ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

Կաթողիկոսը մասնակցել է մանկական քաղցկեղային հիվանդությունների բուժմանը նպաստող «Սիթի օֆ սմայլ» հիմնադրամի շնորհանդեսին

Կաթողիկոսը մասնակցել է մանկական քաղցկեղային հիվանդությունների բուժմանը նպաստող «Սիթի օֆ սմայլ» հիմնադրամի շնորհանդեսին
28.07.2018 | 13:31

Հուլիսի 27-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Երևանի «Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում ներկա գտնվեց «Սիթի օֆ սմայլ» բարեգործական հիմնադրամի շնորհանդեսին։
Միջոցառման ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկաներին բերեց իր հայրապետական օրհնությունն ու պատգամը։


«Սիրելիներ, ուրախ ենք ողջունելու և Հայրապետական Մեր օրհնությունը բերելու ձեզ ամենքիդ, որ համախմբվել եք այս սրահում՝ մանկական քաղցկեղային հիվանդությունների բուժմանն ու կանխարգելմանը նպաստելուն կոչված «Սիթի օֆ սմայլ» հիմնադրամի գործունեության հանրահռչակման առիթով:


Օրհնյալ ու բարի նպատակով ենք մեկտեղվել միջոցառմանը այս հիմնադրամի, որի հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել պատանեկության տարիներից մեր եկեղեցական կյանքին մասնակից, Եկեղեցու ազնիվ դուստր տիկին Աննա Հակոբյանը:
Մեր Սուրբ Եկեղեցու բարեսիրական գործունեությունն է այսօր Մեզ առաջնորդել այս կարևոր միջոցառմանը: Դժվարին իրավիճակներում հայտնված մեր սիրասուն երեխաները և նրանց ծնողները ամենքիս զորակցության կարիքն ունեն: Կարիքավորներին օգնելը Տիրոջ կամքի իրագործումն է, ինչպես և ասում է Քրիստոս. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, քանի որ Իմ այս փոքր եղբայրներից մեկին արեցիք այդ՝ Ի՜նձ համար արեցիք» (Մատթ. ԻԵ 40): Այս վստահությամբ ու հավատով է, որ պետք է ամենքս ի կարի մերում սատարենք բարի նախաձեռնություններին և հատկապես՝ երեխաների առողջությանն ուղղված ծրագրերին:


Մեր Տերը՝ Հիսուս Քրիստոս, երկրային Իր առաքելության ընթացքում բազմաթիվ մարդկանց բուժեց, նաև՝ հիվանդ մանուկների՝ անսալով նրանց ծնողների խնդրանքներին ու հավատքին: Եկեղեցու հայրերը բժշկության մեջ աստվածային ներգործության վկայությունն են տեսնում: Սուրբ Մակար Մեծն ասում է. «Ով առողջացնում է անմահ հոգին, կարող է նաև բժշկել մարդկային մարմինը ժամանակավոր տառապանքից և հիվանդություններից»: Այս են վկայում նաև այսօր հրաշքով կատարվող բժշկությունները: Շատ բժիշկներ վկայում են, որ բուժման ամենաբարդ իրավիճակներում զգացել են, որ Աստված է իրենց միջոցով գործում, և հաճախ մարդիկ՝ բժիշկ, թե հիվանդ, այս ճանապարհով են գալիս առ Աստված:


Մեր Սուրբ Եկեղեցին տերունապատվեր իր առաքելության ընթացքում մշտապես կարևորել է աջակցությունը կարիքավոր իր զավակներին: Ի դեմս «Սիթի օֆ սմայլ» հիմնադրամի տեսնում ենք մեր ազգի ապագայի՝ երեխաների առողջությանը նպաստող կարևոր մի նոր նախաձեռնություն, որին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը զորակցելու է, որպեսզի հույսը, կյանքի ուրախությունն ու պայծառ ժպիտը հավելվեն ապաքինված երեխաների և նրանց ծնողների ու մեր բոլորի սրտերում:


Գոհունակություն է Հայրապետիս համար, որ ուռուցքաբանության կենտրոնում ծառայում է եկեղեցական, ով կամավոր հոգևոր խնամք և հոգածություն է մատուցում այնտեղ բուժվող երեխաներին, նաև հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմում գործելու է մեր Սուրբ Եկեղեցու ներկայացուցիչը՝ հանձին Գերաշնորհ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի:
Վերստին Հայրապետական Մեր օրհնությունը բերելով՝ մաղթում ենք հաջողություններ հիմնադրամի աշխատանքներին և աղոթում Մեր սիրելի զավակների ապաքինման համար: Հայցում ենք, որ Ամենաբարին Աստված ապաքինություն պարգևի բոլոր հիվանդներին և պահի ու պահպանի Իր բյուր օրհնությունների մեջ հայրենի մեր երկիրը և աշխարհասփյուռ ազգս հայոց»,- ասաց Վեհափառ Հայրապետը:

Դիտվել է՝ 3347

Մեկնաբանություններ