Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Դեկտեմբերի 10-ի երկիրը

Դեկտեմբերի 10-ի երկիրը
13.11.2018 | 01:07

Աժ արտահերթ ընտրություններից 25 օր առաջ, երբ դեռ չի սկսվել ընտրարշավը, փորձենք հասկանալ` ինչպիսի՞ն է լինելու Հայաստանի Հանրապետության դեկտեմբերի 10-ը: Հուսանք` ոչ այնքան ձնառատ ու ցրտոտ, որ օրվա թիվ 1 հարցը դառնա` էս ինչ ցուրտ է: Դեկտեմբերի 10-ի լուսաբացին ԿԸՀ-ն կներկայացնի Աժ արտահերթ ընտրությունների նախնական արդյունքները: Ոմանց համար կլինի պայծառ առավոտ, որ հույս է տալիս հնգամյա քաղաքական առօրյայի, ոմանց համար կլինի մռայլ առավոտ, որ ուղարկում է արտախորհրդարանական անկանոն, հիմնականում` ընտրություններից առաջ վերսկսվող կյանքի: Իսկ կյանքը, բոլորդ էլ գիտեք, դադարներ չունի` մեզ հետ, թե առանց մեզ:
Եվ ուրեմն` ի՞նչ կյանք է սպասում մեզ, որ ունենք ՀՀ շարքային քաղաքացու կարգավիճակ, մայիսից էլ ՀՀ հպարտ քաղաքացու ուսադիրներ: Նիկոլ Փաշինյանի ՔՊ-ի հաղթանակին ոչ ոք չի կասկածում` հիմքում ունենալով անձամբ նրա վարկանիշը, բայց քչերն են վստահ, որ նրա վարկանիշը տարածվում է նաև ՔՊ-ի վրա: Կա Նիկոլ Փաշինյանը` կա ՔՊ-ն, չկա Նիկոլ Փաշինյանը` չկա ՔՊ-ն: ՈՒ դա շատ վատ է: Բոլորովին մխիթարություն չէ, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե ժողովրդի վստահությունը կորցնելու դեպքում կհեռանա տեղնուտեղը: Հեռացավ, իսկ հետո՞: ՈՒ դա առաջին խնդիրն է, որ պիտի լուծի 2018-ի դեկտեմբերի 9-ի Աժ արտահերթ ընտրություններից հետո նորից վարչապետ դարձած Նիկոլ Փաշինյանը: Որովհետև պարտավոր է ավարտին հասցնել թավշե հեղափոխությունը` ձևավորելով կառավարման համակարգ, ոչ թե անձի վարկանիշի վրա կառուցված իշխանություն: Փաստացի` ամեն ինչ նոր միայն սկսվելու է: Եվ արդեն չեն լինելու «թշնամիները», «սևերը», «խրամատները», լինելու են խորհրդարանական մեծամասնություն ու խորհրդարանական մեծամասնության ընտրած վարչապետ, խորհրդարանական մեծամասնության ընտրած վարչապետի կառավարություն, որ պատասխանատու է ամեն ինչի համար: Պատրա՞ստ է պատասխանատվությանը ՔՊ-ն: Անցած կես տարվա տվյալներով` ոչ: Անցումային կառավարությունը անցումային է ու չարժի բոլոր կժերը նրա գլխին կոտրել, անցումային ժամանակն էլ ունի իր օբյեկտիվ ու սուբյեկտիվ նախադրյալները` սխալվելու ու որոնումներում փակուղի մտնելու: Փետրվարի 10-ից հետո ստեղծվելիք կառավարությունն այդ իրավունքը չունի: Եվ պարտավոր է արագ երկու սկզբունքային հարցերի պատասխանել` ի՞նչ արտաքին քաղաքականություն է վարելու Հայաստանը` մեկ, և երկրորդ` ի՞նչ կադրային քաղաքականություն է վարելու վարչապետը:


Ոչ ոք չի ծնվում նախարար, ոչ էլ որևէ բուհ է նախարարի դիպլոմ տալիս: Նախարարի պորտֆելը պահանջում է մասնագիտական հմտություններ ու կազմակերպական ունակություններ: Հավելեք քաղաքական կերպար լինելն ու կստանաք X անձ, որ պիտի Y պահին ընդունի Z որոշումներ, և X+Y+ Z համադրությունը պիտի լինի առավելագույնս պատճառաբանված ու լավագույնս համարժեք իրավիճակին: Դատելով հայտարարություններից, որ ՔՊ ընտրացուցակում լինելու են այլ կուսակցությունների նախկին անդամներ կամ անկուսակցականներ, նոր կառավարությունը դառնալու է նախահեղափոխական ու հետհեղափոխական հայտնի ու անհայտ կադրերի հանրագումար: Բացի այդ, կատարվելու են կառավարության կառուցվածքային փոփոխություններ, ու կրճատվելու է նախարարությունների թիվը` կառավարման համակարգի օպտիմալացման նպատակով: Դա արդեն ցնցումային է նախարարությունների համար, և օբյեկտիվորեն ծագելու է պետական ծառայողների ճակատագրի հարցը` ովքեր կմնան ու ովքեր կհեռանան: Միշտ չէ, որ այդ հարցերը լուծվում են մրցակցային հենքով, ու մնում են առավել մրցունակները: Առավել ևս, որ պետական ծառայողները ոչ միշտ են աշխատաշուկայում մրցունակ` տարիքի, սեռի, մասնագիտական ունակությունների ու մասնագիտական վերապատրաստման հնարավորությունների բերումով: Նիկոլ Փաշինյանը կարող է միակուսակցական կառավարություն կազմել` պարտադրված չլինելով ազգային համաձայնության կամ կոալիցիոն կառավարություն ձևավորելու: Այնուամենայնիվ, չի բացառվում, որ ընտրություններից հետո տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ լինեն կառավարությունում` ոչ իբրև այս կամ այն կուսակցության անդամ, այլ իրենց ոլորտում լավագույնը լինելու հիմքով: Համենայն դեպս, եթե նույնիսկ կառավարությունն ունենա ոչ թե 17, այլ 8-10 նախարարություն, միավորելով ոլորտները կամ կառավարությանն առընթեր կառավարման այլ միավորներ ձևավորելով, կադրային փոփոխություններն անխուսափելի են:

Մամուլում շրջանառվող տեղեկություններով` նախատեսվում է հրաժարվել սփյուռքի նախարարությունից` հանձնելով արտաքին գործերի նախարարության ենթակայությանը: Օպտիմալացումը` օպտիմալացում, բայց մի պետության համար, որ 7-10-միլիոնանոց սփյուռք ունի, նախարարության կարգավիճակի իջեցումը արդարացված չէ:

Ի սկզբանե նախարարության առաջ դրվել են ածանցյալ խնդիրներ: Ե՛վ Հրանուշ Հակոբյանի երկարամյա պաշտոնավարումը, և՛ Մխիթար Հայրապետյանի անգույն պաշտոնավարումը պատճառ չեն, որ նախարարությունը փակվի: Այսօրվա իրավիճակին համարժեք խնդիրներ պետք է ձևակերպվեն ու դրվեն նոր նախարարի սեղանին` ելնելով նոր Հայաստանում սփյուռքի նոր դերից: Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ ՏՏ ոլորտը պետք է ունենա զարգացման առաջանցիկ տեմպեր ու դառնա տնտեսության կարևոր հենասյուներից մեկը: Ե՞րբ, եթե ոչ հիմա պետք է առանձին նախարարություն ստեղծվի այդ նպատակով: Ե՞րբ, եթե ոչ հիմա պետք է ստեղծվի ատոմային էներգետիկայի նախարարություն, որի խնդիրը ատոմային էներգետիկան Հայաստանում զարգացնելը պետք է դառնա` խաղաղ նպատակներով` մեկընդմիշտ լուծելով Հայաստանի էներգետիկ անկախության հարցը: Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը չի կարող այդ հարցը լուծել: Եթե հավատանք, որ Հայաստանն ինտելեկտուալների երկիր է և ելակետ ընդունենք, որ գիտությունը Հայաստանում կտրված է արտադրությունից ու իրականությունից, իսկ ԳԱԱ-ն վաղուց դադարել է գիտություն զարգացնել իր բազում ինստիտուտներով, չկա՞ կրթությունն ու գիտությունը նախարարությունների մակարդակով առանձնացնելու անհրաժեշտություն: Ի վերջո, կրթությունն ու գիտությունը մեխանիկորեն միմյանց միացնելով, ի՞նչ արդյունքի ենք հասել: Հասկացանք, որ կրթական համակարգը ամբողջ աշխարհում է ճգնաժամի մեջ, ու դա համընդհանուր արժեքային ճգնաժամ է, երբ որոշարկվում են կրթության չափանիշները, նոր տեխնոլոգիաների ներգործության ու հին մեթոդների համադրման սահմանները: Հայաստանը պարտավոր չէ սպասել համաշխարհային ճգնաժամի ավարտին ու պիտի իր տարբերակը գտնի` առանձնացնելով նախարարությունները ու որոշարկելով յուրաքանչյուրի լուծելիք հարցերի շրջանակը: Ժամանակը չէ՞, որ Հայաստանն ունենա ոչ թե ջրպետկոմ ու փորձեր դնի այդ կառույցի վրա, այլ ստեղծի ջրային հարցերի նախարարություն` ներառելով և՛ ոռոգման համակարգի կառավարումը, և՛, որ ավելի կարևոր է, խմելու ջուրը արտահանելու խնդիրը: Ամբողջ Մերձավոր Արևելքում խմելու ջուրը թանկ է նավթից ու գազից, իսկ մենք մաքուր ու ինքնահոս ջրերի մեր պաշարները անտեսում ենք` տարածաշրջանում ջուր արտահանողի առաջնակարգ դերը չգիտակցելով: Վերականգնվելու՞ է ներքին գործերի նախարարությունը, թե՞ ոստիկանությունը մնալու է վարչապետի ենթակայությամբ: Սա իշխանության թևերի հավասարակշռության ու զսպումների տեսակետից, կարևոր հարց է, որ եթե ոչ այսօր, վաղը պատասխան է պահանջելու: Կամ վարչապետի ինչի՞ն են պետք 3 տեղակալները: Նույնիսկ անկախ այն հարցից, թե որ նախարարությունների աշխատանքն են համակարգում, նախարարներն ինչի՞ համար են: Մեկ փոխվարչապետը լիովին բավարար է` սուպերվարչապետական համակարգում: Հասանք նախահեղափոխական հարցին` պահպանելու՞ է վարչապետը իր սուպերլիազորությունները, թե՞, այնուամենայնիվ, կիսելու է խորհրդարանի ու նախագահի հետ: Եթե հասել ենք նախահեղափոխական հարցերին` լինելու՞ է Սահմանադրության փոփոխություն և եթե այո` ի՞նչ փոփոխություն: Կամ` Ընտրական օրենսգրքի` ազատվելու համար ռեյտինգայինից: Սրանք այն հարցերը չեն, որ 7-րդ գումարման ԱԺ-ն կարող է թողնել իր լիազորությունների ժամկետի ավարտին:


Արտաքին քաղաքականության հարցը առանցքային է, եթե Հայաստանը մտադիր է շարունակել ինքնիշխանության վերականգնման ու անվտանգության դիվերսիֆիկացման կուրսը: Պետք չէ, ավելին, վտանգավոր է հարցը քննարկել Հայաստան-Ռուսաստան կամ Հայաստան-Արևմուտք հակադրության հարթակում: Իրականում չկա նման հարթակ: Կա Հայաստանի Հանրապետության պետական շահ, որը չպիտի կախված լինի երկրորդ երկրի կամ միության հետ հարաբերությունից: Եվ դա պիտի հասկանալի ու ընդունելի լինի բոլոր պետությունների համար: Ինքնին դա մեծ հայտնություն չէ ու բոլոր պետություններն էլ շարժվում են այդ ուղեգծով, միևնույն ժամանակ փորձում են իրենց շահերին ծառայեցնել այլ պետությունների: Աշխարհում ամեն ինչ փոխկապակցված է: Հայաստանը չափազանց երկար եղել է Ռուսաստանի շահի սպասարկուի կարգավիճակում` օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով: Եթե սուբյեկտիվ պատճառը` իշխանության լեգիտիմության հարցը, փակվում է, մնում է քայլ առ քայլ վերացնել օբյեկտիվ պատճառները: Հայաստանի աշխարհագրական դիրքը դիտարկել անելանելիությունից դրդված քաղաքականության շրջագծում` պատմական սխալ է: Հայաստանն իրականում խաչմերուկ է, որ դարձել է փակուղի քաղաքական պատճառներով: Ե՞րբ, եթե ոչ իր անկախության քառորդ դարը բոլորելուց հետո Հայաստանի Հանրապետությունը ժամանակ ու հնարավորություն պիտի գտնի հիմնովին վերարժևորելու ու վերագնահատելու իր ունեցած-չունեցածը ու կայացնելու պրագմատիկ որոշումներ անելիքի վերաբերյալ` առանց աջ ու ահյակ նայելու ու սպասելու, թե ով ինչ կասի իր շահերի տեսանկյունից:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ.Գ. Կասեք` իսկ Ղարաբաղի՞ հարցը: Ընտրություններից հետո ի՞նչ ընթացք են ունենալու բանակցությունները: Խաղաղության շրջանակային համաձայնագիրը հեռանկար է, որ հորիզոնի գծի պե՞ս է` դու մոտենում ես, ինքը հեռանում է, թե՞ հնարավոր է ու անխուսափելի: Նիկոլ Փաշինյանը հայտարարում է. «Ղարաբաղի հարցի կարգավորման բանակցությունները չեն կարող լիարժեք և արդյունավետ համարվել, քանի դեռ դրան չի մասնակցում հակամարտության լիարժեք կողմերից մեկը՝ Արցախի ղեկավարությունը»: Ադրբեջանը չի ընդունում: Դատելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարություններից` ՌԴ-ն էլ չի ընդունում: Իսկ Նիկոլ Փաշինյանն ասում է. «Մենք շարունակելու ենք կառուցողական դիրք ունենալ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման բանակցային գործընթացում՝ մեր նպաստը բերելով տարածաշրջանում և աշխարհում կայունության ու անվտանգության մակարդակի բարձրացմանը: Ղարաբաղյան հակամարտությունը չունի ռազմական լուծում, բայց ուզում եմ նաև ընդգծել, որ հակառակորդի յուրաքանչյուր արկածախնդրություն կհանդիպի մեր զինված ուժերի և ողջ հայ ժողովրդի ջախջախիչ հակահարվածին»: Փոխզիջումների հարցը կողմերին պետք է զուգահեռ տալ ու զուգահեռ պատասխաններ ստանալ: Դա երկար կտևի: Ալիևը վերջերս նորից հայտարարեց, որ զարգացնելու է ռազմական հնարավորությունները իբրև բանակցությունների կարևորագույն գործոն. «Մենք կհասնենք մեր ցանկացած արդյունքին, մենք պահանջում ենք, որ մեր պատմական հողերն ազատագրվեն օկուպանտներից, և այդպես էլ կլինի»: Ավելին, նա հուսով է, որ «Հայաստանի իշխանությունը, ճիշտ վերլուծելով տարածաշրջանում ստեղծված իրադրությունը, ամենամոտ ժամանակում դուրս կբերի իր օկուպացիոն զորքերը մեր հողերից: Հակառակ դեպքում հնարավոր է կարգավորման ցանկացած տարբերակ, մենք պատրաստ ենք ցանկացած լուծման: Մենք ապագայում ևս մեկուսացնելու ենք Հայաստանին բոլոր տարածաշրջանային նախագծերից և, օգտագործելով բոլոր միջոցները, վերականգնելու ենք մեր տարածքային ամբողջականությունը», «Հայաստանի նոր իշխանությունները չպետք է կրկնեն նախորդ վարչակազմի սխալները»: Այսինքն` ոչ մի փոփոխություն ԼՂ կոնֆլիկտի կարգավորման հարցում: Նաև` Հայաստանում ընտրություններից հետո:

Դիտվել է՝ 2502

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ