Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Նիկոլ Փաշինյանը և նոր կառավարությունը ամբոխահաճությունը գերադասեցին Սևանա լիճը չվտանգելու ազգային ռազմավարական շահից

Նիկոլ  Փաշինյանը և նոր կառավարությունը ամբոխահաճությունը գերադասեցին Սևանա լիճը չվտանգելու ազգային ռազմավարական շահից
07.09.2018 | 00:31

Որքան էլ ցավալի է, բայց փաստերը վկայում են, որ Նիկոլ Փաշինյանը և նոր կառավարությունը ամբոխահաճությունը գերադասեցին Սևանա լիճը չվտանգելու ազգային ռազմավարական շահից: Չգիտենք` նրանց այդ կերպ կհաջողվի՞ էժանագին ժողովրդականություն ձեռք բերել, թե՞ ոչ: Հավանաբար ոչ, որովհետև Սևանա լճից 40 մլն խմ հավելյալ ջրառը, որի վերաբերյալ ՀՀ կառավարությունը որոշում կայացրեց և հասավ ԱԺ-ում համապատասխան օրենքում լրացում կատարելուն, դժվար թե շուկայում ապահովի պտուղ-բանջարեղենի գների զգալի իջեցում ու մեղմի ներկայիս բարձր գներից քաղաքացիների դժգոհությունը կամ զայրույթը, որը մասամբ արտահայտվում է նաև ներկայիս իշխանությունների գործունեությունից անբավարարվածությամբ:


Խնդիրն այն է, որ հավելյալ 40 մլն խմ ջրի մի հսկայական մասը ճանապարհին կորչելու է, ինչպես օրենքով նախատեսված ջրառի հիմնական ծավալի (170 մլն խմ) ահռելի մասն է արդեն իսկ կորել, այսինքն` չի հասնելու գյուղատնտեսներին: Եվ երկրորդ` վերջիններս և հատկապես վերավաճառողները (իսկ շուկաներում առևտուր անողները և գներ որոշողները հիմնականում հենց վերավաճառողներն են), երբ գները բարձրացնում են ու սպառողներին սովորեցնում դրանց, հետո սովորաբար այլևս չեն իջեցնում:


Հիշենք, որ Սևանա լճից հավելյալ ջրառի վերաբերյալ ՀՀ կառավարության որոշման նախագիծն ընդունելուց (23.08.2018) 4 օր հետո և ԱԺ-ի կողմից օգոստոսի 28-ի արտահերթ նիստում Սևանա լճից հավելյալ ջրառի մասին օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հենց նախօրեին Նիկոլ Փաշինյանն անակնկալ այցելեց Երևանի «ԳՈՒՄ-ի շուկա»: Նրա այցն այսպես պատճառաբանվեց` ահազանգեր էր ստացել, որ գյուղմթերքների գները բարձրացել են: Այո, գյուղմթերքների գները բարձրացել էին, սակայն ոչ թե վարչապետի այցին նախորդած վերջին մի քանի օրերի կամ նույնիսկ շաբաթների ընթացքում, այլ դրանից շատ ավելի վաղ: Հետևաբար եթե վարչապետի մտահոգությունը սոսկ դա էր, ապա կարող էր ավելի վաղ այցելել: Եվ երկրորդ` բազմազբաղ վարչապետը կարող էր իր վստահելի ենթականերից 1-2-ին ուղարկել շուկա` գներն արձանագրելու, գնաճի պատճառներն իմանալու և իրեն զեկուցելու նպատակով, դրա համար բնավ պարտադիր չէր, որ ինքն անձամբ գնար շուկա:
Այնուհանդերձ, վարչապետն անձամբ գնաց «ԳՈՒՄ-ի շուկա» և հայտարարեց լոլիկի ահաբեկիչ գնի մասին` կիլոգրամը 800 դրամ (նույն օրը նշված և Երևանի այլ շուկաներից բավականաչափ որակյալ լոլիկը 350 դրամով էլ կարելի էր գնել), վաճառողներից լսեց և միջոցառմանն իր մասնակցությամբ առավել հանրայնացրեց գնաճի պատճառները` շոգ է, ոռոգման ջուր չկա, անբավարար է…


ԱԺ-ի կողմից Սևանա լճից հավելյալ ջրառի մասին օրինագծի ընդունմանը հասնելու նախօրեին այս ամենը վարչապետին, թերևս, անհրաժեշտ էր համապատասխան հանրային կարծիք ձևավորելու, միգուցե նաև խորհրդարանի վրա ճնշում գործադրելու համար, որ եթե 40 մլն խմ հավելյալ ջրառի վերաբերյալ օրենքի նախագիծը չընդունվի, ապա պտուղ-բանջարեղենի գները կշարունակեն մնալ բարձր: Այսինքն` չնայած Սևանա լճի ծանր վիճակին, ինչը փաստում են մի շարք գիտնականներ և հենց ինքը` շնչահեղձ լինող ու մինչև վերջերս կանաչած լիճը, չնայած այս իրավիճակում լճից հավելյալ ջրառի անթույլատրելիությանը, ըստ ՀՀ վարչապետի և կառավարության, ավելի կարևոր է Սևանից, օրենքով նախատեսված 170 մլն խմ ջրառից բացի, հավելյալ 40 մլն խմ ջուր խլելը, որպեսզի գյուղատնտեսների բերքը չփչանա, գները չմնան բարձր, Հայաստանի բնակչությունն իշխանություններից չդժգոհի… Կառավարության անդամները, օգոստոսի 23-ին հիշյալ որոշումն ընդունելիս, չեն անդրադարձել Սևանա լճի էկոլոգիական վիճակին, սպառնացող վտանգներին, բնավ հաշվի չեն առել, որ լիճն արդեն իսկ ունի բացասական հաշվեկշիռ:


Բերքի փչացում թույլ չտալը, բարձր գների դեմն առնելը (եթե նույնիսկ համարենք, որ այս վերջինը կհաջողվի), իհարկե, կարևոր են, բայց եկեք տեսնենք նաև Հայաստանի ու տարածաշրջանի համար ռազմավարական նշանակություն ունեցող լճի գլխին կախված վտանգը, կշեռքի նժարին դնենք երկու չարիքները կամ վնասները ու տեսնենք, թե որն է գերակշռում: Միաժամանակ նկատի ունենանք, որ հաջորդ տարի այս տարվա իրավիճակի հնարավոր կրկնությունը թույլ չտալու համար ՀՀ վարչապետն ու կառավարությունը չեն ձեռնարկում ջրամբարների տակ գտնվող փոքր հէկերի տերերի ախորժակը զսպող միջոցներ, որոնք քամում են ջրամբարների ջուրը և թույլ չեն տալիս, որ ջրամբարները ոռոգման սեզոնին բավարար լցվածություն ունենան:


Նախ, սկսենք Նիկոլ Փաշինյանին «SOS Սևան» նախաձեռնության հղած 27.08.2018 թ. բաց նամակից, որով նախաձեռնությունը ՀՀ վարչապետին կոչ էր արել ԱԺ-ից հետ կանչել խորհրդարանի ընդունմանը ներկայացված Սևանա լճից 40 մլն խմ հավելյալ ջրառի մասին օրենքի նախագիծը: Բաց նամակում նշված է.
«Հարգարժան պարոն վարչապետ,
«SOS Սևան» նախաձեռնությունը խիստ մտահոգ է ՀՀ կառավարության կողմից ՀՀ Ազգային ժողովի հաստատմանը ներկայացված «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի կապակցությամբ: Մտահոգությունները պայմանավորված են հետևյալ փաստարկներով.
. Ս.թ. օգոստոսի 6-ին Ձեր կողմից տրված հանձնարարականի շրջանակներում կազմակերպած քննարկումներն, ըստ էության, հանրային բնույթ չկրեցին. Հայաստանի Հանրապետության ռազմավարական նշանակության քաղցրահամ ջրային պաշարի` ոռոգման նպատակով հավելյալ օգտագործման նպատակահարմարության հարցը չդրվեց լայն հասարակության քննարկման, քննարկման մասնակցության համար չեն իրազեկվել անգամ «SOS Սևան» նախաձեռնության անդամները և կազմակերպությունները, ոլորտի գիտնականները և փորձագետները, ովքեր կտային Սևանա լճի մակարդակի իջեցմամբ պայմանավորված լճի ճահճացման ռիսկերի հիմնավորումները:
. «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի հիմնավորման մեջ հիմնական շեշտադրումը ոռոգման ջրի դեֆիցիտն է, խոսք անգամ չկա Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, ջրի մակարդակի իջեցման հետ կապված բնապահպանական, սոցիալական, տնտեսական ռիսկերի մասին:
. Կառավարությունում օրինագծի նախագծի քննարկման ժամանակ չներկայացվեցին կոնկրետ փաստեր և թվեր Սևան-Հրազդան ոռոգման համակարգից ապօրինի ջրօգտագործողների թվի, ծավալների վերաբերյալ, Արարատյան դաշտի ձկնային տնտեսություններին տրամադրված ՋԹ-ներով ջրառի ծավալների` «Ջրի ազգային ծրագրի» մասին ՀՀ օրենքով սահմանված չափաքանակների գերազանցումների մասին:
. Ակնարկվեց ընդամենը ոռոգման համակարգի վերականգնման և բարելավման միտումների մասին` չներկայացնելով այդ գործընթացի համար պահանջվող ֆինանսական միջոցների աղբյուրները և ժամկետները:
. Համոզիչ չէր կառավարության կողմից հնչած այն հայտարարությունը, որ հավելյալ ջրառի արդյունքում արտադրված էլեկտրաէներգիայից ստացված շահույթը կուղղվի Սևան-Հրազդան ոռոգման համակարգի արդիականացմանը, ինչի արդյունքում կնվազեն ջրային ռեսուրսների կորուստները, քանի որ դեռևս 2017 թվականի հուլիսի 7-ին ստորագրված «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածով նախատեսված` 2017 թվականի ընթացքում Սևանա լճից բաց թողնվող ջրի 170 մլն խմ-ն գերազանցող չափաքանակի հաշվին արտադրվող էլեկտրական էներգիայի վաճառքից «Միջազգային էներգետիկ կորպորացիա» և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունների հասույթի և կատարած ծախսերի տարբերությունից առաջացող շահույթը, որն այսօրվա դրությամբ կազմում է 1645139600 դրամ գումար, չի օգտագործվել Սևան-Հրազդան ջրառի համակարգի արդիականացման վրա: Ավելին, ըստ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության գլխավոր քարտուղարի կողմից մեզ ուղղված 07/ԱԿ/10/4915-18 (27.08.2018 թ.) գրության, ներկայումս շրջանառության մեջ է այդ գումարը ՀՀ պետական բյուջե փոխանցելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը:


Ելնելով վերոնշյալ փաստարկներից` «SOS Սևան» նախաձեռնությունը, որը միավորում է` Էկոլոգիական հասարակական դաշինքը, «ԷկոԼուր», «Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիա», «Թռչնասերների կենտրոն», «Խազեր» էկոլոգամշակութային, «Շողեր», «Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն», «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի», «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ», «Հայաստանի անտառներ», «Բլեջան», «Սպառողների աջակցման կենտրոն», «Կովկաս», «Երիտասարդական գաղափարներ», «Առողջ կյանք», «Արազա», «Իրավական հետազոտության և զարգացման կենտրոն», «Գեղամա երիտասարդական տարածքային ասոցիացիա», «Բիոսոֆիա» հասարակական կազմակերպությունների և 55 ակտիվիստների, դիմում է Ձեզ` խնդրելով հետ կանչել ՀՀ ԱԺ-ի քննարկմանը ներկայացված «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագիծը` ակնկալելով հետագա համագործակցություն շահագրգիռ բոլոր կողմերի հետ»:


Ավաղ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված, վերը մեջբերված բաց նամակը մնաց ձայն բարբառո հանապատի, ինչպես ավելի վաղ տարբեր ԶԼՄ-ներով Սևանա լճի էկոլոգիական վիճակի վերաբերյալ գիտնականների ահազանգերն ու փաստարկները: ՀՀ Ազգային ժողովը օգոստոսի 28-ի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց Սևանա լճից հավելյալ ջրառի մասին օրենքի նախագիծը, քվեարկությանը մասնակցած 69 պատգամավորներից միայն ՀՀԿ-ական Սամվել Ֆարմանյանը դեմ քվեարկեց նախագծին: Օրենքի նախագիծը ներկայացրեց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային կոմիտեի նախագահ Ինեսա Գաբայանը:
«ԷկոԼուր»-ի տեղեկացմամբ, ««Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի կարծիքով` ջրային կոմիտեի ներկայացրած հիմնավորումները «խոցելի են և թույլ»: Ապացուցված չէ հավելյալ ջրառի անհրաժեշտությունը և համադրելիությունը գործող իրավիճակին:


«Սևանում SOS է, և փրկության խնդիր ունենք,- ասել է պատգամավորը:- Այս տարիների ջրառը խիստ խախտել է Սևանի էկոհամակարգը և լրջագույն վնաս է հասցրել տուրիզմին: Մենք ճիշտ հաշվարկ չենք անում և մինչև 70 տոկոս ջրի կորստի պարագայում շարունակում ենք այդ արատավոր պրակտիկան: Այդ նույն գյուղացու հարստությունն է ոչ միայն իր այգու բանջարեղենը, այլ նաև Սևանը»:
Պատգամավորի հավաստմամբ, մենք 7 միլիարդ 650 միլիոն դրամի ջուր ենք տալիս՝ դիմացը գյուղացիական տնտեսություններին կես միլիարդ դրամի շահույթ ստանալու հնարավորություն տալով:


«7 միլիարդ ծախսում ենք` կես միլիարդ ստանալու համար»,- ասել է Սերգեյ Բագրատյանը:
«Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը, դարձյալ ըստ «ԷկոԼուր»-ի, ասել է. «Համակարգում լինում են ջրագողություններ: Ոչ ճիշտ, անպատասխանատու կառավարումը, ջրային ռեսուրսի գողությունը և կոռուպցիան հանգեցրել են այս վիճակին, որ մենք ստիպված փաստի առաջ ենք կանգնել և պետք է լուծում տանք` 40 միլիոն խմ ջրառ անելով Սևանից»: Այո, համակարգում եղել ու լինում են ջրագողություններ, սրան կարելի է հավատալ, նախորդ իշխանության օրոք միանշանակ եղել է ոչ ճիշտ, անպատասխանատու կառավարում, կոռուպցիա, սակայն կառավարությունը, գործադիր իշխանությունն արդեն ավելի քան 3 ամիս ոչ թե նախորդ, այլ ներկայիս իշխանությունն է ներկայացնում` վարչապետ Նիկոլ Փաշինյանի ձևավորած թիմը, թող գոնե ջրագողությունների, թերևս նաև կոռուպցիայի դեմն առնվեր, մինչ ժամանակ ու հնարավորություն կլիներ տեխնիկական պատճառներով ջրակորուստները նվազեցնելու:


«Քննադատում էին մեր աշխատանքը, բայց շարունակում են նույնը»,- իր ելույթում ասել է ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանը և նշել, որ օրինագծի հիմնավորումները համոզիչ չեն: Բնականաբար, հարց է առաջանում` բայց այդ դեպքում, պարոն Աշոտյան, ինչու՞ եք կողմ քվեարկել օրենքի նախագծի ընդունմանը… Ընդգծենք, որ և՛ ՀՀԿ խմբակցությունը, և՛ «Ծառուկյան» դաշինքը կողմ են քվեարկել հիշյալ նախագծի ընդունմանը:
Մինչ այդ, նիստին զուգահեռ, ԱԺ-ի շենքի դիմաց «SOS Սևան» նախաձեռնությունը բողոքի ակցիա է անցկացրել: «Սևանին սպառնում է էկոլոգիական կաթված, «Միասին փրկենք Սևանը», «Ջուրը կյանք է» գրությամբ պաստառներով բնապահպանները պատգամավորներին կոչ են արել չընդունել օրենքի նախագիծը, սակայն նրանց բողոքը հերթական անգամ անտեսվել է:
«Սա «Սևանա լճի մասին» օրենքի կոպիտ խախտում է,- ըստ «ԷկոԼուր»-ի, ասել է իրավաբանական գիտությունների թեկնածու, ՀՀ փաստաբանների պալատի անդամ, «Հայաստանի անտառներ» ՀԿ-ի տնօրեն, Հանրային խորհրդի բնապահպանության ենթահանձնաժողովի նախագահ Նազելի Վարդանյանը:- Հայտարարվում է, որ լիճը վատ վիճակում է, ջրիմուռների քանակն այնքան է ավելացել, որ առողջապահության նախարարությունը հայտնում է` ջուրը վտանգավոր է առողջության համար: Այս պարագայում նման նախագիծ Ազգային ժողով ուղարկելը և որոշել, որ այդ ջրով պետք է գյուղատնտեսական հողերը ոռոգվեն, հանցագործություն է: Այդ ջուրն օգտագործման համար պիտանի չէ, եթե այնտեղ թունավոր նյութեր կան»:


«Կարծում եք՝ ջուրը գնում է Արարատյան դաշտավայր` ժողովրդի համա՞ր,- ասել է Էկոլոգիական հասարակական դաշինքի համակարգող Սիլվա Ադամյանը:- Ո՛չ, մարդիկ բողոքում են, ասում են` ջուր չենք ստանում: ՈՒ՞ր է գնում Սևանի ջուրը: Այստեղ էներգետիկ շահ կա, այն էլ ինչպիսի: Կառավարությունը պետք է մշտադիտարկի` ուր է գնում Սևանի ջուրը: Հանրային լսումների մասին էլ խոսք չկա, բայց այսպես չի կարող շարունակվել: Մենք մեր խոսքն ասելու ենք, մենք մեր պայքարը տանելու ենք»:
«Այսօր բոլորը խոսում են այն մասին, որ գյուղացին ոռոգման ջրի կարիք ունի, բայց չեն խոսում այն մասին, որ եթե 5 տարի հետո չլինի Սևանը, լինի ամբողջովին ճահճացված զանգված, գյուղացին առհասարակ չի ունենալու այդ ջուրը,- ասել է բնապահպան Կարինե Փանոսյանը:- Պետք է մտածել ոչ թե այն մասին, որ Սևանի հաշվին ապահովել գյուղացու ջուրը, այլ պետք է մտածել ինչպես լուծել այն խնդիրները, որոնք առաջ են եկել, ինչպես կանխել Սևանի ճահճացումը, որովհետև Սևանի գոյությունից է կախված մեր ազգի գոյությունը Հայաստանի տարածքում»:


«Այս տարի մենք Սևանում չենք ունեցել դրական բալանս, իսկ «Սևանա լճի մասին» օրենքով սահմանված է, որ լիճը չպետք է ունենա բացասական բալանս,- ասել է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը:- Մենք այցելել ենք Արարատի մարզ և հասկացել, որ խնդիրը ոռոգման համակարգի վատ կառավարման մեջ է: Ջրային կոմիտեն պետք է հստակ թվեր ցույց տա, եթե անօրինական ջրօգտագործողներ կան, որքան են տանում, ով է տանում ջուրը… Ոչ մի նման փաստաթուղթ չկա, մենք պետք է ունենանք ստույգ փաստաթուղթ»:
«Սևանի բնակիչները ոչ մի քննարկման մասնակից չեն եղել,- իր հերթին ասել է Գեղարքունիքի մարզի «Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Սաթիկ Բադեյանը:- Մենք տեսանք, որ լիճն աննախադեպ ծաղկում ապրեց այս տարի, ինչը հետևանք էր լճի ջրի բարձր ջերմաստիճանի»:


Հավելենք, որ Սևանա լիճը ծաղկեց թունավոր ջրիմուռներով ոչ միայն բարձր ջերմաստիճանի, այլև օրգանական նյութով խիստ աղտոտված լինելու, ավելին` ֆոսֆորի բարձր պարունակության ու ֆոսֆորի և ազոտի անբարենպաստ հարաբերակցության պատճառով, ինչին և Սևանա լճի խիստ ծանր, վտանգավոր էկոլոգիական իրավիճակին կանդրադառնանք մեր առաջիկա հրապարակմամբ:


Սևան քաղաքի երիտասարդները դիմել են ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Արման Եղոյանին` վարչապետի հետ հանդիպելու և Սևանի խնդիրները ներկայացնելու համար, սակայն դա արդեն ուշացած քայլ է: Օգոստոսի 29-ին ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է Սևանա լճից հավելյալ 40 միլիոն խմ ջրառի վերաբերյալ օրենքի նախագիծը: Այսպիսով, 2018-ին Սևանա լճից ջրառը կկազմի մինչև 210 միլիոն խմ: Նախագծի ընդունմանը կողմ է քվեարկել 81 պատգամավոր, դեմ՝ ընդամենը մեկը՝ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նապոլեոն Ազիզյանը: Հետաքրքիր է՝ բա Սևանա լճից հավելյալ ջրառին դեմ նույն խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն ինչու՞ թե՛ առաջին, թե՛ երկրորդ ընթերցմամբ քվեարկության ժամանակ դեմ չի քվեարկել, մի՞թե այս անիմաստ դեմերը յուրօրինակ թատրոնի համար չեն:


Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 9419

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ