«Փաստ չէ, որ ռուս խաղաղապահների հեռանալը Լեռնային Ղարաբաղից նույնական է Ռուսաստանի դուրս գալուն կովկասյան աշխարհաքաղաքական խաղից։ Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է Եվրասիայի և, մասնավորապես, Մոսկվայի համար: Կարելի՞ է խոսել Ռուսաստանի նահանջի մասին, թե՞ իրականում մենք խոսում ենք կովկասյան տարածաշրջանային անվտանգության ողջ համակարգի վերագործարկման մասին: Մոսկվայի վիճակն ամենևին էլ այդքան անհուսալի չէ»,- ասել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։                
 

«Ընտրություններին «Լույս» դաշինքով չմասնակցելը պայմանավորված է քաղաքական իրողություններով»

«Ընտրություններին «Լույս» դաշինքով չմասնակցելը պայմանավորված է քաղաքական իրողություններով»
09.11.2018 | 01:35

«Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդի անդամ ԿԱՐԵՆ ՍԻՄՈՆՅԱՆՆ այն տեսակետին չէ, որ Ընտրական օրենսգրքի բարեփոխումների նախագիծը խորհրդարանում ընդունելու համար իշխանությունները բավարար կամք չցուցաբերեցին: «Իրատեսի» հետ զրույցում նա ասաց, որ վերոնշյալ հարցի առնչությամբ չի կիսում ՀՅԴ-ի, ԲՀԿ-ի ու ՀՀԿ-ի տեսակետը, և վստահ է, որ այս ընտրությունները, նախորդների համեմատ, առավել արդար ու թափանցիկ են լինելու: Ըստ նրա՝ կարևորը հիմնական սկզբունքների ապահովումն է, ինչի պարագայում բոլոր ընթացակարգերն ընդունելի ու աշխատող են: ՈՒ չնայած վերջինս իշխանության գործունեությունը քննադատելու լուրջ պատճառ չունի, այնուամենայնիվ, մեզ փոխանցեց, որ նոր խորհրդարանում ԼՀԿ-ն հանդես է գալու ընդդիմադիր դիրքերից:

-Ձեր շահերից բխու՞մ է գործող ընտրակարգով՝ համամասնական բաց (ռեյտինգային) ընտրակարգով ընտրություններին մասնակցելը:
-Մեր շահերից բխում է ազատ, արդար, թափանցիկ ու իրավաչափ ընտրությունների անցկացումը՝ ցանկացած ընտրական մեխանիզմով: Եթե օլիգարխները մասնակցելու են ընտրություններին՝ ներկայացված լինելով համամասնական ցուցակներում, ապա փոխելու են ընդհանուր ընտրական տրամադրությունը, իսկ եթե մասնակցելու են՝ ներառված լինելով տարածքային ցուցակներում, ապա փորձելու են միջամտել ընտրություններին: Երկու տարբերակն էլ մեզ համար ընդունելի չէ: Շարունակում ենք պնդել, որ քաղաքականությունը և գործարարությունը պետք է իրարից առանձնացված լինեն: Բայց ես կարծում եմ, որ գործարարը նախորդ ընտրությունների նման այլևս էական ազդեցությունը չի ունենալու, որովհետև նախկինում ընտրություններն անցկացվել են իշխող ուժի թողտվության պայմաններում:
-Թույլ տվեք չհամաձայնել, որովհետև, մարզերում գոնե, մարդիկ ընտրություն են կատարում ամենատարբեր օղակների հորդորով, հողի հարկը փոխհատուցելուց մինչև աշխատանքի տեղավորելու խոստմանը հավատալով կամ էլ՝ «բա հետո ինչպե՞ս եմ նայելու նրա աչքերին» մտայնությունից ելնելով:
-Ընտրություն կատարելն ունի երկու կարևոր բաղադրիչ. առաջինն անձնական, երկրորդը քաղաքական մոտիվացիան է, և կարծում եմ, որ այս ընտրություններում գերակշռելու է երկրորդ տարբերակը, ինչը եղավ նաև Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների ժամանակ, և տեսանք, որ ձայների մեծամասնությունը ստացած ուժերը քաղաքական արդար պայքարի արդյունքում են հայտնվել քաղաքապետարանում:
-Բայց գաղափարական պայքարի փոխարեն քարոզարշավը վերածվեց սև ու սպիտակի ակնհայտ պայքարի:
-Իհարկե, եղել են մարդիկ, որ ընտրություն են կատարել՝ առաջնորդվելով անձնական նախասիրություններով, բայց նաև եղել են այնպիսիները, որ ընտրություն են կատարել այդ ընթացքում ներկայացված գաղափարախոսությունների, ծրագրերի ու տեսլականների միջև:
-Մարզերի բնակիչների սիրտն ինչպե՞ս եք շահելու, եթե վերջին շրջանում մարզաբնակների հարցերով գրեթե չեք մտահոգվում, մարդիկ չե՞ն ասելու` բա ու՞ր էիք մինչև հիմա:
-Կապը մարզերի հետ միշտ կա, օրինակ, անցած տարի ես, ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանն ու քարտուղար Գևորգ Գորիսյանը գնացել էինք Լոռի՝ Ախթալայի ու Թեղուտի հանքի խնդիրներին ծանոթանալու: Անձամբ ենք տեսել Դեբեդի էկոլոգիական աղետալի հետևանքներն ու փորձել ենք հարցը բարձրաձայնել ամենավերին ատյաններում: Հետագայում նաև հենց այդ այցը նպաստեց, որ դադարեցվի Թեղուտի հանքի շահագործումը: Հետևաբար ասել, թե մենք որևէ բան չենք արել, այնքան էլ այդպես չէ: Արդվիի հանքի պայքարի ժամանակ նույնպես աջակցել ենք գյուղացիներին:
Ըստ իս՝ տարածքային ներկայացվածության խնդիրն այնքան էլ կարևոր չէ՝ հաշվի առնելով Հայաստանի աշխարհագրական առանձնահատկությունն ու չափերը: Մեր երկիրն այնքան առանձնացված չէ, որ բոլոր տարածաշրջաններում պարտադիր ներկայացուցիչներ ունենաս: Երևանից մինչև Վանաձոր կամ Գյումրի մեկուկես կամ երկու ժամվա ճանապարհ է, և եթե մարդ ուզում է որևիցե խնդիր բարձրաձայնել, այն տեղ հասցնելու բազմաթիվ խողովակներ կան:
-Եթե խոսեմ կոնկրետ օրինակով, ապա Ալավերդու շուրջ 700 աշխատակցի անգործ մնալու ու պղնձաձուլական գործարանի աշխատանքների դադարեցման հարցը որևէ ուժ, բացի ՀՀԿ-ից (ի դեմս Շարմազանովի) չի բարձրաձայնել:
-Քաղաքական մեր ուժը մտահոգված է քաղաքացիներին մտահոգող բոլոր խնդիրներով: Եթե կա խնդիր, ապա համոզված եղեք, որ «Լուսավոր Հայաստանը» կանդրադառնա դրան ու կփորձի լուծում գտնել: Իսկ ինչ վերաբերում է Ալավերդուն, ապա նշեմ, որ պղնձամոլիբդենային գործարանի փակվելը հետևանք է նախկին իշխանությունների իրականացրած քաղաքականության: Եթե անգամ իշխանափոխություն տեղի չունենար, ապա այն տնտեսական մոդելը, որը կիրառում էր ձուլարանը, տանելու էր գործարանի փակման: Դրա մասին բազմիցս է բարձրաձայնվել: Հուսով եմ՝ նոր իշխանությունը փորձելու է լուծել այդ խնդիրը, ինչը, պայմանավորված ընտրությունների ու քաղաքական վերադասավորումների հանգամանքով, գուցե որոշակի ժամանակով հետաձգվի:
-Քարոզարշավի համար տրվող ժամկետը կարճ է, ինչպե՞ս եք հասցնելու ձեր հիմնական ասելիքը ներկայացնել ընտրողներին:
-Ցավոք, այո, ու ֆիզիկապես դժվար է լինելու այցելել հանրապետության բոլոր համայնքներ: Իսկ գաղափարները տեղ հասցնելու համար նախընտրելի է ընտրողի հետ դեմառդեմ շփումը, որ մարդկանց կարողանաս հասկացնել, թե ինչ ես ցանկանում անել, ինչպես և ինչ ծրագրեր ունես:
-Կա՞ն առաջնային մի քանի կետեր, որոնք պատրաստվում եք ներկայացնելու հանրությանը: Մարդիկ հոգնել են թե՛ հին ու ավանդական դեմքերից, թե՛ նրանց տարիներ ի վեր չփոփոխվող «խոստումնալից» ծրագրերից:
-Տեսեք, օրինակ, երբ տնտեսական զարգացման մասին խոսում է մի ուժ, որ երկար տարիներ եղել է իշխանություն ու զարգացման առումով կորսված 10-ամյակ է ունեցել, ապա բնական է, որ ընտրողն այլևս չի ցանկանալու հավատալ այդ ուժին: Ծրագրերի ու գաղափարների մասին տեքստը կարող է լինել նույնը, կարևորն այն է, թե ով է այն մատուցում: Մեր գաղափարները մյուս կուսակցությունների առաջարկած գաղափարներից հսկայական տարբերություն չունեն, դրանք տեղավորվում են տնտեսական զարգացման, մարդու իրավունքների պաշտպանության, քաղաքական համակարգի արդիականացման ու այլ կարևորագույն դրույթների շրջանակի մեջ: Բայց, կրկնում եմ, մի բան է, երբ դա ասում են նախորդ իշխանության ներկայացուցիչները, որոնք հնարավորություն ունեցել են այդ ամենն իրագործելու, և ասում է քաղաքական նոր ուժ, որն այդ ծրագրերի համար բոլորովին նոր խորագրերով է հանդես գալիս:
-Այսինքն, հիմնական գաղափարները նոր մոտեցմամբ կներկայացնեք:
-Իհարկե, որովհետև հիմնախնդիրները նույնն են՝ գործազրկություն, աղքատություն, տնտեսական աճի դանդաղում և այլն, որոնց համար մենք պետք է փորձենք արագ լուծումներ գտնել: Կարող եմ շեշտել, որ Եվրոպական միությանը անդամագրվելը եղել ու մնում է մեր ծրագրային առաջնային դրույթներից մեկը, ու մենք շարունակելու ենք դրա շուրջ տարվող աշխատանքները:
-«Հանրապետություն» կուսակցության հետ ինչու՞ չհաջողվեց պահել «Լույս» դաշինքի ձևաչափն ու գնալ ընտրությունների: Այլ ուժերի հետ համագործակցություն հնարավո՞ր է:
-Չէի ցանկանա այդ հարցին անդրադառնալ, որովհետև դա եղել է երկու կուսակցությունների միասնական որոշումը: Կարող եմ ասել, որ գաղափարական սուր անհամաձայնություններ չեն եղել, իսկ ընտրություններին առաձին-առանձին մասնակցելը պայմանավորված է քաղաքական իրողություններով: Ինչ վերաբերում է այլ ուժերի հետ համագործակցությանը, ապա հստակ որևէ բան չեմ կարող ասել, քանի որ այս պահին բանակցություններ են ընթանում, բացի այդ՝ հստակեցված չեն մեր նախընտրական ցուցակները:


Զրույցը`
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԻ

Դիտվել է՝ 4611

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ