«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

«Միապաղաղ, աղքատիկ քարոզարշավ է ընթանում»

«Միապաղաղ, աղքատիկ քարոզարշավ է ընթանում»
14.09.2018 | 00:07

«Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին քաղաքական ուժերն ընտրական ամենապարզ տեխնոլոգիաներն են կիրառում՝ բակային հանդիպումներ, կախված լուսանկար-պաստառներ, հեռուստատատեսային հաղորդումներ ու առցանց լուսաբանում, լայվեր, բուկլետներ բաժանել և կոմպրոմատ, որը կիրառվեց վերջին օրերին՝ ԱԱԾ ու ՀՔԾ ղեկավարների հեռախոսային զրույցի ձայնագրության հրապարակմամբ»,- «Իրատեսի» հետ զրույցում, անդրադառնալով Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին քաղաքական ուժերի կիրառած տեխնոլոգիաներին, ասաց քաղաքական տեխնոլոգիաների մասնագետ, քաղաքագետ ԱՐՄԵՆ ԲԱԴԱԼՅԱՆԸ:


Քարոզարշավը, ըստ քաղտեխնոլոգի, որևէ նորարարությամբ աչքի չի ընկնում, քաղաքական ուժերը չեն էլ ջանացել ուսումնասիրել միջազգային փորձն ու բոլորովին նոր, առավել ազդեցիկ մեթոդներով ընտրողներին իրենց կողմը քաշել:
«Մեզ մոտ եվրոպական տեխնոլոգիաները չեն աշխատում, քաղաքական ուժերը հիմնականում ռուսաստանյան քաղաքական դպրոցից են օգտվում, բայց այս անգամ ռուսականից էլ չեն օգտվել, ինչը տարօրինակ է: Միապաղաղ, բավականին աղքատիկ տեխնոլոգիաներ են կիրառվում, որոնք չես կարող անգամ դիտարկել կամ վերլուծել: Թե՛ բովանդակային, թե՛ տեխնիկական առումով առաջընթաց չկա ընդհանրապես: Քաղաքական թեկնածուն իր հնարավորությունների չնչին մասն է ներկայացնում»,- ասաց նա:


Արմեն Բադալյանը համոզմունք հայտնեց, որ քարոզչության հիմնական առանցքը քննադատությունը պետք է լինի, այն հստակ գիտություն է, և պետք է իմանալ՝ ինչպես քննադատել:


«Քաղաքական ուժը չպետք է ասի՝ ես լավն եմ, մյուսը՝ վատը, այդ մեթոդը լավ չի աշխատում: Խիստ կարևոր է գրագետ քննադատությունը, իմանալը՝ ինչպես, որտեղ, ում ու ինչ մեթոդներով քննադատել, քանի որ դու կարող ես քննադատության ենթարկել մեկին, բայց այն զրո արդյունք ունենա զուտ այն պատճառով, որ քննադատության ոչ գրագետ ձև է ընտրված եղել: Բայց հիմա ծայրահեղ մեկ այլ բան է կատարվում. քաղաքական ուժերը մեկը մյուսին առհասարակ չեն քննադատում, ինչը շատ սխալ ու անգրագետ տեսակետ է, աբսուրդ է»,- մեկնաբանեց մեր զրուցակիցը, հավելելով, որ քննադատության բացակայությունը վկայում է մի բան՝ քաղաքական ուժերը պատկերացում չունեն, թե ինչ բան է ընտրական կամպանիան:
Մեր դիտարկմանը, թե վերջերս ԲՀԿ-ն կարծես քննադատեց «Քաղաքացիական պայմանագրի» «Մեր դեմ խաղ չկա» թեզը, Բադալյանն արձագանքեց՝ դա բնավ քննադատություն չէր, այլ տեսակետի ներկայացում: Նա նաև հստակեցրեց. «Երբ քննադատում ես, քո առջև նպատակ պետք է դնես՝ ինչի՞ համար, իսկ մեզ մոտ մոտավորապես այսպիսի տեքստերով են քննադատում՝ Պողոսը վատն է, ես լավն եմ: Այս ամենը ցույց է տալիս, թե քաղաքական ուժերն ինչքան անորոշ վիճակում են, քանի որ այժմ որոշողը ոչ թե փողն է, այլ ընտրական կամպանիան, ինչը քարոզչության ու, առհասարակ, ընտրության կարևորագույն բաղադրիչն է: Միմյանց անչափ սիրելու պատճառով չէ, որ քաղաքական ուժերը զերծ են մնում քննադատությունից, պարզապես չգիտեն, թե դա ինչ է, ու ինչպես կարելի է քննադատել: Քաղաքական գործիչը կարող է չտիրապետել այդ գործիքներին, բայց նրա թիմը պետք է խորհուրդներ տա վերջինիս, հուշի՝ ինչպես գործել: Ի վերջո, քննադատության ամեն մի տեխնոլոգիայի համար առանձին գիրք կա գրված, դրանք պետք էր ուսունասիրել ու մասնագիտական մոտեցում ցուցաբերել»:


Մեր այն դիտարկմանը, թե սա դեռ քարոզչության սիկզբն է, և ընտրապայքարը գնալով գուցե ավելի թեժանա, նոր տեխնոլոգիաներ, մեթոդներ կիրառվեն, Արմեն Բադալյանն արձագանքեց՝ նույն ոգով ու տրամաբանությամբ էլ կշարունակվի ամեն ինչ, ոչինչ էլ չի փոխվի, որովհետև այլ մեթոդներ կիրառելու համար պետք է ժամանակ ունենալ, քննարկել ու որոշել՝ որտեղ ինչ տեխնոլոգիա կիրառել:
«Քաղաքական գործիչը չի կարող շտաբ գնալ ու որոշել, թե այսօր այս մեթոդն ենք կիրառում: Առնվազն մեկ ամիս առաջ թեկնածուն ու թիմակիցները պետք է իմանային, թե մրցակից ուժերից որ մեկի նկատմամբ ինչպիսի վերաբերմունք ունեն ու յուրաքանչյուրի հետ իրենց մարտավարությունն ընտրեին: Միաժամանակ 10-20 գործողություն պետք է իրականացնես, որ արդյունք ունենաս, իսկ եթե դրանցից մեկն ագամ ձախողվեց, մյուսներն ինքնըստինքյան ձախողվելու են: Սխալ մարտավարություն ընտրելը, քաղտեխնոլոգիաներ չկիրառելն ու չքննադատելն ապացուցում են, որ այս ընտրություններին մանակցող ուժերը քաղաքական բավարար գիտելիքներ չունեն»,- մանրամասնեց նա:


Անդրադառնալով «Իմ քայլը» դաշինքի թեկնածուի «Մեր դեմ խաղ չկա» արտահայտությանը՝ Բադալյանն ասաց. «Այդ թեկնածուն արտահայտել է այն հոգեբանությունը, որ այսօր տիրում է վարչապետի թիմակիցների շրջանում: ՈՒ քանի որ նա անփորձ է, միամտաբար արտահայտվել է այնպես, ինչպես իրենք մտածում ու տրամաբանում են»:
Քաղտեխնոլոգին հարցրինք նաև՝ ինչպե՞ս կբացատրի որոշ ուժերի՝ քարոզչությանը պասիվ մասնակցելու հանգամանքը: Նա նախ նշեց, որ այս պահին ֆավորիտ ուժեր է համարում «Քաղաքացիական պայմանագիրը», «Բարգավաճ Հայաստանը», «Լույսը» և ՀՅԴ-ն, ապա հավելեց, որ ուժեր էլ կան, որ մասնակցում են իրենց մասին հիշեցնելու համար ընդամենը.
«Երբ ցանկանում ես մասնակցել ընտրություններին ու լուրջ արդյունք գրանցել, դրանց սկսում ես պատրաստվել ամիսներ առաջ: Երբ Տարոն Մարգարյանը հրաժարական տվեց, և արդեն պարզ էր, որ գնում են ավագանու արտահերթ ընտրությունների, քաղաքական ուժերը, հենց այդ ժամանակից սկսած, պետք է անուղղակի քարոզարշավ իրականացնեին, որովհետև այս 12 օրը բավարար չէ հավուր պատշաճի ներկայանալու համար: Շատ ուժեր, որ ընտրություններից մեկ ամիս առաջ են ստեղծվել ու լիահույս են, թե արդյունք են գրանցելու, սխալվում են, քանի որ հաղթանակի հասնում է որոշակի ճանապարհ անցած ու հասարակությանը հայտնի ուժը»:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 3668

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ