Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Թաղային հեղինակություններն ընտրություններից անմասն չեն կարող մնալ

Թաղային հեղինակություններն ընտրություններից անմասն չեն կարող մնալ
06.11.2018 | 00:36

Խորհրդարանում Ընտրական օրենսգրքի բարեփոխումների նախագծի չընդունումից հետո նոր իշխանությունները հայտարարում են, թե անգամ գործող օրենսգրքով հնարավոր կլինի արդար ու թափանցիկ ընտրություններ կազմակերպել, քանի որ դրա համար անհրաժեշտ քաղաքական կամքն առկա է: Նորեկները նաև չեն մոռանում անընդհատ շեշտել, որ արտահերթ ընտրությունների ժամանակ չեզոքացնելու են գործարարների ու օլիգարխների կողմից ներդրվող հնարավոր ու անհնարին բոլոր այն ռեսուրսները, միջոցներն ու լծակները, որոնք կարող են որևէ կերպ ազդել ընտրության արդյունքների վրա: Ավելի պարզ ասած՝ Նիկոլ Փաշինյանը բոլորին վստահեցնում է, որ փող չի բաժանվելու, որևէ մեկը չի կարողանալու մեկ ուրիշի նկատմամբ հոգեբանական ճնշում կիրառել՝ ստիպելով, համոզելով կամ վախեցնելով ընտրելու իրենց թեկնածուին:


Մեծ հույսով ու ակնկալիքով հետևենք և տեսնենք, թե ինչպես են իշխանության ներկայացուցիչները կանխելու փող բաժանելու կամ ռեսուրսներ կիրառելու այլ դրսևորումները, բայց մինչ այդ ֆիքսենք, որ ցանկացած ընտրության արդյունքի վրա միայն փողը չէ, որ ազդեցություն է ունենում: Տարիներ շարունակ տեսել ենք, թե ինչպես են ամենատարբեր ուժեր համագործակցել թաղային հեղինակությունների, բակի լավ տղաների, «հեղինակությունների» ու այլոց հետ: Համոզիչ խոսքով ու վարքով այդ մարդիկ ամենատարբեր մեթոդներով մյուսներին համոզել են ընտրել այն ուժին, որի հետ գաղտնի գործարքի մեջ են եղել: Վերջիններս կուսակցությունների համար իքս թվով ձայն եմ ապահովել, փոխարենը, օրինակ, առանց համապատասխան փաստաթղթերի առկայության, բայց իշխանությունների կամ դրանց մոտ կանգնած մարդկանց «դաբրոյով»՝ արագ սննդի կետ, վարսավիրանոց կամ խանութ են բացել:


Իշխանափոխությունից հետո շատերն են փորձում հասկանալ, թե ինչ է կատարվում երկրում, որ ըստ այդմ կարողանան իրավիճակից օգուտ քաղել: Եվ հիմա ասել, թե այս անգամ վերոնշյալ երևույթը չի լինելու, ինչ է թե քաղաքական կամք կա, ու իրավիճակ է փոխվել, մեղմ ասած, ծիծաղելի է: Ինչու՞, քանի որ ցանկացած պարագայում միայն օգուտ քաղելու մասին մտածող «ապերոների» համար կուսակցական գաղափարախոսությունը, ծրագիրը, համամասնական բաց կամ փակ ընտրակարգը բարդ բառերի շարան է սոսկ, որը, անկախ իրավիճակի փոփոխությունից, նրանց չի հետաքրքրել ու չի հետաքրքրելու: Հենց այս տխուր պատկերի կրկնությունն էլ գուցե վերջապես սթափեցնի ապրիլյան իշխանափոխությունը հեղափոխություն անվանող բոլոր այն քաղաքական ուժերին, որոնք բախվելու են չփոփոխված արժեհամակարգի ու մտածելակերպի հետ:


Ընտրությունների մասին խոսելիս՝ քաղաքական կամքի առկայության մասին բարձրաձայնող քաղաքական ուժերն ու գործիչները չեն մատնանշում մեկ այլ կարևոր հանգամանք նույնպես: Ի տարբերություն մայրաքաղաքի ու մի քանի այլ խոշոր քաղաքների՝ Հայաստանի մնացած համայնքներում ընտրողները հիմնականում առաջնորդվում են նաև «խաթրի» սկզբունքով: Հատկապես փոքր գյուղերում ու քաղաքներում մարդիկ ճանաչում եմ իրար, ապրում են միմյանց հոգսերով, կիսում են թե՛ ուրախությունը, թե՛ տխրությունը, և ընտրություն կատարելիս հաշվի են առնում ոչ թե կուսակցության նախընտրական ծրագիրը կամ որևէ ուժի նկատմամբ տածած համակրանքը, այլ ընտրում են այնպես, ինչպես ասել-հորդորել են համայնքապետը, քույրը, հորաքրոջ ամուսինը, հարևանի հորեղբոր տղան, աներոջ եղբոր զոքանչը, սիրուհու քրոջ սկեսրայրը և այլն:


Իհարկե, այժմ բոլորս էլ մեծագույն սպասումներով ակնկալում ենք, որ այս ընտրությունները տարբերվելու են նախորդներից, ու գոնե մի շարք արատավոր երևույթների դրսևորման ականատեսը չենք լինելու: Բայց բացառել, թե քաղաքացին իր ընտրությունը կատարելու է միայն իր կամքով, գիտակցությամբ ու անհաղորդ է մնալու որևէ միջնորդավորված անձի փոխանցած ազդակներին, հորդորներին, խոստումներին կամ սպառնալիքին, տրամաբանությունից դուրս է:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 2981

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ