Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Քաոսը կարգ ու կանոնի կատարյալ ձև՞ն է

Քաոսը կարգ ու կանոնի կատարյալ ձև՞ն է
30.10.2018 | 01:41

Ակնհայտ է, որ երկրում գրեթե անիշխանություն է, որևէ ոլորտում աջ ձեռքը չգիտե՝ ինչ է անում ձախը։ Քաոսն ու «խառնակչությունը» նախ և առաջ երկրի ղեկավարի գլխում են, իսկ իմաստնությունն արձանագրում է՝ ինչպիսին գլուխն է, այնպիսին էլ մարմինն է։ Չկա նախարարություն, չկա որևէ ոլորտ, սոցիալականից մինչև պաշտպանության, ուր հստակ մեխանիզմներ ու ծրագրեր գործեն։ Ի դեպ, պաշտպանության նախարարությունը վերջերս մի գլուխ փակ հանդիպումներ է անցկացնում. նախապատրաստվում է առաջիկայում սպասվող զարգացումների՞ն, ինչի մասին վաղուց է խոսվում։ Բոլորն են փսփսում՝ մարտ ամսին անհրաժեշտ կլինի «ձգել գոտիները»՝ անկանխատեսելի զարգացումներին դիմագրավելու համար: Ինչ վերաբերում է նույնքան կարևոր մեկ այլ ոլորտի՝ արտաքին քաղաքականությանը, այդ մասին բավականին սպառիչ բնութագիր է տվել պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը։


Պատճառները բազմաթիվ են, սակայն հիմնականը մեկն է՝ երկրի «գլուխը» զբաղված է իր միահեծան իշխանության ամրապնդմամբ, նրա ենթագիտակցարանում բացի դրանից ուրիշ ոչինչ չի տեղավորվում, ուստի պատահական չէ, որ առողջապահության, թե՛ տարածքային կառավարման և մնացած ոլորտներում, ինչպես ասացինք, այնպիսի ինքնագործունեություն է, որ ցանկացած «անսամբլ» կնախանձեր։
ՈՒ սա դեռ բոլորը, չէ։ Հասկանալի է՝ խորհրդարանական ընտրություններից հետո Փաշինյանը փորձելու է կադրային շտկումների գնալ, որոշակի բալանսավորում, կարգ ու կանոն մտցնել «խախտված գլուխների» մեջ, սակայն դա ոչինչ չի տալու ոչ միայն աղետի մեջ հայտնվող տնտեսությանը, իրենից թոշակների, աշխատավարձերի բարձրացում, աշխատատեղերի ստեղծում ակնկալող «իր ժողովրդին», այլև երկրին. բայց հո՞ ինքն ունենալու է անսահամանափակ իշխանություն այդ նույն ժողովրդի դեմ, կողքին, կամ «համար»։ Էլ չենք ասում, որ ձևավորվելու է անչափ անհասկանալի խորհրդարան, ինչպիսին այսօր ձևավորված կառավարությունն է, ու ֆարսը դառնալու է կատարյալ։


Սակայն, քաղաքագիտական տեսանկյունից, պետք է ասել, սա մեծ ողբերգություն չէ։ Ասված է՝ քաոսը կարգուկանոնի բարձրագույն ձևն է։ Հեղափոխությունը և հետհեղափոխությունը ծրագրած «քրմերը» հենց այդ պայմաններում են կարողանում լիարժեք գործել։
ՈՒ թե անկեղծ՝ խոշոր հաշվով գլուխը քարը տնտեսական կոլապսն էլ, բոլոր մնացյալ կոլապսներն էլ, որովհետև հայերիս համար մեծագույն կոլապսը, ինչպես ասացինք, մարտ-մայիս ընկած միջակայքն է՝ սպասվող ղարաբաղյան զարգացումներով, ինչի մասին անչափ բաց տեքստով խոսեց ամերիկյան անվտանգության առաքյալ Բոլթոնը։ Ավելի պարզ հնարավոր չէր ասել։ Իսկ նա դիմեց այդ «արտահայտչամիջոցներին», որովհետև բոլորն են հասկանում՝ ա) Նիկոլ Փաշինյանը հաստատապես որևէ թուղթ չի ստորագրելու, որքան էլ նրան դեպի վերելակ «բրթեն» Ռուսաստանն ու պարոն Պուտինը, որքան էլ խիստ «թամամ» խոսք ասի ու «բոթի» պարոն Բոլթոնը, բ) ուստի հասկանալի է, որ հաջորդական ցավոտ լուծումն այս դեպքում լինելու է պատերազմը դարձյալ բլիցկրիգ տարբերակով։ Շատերն այսօր բերում են ապրիլյան պատերազմի օրինակը ու պնդում` կհաղթահարենք այդ բլիցկրիգը ևս։ Տա Աստված։ Սակայն, դատելով աշխարհաքաղաքական, տարածաշրջանային զարգացումներից, այդ թվում՝ նոյեմբերից Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցների սպասվող «բուռն տեմպերից», ինչպես նաև աշխարհում կրկին սպառազինության ուժեղացող մրցավազքից, պետք է արձանագրել՝«կարգուկանոնային» քաոսը մեզանում ստեղծվել է Ղարաբաղյան հարցն առավել արագ ու «շնորհքով» լուծելու համար, որովհետև Սիրիայի ու Իրանի հարևանությամբ նման տաք օջախ աշխարհին ու նրա գերագույն խաղացողներին պետք չէ բնավ, և այս անգամ, ի տարբերություն ապրիլյանի և մնացած «օրերի», աշխարհը պինդ է բռնել խնդրից։

Ելքե՞րը։ Դժվար է այս պահին նման կանխատեսումներ անելը: Հասկանալի է՝ Ղարաբաղյան խնդրի թեժացումը համախմբելու է Հայաստանում բոլորին, ինչը շատ կարևոր հանգամանք է, այն էլ՝ օր օրի մասնատվող-բզկտվող քաղաքական-ընկերային դաշտի պայմաններում, ուր քաղաքական մենիշխանությունը խոստանում է դառնալ անտանելի բեռ։ Մեծ խաղի մնացյալ բաղադրիչները հաշվարկել որևէ մեկը չի կարող, որովհետև բլիցկրիգի դեպքում, կարծում ենք, կաշխուժանա նաև նախիջևանյան ուղղությունը: Իսկ Ռուսաստա՞նը, ի՞նչ կա նրա մտքին (ՀԱՊԿ-ի ներգրավման մասով): Ինչ կանի Իրանը, որը հաստատապես, անկախ իր նկատմամբ պատժամիջոցների հուժկու լինելուց, ձեռքերը ծալած չի նստի, և կանի ամեն ինչ, որ ո՛չ ռուսական բերետը, ո՛չ էլ «խառը» տիպի բերետներ այդ բլիցկրիգի արդյունքում չկանգնեն իր և Հայաստանի արանքում՝ այս տարածաշրջանում։ Հարցեր, որոնց պատասխանը խիստ ենթադրելի է, բայց ոչ միանշանակ:


Մի բան էլ է հասկանալի. Ղարաբաղյան խնդրի զարգացման ցանկացած պարագայում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հայտնվելու է գիլիոտինի վտանգին դեմ հանդիման։ Նրա ողջ հույսը մանևրելն է, ինչը, արդեն ասացինք, Բոլթոնի այցից ակնհայտորեն երևաց, թույլ չեն տալու։ Արձանագրենք նաև՝ հայաստանյան Սաակաշվիլի համարվող Փաշինյանին արդյո՞ք Արևմուտքը նույնքան տաք աչքով «կնայի», ինչպես «նայել» է ցայս Սաակաշավիլուն. հաստատապես կարող ենք պնդել՝ ո՛չ, միլիոն պատճառով, որոնց այսօր չենք անդրադառնա։
Հետաքրքիրն այս ամենում այն է, որ շատ քաղաքական ուժեր, ընդ որում, չերևացող, սակայն բավականին լուրջ, արդեն իսկ «պատրաստություններ» են տեսնում Փաշինյանի այդ օրերի ֆիսակոյից հետո նրան «փոխարինելու» ակնկալիքով (երկու նման ուժ ընդերքում արդեն «եփվում» է)։ Եվ քանի դեռ այդ ամենը խանձարուրում է, խնդրին կանդրադառնանք ավելի ուշ։


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 4067

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ