Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Ինձ հանդիպած միակ դեսպանն է, որ զարմացել է պարզ և օբյեկտիվ ճշմարտությունից»

«Ինձ հանդիպած միակ դեսպանն է, որ զարմացել է պարզ և օբյեկտիվ ճշմարտությունից»
19.10.2018 | 01:33

ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Միլզի հայտարարությունը քաղաքական ուժերի շրջանում վրդովմունք է առաջացրել. հեռացող դեսպանն օգտագործել էր «գրավյալ տարածքներ» արտահայտությունը, հետո էլ նշել, թե տարածքներ հանձնելն անխուսափելի է։ «Ծառուկյան» խմբակցության անդամ ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻՆ այս առնչությամբ մի քանի հարցեր ուղղեցինք։


-Տիկին Զոհրաբյան, Դուք հաճախ եք դրսի քաղաքական ուժերի, եվրոպական կառույցների հետ շփվում, նկատե՞լ եք ղարաբաղյան հարցում այսպիսի մտադրություններ, ինչի մասին խոսում է ամերիկացի դիվանագետը։
-Որոշակի շրջանակներում իսկապես նման տեսակետ կա։ Իսկ Միլզի ձևակերպման հետ համաձայն չեմ, դեսպանը խախտել է դիվանագիտական կոռեկտությունը՝ «ազատագրված տարածքները» «գրավյալ տարածքներ» ձևակերպելով։ Դրանք տարածքներ են, որտեղ թափվել է մեր եղբայրների, հայրենակիցների արյունը։ Ինձ համար զարմանալի է, որ դեսպանը զարմացել է հայ հանրության մեջ տարածքներ չհանձնելու կարմիր գիծը տեսնելով։ Ինձ հանդիպած միակ դեսպանն է, որ զարմացել է պարզ և օբյեկտիվ ճշմարտությունից։ Ես ինձ իրատես քաղաքական գործիչ եմ համարում և հասկանում եմ, որ ղարաբաղյան խնդիրը պետք է լուծվի բացառապես փոխզիջումների ճանապարհով, ասել է՝ փաթեթային եղանակով։ Չի կարող այնպես լինել, որ փաթեթից մի դրույթ հանվի և կիրառվի։ Մեզ համար Արցախի ժողովրդի անվտանգությունից, անկախությունից այն կողմ որևէ փոխզիջում չի կարող լինել։ Սա համարում եմ հեռացող դեսպանի հայտարարություն, որն իր առաքելության ավարտին նման մեսիջներ է հղում՝ փորձելով գեներացնել, ևս մեկ անգամ ստուգել հանրային տրամադրությունները։
-Մինսկի խմբում համանախագահող երկրի դեսպանի նման հայտարարությունը կողմնակալություն չի՞ կարող դիտվել։
-Իհարկե, որովհետև համանախագահներն իրենց հայտարարություններում շատ զգույշ են և հստակ նշում են ազգերի ինքնորոշման, տարածքային ամբողջականության, ուժի չկիրառման եռամիասնությունը, որոնց հավասար գոյության իրավունքը չի կարելի խախտել՝ մեկը շեշտադրելով։
-Այս հարցում գործող իշխանությունների քաղաքականությունում ի՞նչ նոր միտումներ եք տեսնում։
-Այս փուլում որևէ էական տեղաշարժ չեմ նկատում, բանակցային պասիվություն է։ Կշարունակվի՞ նախորդ իշխանության օրակարգը, թե՞ այլ օրակարգ կորդեգրեն (անկեղծ ասած, չեմ էլ պատկերացնում, թե նոր օրակարգը որը կարող է լինել), կդժվարանամ ասել։
-Իսկ բանակցությունների պասիվությունը վտանգավոր չէ՞, քանի որ երբ լռում է դիվանագիտությունը, գործի են դրվում զենքերը։
-Գուցե այսօր նոր իշխանությունների դիրքավորման, ինֆորմացիայի կուտակման խնդիրը կա, նաև խնդիրը վերլուծելու անհրաժեշտություն։ Այս պահին ռիսկային չեմ համարում դադարը, եթե իհարկե այն շատ երկար չձգվի։ Կա բանակցային լռության խոհեմ ժամանակ, որը դեռևս սպառված չէ։
-Ռիչարդ Միլզի այս հայտարարությանը որքանո՞վ լուրջ պետք է մոտենալ և ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկել։
-Սա հեռացող դեսպանի հայտարարություն է, և մեծ ռիսկեր չպետք է տեսնել։ Որպես եվրոպական կառույցների հետ սերտորեն աշխատող պատգամավոր, կարող եմ փաստել մեկ բան. վերջին շրջանում շատ ավելի դոմինանտ է դառնում ազգերի ինքնորոշման իրավունքը, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ ՄԱԿ-ի կանոնադրության առանցքներից մեկն էլ ազգերի ինքնորոշման դրույթն է։ Սա ինձ լավատեսություն և վստահություն է ներշնչում, որ մենք կկարողանանք բանակցությունները ճիշտ հունով շարունակել։


Ճեպազրուցեց
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 3248

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ