Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Կհրապարակվեն ընտրողների ստորագրված ցուցակները

Կհրապարակվեն ընտրողների ստորագրված ցուցակները
18.09.2018 | 01:06

Ընտրական նոր օրենսգրքի հայեցակարգը պատրաստ կլինի առաջիկա օրերին, նախագիծը՝ դրանից մոտ երկու շաբաթ անց՝ «Իրատեսի» հետ զրույցում հավաստիացրեց վարչապետին առընթեր ընտրական օրենսգրքի բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար ԴԱՆԻԵԼ ԻՈԱՆՆԻՍՅԱՆԸ, հավելելով, որ քանի դեռ հայեցակարգը չի ներկայացվել հասարակության դատին, այն Վենետիկի հանձնաժողով չի ուղարկվի: Ավելին, այս անգամ Վենետիկ կուղարկվի ոչ թե հայեցակարգը, այլ արդեն պատրաստի նախագիծը:


Ինչու՞ այսքան ձգձգվեց օրենսգիրքը, երբ նախապես հայտարարվել էր, որ այն հունիսին պատրաստ կլինի: «Հունիսին Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվեց աշխատանքային խումբ, ինչն աշխատանքներին հաղորդեց ավելի կոլեգիալ բնույթ: Որոշվեց, որ քննարկումները պետք է լինեն ներառական, որին պետք է մասնակցեին հասարակական կազմակերպությունները, արտախորհրդարանական ուժերը, մասնագետներ և շահագրգիռ այլ անձինք: Վերջիններիս ներկայացրած առաջարկները շատ էին, ահռելի, իսկ մենք գնացել ենք դրանք հատ առ հատ քննարկելու, դիտարկելու ճանապարհով, ու հենց այդ պատճառով էլ այսքան ձգձգվեց օրինագծի մշակումը: Կարելի էր նաև մյուս ճանապարհով գնալ՝ հրապարակել նախագիծը, հետո դրա վրա աշխատել, բայց որոշվեց, որ մենք այդ ճանապարհը չենք ընտրում»,- պարզաբանեց մեր զրուցակիցը:


Հայեցակարգի վերջնական տարբերակում ընտրական տարբերակներից ընտրվել է պարզ համամասնականը, ռեյտինգայինի՝ համամասնական բաց ցուցակներով ընտրակարգի ցանկացած դրսևորում բացառվել է, բավարարվել է ընտրագրավը նվազեցնելու առաջարկը, խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած ուժերը հետայսու կվճարեն ոչ թե 10, այլ 7,5 մլն դրամ: Բավարարվել է նաև անցողիկ շեմը կուսակցությունների համար 4, դաշինքների համար 6 տոկոսի իջեցնելու առաջարկը:


Դանիել Իոաննիսյանի փոխանցմամբ՝ ուշադրություն է դարձվել Վենետիկի հանձնաժողովի նախկինում տված գնահատականներին ու առաջարկություններին: Մեր դիտարկմանը՝ եթե եվրոպացի գործընկերները որոշ դրույթների մասով առարկություն ներկայացնեն, ինչպիսի՞ն է լինելու հանձնաժողովի դիրքորոշումը, վերջինս արձագանքեց, թե հստակ չի կարող ասել՝ այդ առարկություններից որոնք կընդունեն, որոնք՝ ոչ, բայց վստահեցրեց, որ դրանք քննարկվելու և դիտարկվելու են ամենայն լրջությամբ:


«Ենթադրենք՝ Վենետիկի հանձնաժողովն ասաց, թե ընտրողների ստորագրված ցուցակները հրապարակելը վատ գաղափար է, քանի որ վտանգվում է ընտրողների անձնական տվյալների գաղտնիությունը: Պարզ է, որ այդ դեպքում ասելու ենք՝ ներեցեք, մենք ձեր առաջարկությունը չենք ընդունում, որովհետև այստեղ այլ շահեր կան»,- մեկնաբանեց ԸՕ բարեփոխումների աշխատանքները համակարգող կառավարության ներկայացուցիչը:


Ընտրողների ստորագրված ցուցակները հրապարակելու մասով Դանիել Իոաննիսյանի հետ համակարծիք է նաև ՀԿ սեկտորի ներկայացուցիչ (Վանաձորի Հելսինկյան ասոցիացիա) ՎԱՐԴԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ, որը մեզ հետ զրույցում ասաց, թե ստորագրված ցուցակները հրապարակելու անհրաժեշտության մասին իրենք բարձրաձայնել էին տարիներ շարունակ. «Եթե վստահության տեսակետից ենք նայում, սա հիմնարար սկզբունք է: Երբ մարդիկ տեսնում են, որ իրենց փոխարեն չեն քվեարկել, հույսով ու հավատով են լցվում ընտրությունների հանդեպ, հակառակ պարագայում անորոշությունն ամեն բան խարխլում էր: Ավելին, ես կարծում եմ, որ պետք է հրապարակվեն նաև էլեկտրոնային ցուցակները, որոնք էլեկտրոնային սարքավորման մեջ են»:


Մեր դիտարկմանը, թե Վենետիկի հանձնաժողովն առարկություն ունի նաև ընտրությունների կազմակերպման ժամկետների առնչությամբ՝ ԸՕ-ի ընդունումից հետո նվազագույնը մեկ տարի անց դրանք կազմակերպելու մասով, Վարդինե Գրիգորյանն արձագանքեց՝ դա ցանկալի, բայց ոչ պարտադիր պահանջ է: Մեր մյուս հարցին՝ չե՞ն նեղացնի արդյոք եվրոպացիներին, եթե նրանց դիտարկումներից վերոնշյալներն անուշադրության մատնվեն, մեր զրուցակիցը պատասխանեց. «ԸՕ բարեփոխումների շուրջ աշխատելիս հնարավորինս հղում ենք արել Վենտիկի հանձնաժողովի այն հիմնարար դրույթներին, որ նախկինում էլ, այժմ էլ առկա են, բայց չէին կիրառվում: Կարծում եմ՝ նրանց ավելի շատ մտահոգում էր այն փաստը, որ իրենց իրականացրած դիտորդական առաքելությունից հետո հաջորդ ընտրությունների ժամանակ մեզ մոտ գրեթե ոչինչ չէր փոխվում»:


Ընտրական օրենսգրքի մյուս նորամուծության՝ ընտրատեղամասերում լրագրողների ու դիտորդների թվի սահմանափակումը հանելու մասով ՀԿ ներկայացուցիչը կրկին մտահոգիչ որևէ բան չի տեսնում: Եթե ԶԼՄ ներկայացուցիչների անվան տակ ընտրատեղամասեր մուտք են գործում այս կամ այն ուժին սատարող անձինք ու փորձում վերահսկողություն սահմանել հենց ընտրատեղամասում, ապա չի՞ մեծանում տեղամասերում ընտրողների վրա ուղղակի կամ անուղղակի ճնշում գործադրելու ռիսկը՝ հարցրինք:


«Դա արհեստական խոչընդոտ էր, ու, որպես կանոն, ընտրատեղամասում շատ թվով դիտորդներ ու ԶԼՄ ներկայացուցիչներ գտնվում էին միայն այն ժամանակ, երբ որևէ հայտնի անձ քվեարկության էր գալիս: Ձեր մտահոգությունը, իհարկե, կարող է տեղին լինել, բայց համոզված եմ, որ եթե ունենանք նորմալ ընտրություններ՝ առանց ընտրակաշառք բաժանելու և այնուհետ վերահսկելու, թե կաշառք վերցրած մարդն ինչպես է քվեարկում, ապա ոչ մի ուժ ընտրատեղամասում հավելյալ մարդ պահելու խնդիր չի ունենա: Մեկ վստահված անձը բավարար է վերահսկողության կամ ընտրողների իրավունքների պաշտպանության համար: Օրինակ, Երևանի ավագանու ընտրություններին մոտ 5-6 անգամ ավելի քիչ դիտորդներ են ներկա լինելու, քան նախորդներին են եղել: Հավելեմ նաև, որ նոր փոփոխություններով դիտորդներին հնարավորություն է տրվել վարչական խախտումների մասով դատարան դիմելու: Իսկ հետագայի համար կցանկանայի, որ դիտորդների հավատարմագրման գործընթացն ավելի դյուրացվեր ու էլեկտրոնային դառնար»:


ՀԿ ներկայացուցչի տեղեկացմամբ՝ վարչապետին առընթեր հանձնաժողովի հետ աշխատելիս ուշադրություն են դարձել խնդրահարույց ամեն մի դրույթի, մանրամասն ուսումնասիրել են թե՛ դեմ, թե՛ կողմ կարծիք-առարկությունները, չնայած դրան, կցանկանար, որ ավելի հետևողական լինեին ու դիտակետի տակ առնեին կնճռոտ բոլոր հարցերը, ինչն անհնար է եղել ժամանակի սղության պատճառով:


Անդրադառնալով ԸՕ-ում կանանց քվոտայի խնդրին՝ Վարդինե Գրիգորյանն ասաց, որ այդ հարցում որևէ փոփոխություն չի արվել, նախկինի նման մնացել է ընտրացուցակում յուրաքանչյուր 4 համարի մեջ մեկ կին ներառելու սկզբունքը: Ասաց նաև՝ ցանկալի կլիներ, որ կին և տղամարդ քաղաքական գործիչներին նույն կերպ ընկալեինք, ու քվոտայի հարցն ընդհանրապես չլիներ, բայց քանի դեռ այդ մշակույթը չի ձևավորվել, արհեստական մեխանիզմներով (տվյալ դեպքում՝ քվոտաներով) պետք է խթանվի կանանց մասնակցությունը: Իսկ երբ քաղաքական ուժերը գործնականում տեսնեն, որ կին քաղաքական գործիչը լավ է աշխատում, իրենք առանց պարտադրանքի կանանց կներառեն ընտրական ցուցակներում:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 2623

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ