անկայունության պատճառ է: Ընդունեք` սպասում էիք, որ թավշյա հեղափոխության հաղթանակից հետո կյանքը փոխվելու է ու նվազագույնը տնտեսական բում է սկսվելու: Հիմքեր ունեիք` կլանային տնտեսությունը պաշտոնապես մերժված է, արևածաղիկ վաճառողից մինչև Քաջարանի պղնձամոլիբդենային` փայ մտնողների ժամանակը սպառվեց, մենաշնորհներն անվավեր են հայտարարված, ամբողջ ազգով-պետությունով պայքարում եք կոռուպցիայի դեմ, վարչապետն անձամբ է պատրաստ աջակցել յուրաքանչյուրին, որ կգա ու ներդրում կանի: ՈՒ ի՞նչ:


Ներդրում անողների հերթը կարծես մեծ չէ, չկա էլ: Թեպետ կառավարության ծրագրում հերթ կանգնելու արվեստի մասին առանձին դրույթ կար: Փոխարենը կա կապիտալի արտահոսք: Դուք նկատեցի՞ք` ինչպես ձեռքի հետ վերացավ բանկային գաղտնիք հասկացությունը, որ, բացի ամեն ինչից, նաև մարդու իրավունքների խախտում է: Փաստորեն պետական գերակա շահը դուրս եկավ մարդու իրավունքների դեմ: Սպասելի էր, որ անօրինական ճանապարհով ձեռք բերածը նախկին պաշտոնյաները կամ իշխանամերձ գործարարները Հայաստանից դուրս կբերեին: Սպասվում էր, որ կառավարությունը կապիտալի համաներում պիտի հայտարարի ու աշխատի երկրից դուրս բերված գումարները վերադարձնել, փոխարենը գործարարները հրաժարվում են բիզնեսից ու վաճառում: ՈՒ՞մ: Համենայն դեպս` ոչ հայերի: Ռուսների հետ բանակցում է «Երևան սիթի» սուպերմարկետների ցանցի սեփականատեր Սամվել Ալեքսանյանը, արաբների հետ` ՍԱՍ սուպերմարկետների ցանցի սեփականատեր Արտակ Սարգսյանը: Ինչու՞: Չե՞ն ուզում օրինական դաշտում աշխատել: Չե՞ն կարողանում օրինական դաշտում նախկին շահույթները ապահովել: Թե՞ անիմաստ են համարում գործել ԱԱԾ-ի ու ՊԵԿ-ի ենթակայությամբ: Իրենք թող պատասխանեն: Խնդիրը անձերը չեն, այլ գործարարների համար աշխատանքային մթնոլորտը, երբ ի սկզբանե նրանք չեն ընկալվում անօրինական հարստացողներ, գողեր ու ավազակներ: Կա՞ այդ մթնոլորտը: Եթե այո, միայն հատուկենտ գործարարների համար, որ ի սկզբանե թավշե հեղափոխության կողմից անձեռնմխելիության արտոնագիր ունեն:
Մամուլում անդրադարձեր եղել են մսի վաճառքին, նույնիսկ հաջողվել էր թարմ մսի վաճառքը անկանոն շուկաներից տեղափոխել խանութներ: ՈՒ` ի՞նչ: ԱԱՀ-ի կիրառմամբ միսը թանկանում է 600 դրամով և դառնում անմրցունակ` փողոցում վաճառվողի համեմատ: Մնում է, որ կառավարությունն արգելի միս ուտելը, իսկ հաջորդ քայլը կլինի… հայտնի կարտոֆիլ ուտելու հրահանգը:


Կառավարության նիստերում հաճախ են խոսում ձեռներեցության հաջողությունների մասին` իբր ՓՄՁ-ների համար բարենպաստ պայմաններ են ստեղծվել: Հաջողվել է ապրանքաշրջանառությունը փաստաթղթավորել` մեծածախ բազաները հաշիվ-ապրանքագիր են տալիս, փոքր խանութներն էլ ապրանքը վաճառելիս պետք է ՀԴՄ տան: Փաստաթղթավորման պատճառով` փոքր խանութպանների հարկային բեռը մեծացել է, շրջանառությունը մնացել նույնը, այսինքն` բիզնեսը եկամուտ չի բերում: Իհարկե` ով չի կարողանում աշխատել օրենքով, թող չաշխատի, բայց ո՞վ կգա ու այդ պայմաններում կաշխատի: Հարցը կենսական է` օրենքների փոփոխություն է պետք, պոպուլիստական հայտարարությունների փոխարեն, կամ` գոնե այդ հայտարարություններից հետո, եթե այդքան պարտադիր են ու այդպես շոյում են հպարտ հայերի ունկերը: Հայաստանի հպարտ քաղաքացիների, որ պարտավոր են հետայսու երջանիկ լինել, բայց երջանկությունը հորիզոնի գիծ է, որ տեսնում են միայն 7-րդ հարկի բնակիչները: Օրինակ` Եղվարդի Նատի թաղամասի բնակիչները չեն տեսնում ու բողոքում են «Արմօյլ» ընկերության նավթավերամշակման գործարանի կառուցման դեմ. մի քանի օր առաջ փակել էին գործարանի ճանապարհն ու պահանջում էին դադարեցնել շինարարությունը: Ամուլսար 2: Բողոքի ակցիան ավանդական էր` ««Արմօյլ» հեռացիր», «Կանգնեցնել աղետը»:


Հայաստանում բոլոր հարցերը սկսել են լուծվել ճանապարհներ փակելով ու բողոքի ակցիաներով` ոչ տեղական իշխանության, ոչ ոստիկանության հորդորները չեն ներգործում: ՈՒ մինչև ե՞րբ: Ոչ ոք չի ժխտում, որ բազում խնդիրներ կան, որ նախկինում սխալ լուծումներ են ստացել կամ լուծումներ չեն ստացել, բայց և ոչ ոք չի կարող ժխտել, որ պետությունը պարտավոր է ապահովել կառավարումը: Կառավարման գործը առայժմ ֆեյսբուքյան-նախընտրական է: Պոպուլիստական ու հեղափոխական: Մենք ապրում ենք բացահայտումների ու հրաժարականների դարաշրջանում, որ անհրաժեշտ ու շոկային թերապիա է բուժվել ցանկացողի համար: Բայց մենք պատկերացում չունենք, թե դեռ ինչքան ենք բուժվելու ու ինչ ենք անելու առողջանալուց հետո: Մենք պատկերացում չունենք, թե որն է մեր հաջորդ քայլը: Փաստացի` մենք նույնիսկ ընտրություն չունենք: Ո՞վ է կասկածում, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններում Նիկոլ Փաշինյանն ու նրա ՔՊ-ն` միայնակ կամ դաշինքով, մեծամասնություն է ստանալու` համարժեք այլընտրանք չունենալով: Իսկ հետո՞: Շարունակվելու՞ է հեղափոխական կառավարումը, թե՞ սկսվելու են տնտեսության ծրագրված վերականգնում ու հետհեղափոխական կառավարում` առանց ցնցումների ու պետական կառավարման մարմինների միջոցով: Այս հարցերը բնավ հակահեղափոխական կամ ուրբաթի ու 13-ի հարցեր չեն: Մտածել է պետք` ինչպես բոլորս 13-րդ հարկից տեղափոխվենք 7-րդ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ.Գ. Բանակը Հայաստանում մնում է ամենակայացած արժեքը: Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ներկայացրել է ԶՈՒ առաջնահերթությունները: Բացի Զինված ուժերի համալրումը ժամանակակից սպառազինությամբ, ռազմական տեխնիկայով և նյութատեխնիկական միջոցներով, ռազմական կառավարման արդիական սկզբունքների և համակարգերի ներդրումը և անձնակազմի մարտական վարպետության բարձրացման նոր չափանիշների սահմանումը, վերջնանպատակ է բանակի մարտունակության մակարդակի համապատասխանեցումը ռազմական սպառնալիքների մակարդակին և հավանական պատերազմի բնույթին՝ Հայաստանի Հանրապետության նկատմամբ զինված ոտնձգությունը զսպելու և կանխելու, իսկ պատերազմի ժամանակ՝ ռազմական գործողությունները հնարավորինս վաղ փուլում և ՀՀ համար շահավետ պայմաններով դադարեցնելու համար անհրաժեշտ կարողությունների ձևավորմամբ: Նաև` միջազգային ինտեգրման և հավաքական անվտանգության գործող ընթացակարգերի հնարավորությունների ընդլայնումը, ռազմաքաղաքական դաշինքների և գործընկերությունների զարգացումը՝ պահպանելով ՀՀ ազգային շահերից բխող և ռազմաքաղաքական ընդհանրությունների վրա հիմնված հարաբերությունների ձևավորման հավասարակշռությունը:

«Մենք մեր հակառակորդի հետ չենք գտնվում քաղաքական վակուումում, այլ շրջապատված ենք տարատեսակ, երբեմն հակադիր օրակարգեր ունեցող պետությունների և միջազգային կազմակերպությունների հանրույթով: Նրանից, թե որքանով ճիշտ կկարողանանք նավարկել միջազգային հարաբերությունների այս հորձանուտով, կախված է արտաքին անվտանգության հարցերում ՀՀ շահերից բխող դիրքորոշումների ձևավորման, մեր բարեփոխումներին աջակցության, մեր բանակի հեղինակության ամրապնդման հաջողությունը»` ըստ ռազմավարության: Մնում է կատարումը: Իսկ Մոսկվա՞ն, իսկ Բրյուսե՞լը, Վաշինգտո՞նը: Նայեք ձեր ներսը: ՈՒ ձեր ուժը գտեք ձեր մեջ: Հայաստանը կղզի չէ, ոչ էլ դուք Ռոբինզոնն եք: Ոչ էլ ՈՒրբաթը: 13-ին ու ընդհանրապես:

Դիտվել է՝ 3540

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ