«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

«Մեկ տարի հետո հնարավոր կլինի համեմատել հույսը և իրականությունը»

«Մեկ տարի հետո հնարավոր կլինի  համեմատել հույսը և իրականությունը»
05.10.2018 | 01:41

Ներքաղաքական կյանքը չի խաղաղվում, շարունակում է եռալ ու լարված պահել ողջ հասարակությանը։ Ցնցում, հետցնցում, սրում, ոչ մի շոշափելի, հեղափոխական զարգացում, բեկում տնտեսությունում, կենսամակարդակի բարելավում։ Ազգովին քաղաքականությամբ ենք զբաղված ու դրա անբաժան մասն ենք դարձել՝ մոռանալով շատ ավելի կարևոր հարցեր ու խնդիրներ։ Հետհեղափոխական հերթական ցնցումը եղավ շաբաթվա սկզբին, այս անգամ թիրախում ԱԺ-ն էր։ ՀՀԿ-ն արտակարգ ռեժիմով, անձայն, հրատապ օրենք քննարկեց ու ընդունեց, երկրի վարչապետն էլ մի ողջ ժողովրդի բերեց խորհրդարան, որ անպտուղ բանակցություններից հետո հայտարարի, թե հրաժարական է տալու։ Անհասկանալի մնաց մեկ բան. հրաժարական, այսպես, թե այնպես, կարող էր տալ, առանց այդքան մեծ աղմուկի, ինչու՞ չտվեց։ Միակ տուժողը ՀՅԴ-ի և «Ծառուկյան» խմբակցության նախարարներն էին, որոնց հրաժարականը ստորագրվեց հենց հրապարակում։ Ներքաղաքական իրավիճակի շուրջ զրուցում ենք քաղաքագետ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱՐԿԱՐՈՎԻ հետ։

-Երեքշաբթի երեկոյան վարչապետը ցուցարարների հետ շրջապատեց ԱԺ-ի շենքը, պահանջելով արտահերթ ընտրություններ, իսկ առիթը ՀՀԿ-ականների հեղինակած օրենքն էր։ Սա պարտադրա՞նք է ԱԺ-ին, ինչի մասին խոսեցին նաև քաղաքական ուժերի ներկայացուցիչները։
-Երեքշաբթի օրվա իրադարձությունները չենք կարող անջատ դիտարկել ողջ այս քաղաքական գործընթացների մեջ։ Եթե անվանենք դա հեղափոխական շրջանի շարունակություն, Փաշինյանի տրամաբանությունը հասկանալի է։ Հեղափոխականները միշտ էլ ցանկանում են ունենալ իշխանությունն ամբողջությամբ, հեղափոխությունը չի լինում կիսատ, այսինքն, դա նախորդներին իշխանությունից լիովին զրկելն է։ Այս տեսանկյունից քաղաքական վերջին զարգացումները հասկանալի են, իսկ իրավական, սահմանադրական տեսանկյունից պետք է ասել, որ ԱԺ-ի ինքնալուծարում չի նախատեսվում։ Պետք է գտնել համապատասխան եղանակներ, ինչը թույլ կտա խորհրդարանի լուծարումը։ Այսօրվա քաղաքական դասավորության պայմաններում մենք չունենք ընդդիմություն, կամ հասարակության զգալի հատվածն այդ ուժերն ընդդիմություն չի ընկալում։ ԱԺ-ի ինքնալուծարման միջոցներից մեկն էլ վարչապետի հրաժարականն է, սակայն այստեղ էլ աղմկահարույց օրենքի քվեարկությունը ապացուցում է, որ դժվար է հստակ երաշխիքներ ունենալ։ Երկու կողմերն էլ արձանագրում են, որ պայմանավորվածություններ չկան։ Ընդհանուր հատման կետը կարող էր լինել մայիսին ընտրությունների անցկացումը, բայց վարչապետը հայտարարում է դեկտեմբերին ընտրություններ անցկացնելու մասին։ Օրինական ճանապարհը հետևյալն է. եթե վարչապետն ուզում է օրինականության սահմաններում, բայց հեղափոխական տրամաբանությամբ ավարտին հասցնել իշխանության կենտրոնացումը հեղափոխական ուժերի ձեռքում, անհրաժեշտ է պահպանել հեղափոխական ճնշումը և հրաժարական ներկայացնել։ Բայց երաշխիքների բացակայությունը նյարդայնացնում է վարչապետին։
-Վարչապետը հայտարարեց, որ հրաժարական է տալու, եթե այդ ճանապարհն էր ընտրել, ինչու՞ մարդկանց բերեց խորհրդարան։
-Մոբիլիզացումն անհրաժեշտ է։ Վարչապետին աջակցող քաղաքացիներին, որոնք դեմ են ՀՀԿ-ին, պետք է բացատրություն տալ, թե ինչու է հրաժարական տալիս։ ՈՒղղակի հրաժարականի մասին հայտարարելը կարող էր ընկալվել որպես պարտություն, ոչ թե սահմանադրական ճանապարհով պայմանավորված քայլ։ Թիմը, որը պետք է իրականացներ դա իրազեկելու աշխատանքը, այս ամենը կրկին թողնում է Փաշինյանի վրա, այնպես, ինչպես ավագանու ընտրությունների ժամանակ, երբ հիմնական քարոզարշավը տարավ ոչ թե թիմը, այլ Փաշինյանը։ Վարչապետը գիտի, որ ունի կապիտալ և կարող է առավելագույնս արագ օգտագործել այն, այլապես կծագեն հարցեր, թե ինչու պետք է այս կառավարությունը շարունակի երկար կառավարել։
-Խորհրդարանական ուժերը հայտարարում են, թե Փաշինյանն ընդամենը ասել է, որ ինքն իրազեկում է խորհրդարանին իր որոշման մասին, իսկ դա նշանակում է` գործադիրը ճնշում է գործադրում օրենսդիր մարմնի վրա։
-Քաղաքականության մեջ այդպիսի բաներ լինում են, երբ քաղաքական տարբեր դերակատարներ ազդում են այլ դերակատարների վրա։ Սա իրականացվում է՝ իրական ռեսուրսների փաստը հաշվի առնելով։ Այսօր Փաշինյանի հիմնական ռեսուրսն այն ընտրազանգվածն է, որը նրան հավատում է։ Այստեղ պետք է նկատի ունենալ, որ կա ևս մեկ ընտրազանգված, որը տանն է, համամիտ չէ իշխանության և խորհրդարանական ուժերի օրակարգի հետ, ունի սեփական տեսլականը, որը ևս դեմ է ԱԺ-ի այսօրվա դասավորությանը։ Ինչպես, օրինակ, նախագահական ընտրությունների ժամանակ, Րաֆֆի Հովհաննիսյանին ընտրող քաղաքացիներից շատերը ոչ թե նրան էին կողմ, այլ դեմ էին օրվա իշխանությանը։ Այսօր էլ կան մարդիկ, որոնք ըմբոստանում են, որովհետև ոչ թե փաշինյանական ուժերի խորհրդարան գալուն են կողմ, այլ խորհրդարանական առկա դասավորությանը։
-Փաստորեն, երրորդ ուժ չկա։ Մի կողմում ՀՀԿ-ն է և խորհրդարանական մյուս դերակատարներն են, մյուս կողմում Փաշինյանը։ Մրցակցություն չկա։
-Մեզ մոտ հիմա երկրորդ ուժն էլ չկա։ Հայաստանում բավականին երկար ժամանակ, Տեր-Պետրոսյանի նախագահության վերջին տարիներից սկսած, փորձեր էին արվում մարգինալացնելու ընդդիմությանը։ Ընդդիմությունը քաղաքական դաշտում ուներ երկրորդական նշանակություն, չնայած մի պահ եղավ բեկում, երբ Վազգեն Սարգսյան-Կարեն Դեմիրճյան զույգը ընդդիմություն ձևավորեց։ Սակայն, ողբերգական իրադարձությունից հետո, կրկին ընդդիմությունը երկրորդական դերակատար դարձավ` դաշտում թողնելով միայն իշխանությանը։ Երբ իշխանությունը զրկվեց իր կարգավիճակից, և Փաշինյանը դարձավ վարչապետ, չեղած ընդդիմադիր դաշտը դարձավ իշխանություն, իսկ նախկին իշխանությունն էլ չստացավ այն կարգավիճակը, որը կուզենար։ Ստացվում է` գործադիր մարմնի ղեկավարը, որը չունի խորհրդարանական օժանդակություն, վարչապետ է, իսկ խորհրդարանական մեծամասնությունն էլ գնում է վարչապետի անձին և գործողություններին դեմ։ Ավագանու ընտրությունից հետո տեսանք, որ կա զանգված, որը քվեարկեց Փաշինյանի օգտին, կա զանգված, որը ցածր տոկոսային հարաբերակցությամբ ձայները տվեց այս կամ այն ուժին, և կա զանգված, որն ընտրությունների չի գնացել, քանի որ չի տեսել այն ուժը, որին իր ձայնը կտա։ Այլ խոսքով, ունենք այնպիսի քաղաքական իրավիճակ, որ նորմալ չէ։ Եթե չունենք ընդդիմություն, նշանակում է գործընթացները չեն կարող մրցակցային լինել, իսկ ժողովրդավարությունը ենթադրում է մրցակցություն։ Դուք չեք մրցում ինքներդ ձեզ հետ, դուք մրցում եք այլ քաղաքական ուժերի հետ։ Հեղափոխական իրավիճակում գուցե սա հասկանալի է, Գելափի հարցումներով Փաշինյանը 80 տոկոսից ավելի վարկանիշ ունի, բայց առանց կոնկրետ հաջողությունների նման վարկանիշները երկար կայուն չեն մնում։ Միայն հռետորաբանությամբ, պարբերաբար մոբիլիզացիաներով հնարավոր չէ պահպանել բարձր վարկանիշ, անցնում է ժամանակ, և արդյունքներ պետք է ներկայացնել։ Իսկ արդյունք ապահովելու համար այսօր կա նոր վարկած` եկեք ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնենք, հետո զբաղվենք կոնկրետ աշխատանքով։ Սա հասկանալի է այն առումով, որ համակարգը պետք է դարձնել կանխատեսելի, որպեսզի դրսի համար էլ իրավիճակը կայուն լինի, հասկանալի, ըմբռնելի։ Այսօր կայացված որոշումները դրսի համար չկայացած են, կա մեծ անորոշություն, և բոլորը սպասում են, թե ինչ հանգուցալուծում է լինելու։ Այս անորոշությունը կարելի է ձգձգել մինչև մայիս, որը նորմալ է այն ուժերի համար, որոնք հարված ստացան ու կարող են վերակազմակերպվել մինչ այդ ժամանակահատվածը։ Կա տարբերակ` դեկտեմբերին անցկացնել ընտրությունները և այդ ուժերին վերակազմակերպելու հնարավորություն չտալ։
-Ժամկետներն ի՞նչ են փոխում իշխանության համար։
-Երկու բան. այդ ուժերի վերադասավորումը չի կայանա, և մայիսին հասարակությունը կտեսնի իշխանությունների ոչ թե հարյուր օրվա աշխատանքը, այլ մեկ տարվա։ 100 օրը դեռ շեշտադրումների առանձնացում է, ոչ արդյունքների ցուցադրություն, մեկ տարում հնարավոր է իրական արդյունք արձանագրել։ Այդ ժամանակ քաղաքացիների համար իրավիճակն այլ կլինի, ոչ թե քվեարկում են այս կամ այն ուժի օգտին, այլ հաշվի է առնվում, թե ինչ արդյունք է ցույց տվել այս իշխանությունը։ Մայիսին, այսպես ասած, հեռանկարային քվեարկություն կարող է լինել, ինչն ավելի լավ է, մարդիկ առաջ են նայելու, ոչ թե հետ։ Մարդիկ ապագայի համար են քվեարկելու՝ այս կամ այն մարդու հետ որոշակի հույսեր կապելով։ Մեկ տարի հետո հնարավոր կլինի համեմատել հույսը և իրականությունը։ Իսկ մնացած ուժերի համար այդ ժամանակը ոչ միայն վերադասավորվելու, այլև իշխանության համապատասխան գործողություններին գնահատական տալու, քննադատելու շրջան է լինելու։
-Եթե ընտրություններն անցկացվեն դեկտեմբերին, չինքնակազմակերպված ուժերը մրցակցությունից դու՞րս կմնան։
-Մրցակցություն կա, բայց պայմանները հավասար չեն։ Այսօրվա քաղաքական ուժերն անհավասար պայմաններում են ոչ այն պատճառով, որ օրենքներն են վատ, ժողովրդավարությունը չի կայացել, այլ որ հեղափոխական ալիքի վրա մեկ դերակատար կա, ում վարկանիշը բարձր է և կարճ ժամանակահատվածում չի կարող այնքան իջնել, որ նա ընտրություններում պարտվի։ Ճիշտ է, ըստ օրենսգրքի ընդդիմությունը խորհրդարանում 30 տոկոս ներկայացվածություն պետք է ունենա, բայց այս ուժերը չեն պայքարում դրա համար, այլ իրենց կարգավիճակն են փորձում պահպանել, ինչը միանգամայն նորմալ է։

Զրույցը՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 3785

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ