Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

17 երեխա ունեցող կնոջը թոշակ չի հասնում

17 երեխա ունեցող կնոջը թոշակ չի հասնում
17.07.2018 | 02:35

Իրավապաշտպան ԽԱՉԱՏՈՒՐ ՄԱՌՈԶՅԱՆԸ նոր իշխանություններից մեծ սպասելիքներ ունի և զգալի փոփոխություններ է ակնկալում մի քանի ուղղություններով: Արձանագրելով, որ Հայաստանում կոռուպցիան հոգեբանական խոր արմատներ ունի, մեր զրուցակիցը նշեց, որ այս տրամաբանությունից ելնելով էլ մարդիկ այսօր զարմանում են, թե ինչպես է հնարավոր առանց փողի արդար վճիռներ կայացնել, պաշտպանել իրենց նույնիսկ տարրական իրավունքները:

«Նախորդ տարիներին մարդկանց իրավունքները մի քանի հաստ շերտով խոր թաղել էին, պետական համակարգից հասարակ տեղեկություն ստանալը վերածվում էր բյուրոկրատական մեծ քաշքշուկի: Այսօր կա նաև օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտություն»,- ասաց Մառոզյանը, հավելելով, որ առաջնայինը քաղաքական կամքն է, որ այս կամ այն օրենքը ճիշտ կիրարկվի: Ըստ նրա, արդարադատության ոլորտի բարեփոխումը թիվ մեկ խնդիր պետք է լինի, ըստ այդմ, դատարանները պետք է բեռնաթափվեն, ստեղծվեն մի քանի փաստաբանական պալատներ (հիմա մեկն է, որ, չունենալով մրցակից, գնում է դեգրադացման): Խայտառակ որակելով դատավորների հանդեպ հանրային վստահության մակարդակը, այն է՝ զրո, Մառոզյանը կարծում է, որ լուրջ ու արմատական վերափոխումներ են հարկավոր այս ոլորտում:


Հաջորդ էական խնդիրն առնչվում է հայ ընտանիքի պահպանմանը. «Երեք անգամ բազմանդամ ընտանիքների մասին օրենք մշակեցին, հետո կառավարության ուսերին դրվեց մի որոշում, որով նպաստների կարգ սահմանվեց: Ընտանիքն այս կերպ քայքայվում է, քանի որ, եթե աշխատես, նպաստից զրկվելու ես: Մյուս կողմից էլ, եթե աշխատանք չկա, թոշակով ու նպաստով ընտանիք չես պահի: Ընտանիքը պետք է ինքնուրույն կայանա, պետք է տալ զարգացման հնարավորություն»։ Մառոզյանն ընդգծեց, որ մի քանի նամակ է գրել վարչապետին, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանին: Անդրադառնալով ընտանիքում կնոջ և տղամարդու հավասարության խնդիրներին, բանախոսն ասաց. «Ընտանիքի պատասխանատուն տղամարդն է, տղամարդու դերի նսեմացումը նշանակում է ընտանեկան արժեքների խեղաթյուրում: Միևնույն ժամանակ, ողջ բեռը դնել տղամարդու ուսերին և գերագնահատել նրա առաքելությունը, նշանակում է նսեմացնել կնոջը: 17 երեխա ունեցող կինը, որ խորհրդային տարիներին «Հերոսուհի մայր» է ճանաչվել, հիմա թոշակի է անցել, սակայն նրան ասում են, թե ընդամենը 6 տարվա ստաժ ունի, և համարժեք թոշակ չի հասնում։ 17 երեխա մեծացնելը, դաստիարակելը ստաժ չէ՞: Ոչ ճիշտ օրենսդրական լուծման պատճառով ահա այսպիսի խնդիրներ են առաջացել: Այդքան օրենքներ են մշակում, բայց դրանց մեջ «լույս» չկա, ուրեմն ինչի՞ համար են այն օրենքները, որոնցով հասարակությունը չի զարգանում: Պետք է հետադարձ կապը աշխատի»:


Երկրում նոր իրադրություն է, և Խաչատուր Մառոզյանը կարևորում է քաղաքացիական հասարակության կայացումը, որը կարող է և՛ ուղղորդել իշխանությանը, և՛ հեռու պահել անցանկալի զարգացումներից: Նրա դիտարկմամբ, քաղաքացիական հասարակությունը հենց նրա համար է, որ միջանկյալ օղակներում առկա խնդիրներին արագ լուծում տա՝ առանց ԱԱԾ-ի, առանց իրավապահների միջամտության: Մեր զրուցակցի համոզմամբ` այս ոլորտի կայացումը ևս շատ էական է:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3610

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ