Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Մամեդյարովն ու Մնացականյանը պատրաստվում են Նյու Յորքի հանդիպմանը, իսկ հետո՞

Մամեդյարովն ու Մնացականյանը պատրաստվում են Նյու Յորքի հանդիպմանը, իսկ հետո՞
14.09.2018 | 15:56

ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերը հաստատեց ավելի վաղ հայտնված տեղեկությունը, որ սեպտեմբերին, Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում կհանդիպեն Ադրբեջանի ու Հայաստանի ԱԳ նախարարները: «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կազմակերպել էին Ադրբեջանի ու Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպումը Բրյուսելում,-ճշտեց Գրեմինգերը:- Նրանք նորից կհանդիպեն մի քանի շաբաթից ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ժամանակ: Հուսամ, որ հանդիպումը կառուցողական կլինի»: Բաքուն ու Երևանը, չնայած այդ երկրների ղեկավարների հակասական հայտարարություններին, հակված են շարունակել Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման բանակցային գործընթացը: Դա` առաջին:


Երկրորդ` բանակցությունները շարունակվում են նախկին ձևաչափով, կողմերի հետ համաձայնեցված օրակարգով, որ չի հրապարակվել: Մինսկի խմբի համանախագահներն առայժմ ձեռնպահ են մնում այդ թեմայով հայտարարություններից: Ադրբեջանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ուիլյամ Գիլը հայտարարել է, որ Վաշինգտոնը «հույս ունի, որ իշխանության փոփոխությունը Հայաստանում ու ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերի վերսկսումը կհանգեցնեն առաջընթացի կոնֆլիկտի կարգավորման մեջ» և «դրա որոշակի նշաններ կան, որ շատ ուրախացնում է մեզ»: Բայց այդ «նշանները» ոչ ոք չգիտի: Ճիշտ է, որոշ հայ փորձագետներ պնդում են, որ «Մամեդյարովի ու Մնացականյանի Բրյուսելի հանդիպման ժամանակ բանակցային օրակարգը Ադրբեջանի շահերի կողմն էր թեքված»: Այդ թեզիսը հաստատել կամ հերքել չենք կարող: Կարևոր է, որ Բաքուն խելամտորեն որոշեց չօգտագործել քաղաքական իրադարձությունները Հայաստանում կոնֆլիկտի կարգավորման ուժային լուծումին անցնելու համար, որ իրոք ամրապնդում է հակամարտող կողմերի դիվանագիտական երկխոսության նախադրյալները:


Սակայն նորից ծագում է ԱԳ նախարարների երկխոսության ռեալ հեռանկարների հարցը, որի նպատակը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձնական հանդիպում կազմակերպելն է: Սկզբունքորեն ոչինչ պետք չէ բացառել, բայց բոլոր նշաններով` մինչև Հայաստանում խորհրդարանական ընտրությունները, որ նշանակված են 2019-ի մայիս-հունիսին, երբ երկրում կորոշարկվի քաղաքական ուժերի հարաբերակցությունը, Ալիևի ու Փաշինյանի բանակցություններ հազիվ թե լինեն: Պետք է պատրաստ լինել այդպիսի դադարի, որը գուցե լցնեն Մամեդյարովի ու Մնացականյանի հերթական հանդիպումը կամ հանդիպումները, բայց բավարա՞ր են այդ հանդիպումները կոնֆլիկտի կարգավորումն առաջ տանելու համար: Այդ առումով ուշադրության արժանի է Գրեմինգերի դիտարկումը քաղաքացիական հասարակության դերի մեծացման անհրաժեշտության մասին: Նրա խոսքով` «եթե մարդիկ պատրաստ չեն, քաղաքական գործիչները ոչինչ չեն կարող անել, և այդպիսի կոնֆլիկտները կմնան չկարգավորված»: Եվ հետո` «Ես կարծում եմ` քաղաքացիական հասարակությունը շատ օգտակար կարող է լինել այսօրինակ կոնֆլիկտների հաղթահարման համար: Դա շատ կարևոր է, եթե քաղաքացիական հասարակությունը նույնպես պատրաստ է փոխզիջումների: Ավելի շատ հեռանկարներ կան այդ ուղղությամբ աշխատելու»: Իրոք, հետխորհրդային քաղաքացիական հասարակության զարգացումը Ադրբեջանում ու Հայաստանում տեղի է ունենում ընդհանուր աշխարհաքաղաքական ու աշխարհագրական տեղանքի պատմականորեն կանխորոշվածության պայմաններում, երբ երկու ժողովուրդները` ադրբեջանցիները ու հայերը, ունեն ոչ միայն ընդհանուր բացասական, այլև ընդհանուր դրական փորձ համատեղ կեցության: Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի գոյության պայմաններում երկու ժողովուրդների աշխարհայացքը, ստեղծված իրավիճակի հոգեբանական ընկալումը ուրվագծվում են զուգահեռ իրականություններում պատմական գիտակցության ու մտածողության իրենց պարադիգմաներով: Ինչպես էլ հետագայում լուծվի Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը, ադրբեջանցիներն ու հայերը հարևան են լինելու և վաղ թե ուշ ստիպված են կառուցողական երկխոսության մեջ մտնել: Այդ պատճառով անհրաժեշտ է մերձեցնել ադրբեջանական ու հայկական իրականությունը, շանս տալ գործընթացի զարգացմանը, նշել գլխավոր իմաստային չափանիշները:


Կարևոր է պայմանավորվելու ցանկությունը, անխուսափելի փոխզիջումների գնալը` հաշվի առնելով հեռանկարները, այլ ոչ թե միայն հետահայացները, իհարկե, քաղաքական կամքի դրսևորումով: Առաջին փուլում կարևոր է հրաժարվել անխնա տեղեկատվական պատերազմից, այլ դիրքերից գնահատել կոնֆլիկտը, պատճառներն ու բնույթը: Սկսել է պետք փոքր քայլերից, աջակցել, օրինակ Թեքալինի գործընթացին` սահմանին անցակետի ստեղծում: Գուցե հաստատել անձնագրային հատուկ կարգ սահմանային բնակավայրերի բնակիչների համար, որ ինչպես կարծում է հայ իրավապաշտպաններից մեկը, «թույլ կտա տարվա մեջ գոնե մի քանի օր հանդիպել, վերականգնել ու հաստատել կապերը գյուղերի միջև, լուծել ջրի հարցը, առևտուր անել, ստեղծել վստահության իրական աշխատող մոդել»: Կազմակերպել հանդիպումներ չեզոք հարթակներում, որտեղ քաղաքացիական երկխոսությունը կարող է երկու ժողովուրդների գիտակցությունից դուրս մղել թշնամանքի գաղափարախոսությունը: Կա՞ն նման պայմաններ Ադրբեջանում ու Հայաստանում հիմա: Ցավոք, ոչ, ուրեմն պետք է ստեղծել` որքան հնարավոր է արագ: Բաքուն իբրև Անդրկովկասի առավել ուժեղ կենտրոն` կարող է առաջինը նախաձեռնություններ սկսել այդ ուղղությամբ, ընդունելով հայերի վաստակն ու ներդրումը իրենց պետության պատմական զարգացման մեջ, ոչ թե ընդհանրապես ջնջել իրենց ազգային գիտակցությունից, մտածողությունից ու պատմությունից: Իհարկե, որոշ նման առաջարկներ կարող են պատրանք թվալ, սակայն Գրեմինգերը ճիշտ է, երբ ասում է, որ առանց լիարժեք ու ինքնաբավ քաղաքացիական հասարակության համատեղ կամ նույնիսկ իբրև հարևան` հայերի ու ադրբեջանցիների համակեցությունը հնարավոր չի լինի:
Ստանիսլավ Տարասով, REGNUM


Հ.Գ. Քայլ առ քայլ վստահության հաստատման առաջարկները արվում են վաղուց, բայց քաղաքական կամք չկա այդ առաջարկներին ընթացք տալու: Ինչպե՞ս պիտի Իլհամ Ալիևը դա թույլ տա, եթե ամբողջ ներքին ու արտաքին քաղաքականությունը կառուցում է արտաքին թշնամու դեմ պայքարի առանցքի վրա: Նախ իշխանափոխություն է պետք Ադրբեջանում, որից հետո կարող է լուծվել Ղարաբաղի հարցը, իսկ մինչ այդ կմնա ստատուս քվոն` ուզու՞մ է Ալիևը, թե՞ չի ուզում: Եվ բնավ պետք չէ կարևորել, որ «Բաքուն խելամտորեն որոշեց չօգտագործել քաղաքական իրադարձությունները Հայաստանում կոնֆլիկտի կարգավորման ուժային լուծումին անցնելու համար»: Բաքուն հաստատ կօգտագործեր, եթե վստահ լիներ, որ հաջողության է հասնելու: Դա չի «ամրապնդում հակամարտող կողմերի դիվանագիտական երկխոսության նախադրյալները»: Նախադրյալներ կստեղծեր Բաքվից հնչող հայտարարությունը, որ հրաժարվում են սուբստանտիվ բանակցությունների նախապայմանից ու պատրաստ են բանակցել Հելսինկիի Եզրափակիչ ակտի երեք սկզբունքները` տարածքային ամբողջականության պահպանումը, ազգերի ինքնորոշման իրավունքը և ուժի չգործադրումը, հիմք ընդունելով: Ինչի՞ շուրջ պիտի Հայաստանը բանակցի, եթե Բաքուն միայն մեկ սկզբունք է ընդունում` տարածքային ամբողջականությունը: Առարկայական բանակցությունների համար դեռ երկար չեն լինի պայմաններ` Բաքվի միակողմանի զիջումներ ստանալու անհիմն ցանկության պատճառով:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2788

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ