Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Հոկտեմբերի 28-ի երկիր ու մակարդակ

Հոկտեմբերի 28-ի երկիր ու մակարդակ
30.10.2018 | 01:47

1999-ի հոկտեմբերի 27-ից անցել է 19 տարի, այսօր էլ բացահայտման հարցում մենք 1999-ի հոկտեմբերի 28-ի մակարդակին ենք. գիտենք` ովքեր էին կատարողները, չգիտենք` ովքեր էին պատվիրատուները: Հոկտեմբերի 27-ը միայն պետության առաջին դեմքերի սպանություն չէր. սպանության տեղն ու ձևը նույնքան կարևոր էին, որքան սպանվածների անձը: Դա շոկ էր, որի նպատակը համազգային սարսափի ու համազգային կամազրկման մթնոլորտի հաստատումն էր: Դիմադրության զրոյացումը այն խնդիրներին, որ պիտի չլուծվեին ու լուծվեին. այդպես չլուծվեց Ղարաբաղի հարցը, վաճառվեցին ՀԷՑ-երը, կնքվեց «Գույք պարտքի դիմաց» պայմանագիրը, հերթը հասավ «Գազպրոմին», Գյումրիի ռուսական ռազմաբազայի պայմանագրի երկարացմանը, հայ-թուրքական հարաբերությունների չկայացմանը, և այլն, և այլն… 19 տարի երկրում գործել է հոկտեմբերի 28-ից սկսված մթնոլորտը` պարբերաբար տարբեր անուններ, այդ թվում` «գաղջը», կամ տարատեսակ բանաձևումներ ստանալով, այդ թվում` «Մենք կրկես դարձնելու հայրենիք չունենք»:


Որքան էլ տարօրինակ է, ինչ չունենք ու ինչ ունենք, ակնառու դարձրեց ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի այցը Հարավային Կովկաս` Ադրբեջան-Հայաստան-Վրաստան: Շատերն են հիշում, որ 1999-ի հոկտեմբերի 27-ին տարածաշրջանային այցով Երևանում էր ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Սթրոուբ Թելբոթը: Քչերն են հիշում, թե ինչ հարցեր էր Թելբոթը իր այցի ընթացքում քննարկում: ՈՒ` ինչ մթնոլորտում: Ընդունված է համարել, որ Հայաստանում ամենաարդար ընտրությունները եղել են 1991-ին Լևոն Տեր-Պետրոսյանին նախագահ դարձրած ընտրությունները: Համարձակվում եմ պնդել, որ բոլոր ընտրություններից պատմական նշանակություն ունեցածը ու արդարը եղել են 1999-ի մայիսի խորհրդարանական ընտրությունները: 1991-ին մենք հակադրվում էինք նախկին համակարգին ու հազիվ թե ապագայի հստակ պատկերացում ունեինք: Սպասումներ ու ցանկություններ` այո: 1999-ի մայիսին ընտրության գնացողը ուներ հավատ ու հստակ պատկերացում` ի՞նչ կարող է ու ի՞նչ կանի «Միասնություն» դաշինքը` ինչպե՞ս կկառուցի ու ինչպե՞ս կպաշտպանի: Դա մտքով ու սրտով գիտակցված ընտրություն էր` հավատի, հույսի ու սիրո շրջանակում: Կարծես անցած 8 տարիները չէին եղել ու նոր երկիր, նոր պատմություն, նոր ապագա էր սկսվում` հաղթանակի հիմքով: Կարեն Դեմիրճյանի ու Վազգեն Սարգսյանի տանդեմը անսպասելի ու ֆանտաստիկ էր` ինչպես երկրում, այնպես էլ երկրից դուրս: Եվ այնպիսի դրական էներգիա էր բերում, որի առաջն առնել հնարավոր էր միայն սպանությամբ:

Նրանց սպանելուց հետո խնդիրը երկրի հավատն ու հույսը սպանելն էր: Այդ խնդիրը լուծվեց 2000-ի մայիսին` վարչապետ Արամ Սարգսյանի պաշտոնանկությամբ: Հետո արդեն սկսվեց լավ հայտնին: Բայց ավարտվե՞ց լավ հայտնին 2018-ի ապրիլ-մայիսին: Փաստացի` ոչ: Եվ այդ «ոչ»-ը ի հայտ բերեց Ջոն Բոլթոնը` չունենալով նման խնդիր: Նա տարածաշրջան էր եկել ազդարարելու, որ Հարավային Կովկասը, ինչպես 20-րդ դարավերջին, ԱՄՆ-ի ուշադրության կենտրոն է վերադառնում` շատ ավելի ընդարձակ «Մեծ Մերձավոր Արևելք» ծրագրի շրջանակներում: Այցը առաջին հերթին տեղեկատվական էր` տեղում ծանոթանալու միջազգային ու տարածաշրջանային օրակարգի հարցերի լուծումների պատկերացումներին ու ծանոթացնելու ԱՄՆ-ի դիրքորոշմանը: Նաև քաղաքական էր` այդ մակարդակի պաշտոնյայի այցը արդեն իսկ մեծ քաղաքականություն է: Մեծ քաղաքականության մեջ մենք` պետական պաշտոնյաներից մինչև փորձագետներ ու լրագրողներ, սկսեցինք ապացուցել մեր անպատրաստությունը քաղաքականության մեջ լինելուն: Մեղմ ասած, ցավալի է, եթե ոչ` անթույլատրելի: Ջոն Բոլթոնը տարբեր խնդիրներ քննարկեց ու առանցքային հայտարարություններ արեց: Հայկական մենթալիտետը առանձնացրեց զենքի վաճառքի հարցը Ադրբեջանին ու Հայաստանին: Փաստացի` նա առաջարկում էր այն, ինչ հազար անգամ քննարկվել ու հաստատվել է` Հայաստանին պետք է ազգային անվտանգության դիվերսիֆիկացիա: Արտաքին քաղաքականության վերանայում` նոր իրավիճակում ու այդ իրավիճակից բխող հնարավորություններից ելնելով: Անվտանգության, ռազմաքաղաքական նոր որակի հարաբերությունների առաջարկը վերածվեց… ստրկամտության ցուցադրության:

Առաջին ազդանշանը տվեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը. «Մեր ընկալումները այսպիսին են՝ մենք գտնում ենք, որ տարածաշրջանում հնարավորինս սպառազինությունը մինիմումի պետք է հասցվի։ Սպառազինությունների մրցավազքը Հայաստանի և Ադրբեջանի միջև որևիցե ձևով չի օգնում, որպեսզի հակամարտությունը լուծվի, իսկ Հայաստանը միանշանակ կողմ է, որպեսզի հակամարտությունը լուծվի, իսկ եթե մենք կողմ ենք հակամարտությունը լուծելուն, դա նշանակում է, որ սպառազինությունների մրցավազքը պետք է կանգնեցնել, և մեր դիրքորոշումը այս հարցում ավելի շատ այդ տեսանկունից է»։ Հասկանու՞մ է նա, թե ինչի մասին է խոսում ընդհանրապես, և ի՞նչ է ասել Բոլթոնը: Ի՞նչ մանկամտություն է` հայտարարել, թե լոկ առաջարկություններ են, կոնկրետ ոչինչ չկա, երբ ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը հրապարակավ ասուլիսում ասում է՝ Հայաստանի վարչապետին սպառազինություն ձեռք բերելու առաջարկ եմ արել: Այսինքն` Բոլթոնը պարապ էր, եկավ Հայաստան, ձեռքի հետ վարչապետին հանդիպեց, ոտքի վրա մի քանի առաջարկ արեց, թողեց-գնաց: Փաստացի` Արմեն Գրիգորյանը փորձում է Բոլթոնին դնել իր հետ նույն հարթության մեջ ու իր հայտարարությունների որակն ու մակարդակը վերագրել նրան: Կամ էլ` չի հասկացել` ո՞վ էր, ինչու՞ էր եկել, ի՞նչ էր ասում: Սպառազինությունների մրցավազքը կանգնեցնելու սակրալ առաքելությունը ստանձնած` Անվտանգության խորհրդի քարտուղարը լուծելու՞ է այդ հարցը: Շա՞տ մեծ խելք էր պետք հասկանալու, որ զենքի վաճառքի հարցը սոսկ մաս կամ միջոց է` քաղաքականություն փոխելու, իրավիճակ փոխելու: Թե՞ Արմեն Գրիգորյանը լավ էլ հասկացել է ու մերժում է: Այն պարագայում, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցին` Հայաստանը կգնի՞ սպառազինություն ԱՄՆ-ից, պատասխանում է. «Կառավարությունը որևէ բանով սահմանափակված չէ, եթե ԱՄՆ-ից կլինի մեզ համար շահավետ առաջարկ, մենք կքննարկենք»: ԱԽ քարտուղարը ՀՀ վարչապետի՞ն է մերժում, թե՞ ԱՄՆ-ի նախագահի խորհրդականին: Բայց նա միակը չէ. փաստացի ամբողջ փորձագիտական դաշտը լռվեց քննարկման մեջ` ի՞նչ կասի Ռուսաստանը: Նույնը` լրագրողները: Այսինքն` Հայաստանում շարունակվում է 1999-ի հոկտեմբերի 28-ից պարտադրված մտածողությունը` վախ անկախությունից: Թավշե հեղափոխությունը իր հնարավորություններով հասկանում է միայն Նիկոլ Փաշինյանը, իսկ թիմը մնացել է ներքաղաքական դաշտում «Մերժիր Սերժին» մակարդակին, արտաքին քաղաքականում ընդհանրապես չկա: Եթե կա` միայն Մայր Ռուսիայի շրջագծում: Եթե Աժ արտահերթ ընտրություններից հետո շարունակվելու է այս քաղաքականությունը` գաղափարական ու կադրային, անիմաստ է ընտրությունը: Ի՞նչ տարբերություն` ո՞ր կուսակցության իշխանությունը չի հասկանում` ի՞նչ է պետք Հայաստանին: Բոլթոնները կգան ու կգնան` խնդիրը մենք ենք: Մենք ի՞նչ ենք ուզում: Երկա՞ր ենք վախենալու ինքնիշխանությունից: ԱՄՆ-ը ունի 907 բանաձևը ու այնպես չէ, որ հենց վաղը Ադրբեջանին ու Հայաստանին ասելու է` եկեք, զենք գնեք: Մենք փող չունենք, Բաքուն ունի, հավասարակշռություն է խախտվելու: Կամ` 100 տոկոս ռուսական զենքի հետ ամերիկյանն անհամատեղելի է: Կամ` ռուսներն այլևս էժան զենք չեն տա: Կտան` իբրև ՀԱՊԿ անդամի: Վարկ չե՞ն տա: Ի՞նչ տարբերություն` ո՞ր երկիրն է վարկ տալիս:


«Պատմական կաղապարների» մասին. յուրաքանչյուրը իր շահի տեսակետից վերծանեց «պատմական կաղապարը»: Վիգեն Սարգսյանը, օրինակ, Թուրքիա հասկացավ ու ընդդիմացավ. «Ամերիկյան վարչակազմերը հաճախ ժլատ են եղել Հայոց ցեղասպանության պատշաճ գնահատման հարցում: Բայց միշտ կաշկանդվել են դրանից: Երբեմն կոչ են արել Հայաստանին շարունակել հարաբերությունները վերականգնելու ջանքերը, որոնց համար բազմիցս շատ բարձր են գնահատել Հայաստանի ղեկավարության քաղաքական կամքը: Բայց Թուրքիային սեփական պատմությանն առերեսվելու կոչի փոխարեն, ինչպես արեց Անկարայում նախագահ Օբաման, Հայաստանին կոչ անել «ազատվել պատմության կաղապարներից», կարծում եմ՝ խիստ նոր և անցանկալի մոտեցում է ամերիկյան քաղաքականության մեջ: Վստահ եմ, որ Ամերիկայի հայ համայնքը և լոբբիստական կառույցները կարձագանքեն դրան»: Մտածե՞լ է Վիգեն Սարգսյանը, որ այդպես էլ 2015-ին խոստացած համահայկական պահանջատիրության «Թղթածրարը» չբացահայտեց, կամ որևէ մեկը` եթե 30 տարի համահայկական ողջ ներուժը ծառայեր Արցախի հարցի լուծմանը` հիմա հարցը ա՞յս վիճակում կլիներ: Թե՞ հայրենիքը հեռվից սիրելը հեշտ է, առավել ևս անգո հայրենիքը կոնկրետից: Առավել նպատակային չէ՞ր առաջին տեղում Արցախը, հետո Ցեղասպանության ճանաչումը դնել` ավելի ուժեղ ու ավելի հստակ պահանջատիրությամբ: Վահրամ Բաղդասարյանը ուղղությունը փոխեց. «Ես պետք է հայտարարեմ, որ մենք չունենք պատմության կաղապարներ, մենք ունենք ազգային արժեքներ, որ անթույլատրելի է դրանցից հրաժարվելը, դրա տողատակերում հասկանում ենք, եթե մենք մի փոքր վերծանենք, մեր ավանդական ընտանիքները, մեր տարածքները, մեր պատմական ձեռքբերումները, ղարաբաղյան հարցը, դրանք բոլորը պատմություն են, պատմությունից հրաժարվել, անցյալից հրաժարվել, դա նշանակում է կասկածի տակ դնել ապագան»։ Ինչքա՞ն կարելի է դեմագոգիայով հարց փակել: Ջոն Բոլթոնին այդպես «վերծանելը» նույնն է, թե պնդել, որ վերջին 10 տարում ՀՀԿ-ի ուշքն ու միտքը արտագաղթով ավանդական ընտանիքն ամրապնդելը, Քի ՈՒեսթից Կազան Ղարաբաղի հարցը լուծելն է եղել` մեր տարածքները պահպանելով: Բոլտոնն ընդամենը ասել է` Ռուսաստանից բացի այլ պետություններ էլ կան աշխարհում, մի հավատացեք փրկիչներին, որ իրենք իրենց են փրկում` ձեր կյանքի հաշվին:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ. Հավելեմ` Աժ-ում շարունակվում է վարչապետ չընտրելու` հանուն ընտրելու սահմանադրական խաղը: Վաղը նորից «Ելքը» վարչապետ կառաջադրի Նիկոլ Փաշինյանին` չընտրելու պայմանով, որ նա ներկայացնի իր տնտեսական ծրագիրը, կամ` չի առաջադրի, ըստ իրավիճակի: Եվ ինչու՞ են երկիրն ու մարդիկ դառնում օրենքի պատանդները, որ իրենք են գրել: Լեգիտիմության համար` իրավական սողանցքը բացառելու՞: Դեկտեմբերի Աժ արտահերթ ընտրությունները լեգիտիմ է դարձնելու մթնոլորտի փոփոխությունը երկրում ու մտածողության փոփոխությունը: Ծոցը քար դնելով` վախ չեն հաղթահարում: Հեղափոխություն հայտարարելով` հեղափոխություն չեն անում: Հեղափոխության հաղթանակի վերջին հանգրվանին հասնելու համար մանկամտություն է օրը մեկ հայտարարելը` Հայաստանում կոռուպցիա չկա, հետո զարմանալը` վայ, ինչ անտրամաբանական է` ՊԵԿ-ում կոռուպցիոներ կա: Կամ` հասարակական ֆորմացիայի իրական փոփոխություն է եղել, օլիգարխներ Հայաստանում չկան: Իսկ հետո օլիգարխներին վերանվանել գործարարներ: Օյ, ինչ շրջադարձ: Իսկ ի՞նչ անել, երբ ԲՀԿ-ն հայտարարում է, որ Գագիկ Ծառուկյանին է տեսնում վարչապետ: Կամ` Հովիկ Աբրահամյանը «Նացիոնալում» քաղաքական հանդիպումներ է ունենում Ռոբերտ Քոչարյանի համար: Հիմա նրանք օլիգա՞րխ են, գործարա՞ր, թե՞ կոռուպցիոներ ու նախորդ հանցավոր ռեժիմ, որ հենց իրենց բարև չտան, ասելու են` քաղաքական հալածանք է մեր դեմ` մենք քաղաքական բանտարկյալ ենք կամ էլ` տարագիր: Ե՞րբ են իրերին ու մարդկանց տրվելու իրենց անունները: Հոկտեմբերի 29-ը ե՞րբ է գալու: Վստահաբար` ոչ ԱԺ արտահերթ ընտրություններից հետո. այդ ընտրությունների գնում է հոկտեմբերի 28-ի ժողովուրդը, հոկտեմբերի 28-ի մթնոլորտում, որ թավշե հեղափոխության սիրուց ու համերաշխությունից չի սասանվել, ավելին, սևերի ու սպիտակների խրամատներում խցկվելով, դառնում է պայթուցիկ ուժ հաջորդ արտահերթի համար, որտեղ կկատարվի ոչ թե ազատ, արդար ու թափանցիկ, այլ ճիշտ ընտրություն, և Նիկոլ Փաշինյանը կավարտի իր պատմական առաքելությունը` Հայաստանում ֆորմացիա փոխելու ու… մտածողություն փոխելու: Խորին շնորհակալություն նրան: Իսկ Ընտրական օրենսգի՞րքը: Իսկ կուսակցապետերի ու կուսակցությունների պայքա՞րը իրար հետ ու իրենք իրենց հետ: Ժամանակն է որոմը ցորենից զատել: Մենք էլ մարդ ենք:

Դիտվել է՝ 2670

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ