Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Մերկելի հեռանալը կուսակցությունից վերջի սկիզբն է

Մերկելի հեռանալը կուսակցությունից վերջի սկիզբն է
30.10.2018 | 15:34

Անգելա Մերկելի վրա ճնշումն աճում էր վերջին ամիսներին, վերջին կաթիլը դարձան Հեսենի կիրակի օրվա ընտրությունները: Երկուշաբթի Մերկելը հայտարարեց, որ հեռանալու է Քրիստոնեադեմոկրատական միությունից` դա նրա 13-ամյա դարաշրջանի ավարտն է: Հեսենի երկրամասում ՔԴՄ մանդատները 11 տոկոսով կրճատվեցին` դա լուրջ հարված էր կուսակցությանը, որ 19 տարի կառավարում է երկրամասում: Մերկելը կշարունակի պաշտոնավարել, բայց կտրուկ կրճատվեցին մինչև ժամկետի վերջ պաշտոնավարելու շանսերը: Յենս Սպանը` ՔԴՄ-ն ներկայացնող առողջապահության նախարարը, հայտարարեց, որ կուսակցոթյան դեկտեմբերի կոնֆերանսում պետք է հստակ շարադրել` «ինչպես են վերականգնելու նախկին հզորությունը»: Համազգային հարցման տվյալներով` ՔԴՄ-ին աջակցում է ընտրողների 25 տոկոսը, որ աղետ է ընդամենը 5 տարի առաջ Բունդեստագի ընտրություններում 41,5 տոկոս ստացած կուսակցության համար: «Սա ավելին է քան փոքր ձախողումը, սա կառուցվածքային խնդիր է»` ասել է նախարարը: Կուսակցության նախագահի հրաժարականը երևան է բերելու նրա կառավարումից ներկուսակցական ամբողջ դժկամությունը: Բայց առավել կարևոր է, թե դա ինչ հետևանքներ կունենա նրա կառավարության համար Բեռլինում: Կոալիցիան արդեն վտանգավոր թույլ է: Նրա կառավարության գործընկերների` սոցիալ դեմոկրատների տոկոսները Հեսենում, որ ավանդաբար ձայն էր տալիս նրանց, 20 տոկոսով կրճատվել են: ԳՍԴԿ-ի թուլությունը կարող է սպառնալ կոալիցիայի կայունությանը: Ձախկենտրոնամետ կուսակցության մի թևը գտնում է, որ հետագա պարտություններից խուսափելու լավագույն ելքը կառավարությունից հեռանալն ու ընդդիմություն դառնալն է: Մյուս թևի կարծիքով` հեռանալն ավելի կործանարար կլինի, քան մնալը: Եթե հեռանալու կողմնակիցները հաղթեն և ԳՍԴԿ-ն դուրս գա կոալիցիայից, Մերկելի կառավարությունը կփլուզվի և ստիպված կլինեն արտահերթ ընտրությունների գնալ: Դա կնշանակի Մերկելի 13-ամյա կառավարման վերջը: Կիրակի գիշերը ԳՍԴԿ-ում գերակշռեցին պրագմատիկները: Կուսակցությունը պետք է հստակ հասկացնի, որ «մենք դադարեցնում ենք բոլոր քննարկումները` կառավարելու ենք միասին, թե ոչ»` գտնում է ԳՍԴԿ-ի նախագահ Անդրեա Նալեսը` «Մարդիկ մեզնից արդյունքներ են ուզում և նրանք ճիշտ են»:

Այնուամենայնիվ` հասկանալի էր, որ Բեռլինում ինչ-որ փոփոխություն պետք է լինի: Եվ` արագ: Նալեսը Հեսենում ԳՍԴԿ-ի վատ արդյունքների մեղքը դրեց Բեռլինի կոալիցիայի վրա` «Կառավարության վիճակը անթույլատրելի է»` ասաց նա և հավելեց, որ պետք է ներկայացնել «քաղաքականության հստակ ճանապարհային քարտեզ, որը բխում է ընտրողների շահերից»: Ելնելով այդ ծրագրի կատարումից` ԳՍԴԿ-ն կորոշի` շարունակու՞մ է աջակցել Մերկելի կուսակցությանը, թե՞ ոչ: Կառավարության համար իրոք դժվար է: Հունիսին դժվար կոնֆլիկտ ծագեց ՔԴՄ-ի ու բավարական քրիստոնյա-սոցիալիստների միության հետ, որ կոալիցիային տրոհման եզր բերեց: Հետո նախարարները հայտնվեցին նոր սկանդալում` ներքին հետախուզության գործակալության տնօրեն Հանս-Գեորգ Մասենի պատճառով` սոցիալ-դեմոկրատները նրան կասկածում էին աջ հայացքների մեջ: «Առաջին 6 ամիսներին կոալիցիան դարձավ իսկական հիասթափություն»` ասաց ԳՍԴԿ-ն ներկայացնող Ներքին Սաքսոնայի վարչապետ Ստեֆան Վայլը: Կոալիցիան ընդունել է մի քանի կարգին օրենքներ, բայց «դա բավարար չէ, երբ ամեն ինչ մթագնում են բանավեճերը, որ հիմնականում անհեթեթ են»: «Այս պայմաններում նորմալ քաղաքականությունն ուղղակի հնարավոր չէ»` ասաց նա: Բոլոր տարակարծությունների միակ նախաձեռնողը նրա խոսքով` «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունն է, որ Հեսենում ստացել է 13%` 2013-ի արդյունքից 8%-ով ավելի: Հիմա այդ կուսակցությունը ներկայացված է Գերմանիյաի բոլոր 16 երկրամասային խորհրդարաններում ու ամենամեծ ընդդիմադիր կուսակցությունն է Բունդեստագում:
Գայ Չազան, Financial Times


Հ.Գ. Մերկելը հեռանում է ՔԴՄ-ի ղեկավարությունից, բայց չի թողնի կանցլերի պաշտոնը մինչև 2021-ը: Մեկնաբանները զարմացած են սովորաբար համառ Մերկելի որոշումից, բայց և պատմական օրինաչափությունն են համարում: Ընդդիմախոսները պահանջում են նրա հեռանալը, կողմնակիցները հիշեցնում են ֆենոմենալ քաղաքական կարիերայի բոլոր հաղթանակները: «Ոչ ոք չէր հավատում, որ դա հնարավոր է: Անգելա Մերկելն այլևս կուսակցության ղեկավա՞ր չէ: Անգելա Մերկելը ի՞նքն է հանձնվել: Կանցլերը ուրիշների համար տե՞ղ է բացում: Եվ դա երկարտև պայքարից հետո բազում հակառակորդների՞ հետ: Անհավանական է: Քրիստոնյա-դեմոկրատների պատմության մեջ այդ քայլն աննախադեպ է»` գրել է Suddeutsche Zeitung-ը` շարունակելով. «Մերկելը իմպուլսիվ քաղաքական գործիչ չէր: Նրա ոճը սթափությունը, հանգստությունն ու հավասարակշռվածությունն է: Եվ դա աշխատում էր` ինչպես պետք է` ճգնաժամաին իրավիճակներում կանցլերը մարդկանց վստահություն էր ներշնչում»:


Frankfurter Algemeine Zeitung-ը գրում է, որ Մերկելը շարունակում է մնալ ամենավատի սիմվոլը միգրացիայի հակառակորդների համար, բայց դադարել է աշխատել իբրև ամենալավի սիմվոլ Քրիստոնյա-դեմոկրատների համար: «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության կողմնակիցները Մերկելին իրենց ատելության թիրախը դարձրին: Մերկելը գլխավորում էր ՔԴՄ-ն երկար տարիներ և կուսակցության համար հաղթանակի ու քաղաքական հաջողության սիմվոլ էր: Հիմա Հեսեինի անհաջող ընտրություններից հետո նա շատերի համար դարձել է իշխանության աստիճանական կորստի ու ձախողումի սիմվոլ: Քաղաքական գործիչ, որ արդեն համարյա կորցրել է ժամանակին հեռանալու շանսը:
New Yorker-ը «Հանդարտ գերմանուհին» հոդվածում Մերկելին անվանում է աշխարհի ամենաազդեցիկ կինը և կանխատեսում է, որ նրա հեռանալով Գերմանիայի ներքաղաքական կյանքը կաշխուժանա:


Եթե սոցիալիստները դուրս գան Մերկելի կառավարությունից, նա երեք տարբերակ ունի` ձևավորել կառավարություն այլ կուսակցություններից, ձևավորել փոքրամասնության կառավարություն կամ արտահերթ ընտրություններ նշանակել: Բայց Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հեռանալը քաղաքականությունից, փոխելու է ոչ միայն Գերմանիայի, այլև Եվրամիության քաղաքականությունը: Փաստորեն` Գերմանիան տևական ժամանակ խրվելու է ներքաղաքական խնդիրների մեջ` ԵՄ ղեկավարությունը հանձնելով Ֆրանսիային ու դա շանս է Էմաուել Մակրոնի համար իր հեղափոխությունը կատարելու ոչ միայն Ֆրանսիայում, այլև` Եվրամիությունում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2455

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ