Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Երևանը չորս օր է քաղաքապետ ունի. ի՞նչ են սպասում երևանցիները

Երևանը չորս օր է քաղաքապետ ունի.  ի՞նչ են սպասում երևանցիները
16.10.2018 | 01:43

«Սիրելի Հայկ»,- այսպես ջերմորեն դիմեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանին երդմնակալության արարողությանը` ողջունելով ՀՀ նախագահին, բարձրաստիճան հյուրերին, մշակույթի և գիտության ներկայացուցիչներին։ Այդպիսով վարչապետը ընտրություններից հետո յուրօրինակ մեսիջ ուղարկեց երևանցիներին և, ինչու ոչ, քաղաքական դաշտին, որ ինքը միշտ նոր քաղաքապետի կողքին է։ Ի դեպ, սա միակ մեսիջը չէր։ Վարչապետն իր ելույթում ասաց. «Երիտասարդների ներկայությունը որևէ կերպ չմեկնաբանվի որպես ավելի տարիքով մարդկանց վաստակի, ընդունակությունների, կարողությունների ժխտում։ Մենք հասկանում ենք, որ նույնիսկ այդպիսի ընկալում կա, ուրեմն մեր բացթողումն է, և մենք պետք է նաև ամեն ինչ անենք այդպիսի պատկերացումը շտկելու»։ Հուսով ենք, որ կառավարությունում, գերատեսչություններում շատ ղեկավարներ չեն փորձի Հռոմի պապից ավելի կաթոլիկ երևալ և կվերանայեն իրենց կադրային քաղաքականությունը, հաշվի նստելով ոչ միայն կադրերի փորձառության, այլև վարչապետի ասածի հետ։ Սրանք կարևոր հարցեր են, սակայն ոչ պակաս կարևոր էր քաղաքապետի խոսքում հնչած հետևյալ ֆրազը. «Ես մեկ առ մեկ հիշում եմ բոլոր այն խնդիրները և պահանջները, որոնք բարձրացրել են իմ առջև ընտրությունների ժամանակ»։ Այդպիսով քաղաքապետը իր վրա վերցրեց մեծ պատասխանատվություն այդ ամենն իրականություն դարձնելու համար։ Սրանից ելնելով քաղաքապետին հարցրինք, թե որքան ժամանակ անց քաղաքացին կտեսնի նշված խնդիրների լուծումը։ «Երևանի քաղաքացիները դրական փոփոխությունները զգալու են միանգամից։ Խոսքը նրա մասին չէ, որ վաղը բոլորս կարթնանանք, և տրանսպորտային խնդիրը լուծված կլինի։ Հասկանալի է, որ այդ ամենը ժամանակ է պահանջում, սակայն քաղաքապետարանի աշխատանքի ոճը, ձևը, քաղաքացիների դիմումներին և պահանջներին արձագանքելու և դրանցում ներկայացված խնդիրներին լուծում տալու գործընթացներում փոփոխությունը միանգամից տեսանելի կլինի։ Մնացած բոլոր գլոբալ խնդիրները աստիճանաբար կլուծվեն»,- պարզաբանեց Հայկ Մարությանը։ Մինչ քաղաքապետը կլծվի խնդիրների լուծման աշխատանքներին, երդմնակալությանը ներկա հյուրերի հետ զրուցեցինք գալիքի մասին։

«ՄԻՆՉԵՎ ՉՃՇՏՎԵՆ ԲՈԼՈՐ ՀԱՐՑԵՐԸ, ՉԵՄ ԿԱՐԾՈՒՄ, ԹԵ ԼՈՒՐՋ ԿԼԻՆԻ ՀԱՄԱՁԱՅՆԵԼ»
ԱՐԹՈՒՐ ՄԵՍՉՅԱՆ (ճարտարապետ, երգահան, Երևանի նախկին գլխավոր ճարտարապետ)
-Պարոն Մեսչյան, Դուք նախկինում եղել եք գլխավոր ճարհարապետ և հեռացել եք այդ պաշտոնից, քանի որ Ձեր ներկայացրած աշխատանքային սկզբունքները չեն ընդունվել։ Ի՞նչ եք կարծում, այսօր մայրաքաղաքում կուտակված խնդիրները համակարգայի՞ն էին, թե՞ պատասխանատուները լավ չեն աշխատել։ Արդյո՞ք այսօրվա փոփոխված համակարգը հստակ բաներ կփոխի, որոնք կգոհացնեն երևանցիներին։
-Բարդ հարց է, երևի Ձեր նշած բոլոր հանգամանքները միասին իրենց դերն են խաղացել խնդիրների առաջացման հարցում, և այսօր այդ բոլորը համալիր պետք է դիտարկել։ Սակայն, կարծում եմ, ամենակարևոր հարցը, որ պետք է այսօր ճշտվի, Երևանի գլխավոր ճարտարապետի ֆունկցիաներն են, իրավունքներն ու լիազորությունները։ Այդ հարցը երբևէ Երևանում լուծված չի եղել։ Բոլոր ժամանակներում, ըստ քաղաքապետերի փոփոխության, փոխվում են նաև գլխավոր ճարտարապետի իրավասություններն ու գործառույթները։ Գլխավոր ճարտարապետը պետք է ունենա որոշակի՛ պատասխանատվություն, որոշակի՛ կարողություն, որպեսզի կարողանա նորմալ աշխատել։ Ամբողջ խնդիրը այն է, որ մինչ այժմ սխալ մոտեցում է կիրառվել այս պաշտոնի նկատմամբ և այն համարվում է ստեղծագործական։ Մինչդեռ գլխավոր ճարտարապետը, բառիս բուն իմաստով, պետք է լինի ազնիվ բյուրոկրատ։ Կարծում եմ, այսօր Հայաստանում հնարավորություն է ստեղծվել, որպեսզի ճշտվի, թե յուրաքանչյուրն ինչ պետք է անի և ինչ չպետք է անի։ Եթե հստակեցվի, թե ով է գլխավոր ճարտարապետը, ինչով պետք է զբաղվի, ինչ լծակներ կունենա իր ձեռքում... Ինչու՞ եմ ես այսօր այստեղ, որովհետև տեսնում եմ այն շանսը, որն ամեն բան կարող է իր տեղը գցել։
-Որքան գիտեմ, Ձեզ առաջարկել են զբաղեցնել գլխավոր ճարտարապետի պաշտոնը։ Համաձայնե՞լ եք։
-Ժամանակը ցույց կտա։
-Բայց առաջարկ եղել է, չէ՞։
-Չէի ուզենա դրա մասին խոսել։
-Այդ դեպքում հարցս վերաձևակերպեմ. եթե առաջարկ լինի, Դուք Ձեր սկզբունքային պայմանները կառաջադրե՞ք։ Կհստակեցնե՞ք, թե ինչ պայմաններում կստանձնեք այդ պաշտոնը։
-Բնականաբար։ Գլխավոր ճարտարապետի ինստիտուտն այնքան է դեգրադացվել, որ մինչև չճշտվեն բոլոր այն հարցերը, որոնք նշեցի իրավունքների և լծակների հետ կապված, չեմ կարծում, թե լուրջ կլինի անմիջապես համաձայնել։

«ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ՇԱՆՍ ՉՈՒՆԻ ԽՆԴԻՐՆԵՐԻՑ ԳԼՈՒԽ ՉՀԱՆԵԼՈՒ»
ՄԱՆԵ ԹԱՆԴԻԼՅԱՆ (աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար)
-Տիկին Թանդիլյան, ձեր կուսակցության թեկնածուն ընտրվեց քաղաքապետ, իսկ դա նշանակում է նաև մեծ պատասխանատվություն երևանցիների առջև։ Ըստ Ձեզ, նոր քաղաքապետը գլուխ կհանի՞ քաղաքի խնդիրներից։
-Իմ խորին համոզմամբ, այսօրվա քաղաքապետը շանս չունի խնդիրներից գլուխ չհանելու, որովհետև գործի են դրված այնպիսի վերահսկողական մեխանիզմներ` ի դեմս ժողովրդի և գործող փորձառու ավագանու, որ քաղաքապետը ստիպված է գլուխ հանելու։ Այլ բան է, թե ինչ ենք հասկանում «գլուխ հանել» ասվածի տակ։ Խնդիրների մասին պատկերացումներ ունենալը մի բան է, դրանց լուծում տալը` այլ բան։ Հետևաբար, քաղաքացիները շատ բծախնդիր պետք է լինեն, պահպանեն վերահսկողության շարունակականությունը քաղաքապետի գործունեության նկատմամբ։ Բազմաթիվ և բազմաշերտ խնդիրներին տեղյակ լինելով` քաղաքապետը այնպիսի թիմ պետք է ձևավորի, որ ի վիճակի լինեն լուծելու իրենց առջև դրված խնդիրները։ Ես խորապես համոզված եմ, որ այդ խնդիրները լուծելի են թե՛ համագործակցության, թե՛ վստահության ձեռքբերման միջոցով։ Կարծում եմ` կան որոշ խնդիրներ, որոնք կարելի է լուծել մի քանի օրում։ Ամենակարևորը, համոզված եմ, մեր քաղաքացիներն արել են իրենց ընտրությունը և պատրաստ են պահանջատեր լինելու իրենց կատարած ընտրության համար։ Ես մեծ հույս ունեմ, որ և՛ քաղաքացիները, և՛ ավագանին իրենց ֆունկցիաները կկատարեն։
-Եթե մեկ-երկու տարի հետո քաղաքացիները դժգոհ լինեն քաղաքապետարանի աշխատանքներից և պահանջեն արտահերթ ընտրություններ, Ձեր կուսակցությունը կկանգնի՞ ժողովրդի կողքին։
-Անկեղծ ասեմ. իմ համոզմամբ` անհրաժեշտ է ժամանակ տալ աշխատելու համար, որովհետև անընդհատ ու անընդմեջ փոփոխությունները նույնքան վատ են, որքան քաղաքապետարանի վատ աշխատանքը։ Պետք է քաղաքապետին տալ ժամանակ, որ նա աշխատի, և դրա հետ մեկտեղ օգնել նրան կոնստրուկտիվ քննադատությամբ, վերահսկողությամբ։

«ԿԱՐԾՈՒՄ ԵՄ, ԱՎԱԳԱՆԻՆ ԻՐ ՀԱՄԱՐ ԿՈՐՈՇԻ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ»
ԿՈՐՅՈՒՆ ԱԹՈՅԱՆ (Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր)
-Պարոն Աթոյան, ի՞նչ սպասելիքներ ունեք նոր քաղաքապետից։
-Քաղաքում ընթացող փոփոխություններն անընդհատ և շարունակական գործընթաց են, և հնարավոր չէ միանգամից բոլոր խնդիրները լուծել։ Ցանկացած խնդրի լուծումից անմիջապես հետո ի հայտ են գալու նորերը։ Սա հաշվի առնելով` պետք է նկատել նաև, որ կան գլխավոր խնդիրներ, որոնք բարձրացվեցին նախընտրական քարոզարշավի ժամանակ։ Այսօր հրատապ լուծումներ են պահանջում տրանսպորտի, աղբահանության, քաղաքաշինության ոլորտում առաջացած հարցերը։
-Այդ հարցերը մասնակիորեն լուծելու համար որքա՞ն ժամանակ է պետք։
-Դժվար է միանշանակ ասել։ Եթե, ասենք, աղբահանության հարցն այսօր լուծվի, վաղը քաղաքացիներն այլ պահանջ են ներկայացնելու, և դա տրամաբանական է։ Կարծում եմ, ավագանին կորոշի առաջնահերթ խնդիրները, և տա Աստված, որ տրանսպորտի ու աղբահանության հարցերը լուծվեն կարճ ժամանակահատվածում, մեր քաղաքացիներն էլ սկսեն հետաքրքրվել այլ խնդիրների լուծմամբ, ասենք` քաղաքաշինության և Երևանի այլ վարչական շրջանների զարգացման։

«ԱՌԱՆՑ ԾՐԱԳՐԵՐԻ ԳՈՐԾԵԼԸ ՆՇԱՆԱԿՈՒՄ Է ՉԳՈՐԾԵԼ»
ՌԱԼՖ ՅԻՐԻԿՅԱՆ («ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն)
-Պարոն Յիրիկյան, նոր քաղաքապետից ի՞նչ սպասելիքներ ունեք։
-Իբրև քաղաքացի, անկախ որևէ բանից, միշտ դրական և լավատեսությամբ եմ նայում ապագային։ Հիմա ցանկանում եմ տեսնել աշխատանք, արդյունք, որը քաղաքը մի քայլ առաջ կտանի դեպի զարգացում։ Այսինքն, մենք կարող ենք խոսել տնտեսական, սոցիալական, բնապահպանական ոլորտների զարգացումների մասին, սակայն կարևորը գործ տեսնելն է, արդյունք ունենալը։
-Ի՞նչ եք կարծում, որքան ժամանակ հետո այդ արդյունքն ակներև կլինի. չե՞ք կարծում, որ այդ արդյունքի համար անհրաժեշտ է ունենալ հստակ հաշվարկներ, ծրագրեր։
-Ծրագրերը պետք է փաստագրված լինեն թվերով, այդ թվերի իրականացման համար հստակ քայլեր պետք է արվեն, արդյունքները պարզ-թափանցիկ պետք է հրապարակվեն` լինեն դրանք սոցիալական, թե տնտեսական ուղղվածության։ Եվ ամենակարևորը, պետք է լինի հստակ ռազմավարություն։ Ի դեպ, ռազմավարական ծրագիր ունենալը շատ կարևոր է նաև Երևանի մասով։ Այն պետք է հասկանալի լինեն, բոլորին։ Դրա շրջանակներում իրականացված ծրագրերը եռամսյակը մեկ թվերով պետք է հրապարակվեն։
-Չե՞ք կարծում, որ այդ թվերի ազդեցությունը քաղաքացին ինքը պետք է իր վրա զգա, թե չէ կարելի է լավ թվեր ներկայացնել, բայց արդյունքը լինի ոչինչ։
-Միանշանակ։ Սակայն բացատրեմ, թե ինչու եմ կարևորում թվերի հրապարակումը։ Եթե ռազմավարությունը և ընդհանուր պլանը ներկայացված լինեն և դրա հետ մեկտեղ եռամսյակը մեկ հրապարակվեն թվերը, ապա տնտեսագետները և սոցիոլոգները կարող են դրանք հեշտությամբ համադրել և տեսնել արված աշխատանքը` ընդգծելով ձեռքբերումներն ու բացթողումները։ Բայց երբ չկա նախագիծ, չկա համապատասխան ուղղվածություն։ Կարծում եմ` գնալով աշխատանքը պետք է լրջանա։ Օրինակ, քաղաքապետի դեպքում ծրագիր կլինի և պետք է որ լինի, քանի որ առանց ծրագրերի գործելը նշանակում է չգործել։ Հուսով եմ` ամեն բան լավ կլինի։

«ՈՒԶՈՒՄ ԵՄ, ՈՐ ԵՐԵՎԱՆՑԻՆԵՐԸ ԿԵՆՍՈՒՐԱԽ ԼԻՆԵՆ»
ԱՐՄԵՆ ՄՈՒՐԱԴՅԱՆ (Երևանի Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր)
-Պարոն Մուրադյան, ի՞նչ փոփոխություններ եք ակնկալում տեսնել մայրաքաղաքում նոր քաղաքապետի գալով։
-ՈՒզում եմ, որ երևանցիները կենսուրախ լինեն, որ մեր քաղաքը երջանիկ, ուրախ լինի, և դա արտացոլվի մարդկանց աչքերում։ Իսկ դրա համար շատ աշխատանք պետք է տարվի։ Այսքանը։

«ՄԵՆՔ ՄԵՐ ԲՈԼՈՐ ԽՈՍՏՈՒՄՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԵՆՔ»
ԱՐԹՈՒՐ ԻՍՊԻՐՅԱՆ (Երևանի ավագանու անդամ)
-Պարոն Իսպիրյան, մի քանի հարցի շուրջ եմ ուզում Ձեզ հետ զրուցել։
-Ինչի՞ մասին ենք խոսելու։
-Քաղաքապետի երդմնակալության օրը «7 երգ կա», յոթն էլ քաղաքապետի մասին է։
-Դե, ուրիշ երգեր էլ կան։
-Մինչ այդ երգերը կերգենք, եկեք հասկանանք` ի՞նչ չի արվել մայրաքաղաքում, որ ձեր գալով իրականացվելու է։
-Խնդիրները շատ են, և բոլորը կարևոր են։ Սակայն այս պահին ինձ համար առաջնայինն աղբահանության խնդրի լուծումն է։ Հատկապես այդ խնդիրը զգալի է բարձրահարկ հին շենքերում, այդտեղ վիճակը խայտառակ է և անհապաղ լուծում է պահանջում։ Այս խնդրի լուծումը նաև բնապահպանության ոլորտի հարցեր կլուծի։ Ինձ շատ է նյարդայնացնում մեր մայրաքաղաքի էսթետիկ վիճակը. այստեղ ևս կարելի է շատ արագ լուծումներ գտնել։ Օրինակ, այսօր Օղակաձև այգում զբոսնելն անհնար է դարձել։ Երբ սեփականատերերը կարծում են, թե իրենց շինության շրջակա միջավայրը ևս իրենց սեփականությունն է, ինչ ուզում անում են։ Այժմ պետք է մոտեցումը փոխվի, և բոլորը պետք է հասկանան, որ այգին հանրային սեփականություն է։ Բոլորը պետք է հարգեն Երևանի մասին օրենքը։
-Բոլորն էլ դեմ են այգիները շինություններով խեղդելուն, մյուս կողմից, կա սեփականության մասին օրենք։ Ինչպե՞ս եք կարգավորելու այս խնդիրը։
-Ոչ ոք չի պատրաստվում խախտելու այդ օրենքը, միևնույն ժամանակ սեփականատերերն իրենց գործունեությունն այնպես պետք է ծավալեն, որ մնան իրենց հատկացված սահմանների շրջանակներում։
-Ըստ Ձեզ, որքա՞ն ժամանակ անց քաղաքացին կզգա այդ փոփոխությունները։
-Խնդիրներն այնքան բազմաբնույթ են, որ ժամկետներ չպետք է սահմանել։ Սակայն մեկ բան հստակ է` մենք մեր բոլոր խոստումներն իրականացնելու ենք։
-Լավ, այդ դեպքում աղբահանության խնդիրը ե՞րբ կլուծվի, քանի որ այն առաջնային է համարվում։
-Մենք ամեն ինչ կանենք, որ շատ կարճ ժամանակահատվածում ներդրումներ լինեն, և խնդիրը լուծվի։ Կան մի քանի կազմակերպություններ, որոնք հետաքրքրված են այդ ծրագրով, այնպես որ առանց շտապելու ամեն ինչ անելու ենք` կարգ ու կանոնով։


Զրույցները`
Ժասմեն ՎԻԼՅԱՆԻ

Դիտվել է՝ 4929

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ