«Մեր դեմ խաղ չկա» բանաձևը վտանգավոր է. այս կարծիքին է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը:
Այսօր ընտրողների հետ հանդիպման ժամանակ, նա ասել է, որ իրենք չեն ուզում այս ընտրությունը քաղաքականացնել, որովհետև վթարված վերելակներից, անմխիթար տրանսպորտից օգտվում են և´ հեղափոխականները, և´ հակահեղափոխականները: Նա հստակեցրել է նաև, որ իր համար չկա իմ ու քո երևանցի և չկա:
«Ամենավտանգավոր և ամենակործանարար բանը «մեր դեմ խաղ չկա» բանաձևն է, որովհետև չկա և չի եղել այդպիսի քաղաքական ուժ, որը կարողանա երկար մարսել «մեր դեմ խաղ չկա»-ն: Եվ ամբողջ ժողովրդի անունից խոսելու բարոյական իրավունք ունի միայն ժողովուրդը: Ես, որպես քաղաքական ուժի ներկայացուցիչ, կարող եմ և իրավունք ունեմ խոսելու միայն ժողովրդի մի հատվածի անունից, որը վստահում է ԲՀԿ-ին,- հայտարարել է Զոհրաբյանն ու հավելել,- Քաղաքական որև ուժ չի կարող ասել, թե կարող է խոսել Հայաստանի ամբողջ ժողովրդի անունից»:
Նա անդրադարձել է նաև ներդրումային ոլորտին և ասել, որ ներդրողը երբեք ներդրում չի անի մի երկրում, որտեղ անընդհատ հեղափոխական և հակահեղափոխական են փնտրում, քանի որ «փողը սիրում է կայուն միջավայր, սիրում է վստահելի գործընկերներ»:
«Եթե այժմ կա քաղաքական մի ուժ, որը կփորձի տոտալ վերահսկողության սոհմանել իշխանական բոլոր օղակներում, ուրեմն ես չեմ հավատա այդ քաղաքական ուժի անզվությանը, որ իրենց նպատակը սիրո և համերաշխության հեղափոխությունն էր: Պիտի լինեն տարբեր քաղաքական ուժեր, վերահսկող տարբեր կառույցներում, որպեսզի մենք կարողանանք միմյանց վերահսկել»,- ընդգծել է պատգամավորը:
Հիշեցնենք, որ նախընտրական քարոզարշավի մեկնարկի «Իմ քայլը» դաշինքի թեկնածու Հայկ Մարությանն էր հայտարարել, որ իրենց քաղաքական թիմի դեմ խաղ չկա:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ