Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Հայուհիները Երևանի Չէկայի բանտում (ԷԼԵՆ ԲՅՈՒԶԱՆԴ)

Հայուհիները Երևանի Չէկայի բանտում (ԷԼԵՆ ԲՅՈՒԶԱՆԴ)
16.11.2018 | 03:13

(Նախորդ մասը)

-Ընկերուհի (այո, ընկերուհի և ոչ քաղաքացուհի, որով սովորաբար դիմում էին ոչ-բոլշևիկներին), ձեր ստորագրած հարցարանը հանձնված է մեր ուշադրությանը:
Չխոսեցի, սպասեցի իր ասելիքի շարունակությանը:
-Դուք եղել եք ընչազուրկ, ձեր գերդաստանի մեջ չի եղել ոչ մի հարուստ մարդ, ոչ մի կեղեքիչ, ոչ մի կալվածատեր: Երևի ոչ թե համոզմունքով, այլ պարագաների բերումով եք հայտնվել բուրժուական դաշնակների շարքում: Հիմա, երբ Դաշնակցությունը լուծարված է, ինչու՞ եք գրել, թե դաշնակցական եք: Արդյո՞ք մի բջիջ դեռ գոյություն ունի, որ…
Էլ չկարողացա լռել:
-Ներեցեք Ձեզ ընդհատելուս համար: Տվյալ հարցին պատասխանելիս չեմ առաջնորդվել կուսակցության կազմակերպված կամ լուծարված լինելու պարագայով: Դաշնակցությունն ինձ համար գաղափար է: Իմ տված պատասխանով ես ուզել եմ անկեղծ լինել հայրենիքիս նոր իշխանության հետ: Մեկ օրից մյուսը չէի կարող փոխել գաղափարս: Դաշնակցական եմ..
-Գովելի է Ձեր անկեղծությունը, ընկերուհի, վստահ ենք, որ Ձեր անկեղծությամբ Դուք կհարեք համայնավարության ու կլինեք մեր ընկերուհին: Ազատ եք:
Վերադարձա աշխատանքիս: Մթնոլորտը փոխված էր: Ոչ ոք երեսիս չնայեց, ոչ ոք հետս չխոսեց: Անմիջական պետս պահարանի բանալին ինձ չտվեց: Օրս գրեթե անաշխատ անցավ:
Ստացա իմ բաժին մեկ ֆունտ հացը, որ բաժանվում էր հիմնարկի բոլոր աշխատողներին: Սպասում էի, որ կազատվեմ պաշտոնապես: Բան ասող չեղավ, որով հաջորդ օրը կրկին գործի գնացի: Դարձյալ օրս պարապ անցկացնելու համար:


Հակառակ համատարած ձերբակալություններին (ամեն օր հիմնարկի աշխատողներից մի քանիսը պակասում էին), մտքովս չէր անցնում, թե ինձ էլ կձերբակալեն: Ինքս ինձ բանտարկվելու աստիճանի մեկը չէի համարում: Ինձ արված թաքնվելու առաջարկը մերժեցի:
Սակայն երկար չտևեց «ազատությունս»: Կեսգիշերն անց երկու կոմիսար, մեկը տանտիրուհուս հարազատ եղբայրը՝ Գևորգ Դանըղյանը, հրացանավոր չորս-հինգ զինվորներով մտան Գևորգ վարժապետի տուն: Ուզածները մենք էինք: Զանց եմ առնում մանրամասները:
Ժամերով խուզարկեցին սենյակս, բոլոր գրություններս, ալբոմների միջից հանեցին տղամարդկանց լուսանկարները, անձնական նամակներս, նույնիսկ համալսարանական ռուսերեն դասագրքերս ու լցրին հետները բերած տոպրակների մեջ: Անուն-ազգանուն, հասցե գրեցին տոպրակների վրա, իբր թե քննությունից հետո ինձ վերադարձնելու համար:
Մինչ այդ ես պատրաստեցի մի կապոց՝ փոքրիկ բարձ, փոխնորդ սպիտակեղեն, երեսսրբիչ, օճառ, սանր և այլ անհրաժեշտ բաներ՝ հետս տանելու համար:
Տանտիրուհիս, չգիտեմ եղբորը խղճալով, թե ինչից դրդված, թեյ պատրաստեց, ուտելիք հանեց ու հյուրասիրեց թե կոմիսարներին, թե զինվորներին: Այն զինվորներին, որոնք առանց քաշվելու կոմիսարներից, կարելի է ասել կողոպտեցին չորանալու համար փռված ու կախված մրգերը:


Վերջապես, խուզարկությունն ավարտված համարելով, ինձ առաջարկեցին իրենց հետ գնալ «մի փոքրիկ հարցաքննության համար»:
Եղբայրս անխոհեմություն ունեցավ հետս գալու:
Չէկային հատկացված շենքը՝ Թարխանյան փողոցի վրա, ուներ երկաթացանցով պատված բակ, իհարկե, պահակներով շրջապատված: Եղբորս էլ ներս տարան՝ էլ տուն չուղարկելու համար:

Ներսում՝ գետնահարկում, երկու ընդարձակ, մեջ-մեջի սենյակներ, մեկը մյուսից երկու-երեք աստիճանով բարձր, լեցուն էր թև թևի իրար սեղմված բազմությամբ: Անշուշտ՝ բոլորն էլ այդ գիշեր ձերբակալված: Կանանց չտեսա: Աչքիս ընկավ քահանա Խաչվանքյանը, որի տղա Տաճատը ընկերներիցս էր:
Վերի սրահի անկյունում դրված սեղանի մոտ նստած էր ուսանողական համազգեստով մի երիտասարդ՝ ինձ անծանոթ: Նրան ներկայացրին ինձ հարցաքննության համար: Հարյուրավոր ծանոթ և անծանոթ աչքեր մեզ էին նայում և պիտի լսեին իմ տված պատասխանները:
Հարցաքննությունն սկսվեց ռուսերեն: Տրված հարցերին պատասխանեցի հայերեն: Կոմիսարը բարկացած ոտքի ելավ.
-Ձեզ հետ խոսում են ռուսերեն, պատասխանեք ռուսերեն, ինչը, վստահ եմ, գիտեք:
-Հայաստանի պաշտոնական լեզուն հայերենն է,-ասացի,-մեր իրավունքն է հայերեն խոսել: Եթե դուք չգիտեք պետական լեզուն, խնդրեմ թարգմանիչ բերեք:
-Ի՜նչ, բոլոր դաշնակ կանայք խոսքներդ մե՞կ եք արել այդպես պատասխանելու: Տարեք սրան, մենք դեռ կտեսնվենք:
Այդպես, մեր հարցաքննությունը կիսատ մնաց՝ ուրախացնելով ինձ:
Հետո պիտի իմանայի, որ արդեն ձերբակալված Սաթո Հակոբյանը ևս մերժել էր ռուսերեն խոսել, պահանջելով թարգմանիչ:
Ներկա բազմությունը, գլուխը կորցնող երիտասարդ կոմիսարը զավեշտ էին թվում ինձ: Ոչ մի երկյուղ չէի զգում, ընդհակառակը, սիրտս երգել էր ուզում: Ասողներ կան նույնիսկ, որ իբր երգելով եմ բանտ մտել, բայց ես չեմ հիշում: Հիշում եմ միայն, որ մտքիս մեջ հնչում էր նորահնար «Զանգեզուր փախած աղջկա» երգի մեղեդին: Վերջապես ներքևի սրահի աջում մի ցածլիկ դուռ բացեցին, ինձ ներս հրեցին ու դուռը փակեցին:


Դեռ չէր լուսացել. առաստաղից կախված էլեկտրական մի թույլ լամպ հազիվ էր լուսավորում սենյակը: Տեսա, որ առանց անկողինների երեք-չորս թախտերի վրա, վերարկուներով ծածկված, պառկած էին մի քանի հոգի, նույնիսկ մեկ թախտի վրա՝ երկու անձ: Մի քիչ կիսախավարին վարժվելով՝ տեսա, որ անկյուններում, ուղղակի հատակին պառկածներ էլ կային: ՈՒրեմն, ինձնից առաջ ձերբակալված հայուհիներ կային: Նայելով այդ տեսարանին՝ տրամադրությունս ընկավ: Քարացած՝ մնացի կանգնած, չուզենալով խանգարել չոր տախտակների վրա քնած այդ տառապյալներին: Մեկ էլ խորքի թախտի վրա մեկը շտկվեց և նստեց տեղում.
-Ձեզ է՞լ բերին:
Ականջներիս չհավատացի, ձայնը Եվգենիա Նիկիտիչնա Սարգսյանի ձայնն էր:
-Եվգենիա Նիկիտիչնա,- ասելով գնացի, նստեցի իր թախտի անկյունում: Մեկ ուրիշն էլ կար նույն թախտին պառկած, որ նույնպես զարթնեց: Դա 13-14 տարեկան աղջիկ էր, Սարգսյանի գիմնազիայի աշակերտուհի Գոհարիկ Վարդանյանը: Զարմացած բացականչեցի.
-Բայց այս երեխային ինչու՞ են բերել:
-Հայրը սպա է, չեն գտել, աղջկան պատանդ են առել,-զվարթորեն ասաց Սարգսյանը:
Բայց, նախ, ներկայացնենք օրիորդ Սարգսյանին, որը բացառիկ դեմք էր Երևանում:
Եվգենիա Նիկիտիչնա Սարգսյանի հայրը ցարական զինվորական պաշտոնյա էր, այն էլ՝ ժանդարմերիայի: ՈՒնևոր ընտանիք էին, սեփական տուն ունեին քաղաքում, այգիներ, ամառանոցային տուն՝ այգում: Բայց այդ չէր Եվգենիային նշանավոր դարձնողը: Ինքը՝ ռուսական գիմնազիական կրթությամբ, թույլտվություն էր ստացել Երևանում հիմնելու օրիորդաց գիմնազիա, որի տերն ու տնօրենուհին էր: Հաղթամարմին, խոշոր ոտ ու ձեռով, չամուսնացած, հասուն տարիքի կին էր: Հակառակ իր մարմնեղության՝ ճկուն էր, պարում էր, սիրում էր հայ պարը, մանավանդ՝ ռանգին: Ռուսական կրթությամբ գիմնազիայի տեր դարձած այդ հայուհին հոգով-սրտով հայ էր, տիկնանց բարենպատակ միությունների գործուն անդամ, բայց երբեք՝ կուսակցական: Հարգված էր անխտիր բոլոր դասակարգերի, նաև՝ դաշնակցականների կողմից, հակառակ իր հոր պաշտոնի:


Եվգենիա Նիկիտիչնան բանտ էր մտել գանգրացված մազերով (թղթի պատառներով պիտի գանգրացներ ամեն օր, այդպես վարվեց նույնիսկ նահանջի ճանապարհին), կոկիկ հագնված, թևին՝ ապարանջան, մատներին՝ մատանի, վզին՝ կարմիր բուստի մի քանի շարան, թանկարժեք մուշտակ հագած, որ պիտի ծառայեր իրեն որպես վերմակ:
Մյուսներն էին՝ ինձ կանխավ ծանոթ Սաթո Հակոբյանը, ուսուցչուհի Հայկանուշ Ղարիբյանը (նոր ամուսնացած բոլշևիկ մի երիտասարդի հետ), օր. Մ. Թևոսյանը (քույրը Խորհրդարանի գրասենյակի մեքենագրուհին էր, բարեկամ էի նրա ամբողջ ընտանիքի հետ), տիկին Զառաֆյանը (անունը չեմ հիշում. տիկինն էր Լևոն Շանթի հետ Մոսկվա մեկնած պատվիրակության անդամ Զառաֆյանի), ինձ անծանոթ մի գեղանի նորահարս՝ Այվազյանը, որ այդ օրերին սպասում էր առաջին զավակի աշխարհ գալուն, և մի քանի ուրիշներ, որոնց անունները չեմ հիշում:
Ինձ անծանոթները բանտ էին դրվել որպես պատանդ, իրենց անգտանելի ամուսինների փոխարեն:


Չէկայի արգելարանում իշխանությունը չէր կերակրում ձերբակալվածներին, արտոնված էր տներից սնունդ ստանալ: Ես ընտանիք չունեի Երևանում ու դրսից սնունդ չէի սպասում: Ըստ հայկական սովորության, ունեցողն իր մի պատառ հացը բաժանում էր չունեցողի հետ:
Օրվա սննդեղենի հետ Մ. Թևոսյանն ստացավ նաև մի բրդե վերմակ, փռեց հատակին, մի անկյունում որպես ներքնակ, ինձ էլ տեղ տվեց իր մոտ:
Իմ անկյունի մի պատի վրա դուռ կար, իհարկե՝ փակ: Նկատեցի, որ այդ դռան վրա, ներքնամասում մի քառակուսի անցք կար բացված: Դուռը բացվում էր երկու կից սրահներից վերինի մեջ, ճիշտ այնտեղ, ուր դրված էր ձերբակալվածին ընդունող ու հարցաքննող կոմիսարի սեղանը: Այդ անցքով կարելի էր տեսնել ու լսել հարցաքննվողին: Այդ անցքը նախկինում էր եղել, թե բանտ դառնալուց հետո էր բացվել, ինձ հայտնի չէր:
Մեզ միակ զբաղմունք դարձավ այդ անցքը: Հետաքրքրասերները երբեմն նստում էին այդ անցքի մոտ ու դիտում դրսի անցուդարձը: Լսում էինք ձերբակալվածների «խոստովանությունները»: Եվ ինչպիսի՜ առիթ տեսնելու վտանգի առջև գտնվող մարդու հոգեկան տկարությունն ու քաջությունը, ստորությունն ու վեհանձնությունը:
Ես անձամբ օգտվեցի այդ անցքից՝ տեսնելու ու լսելու շատ բաներ:
Մեր բանտ-սենյակի զույգ պատուհանները բացվում էին բակի վրա, փողոցի կողմը: Բակի մեջ մեր պատուհանների դիմաց էր գտնվում արտաքնոցը: Դա առիթ էր տեսնելու, թե ովքեր կան Չէկայի բանտում:


Այդպես տեսանք Հայաստանի նախկին վարչապետ Հովհաննես Քաջազնունուն, որ հաճախ էր դուրս գալիս: Ի՜նչ պատիվ մեզ համար զգալ, որ քեզնից ինչ-որ բան ես ներկայացնում, որ արժանացել ես վարչապետի հետ նույն բանտում նստելուն:
Ոչ միայն դրսի դռների, այլև ուղղակի մեր սենյակի դռան առջև գիշեր-ցերեկ հսկում էին երկու հրացանավոր զինվորներ: Նրանք հայ էին, հիմնականում՝ գյուղացի տղաներ: Նրանց համակրանքը բանտարկյալների կողմն էր: Իրենք էին մեզ հասկացնում, թե պատրաստ են մեզ համար մի բան անելու:
Դուռը դրսից փակ չէր, արտաքնոցը պատրվակ անելով՝ դուրս էինք գալիս բակ որևէ մեկին տեսնելու ու լսելու:
Երբեմն փողոցի մայթի վրա տեսնում էինք Հայկանուշ Ղարիբյանի ամուսնուն, որ ձեռքը ծոցը, գլուխը քարշ շրջում էր մայթի վրա՝ հույս ունենալով տեսնելու կնոջը: Տեսնողն անմիջապես կանչում էր.
-Հայկանուշ, կե՛սդ, դուրս գնա, թող տեսնի քեզ:
Հայկանուշն ամոթխածությամբ պատասխանում էր.
-Ինչու՞ գնամ, թող տառապի անիրավը, իր սիրած իշխանությունն է մեզ բաժանողը:
Այդպես ասելով հանդերձ՝ չէր դիմանում, դուրս էր գնում, դրսի ազատ օդով գոնե մոտեցած լինելու իր նորապսակ ամուսնուն:
Հայկանուշն ուրախ բնավորությամբ, կատակաբան, կորովի աղջիկ էր: Իր ներկայությունը միշտ ուրախ տրամադրության մեջ էր պահում բոլորիս, ասես բանտում չէինք:
Առաջին օրը ցերեկով ոչ ոքի չբերին մեզ մոտ. առհասարակ գիշերներն էին կատարվում ձերբակալությունները:


Կեսգիշերն անց մեր դռան առջև մի ահարկու ճիչ լսվեց, ինչ-որ ծանր բանի ընկնելու աղմուկ, տղամարդկանց հայհոյանք և՝ «խաղ չենք ուզում, ոտքի»:
Վեր ցատկեցինք: Կնոջ ձայն էր ճիչը:
Դուռը բացվեց: Երկու տղամարդ ոտքերից և ուսերից բռնած, քաշկռտելով ներս բերին մեկին և կոպտորեն նետեցին դռան մոտի թախտի վրա: Մեկ ուրիշը ներս բերեց մի փաթեթ ու դրեց կնոջ մոտ: Առանց որևէ խոսքի բերողները դուրս գնացին՝ դուռը շրխկացնելով:
Փաթեթը կենդանություն ուներ, նվում էր, իսկ կինը հիստերիայի մեջ անգիտակից ճչում էր. «Երեխա՛ս, երեխա՛ս, երեխա՛ս»…
Բերվածը Խորհրդարանի անդամ, նախագահության առաջին քարտուղար Հակոբ Տեր-Հակոբյանի տիկինն էր՝ Մանուշակը, հետը, փաթեթում՝ հազիվ 3-4 օր առաջ ծնված մանկիկը:
Տիկինը կանոնավոր հագնված չէր, անկողնից էին քաշել-հանել: Նորածնի հետ՝ փոխնորդի ոչ մի կապոց: Միգուցե դրսում էին մոռացել: Սաթոն ուզեց դուռը բացել-ստուգել: Կողպված էր: Ջուր էլ չկար մոտներս կնոջն ուշքի բերելու համար:
Տիկին Մանուշը ցնցվում էր, գալարվում, հռնդում, երեխան նայում էր, կարծես հիմա մեռնելու էր:


Անտանելի վիճակ էր, ինչ անելներս չգիտեինք: Հայկանուշը գրկեց երեխային իր կրծքի վրա տաքացնելու համար: Եվգենիան ու Սաթոն աշխատում էին Մանուշին ուշքի բերել: Եվգենիան իր մուշտակը ձգեց Մանուշի վրա, նույնիսկ նստեց նրա ոտների վրա՝ ցնցումները զսպելու համար: Չէր օգնում: Երեխան ավելի բարձր ձայնով սկսեց լաց լինել: Լսելով երեխայի ձայնը՝ մայրը ավելի էր վատանում. «Երեխա՜ս…»:
Որքան էլ ապրեմ՝ այդ գիշերը չեմ մոռանա: Բոլշևիկյան անմարդկային բարքերի մի փաստ էր, որ թերևս միայն մենք տեսանք՝ որպես պատանդ բանտ բերել նորածին մանկիկ` չգտնվող հորը մեջտեղ հանելու համար:
Երեխան անոթի էր, տակը թաց էր, լալիս էր: Մայրը անկարող վիճակում էր, և մենք էլ ոչինչ անել չէինք կարող անել այդ թշվառներին օգնելու համար:
Հանկարծ, կարծես խոսքներս մեկ արած, բոլորս սկսեցինք աղմկել, բռունցքներով ծեծել դուռ ու պատուհան.
-Տուն տարե՛ք, տուն տարե՛ք այս հիվանդ մորն ու երեխային, եթե անհրաժեշտ է՝ տնային հսկողության տակ պահեք, բայց տուն տարեք: Անտանելի է, անմարդկային է:
Կից երկու սրահները դարձյալ լցված էին նոր ձերբակալվածներով, որոնք լսում էին մեր աղմուկը:
Դուռը բացվեց, ներս մտավ սպայի համազգեստով, նիհարակազմ, ծաղկատար դեմքով, անդուր արտահայտությամբ մեկը՝ Չէկայի հսկիչ կոմիսարը:
-Ի՜նչ եք աղմկում, Սասունի լեռներում չեք, լռե՛ք, մենք զբաղված ենք:
Բացատրեցինք, որ մայրը հիվանդ է, անզգա վիճակում, որ երեխան անոթի է, որ, որ… պետք է տուն տանել մորն ու երեխային:
-Ես ձեզ կտամ դաշնակցական բոլոր օրիորդների հասցեները, գնացեք նրանց բանտ բերեք, բայց ձեռք մի տվեք նորածիններին ու նրանց մայրերին,-ասաց Սաթոն:
-Կին չե՞ք, դու՛ք կաթ տվեք երեխային, իսկ մայրը դաշնակի կին է, չի մեռնի, ուշքի կգա,-ասաց վիժուկը քմծիծաղով:
-Ձեզ մայր չի ծնե՞լ,- միջամտեց Եվգենիան,- այստեղ օրիորդներ են, այստեղ կաթնասուն երեխա չունեցող տիկիններ են, ինչպե՞ս կաթ տան: Ամո՛թ, ամո՛թ ձեզ, գազանն անգամ խիղճ ունի անզոր արարածի համար, իսկ դու՞ք, ամո՛թ, ամո՛թ ձեզ:
-Ես ընդամենը բանտապահ եմ: Բերողը ես չեմ, արձակելու էլ իրավունք չունեմ: Ինչ ուզում է թող լինի:
Դուռը մեզ վրա կողպելով՝ կոմիսարը գնաց:
Մենք շարունակեցինք աղմկել՝ սպառնալով դուռ ու պատուհան կոտրել:
-Քույրե՜ր, քույրե՜ր,- լսեցինք մեզ վրա պահակ դրված զինվորների լալահառաչ ձայները,-հանդարտվեք, լռեք: Հսկիչը գնաց մեծ կոմիսարի մոտ, մի բան կանեն:
Լռեցինք: Հայկանուշը մեր ունեցած փափուկ թաշկինակով, սրբիչով երեխայի տակը փոխեց: Լացից հոգնած՝ երեխան լռեց, իսկ մայրն ուշքի չէր գալիս:
Անցավ բավական ժամանակ: Մի կառք եկավ, կանգնեց դարբասի դռան առջև: Բացվեց մեր դուռը: Ներս մտան երկու-երեք տղամարդ, վերցրին անգիտակից մորը, երեխային ու տարան-դրին կառք: Մեր աղմկելը մի բանի ծառայեց: Վերջը լսեցինք, որ տարել էին տուն՝ ենթարկելով տնային բանտարկության:


Կառքը ե՞րբ հեռացավ, ինչպե՞ս եղավ՝ չգիտեմ: Բայց բոլորս միահամուռ երգեցինք «Կարկուտ տեղաց Խանասորի դաշտումը», անվերջ կրկնելով. «Կանանց երբեք ձեռ տալու չէ, վրիժառու ջան ֆեդան»…
(շարունակելի)

Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Դիտվել է՝ 5014

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ