Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Պետությունը միշտ է խառնվում եկեղեցու գործերին` անգամ չխառնվելով

Պետությունը միշտ է խառնվում եկեղեցու գործերին` անգամ չխառնվելով
18.07.2018 | 09:31

Մինչ Հայաստանում մոլեգնում են մի խումբ աստվածուրաց խելագարներ` այս անգամ էլ կոտրելով Մայր Աթոռ Սբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանի ֆեյսբուքյան էջը ու նրա բնորոշմամբ «ստոր գրառում տեղադրվելով», Պոլսո Հայոց պատրիարքարանում իրավիճակի հետ չեն հաշտվել: Հայաստանում ոստիկանապետ Վալերի Օսիպյանը վերջապես քնից արթնացավ ու ազդարարեց, որ Վայոց ձորի մարզում Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի տեղաշարժը խոչընդոտելու միջադեպը ոստիկանությունն ուսումնասիրել է. «Նշված միջադեպն ուսումնասիրվել է, բացի այդ ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանի հրամանով ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն է սկսվել»,- հայտնեցին ոստիկանությունից: Պատկերացնում եք` ինչ սխրանք: Փաստորեն պետք էր, որ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան խոսքում հիշի Օսիպյանին, որ նա էլ հիշի իր գործը:

Նիկոլ Փաշինյանը ասաց, որ դիտելով Վայոց ձորում տեղի ունեցածի կադրերը, գոհ չի մնացել ոստիկանության գործողություններից և ոստիկանությանը հանձնարարել է շատ ուշադիր հետևել վերջին միջադեպին, երբ խոչընդոտել էին Գարեգին Բ-ի տեղաշարժը, շատ ուշադիր գնահատել, եթե բողոքների գործողությունները գծեր են անցել, պետք է հստակ արձագանք ստանա: Բայց Նիկոլ Փաշինյանը դեռ չգիտի, որ Վալերի Օսիպյանը ինքնուրույն չի կարողանում որոշել` որտեղ են այդ «գծերը»` անցնող եղել է, թե ոչ: Նրան թվում է, որ օրենքի պաշտպանության հարցում կառավարությունն իր գործը պիտի անի, ոստիկանությունն` իր, որ մենք չունենանք իրավիճակներ, որ Հայաստանում հաստատված սիրո և համերաշխության մթնոլորտը, այն էլ՝ եկեղեցու հետ կապված, մարդկանց կողմից խաթարվի: Համարյա մի ամիս ոչ թե խաթարվում, այլ` ահաբեկչության է հասել գործը, ի՞նչ է պետք ուրիշ: Վեհարանի գրավում եղել է, ծեծկռտուք ու սպառնալիքներ եղել են, կայքը կոտրել են, արդեն քարոզչական մակարդակում հայտարարությունները մի կողմ, ի՞նչ է պետք, որ զոհե՞ր լինեն:


Խնդիրն այն է, որ ոստիկանությունը միշտ գործել է իշխանության հանձնարարականով ու հիմա չգիտի ինչ անել, երբ հանձնարարական չի ստանում: Օրենքն իբրև հանձնարարական` պրակտիկա չի դարձել: Իրավապահ համակարգի իներտությունն ու, մեղմ ասած, անգործունակությունը օրենքի մեջ խճճվելն է, երբ ուղղակի հանձնարարական չկա, գործում է «Նախաձեռնությունը միշտ պատժվում է» սկզբունքը: Վալերի Օսիպյանն ի՞նչ անի, երբ ամբողջ կառավարությունը չգիտի` ինչ անի մի խումբ խելագարների հետ: Երբ կառավարությունն ու վարչապետը խնդիրը չեն ընկալում ողջ խորքով ու վտանգավորությամբ և անձնավորում են:
Սխալվում է Նիկոլ Փաշինյանը, երբ համարում է, որ խնդիրը ներեկեղեցական է ու «Կառավարությունը ներեկեղեցական հարցերի չպիտի միջամտի»: Նրան մոլորեցրել է փաստը, որ Վեհափառի հրաժարականը պահանջողների մեջ կան Հայ առաքելական եկեղեցու հոգևորականներ։ Հետո ի՞նչ: Հոգևորականը հերձվածող չի՞ լինում, նրան հնարավո՞ր չէ գնել: Խնդիրը բնավ ներեկեղեցական չէ, այլ դարձել է համապետական, երբ պետության կառույցները պետք է խառնվեն ու կարգուկանոնը վերականգնեն, քանի որ եկեղեցին չունի պատժիչ ֆունկցիա, առավելագույնը` ապաշխարելու ուղարկելն է: Բայց ուրացողին ի՞նչ ապաշխարանք: Պետությունը իրոք եկեղեցու ներքին հարցերին չպետք է միջամտի, բայց պարտավոր է ապահովել եկեղեցու ու հավատացյալների ապահովությունը, նորմալ կյանքը:


Ի՞նչ է կատարվում Կոստանդնուպոլսում: Պոլսո Հայոց պատրիարքարանի կրոնական ժողովի ատենապետ Սահակ Մաշալյանը օրեր առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանին նամակ է գրել ու նրա ուշադրությունը հրավիրել հայ համայնքի խնդիրների ու հատկապես պատրիարքի ընտրությունների խափանման խնդրի վրա: Մաշալյանը կոչ էր արել Էրդողանին Թուրքիայի համար քաղաքական ու պատմական նոր ժամանակաշրջանում անուշադրության չմատնել Թուրքիայի հասարակության «ամենախոցելի ու օր օրի նվազող» հատվածի՝ կրոնական փոքրամասնությունների խնդիրները։ Մաշալյանը շեշտել է, որ այդ հարցերը նախագահի մոտ բարձրացնելու ճիշտ ժամանակն էր։


Էրդողանին նամակ հղելուց հետո Պոլսո Հայոց պատրիարքարանը գրավոր հայտարարություն էր տարածել, որ նամակի մասին Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանը որևէ լուր չի ունեցել։ Իսկ ի՞նչ լուր պիտի ունենար: Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը պիտի Արամ բեյին ասեր` գիտե՞ս` այսպես չի, լինի: «Իսկ ի՞նչ օգուտ կա շարունակել ցույց տալ՝ իբր ոչ մի խնդիր էլ չկա»,- ասել է Մաշալյանը։ 2016-ի հոկտեմբերի 26-ին Պոլսո Հայոց պատրիարքարանը հայտարարել է տարիներ շարունակ կոմայի մեջ գտնվող պատրիարք Մեսրոպ Մութաֆյանին անգործունյա ճանաչելու որոշման մասին, որ ենթադրում է նոր պատրիարքի ընտրություն: 2017-ի փետրվարին Էջմիածնում կայացված որոշման համաձայն՝ մարտի 15-ին Ստամբուլում տեղի ունեցավ Պոլսո Հայոց պատրիարքի նոր տեղապահի ընտրություն: Ընտրություններում Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին հաղթեց Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը: Ստամբուլի նահանգապետարանի հրավիրած արտահերթ ժողովում պատրիարքի ընտրությունների կազմակերպմամբ զբաղվող նախաձեռնող խմբի անդամների և հայկական հիմնադրամների ղեկավարների ներկայությամբ պաշտոնապես հայտարարվեց, որ 9 տարի կոմայի մեջ գտնվող պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի կենդանության օրոք որևէ նոր ընտրության հայ համայնքին գնալ չի թույլատրվի և պետությունը հավատարիմ է մնալու՝ 2010-ին Նախարարների խորհրդի կողմից Արամ Աթեշյանին պատրիարքի փոխանորդ կարգող որոշմանը: Չի բացառվում, որ հայտարարությունը բոլորովին այլ բովանդակություն ունենար, եթե Արամ Աթեշյանն ընտրվեր:

Ի վերջո, գաղտնիք չէ, որ Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը կապրի այնքան, քանի միացված է արհեստական շնչառության ապարատը: Իսկ դա կարող է տևել այնքան, ինչքան Էրդողանի նոր նախագահությունը: Հիմա ի՞նչ` հայ համայնքը պատրիարք չի՞ ունենալու:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Չեմ ուզում ասել` համեմատեք, թե ինչ է կատարվում Մայր Աթոռում ու նրա նվիրապետական աթոռներից մեկում` Կոստանդնուպոլսում, բայց համեմատությունը ինքն իրեն է ծնվում: Պետությունը բոլոր դեպքերում խառնվում է եկեղեցու գործերին` անգամ չխառնվելով:

Դիտվել է՝ 3325

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ