Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Նիկոլ Փաշինյանը գնում է Սերժ Սարգսյանի նվիրական ոտնահետքերով

Նիկոլ Փաշինյանը գնում է Սերժ Սարգսյանի նվիրական ոտնահետքերով
03.12.2018 | 10:18

Երեկ Նիկոլ Փաշինյանը Սիսիանում ասել է, որ Սահմանադրության «գլոբալ փոփոխության» անհրաժեշտություն չի տեսնում. «Սահմանադրություն փոխելը, պետական կառավարման համակարգ փոխելը պետք ա արդարացված լինի»: 2015-ին ընդունված Սահմանադրությունը պահելու գլխավոր փաստարկը եղել է` Սահմանադրությունը փաստացի ուժի մեջ է ընդամենը 7 ամիս. «Էկեք թողնենք մի քիչ աշխատի: Եթե տեսնենք, որ պետք ա կառավարման խորհրդարանական համակարգը փոխել, նորից վերադառնալ նախագահական համակարգ՝ իհարկե, մենք կաշկանդված չենք, ժողովուրդ ջան: Եթե դուք դա ուզեք՝ մենք դա կանենք»: Սա 100 տոկոսանոց պոպուլիզմ է ու բացարձակ անսկզբունքայնություն քաղաքական ուժի ու քաղաքական գործչի պարագայում: Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանի քաղաքական կյանքը բաժանվում է երկու մասի` մինչև 2018-ի ապրիլը ու 2018-ի մայիսի 8-ից հետո:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթով ընդունում է այն ամենը, ինչ արել է ՀՀԿ-ն` սկսած ՀԱՊԿ-ի դերի ընդունումից, հայ-ռուսական հարաբերություններից, ներքին ու արտաքին քաղաքականությունից մինչև … Սահմանադրություն: Նա հիանալի գիտի, որ ժողովուրդը երբեք փողոց դուրս չի գա Սահմանադրություն փոխելու պահանջով, որովհետև ժողովրդի համար մեկ է կառավարման մոդելը, նույնքան հիանալի գիտի` ինչպես է 2015-ին ընդունվել նոր Սահմանադրությունը ու ինչի համար: Ինչպե՞ս է համադրվում ժողովրդավարական ընկալումների հետ կեղծիքներով ընդունված Սահմանադրությունը ու «Թողենք մի քիչ աշխատի» հայտարարությունը: Փաստացի` Նիկոլ Փաշինյանը դեմ էր սուպերվարչապետական համակարգին, քանի դեռ ինքը չէր վարչապետը, իսկ հիմա, երբ դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրություններից հետո նորից ընտրվելու է վարչապետ, ՀՀԿ-ի սարքած համակարգը լավ էլ ընդունելի է. «Մենք, իհարկե, շատ լուրջ քայլեր պետք ա ձեռնարկենք, որպեսզի հակակշիռների և փոխզսպումների հստակ մեխանիզմ ունենանք, որ մեր երկրում բռնապետություն և անձնիշխանություն հաստատելու բոլոր հնարավորությունները վերանան և սահմանափակվեն: Բայց էս նպատակի հետևից գնալիս պետք ա ուշադիր լինել մեկ ուրիշ հարցում: Շատ կարևոր ա չխախտել իշխանության ուղղաձիգ բուրգը, որովհետև երկիրը պետք է լինի կառավարելի: Չի կարող պետության մեջ լինել էնպես, որ հստակ չլինի, թե ով ա երկրի ղեկավարը: Դա պոտենցիալ ճգմաժամ ա երկրի համար: Այո, էս Սահմանադրությամբ հստակ է, որ երկրի ղեկավարը վարչապետն է, բայց ես համաձայն եմ, որ պետք է լինի փոխզսպումների և հակակշիռների մեխանիզմ, որպեսզի իշխանության տարբեր թևեր իրար կարողանան վերահսկել»: Փաստացի` համաձայն է, բայց փոխել չի ուզում:


Միակ անընդունելին` «Սահմանադրությամբ ասվում ա, որ Ազգային ժողովի պատգամավոր և նախարար կարող են լինել միայն էն մարդիկ, ովքեր վերջին չորս տարում եղել են միայն ՀՀ քաղաքացի և մշտապես բնակվել են Հայաստանի Հանրապետությունում: Ի՞նչ խնդիր ունենք մենք այս ձևակերպման հետ․ եթե պատգամավորի դեպքում էս մոտեցումը համարում ենք արդարացված, գործադիր իշխանության պարագայում, կարծում ենք, որ սա որոշակի սահմանափակումներ է դնում Սփյուռքի ներուժը Հայաստանի կառավարման համակարգում ներգրավելու համար»: Սփյուռքի ներուժը Հայաստանի կառավարման համակարգում ներգրավելը շատ ընդարձակ հասկացություն է և բնավ ցանկալի ու կառավարման տեսակետից արդյունավետ չէ, որ թեկուզ ամենահանճարեղ սփյուռքահայը գա Հայաստան` նախարար աշխատելու: Դա ևս ցուցադրական-պոպուլիստական վերաբերմունք է կառավարությանը: Ցանկացած նախարար ոչ միայն 4 տարի, այլև շատ ավելի պետք է Հայաստանում ապրած ու աշխատած լինի ու տեղյակ Հայաստանյան կյանքին: «Գաստրոլյոր» նախարարների հարուստ փորձ ունի Ուկրաինան, որ Մայդանից անմիջապես հետո ձևավորված կառավարությունում պորտֆելները բաժանեց տարբեր ազգերի «հեղափոխական» ներկայացուցիչների ու … մի քանի ամիս անց նրանցից ազատվեց: «Գաստրոլյոր» պաշտոնյաներից էր Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին` նրան վստահվեց Օդեսայի նահանգապետի պաշտոնը, իսկ հետո նրան վտարեցին Ուկրաինայից: Դա՞ ենք ուզում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Եթե Նիկոլ Փաշինյանը բոլոր սկզբունքային հարցերում գնում է ՀՀԿ-ի նվիրական ոտնահետքերով, չի՞ ստացվում, որ հրապարակային վիրավորանքներն ու քաղաքականությունից դուրս եկող վիրավորանքները ընդամենը ծխածածկույթ են` ընտրողի վրա տպավորություն թողնելու, որ Նիկոլ Փաշինյանը պայքարում է «նախորդ հանցավոր ռեժիմի դեմ»: Թե իբրև լրագրող աշխատած տարիների փորձը, թե քաղաքականության մեջ կուտակածը Նիկոլ Փաշինյանին պետք է բավարարեր` հասկանալու համար, որ եթե ձուկը նեխած է, ոչ թե պոչից են մաքրում, այլ դեն են նետում: Արտաքուստ քարկոծվող համակարգը ներսից ցեմենտելու ու կոսմետիկ փոփոխություններով պահպանելու փորձերը չափազանց վտանգավոր են: Գալու է մի օր, որ Նիկոլ Փաշինյանն է ասելու. «N-ը ճիշտ էր, ես սխալվեցի»:

Դիտվել է՝ 2649

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ