Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Եվ Մաուրիսիո Մակրին լաց եղավ

Եվ Մաուրիսիո Մակրին լաց եղավ
02.12.2018 | 13:33

Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը անգամ միմյանց ձեռքը չսեղմեցին Բուենոս Այրեսում G20-ի ղեկավարների լուսանկարումից առաջ: ՌԴ նախագահն առաջինը բարձրացավ լուսանկարչական հարթակ, իսկ ԱՄՆ նախագահը անցավ նրա կողքիվ ու չբարևեց: Պետությունների ղեկավարները լուսանկարվելուց հետո քայլեցին դեպի լիագումար նիստերի դահլիճ` Պուտինը առջևում էր, Թրամփը նկատելի հեռու: ՌԴ նախագահի մամլո քարտուղեր Դմիտրի Պեսկովը հայտարարեց, որ Պուտինն ու Թրամփը, այնուամենայնիվ, բարևել են միմյանց, բայց չեն շփվել: Նախագահի օգնական Յուրի Ուշակովը ևս պնդում է` բարև եղել է: Թրամփին ուղեկցող լրագրողները նշում են, որ ԱՄՆ նախագահը անցավ նաև Սաուդյան Արաբիայի արքայազն Մուհամեդ բին Սալմանի կողքով` առանց կանգ առնելու ու ձեռքը սեղմելու կամ 1-2 բառ փոխանակելու: Պուտինը, հակառակը, ժպտադեմ ձեռքսեղմումներ էր փոխանակում, իսկ լիագումար նիստում նրանք կողք-կողքի էին նստել: Նիստի լուսանկարներից երևում է, որ նախագահն ու արքայազնը զրուցում են ու ծիծաղում: Սպիտակ տունը տեղեկացրեց, որ Թրամփը բարևել է արքայազնին ու մի քանի բառ փոխանակել, սակայն ԱՄՆ նախագահը եթերում ասել է, որ Մուհամեդ բին Սալմանի հետ չի խոսել: Նախօրեին Դոնալդ Թրամփը տեղեկացրեց, որ բեկանել է Պուտինի հետ հանդիպումը Կերչի նեղուցի միջադեպի վերաբերյալ զեկույցին ծանոթանալուց հետո: Սպիտակ տան մամլո քարտուղար Սառա Սանդերսը բացատրեց, որ Թրամփը Պուտինին չհանդիպելու որոշումն ընդունել է Արգենտինա թռիչքի ժամանակ` պետքարոտւղար Մայք Պոմպեոյի, Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Ջոն Քելիի ու ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլտոնի հետ խորհրդակցելուց հետո: Ավելի ուշ ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովն ասաց, որ նախագահները կարող են շփվել ոտքի վրա, սակայն մեկ ժամ անց Սպիտակ տան ներկայացուցիչը հաղորդեց, որ այդ ձևաչափով հանդիպում ևս ծրագրված չէ: Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ հանդիպումից առաջ Թրամփն ասաց, որ Պուտինի հետ հանդիպման հույս ունի, բայց` կալանված ուկրաինական նավերի խնդրի կարգավորումից հետո. «Մեզ դուր չի գալիս տեղի ունեցածը: Մենք ուրախ չենք, ոչ ոք ուրախ չէ: Հույս ունենք, որ դա շուտով կհաջողվի կարգավորել, որովհետև մենք ցանկանում ենք հանդիպել նախագահ Պուտինի հետ»: Շաբաթ առավոտյան Պուտինը բանակցեց Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ, որ ինքնաթիռի խափանման պատճառով չէր հասցրել սամիթի բացմանը ներկա լինել: «Կոնրադ Ադենաուեր» Airbus A340-ը չծրագրված վայրէջք էր կատարել Քյոլնում տեխնիկական անսարքության պատճառով: Մերկելը ստիպված էր եղել Քյոլնից թռչել Մադրիդ ու Արգենտինա հասնել իսպանական Iberia ավիաընկերության չվերթով` ուրբաթ առավոտյան: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Բուենոս Այրես հասավ ժամանակին, բայց նրան ոչ ոք չդիմավորեց, Մակրոնը տիկնոջ հետ իջավ տրապից ու օդակայանի աշխատակիցների ձեռքը սեղմելով` անցավ կարմիր ուղեգորգով: Արգենտինայի փոխնախագահ Գաբրիելա Միկետին Մակրոնին հանդիպեց միայն ավտոմեքենային մոտենալիս: Արգենտինայի լրատվամիջոցները դա անվանեցին «արարողակարգային վրիպում»:
ВВС


Հ.Գ. G20-ի կազմում 19 տնտեսապես զարգացած պետություններ են և ԵՄ-ն` իբև առանձին անդամ: G20-ի կազմում են Արգենտինան, Ավստրալիան, Բրազիլիան, Կանադան, Չինաստանը, Ֆրանսիան, Գերմանիան, Հնդկաստանը, Ինդոնեզիան, Իտալիան, Ճապոնիան, Մեքսիկան, Ռուսաստանը, Սաուդյան Արաբիան, ՀԱՀ-ը, Հարավային Կորեան, Թուրքիան, Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը: Այս սամիթի թեման անդամ պետությունների արդար և կայուն զարգացումն է:
G20-ի շրջանակներում կայացել են բազում պայմանավորվածություններ.


*ԱՄՆ-ը 2019-ի հունվարի 1-ից հավելյալ մաքսատուրքեր չի սահմանի Չինաստանից ԱՄՆ ներկրվող ապրանքների համար` դեկտեմբերի 2-ին հայտնել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը՝ անդրադառնալով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՉԺԴՀ նախագահ Սի Ձինպինի Բուենոս Այրեսում հանդիպման արդյունքներին: «Երկու երկրների նախագահների զրույցն ավարտվեց: Հունվարի 1-ից հավելյալ մաքսատուրքեր չեն սահմանվի, իսկ երկկորղմ բանակցությունները կշարունակվեն», - հաղորդում է հեռուստաալիքը: Սպիտակ տան մամուլի ծառայության տվյալներով՝ Թրամփի և Սի Ձինպինի հանդիպումը տևել է երկուսուկես ժամ:


*ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն պայմանավորվել են, որ Աբեն Ռուսաստան կայցելի 2019-ի սկզբին: Պուտինը չի բացառել, որ հաջորդ տարի ինքը նույնպես կայցելի Ճապոնիա: Պուտինը նաև ասել է. «Մենք այժմ խոսում էինք փոխգործակցության լրացուցիչ մեխանիզմներ ստեղծելու, երկու կողմերի մոտ վստահության մակարդակը բարձրացնելու, հումանիտար շփումներն ու տնտեսական կապերն ընդլայնելու անհրաժեշտության մասին»:


*ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը տեղեկացրել է, որ Պուտինի՝ Սաուդյան Արաբիա կատարվելիք այցի հստակ ժամկետները հայտնի չեն, այցը կկայանա 2019-ին:


*Կիևի համար տնտեսական ու սոցիալական ոլորտներում իր ձախողումները որոշակի արտաքին ագրեսորով քողարկելը շատ ավելի հեշտ է` Արգենտինայում G20-ի գագաթաժողովից հետո մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Վլադիմիր Պուտինը: Նրա խոսքով՝ տնտեսական ու սոցիալական քաղաքականության մեջ սեփական ձախողումները պատերազմի ետևում թաքցնելը միշտ էլ ավելի հեշտ է. «Մեղավոր են ոչ թե իրենք, այլ արտաքին ագրեսորը: Եվ ժողովրդի աղքատացման համար է մեղավոր արտաքին ագրեսորը, և նրա համար, որ պետական բյուջեում ծայրը ծայրին չեն հասցնում: Հարկավոր է ձեռքը պարզած կանգնել ու գումար խնդրել ԱՄՀ-ից և այլ հովանավորներից՝ պատասխանատվությունն ու ծանրաբեռնվածությունը դնելով ապագա սերունդների վրա»:


*ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ոչ պաշտոնական զրույց են ունեցել Արգենտինայում` դեկտեմբերի 1-ին հայտնել է Սպիտակ Տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը. «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու առաջին տիկինը երեկ ընթրիքի ժամանակ մի քանի ոչ պաշտոնական զրույցներ են ունեցել համաշխարհային առաջնորդների, այդ թվում՝ նախագահ Պուտինի հետ»: Գագաթաժողովից հետո մամուլի ասուլիսի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ կարճատև հանդիպման ժամանակ պատասխանել է Սև ծովում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ԱՄՆ նախագահի հարցերին՝ ընդգծելով, որ իր տեսակետը նույնն է մնացել, իսկ Թրամփն ունի իր սեփական տեսակետը: Պուտինն ափսոսանք է հայտնել պաշտոնական հանդիպման չեղարկման առնչությամբ՝ հավելելով, որ հանդիպումը կկայանա, երբ ամերիկյան կողմը պատրաստ կլինի:


*ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չեղարկում է G20-ի արդյունքների վերաբերյալ մամուլի ասուլիսը Ջորջ Բուշ ավագի մահվան պատճառով: «Ես շատ սպասում էի մամլո ասուլիսին նախքան կլքեի Արգենտինան, քանի որ մենք մեծ հաջողություն գրանցեցինք տարբեր երկրների և նրանց ղեկավարների հետ G20- ի շրջանակներում շփւմների արդյունքում։ Սակայն հարգելով Բուշ ընտանիքին՝ մենք կսպասենք հուղարկավորությանը, այնուհետև կանցկացնենք մամուլի ասուլիսը»,- գրել է Twitter- ի իր միկրոբլոգում։


*Արգենտինայի նախագահ Մաուրիսիո Մակրին չի զսպել իրեն և լաց է եղել G20-ի մասնակիցների համար «Կոլոն» թատրոնում համերգի ավարտից հետո։ Տեսանյութում երևում է, թե ինչպես են հանդիսատեսը և պետությունների ղեկավարները հոտնկայս ծափահարում արվեստագետներին: Իսկ Մակրին, լսելով «Արգենտինա, Արգենտինա» բացականչությունները, հազիվ է զսպում իր զգացմունքները: Նրա կինը՝ Հուլիանա Ավադան, ժպտալով գրկում է նրան: Նախագահը ասել է, որ հուզմունքի պատճառը հպարտությունն է, իր ազգի և երկրի համար։


* G20 ղեկավարները հռչակագիր են ընդունել հավարտ Արգենտինայի գագաթաժողովի:

Հռչակագիրը, որը հրապարակվել է գագաթաժողովի պաշտոնական կայքում, բաղկացած է 31 կետից և դրույթից: Կից ներկայացված է նախարարների և աշխատանքային խմբի մակարդակով ընդունված փաստաթղթերի ցանկը: Հռչակագրի շուրջ պայմանավորվածության գալու հարցը գագաթաժողովի խնդրահարույց հարցերից մեկն էր: Երկու շաբաթ առաջ նման խնդրի առաջ էին կանգնել Պոպուա Նոր Գվիենայում Ասիա-Խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթաժողովի մասնակիցները՝ չկարողանալով համաձայնեցնել ավանդական հռչակագրի կետերը:


G20-ի մասնակից երկրների ղեկավարները կարողացել են համատեղ որոշում կառուցել Բուենոս Այրեսի գագաթաժողովում` հայտարարել է Արգենտինայի նախագահ Մաուրիսիո Մակրին: «Մենք համաձայնության ենք եկել հայտարարության շուրջ, որն արտացոլում է առևտրի և ԱՀԿ-ի կենդանացման անհրաժեշտությունը»,- ասել է նա։ «Մենք հաստատել ենք, որ բոլորս անհանգստացած ենք կլիմայի փոփոխությամբ»,- ավելացրել է Մակրին։
Արգենտինայի նախագահը նշել է, որ երկները խոստովանում են, որ նրանց առջև «բազում լուրջ մարտահրավերներ կան»։ Առևտրի, կլիմայի պաշտպանության և միգրացիոն թեմաների շուրջ անհամաձայնությունները ստիպված թաքցվել են փոխհամաձայնության ֆոնի տակ։
*Իտալիան և Հնդկաստանը պայմանավորվել են փոխանակել իրենց նախագահության տարիները` 2021-ին G20-ի գագաթաժողովը կանցկացվի Իտալիայում` դեկտեմբերի 1-ին` գագաթաժողովից հետո մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն: «Մենք պայմանավորվել ենք վարչապետ Նարենդրա Մոդիի հետ փոխանակել մեր նախագահության տարիները, մեզ մոտ գագաթաժողովը կանցկացվի 2021-ին, իսկ Հնդկաստանում՝ մեկ տարի հետո»: Փոխանակումը կատարվել է հնդկական կողմի խնդրանքով` 2022-ին Հնդկաստանում նշվելու է անկախացման 75-ամյակը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2591

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ