Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ալեն Սիմոնյանը փոխարինում է Հայկ Մարությանին

Ալեն Սիմոնյանը փոխարինում է Հայկ Մարությանին
03.11.2018 | 12:54

Արդեն 2 օր է` Հայաստանի Հանապետության միակ լիիրավ իշխանությունը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն է: Վարչապետն ու նախարարները ժամանակավոր պաշտոնակատարներ են, ԱԺ-ն` նախագահի հրամանագրով լուծարված է, բայց շարունակում է գործել` մինչև դեկտեմբերի 9-ին ընտրվելիք 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը: Ընդամենը 2 օր, բայց արդեն սկսվել է կուսակցություններից չասենք առնետավազքը, ասենք` պրագմատիկ հաշվարկներով քաղաքական հայացքների վերանայումը` հեռանում են «Լուսավոր Հայաստանից» ու «Ժառանգությունից», գնում են, իհարկե, ՔՊ: Եվ, ինչպես արդեն լավագույն ավանդույթ է` հեղափոխական տրենդ` տեղեկացնում են Ֆեյսբուքով: Հիմնավորումներից հիմնականը` մանկուց են երազել ՔՊ անդամ լինել: Ինչու՞ է ՔՊ-ն այդքան լայն բացում դռները: Ուրեմն ունի նրանց կարիքը: Կամ` չունի, բայց սիրո ու հանդուրժողականության հեղափոխությունից հետո չի կարողոնում «ոչ» ասել որևէ մեկին:


Երեկ ՔՊ անդամ, ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանը կարևորել է, որ իրենք կարողացել են նախադրյալներ ստեղծել, որ ժողովուրդը հնարավորություն ունենա «ձևավորել իր պատկերացրած, իր ցանկացած Ազգային ժողովը»։ Սա մեծ և տգեղ սոււտ է` ՔՊ-ն միայն մեկ նախադրյալ է ստեղծում, որ ժողովուրդը հնարավորություն ունենա ձևավորել ՔՊ-ի պատկերացրած ու ՔՊ-ի ցանկացած Ազգային ժողովը:
Այլապես Ալեն Սիմոնյանը չէր հայտարարի. «Ակնհայտ է, որ այս ընտրությունը վերածվելու է վարչապետի ուղիղ ընտրության, այսինքն՝ ժողովուրդը պետք է բացի իր պատգամավորին ընտրելուց, հասկանա, որ այս ընտրությունը ինքը կատարելու է նաև հօգուտ պարոն Փաշինյանի կամ ընդդեմ պարոն Փաշինյանի»:


Սա, փաստացի բովանդակությամբ նույն հայտարարությունն է, որ արեց քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը Երևանի ավագանու ընտրությունների ընտրարշավի սկզբում` սևերի ու սպիտակների բազմաչարչար բաժանմամբ: Շատերը նրան քննադատեցին հայտարարության համար` մինչև Նիկոլ Փաշինյանը երկրորդեց նույն հայտարարությունը ու ավելի խորացրեց` առ այն, որ Երևանի ավագանու ընտրությունը վստահության քվե է հեղափոխությանը, իմա` իրեն: Ի՞նչ է պետք, որ ՔՊ-ականները և առաջին հերթին Նիկոլ Փաշինյանը սկսեն տարբերել Երևանի ավագանու ու Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրությունների նշանակությունն ու դերը: Քաղաքական մրցակցության հարցը ի սկզբանե փակելով` ՔՊ-ն փաստացի ընտրողին նորից հայտարարում է` չընտրելով ՔՊ-ին, դու դեմ ես «պարոն Փաշինյանին»: Դատելով Երևանի ավագանու ու ՏԻՄ ընտրություններին մասնակցության արդյունքներից` այս քարոզչության հետևանքը դառնալու է ընտրողների 40-43 տոկոս մասնակցությունը ԱԺ արտահերթ ընտրություններին: Իսկ դա հետհարված է թե հեղափոխությանը, թե իշխանության լեգիտիմությանը` նույնիսկ եթե 40-43 տոկոսի 100 տոկոսը ձայն տա «հօգուտ պարոն Փաշինյանի»:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Աժ արտահերթ ընտրությունների քարոզարշավը տևելու է ընդամենը 12 օր` այսինքն նույնիսկ մարզկենտրոններում ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը հազիվ են հասցնելու լինել, ուր մնաց գյուղերը: Իսկ դա նշանակում է, որ 7-րդ գումարման ԱԺ-ին ընտրելու է Երևանը: Արդեն իսկ ակնհայտ է, որ ընտրարշավի թիրախում լինելու է ՀՀԿ-ն` իր համաժողովում ընտրություններին մասնակցելու, թե չմասնակցելու որոշում կայացնի, այսինքն` ընտրությունները նորից լինելու են «Մերժիր Սերժին» սկզբունքով, ընդդեմ, ոչ թե հանուն:

Եվ վերջապես` Ալեն Սիմոնյանի հայտարարությունը արդեն իսկ նշանակում է, որ ՔՊ-ն նույն մարտավարությունն է շարունակելու` իրենից բացի բոլորին հայտարարելով «սև» և «սպիտակին» ձայն տալու կոչ անելով: ՔՊ-ն պարզապես չափազանց երիտասարդ է` հասկանալու համար, որ ընտրությունները վերջնանպատակ չեն` միջոց են, ընտրություններից հետո սկսվելու է երկիր կառավարելու ու երկիր պահելու աշխատանքը` արդեն սևերին մեղադրելու 0 հնարավորությամբ: Իվերջո` կուպրի մեջ ընկնողը ինքն էլ սևանում է: Բայց դա արդեն կլինի 2019-ի պատմությունը, եթե ՔՊ-ն չվերանայի սև-սպիտակի իր ընկալումը: Պետությունը պերմանենտ հեղափոխությամբ չեն կառավարում:

Դիտվել է՝ 4106

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ