«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Ռեբրենդինգի երանգներն ու վերջնագիծը

Ռեբրենդինգի երանգներն ու վերջնագիծը
04.12.2018 | 01:19

Ընտրություններին մնաց 5 օր: Թվում էր` 11 քաղաքական ուժերը հիմնական ասելիքն արդեն պիտի ընտրողին հասցրած լինեին, բայց առաջին շաբաթը ՔՊ-ՀՀԿ հարաբերությունների պարզման ասպարեզ դարձավ` ընտրողին մոռացած, երբ մյուսները պտտվում էին մարզերում ու քվե որոնում, իսկ երկրորդ շաբաթում շարունակվում են փոխադարձ մեղադրանքները` քարոզարշավը վերածվել է ուրվականների դեմ պայքարի: Փաստորեն` ընտրություններ 2018-ի միակ անակնկալը Նաիրա Զոհրաբյանի նոր ու նրան անճանաչելի դարձրած սանրվածքն է: Ի սկզբանե պարզ էր, որ հետհեղափոխական ընտրարշավը հայելի է դառնալու միմյանց նկատմամբ բուն վերաբերմունքի, բայց նաև ակնկալելի էր, որ փոխհարաբերությունների պարզաբանումներում ընտրողին չեն անտեսի: Իրականում հենց ընտրողն է թիրախը, ու քաղաքական պատերազմների կենտրոնում քվեն է, բայց դեպի ընտրողը ճանապարհը որոշ ուժեր անցնում են ոչ թե ուղիղ, այլ միմյանց հաշվին: ՈՒ դա անվայել է: Անվայել է, երբ հնչում են անպատշաճ արտահայտություններ, նույնքան ու ավելի անվայել է, երբ տրվում են նախընտրական խոստումներ, որ հավասարազոր են ընտրակաշառքի` ընտրողին դնելով «ձայնդ կտաս, տուն կտամ, ձայնդ կտաս` աշխատանք կտամ» ընտրության առաջ: Նույնիսկ հարց չէ, թե ընտրողը ինչ կանի: Առավել ևս Հայաստանի ընտրողը, որ ամենաանպաշտպանն է այս ընտրություններում: Հերիք չէր փողը կտրեցին, հիմա էլ ասում են` ինքնուրույն որոշում կայացրու: Անցյալ դարի 90-ականներից իբրև լրագրող լուսաբանելով համապետական ընտրությունները և այս օրերին լինելով մարզերում` համեմատության անսպառ պաշարից կարող եմ բազում հետևություններ անել:


1. Ժամանակը Հայաստանում, կարծես, կանգ է առել: Դաշտերի, լեռների ու ձորերի հերթագայությունը նույնն է, բայց տարօրինակ է, որ նույնն են նաև խնդիրներն ու մարդկանց բողոքները: Օրինակ` Գյումրիում տեղական հեռուստաընկերությունների լրագրողները նույն անփոփոխ հարցն են տալիս` ի՞նչ եք անելու Գյումրիի` իբրև աղետի գոտու համար: 30 տարի նույն հարցը տալու ու խոստումնաշար լսելու տաֆտալոգիայից հոգնած պիտի լինեին: Վերջապես հասկացած պիտի լինեին, որ նաև իրենք պիտի իրենց խնդիրները լուծեն, ոչ թե անվերջ սպասեն` ով կգա, ինչ կտա: Ոչ ոք այլևս չի գալիս: Ամենատխուրը գիշերային Գյումրիի շենքերի մութ պատուհաններն են, որ վկայում են` բնակարաններում մարդ չի ապրում, գնացել են, մնային` կառուցեին, ստեղծեին, ու՞ր են: Ի վերջո` Գյումրին Հայաստանում է, և ակնհայտ է` մինչև Հայաստանը չդառնա նորմալ զարգացող, արդյունաբերություն ունեցող պետություն, աղետի գոտի է լինելու ամբողջ երկիրը: Եվ բոլոր նրանք, որ գնում ու խոստումներ են տալիս գյումրեցուն, վանաձորցուն, սպիտակցուն ու նաև մյուս մարզերի բնակիչներին, մեղմ ասած, չափազանցում են իրենց հնարավորությունները ու ստում են ձայն պոկելու համար:


2. Այս ընտրություններում չկա այն ոգևորությունը, որ ապրում էր ժողովուրդը 1999-ի մայիսին, թեպետ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համարձակվում է պնդել, որ Վազգեն Սարգսյանի ասածը` «21-րդ դարը մերն է լինելու», սկսում է իրականանալ: Ակնհայտ է, որ մարզերում ապրում են տարեցներ ու երեխաներ, իսկ աշխատունակ հատվածը երկրում չէ, թեպետ արդեն ձմեռ է, ու արտագնա աշխատանքի մեկնածները պիտի վերադարձած լինեին` աշխատանքի սեզոնը դրսերում ավարտվել է: Հանդիպումների եկող ընտրողը բողոքում է նախկին «անօրեն իշխանությունից» ու պահանջում… փող, որ ապրի: Մարդիկ մեծամասնության մեջ դադարել են աշխատանք պահանջել, նրանք պրագմատիկ են` փող տվեք, տուն կառուցեք, թե չէ թողնում եմ` գնամ: Նրանք, որ աշխատանք են ուզում, իրենք ոչինչ չեն ուզում անել. դուք արեք, մենք կմտածենք` գանք-աշխատե՞նք, թե՞ տանը նստենք` կյանքից բողոքենք: Սա դեգրադացիա է, որ տևական բուժում է պահանջելու:


3. Ընտրողին բացահայտորեն չեն հետաքրքրում կուսակցությունների ծրագրերը: Կա որոշակի ստվար հատված, որ միշտ իշխանության կողմից է` համարելով, որ միայն իշխանությունը կարող է իրենց համար ինչ-որ բան անել: Իշխանության ու ընդդիմության գործառույթների տարբերության նկատմամբ միանգամայն անտարբեր` նրանք պատրաստ են ձայն տալ իշխանությանը` ով էլ լինի:

ՈՒ միշտ էլ բողոքելու են իշխանությունից` ով էլ լինի: Ցավալի է, բայց փաստ` հասարակության քաղաքականացվածությունը սկսվում ու ավարտվում է նույն կետում, կարևոր չէ, թե որ կուսակցությունն է իշխանություն, որը` ընդդիմություն, կարևոր չէ` ինչ են ասում ու ինչ են անում, կարևորը իշխանությունը գա ու իրենց համար լավ կյանք ստեղծի:
Նրանք իրենց պարտքն են համարում բողոքել թե նախորդ, թե գործող իշխանությունից` նրանք երկիրը ավերել են, սրանք ոչինչ իրենց համար չեն անում: Այս համապատկերում ի՞նչ պիտի անեն քաղաքական ուժերը, ի՞նչն է լինելու վճռորոշը ընտրություններում ձայն ստանալու համար: Գուցե թյուր տպավորություն է, բայց թվում է` ոչինչ: Ընտրողը գնալու է ու ընտրելու է իր բարեկամի, ծանոթի բարեկամին ու ծանոթին:


Դառնանք մայրաքաղաքին: Երևանից դուրս չեկող ու լրատվամիջոցներով քարոզչություն վարող ՀՀԿ-ին հաջողվեց ընտրարշավի առաջին շաբաթում ձևավորել ՔՊ-ՀՀԿ պայքարի առանցք ու այնպես ներկայացնել հարցը, որ հիմնական պայքարող ուժերն իրենք են։ Իրականում բոլորովին այլ գործընթաց է հասունանում: Այս ընտրություններին ՀՀԿ-ի անունով ներկայացած ուժը չէ այն կուսակցությունը, որ շարունակելու է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի ծրագրերը: 2015-2017-ին գլխավոր հարցը Սերժ Սարգսյանի իրավահաջորդի հարցն էր, շրջանառվում էին տարբեր անուններ` սկսած Սեյրան Օհանյանից մինչև Վիգեն Սարգսյան, բոլորի մտքում, իհարկե, Միքայել Մինասյանն էր: Բայց Վատիկանում ՀՀ նախկին դեսպանին Աշոտ Նավասարդյանի-Վազգեն Սարգսյանի-Անդրանիկ Մարգարյանի ՀՀԿ-ն պետք չէր, ու սկսվեց կուսակցության վարկաբեկման ու կործանման ծրագիրը: Սերժ Սարգսյանի իրավահաջորդը եղել ու մնում է Միքայել Մինասյանը, բայց նրան իշխանության բերելու է ոչ թե ՀՀԿ-ն, այլ բոլորովին այլ ուժ` նորաստեղծ, ոչ պակաս հարուստ: ՀՀԿ-ին հաճույքով փուռը կտան` հակառակ իր կամքի: Խաղը դրված է ոչ հնաբնակների, ոչ նորագիրների վրա, նրանց ընդամենը քավության նոխազ են դարձնում ու ՀՀԿ-ի` իբրև իշխանության, սպիտակ դրոշը այլ ուժի են տալու և հենց այդ խոստումնալից ու խոստումնառատ կուսակցությանն են թեթևակի ռեբրենդինգով` կուսակցապետի փոփոխությամբ հակադրելու ՔՊ-ին: Սա է այս ընտրության գլխավոր վտանգը: ՈՒ ՔՊ-ն դա գիտի: Գիտի, որ հետընտրական Հայաստանում է իրեն սպասում ամենավտանգավոր իրավիճակը` համարյա նույն մարտավարությամբ` ճանապարհներ փակելով ու խաղաղ, անարյուն, բաց ձեռքերի պայքարով: Փաստացի` ՀՀԿ-ի իրական ռեբրենդինգի ծրագիրը դա է` ՀՀԿ-ին հեռացնելու են ու թափուր տեղը` Միքայել Մինասյանի գլխավորությամբ, հանձնելու են ուրիշ կուսակցության: Այլ պարագաներում Սերժ Սարգսյանն այդքան հեշտ ու հանգիստ չէր հեռանա: Այս վարկածը շրջանառվել է իշխանափոխության սկզբից, բայց միայն հիմա է միս ու արյուն ստանում:


Իսկ մինչ այդ Հայաստանում կլինի ժողովրդավարական ընտրություն, որի արդյունքը, անցանկալի իրադարձությունների ծավալման դեպքում, սպառնում է լինել ձևական, գոյությունը առավելագույնը` 1-2 տարի: Պատահական չէ, որ «Սասնա ծռերը» հենց այդ ժամկետն են տալիս: Սա քաղաքական բայղուշություն չէ, այլ իրավիճակի արձանագրում: Հիմա փորձագետները դեռ գուշակություններ են անում ընթացիկ իրադարձությունների վերաբերյալ ու հույս են հայտնում, որ մինչև ընտրությունները մնացած ժամանակը կլցվի ծրագրերի վերաբերյալ բանավեճերով, որը շահեկան կլինի և հասարակության համար, և քաղաքական ուժերի համար: Գուցե: Փորձագետները նաև արձանագրում են, որ քարոզարշավում մեծ տեղ է տրվում ցանցային տեխնոլոգիաներին, քաղաքական ուժերի գերակշռող մասը ցանցերում աշխատում է սև ու սպիտակ PR-ների վրա, փորձելով սեփական գերիշխանության տպավորություն ստեղծել ու հնարավորինս օգտագործել էյֆորիայի մնացորդները` թե հօգուտ, թե ընդդեմ: Անկախ թե ինչ սոցհարցումներ են հրապարակվում, և ինչպես են տարբեր ուժեր փորձում հասարակությանը ուղղորդել այդ «հարցումների» տվյալներով, միշտ էլ ընտրարշավից առաջ ու ընթացքում կատարվում են փակ ու չհրապարակվող հարցումներ իշխանության համար: Մամուլում գրվեց, որ օրերս Նիկոլ Փաշինյանի սեղանին են դրվել հարցումների վերջին օրերի արդյունքները։ ՔՊ-ի տոկոսները բարձր են եղել, բայց, քաղաքապետի ընտրությունների համեմատ, շատ ցածր։ Գուցե նաև դա է պատճառը, որ ՔՊ-ի ընտրարշավը վարող Նիկոլ Փաշինյանը Հրազդանում 6 ամսվա հաշվետվություն տվեց. «20 և 10 դրամով էժանացել են գազն ու լույսը՝ սոցիալապես անապահով խմբերի համար՝ որոշակի չափաքանակներով, խմելու ջուրը Հայաստանում չի թանկացել, դեկտեմբերին պետք է թանկանար, մինչև 2024-ը չի թանկանալու։ 209 հազար մարդու աշխատավարձ բարձրացել է, ևս 200 հազար մարդու աշխատավարձ կբարձրանա 2019-ին։ 85 հազար մարդու թոշակը և նպաստը կավելանա հունվարի 1-ից։ «Բնակարան երիտասարդ ընտանիքներին» ծրագրով հիպոթեքային վարկի տոկոսներն իջել են աննախադեպ ցածր մակարդակի՝ 5 տոկոսով երկրորդային շուկայից հիպոթեքային վարկ պետք է վերցնեն, և վերջին 7 ամսում ընդհանրապես հիպոթեքային վարկերի տոկոսը բոլորի համար մեկուկես տոկոսով նվազել է, ողջ հանրապետությունում բարձրացել են անշարժ գույքի գները։ 125 000 մարդու վարկային պատմությունը մաքրվել է, այսինքն՝ հիմա կարող են վարկեր վերցնել։ Երկրորդ երեխայի միանվագ ծննդի համար նպաստը եռապատկվել է։ 38 000 աշխատող ստվերից տեղափոխվել է լեգալ դաշտ։ Վերացել են տնտեսական մենաշնորհները։ Քրեակատարողական հիմնարկում գերբեռնվածության խնդիրը լուծվել է, երթևեկության կանոնների տուգանքների համաներում է տեղի ունեցել 150 000 մարդու նկատմամբ, 13 միլիարդ դրամ ներվել է մարդկանց։ Սրտի ստենտավորման գները նվազել են 250 000 դրամով։ 2019-ից 200 000 քաղաքացիներ առողջապահությունից կօգտվեն սոցիալական փաթեթով, այսինքն՝ անվճար, երկրում վերացել է համակարգային կոռուպցիան, մանր կոռուպցիա առանձին դեպքերում կա, բայց, ըստ էության, վերացել է»: Հարց` ուրեմն ինչու՞ է ընտրողը դժգոհ: Եվ ինչու՞ է քարոզարշավն այսքան դժգույն ու կռվազան: Ինչու՞ է Նիկոլ Փաշինյանը սպառնում. «Առաջիկա օրերին էլի նոր բացահայտումներ կունենանք»: Ի՞նչ է դա նշանակում` վարչական ռեսուրսի թաքնված կիրառու՞մ, թե՞ սովորական դարձած գործընթաց, որ կորցրել է ազդեցությունը հասարակության վրա:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ. Իրականում այս ընտրությունները գերկարևոր նշանակություն ունեն ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի ներկայի ու ապագայի համար: Ընդամենը հպանցիկ հայացքը տարածաշրջանին ցույց է տալիս, որ Հայաստանի առաջ բացվում են աննախադեպ հեռանկարներ, միաժամանակ սրվում են վտանգները: Մենք աշխարհաքաղաքական ընտրություն ենք կատարելու` խորհրդարան ընտրելուց զատ: Այս թեման ընտրարշավում չի արծարծվում: Չգիտես ինչու, քաղաքական ուժերը խրվում են միայն Հայաստանի ներքին կյանքում ու չեն անդրադառնում արտաքին քաղաքական խնդիրներին, որ չեն սկսվում ու չեն ավարտվում Ղարաբաղի հարցով: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ստեղծված աշխարհակարգը փլուզվում է օր առ օր, ու բոլոր պետություններն ընտրության առաջ են` կառչել եղածի՞ց, թե՞ համարձակ քայլերի գնալ` համարժեք իրավիճակ ունենալու համար փոփոխված պայմաններին: 11 քաղաքական ուժերից քաղաքակրթական փոփոխություններին արձագանքում է միայն «Մենքը», ու միայն «Մենքն» է բարձրացնում Հայաստանի Հանրապետությունը միջազգային ասպարեզում իրավահավասար գործընկեր դարձնելու անհրաժեշտության հարցը: Գուցե դա չի բավարարում ընտրողի պոպուլիստական պահանջարկը, որին տուրք են տալիս բոլորը, գուցե նույնիսկ թվում է հակաքարոզչություն, բայց դա ճշմարտություն է, որ եթե ոչ այսօր, վաղը բախելու է բոլորի դուռը: Երկիրը պետք է զարգացման ոչ միայն այլընտրանք, այլև հեռանկար ունենա ու ամբիցիա:

Դիտվել է՝ 2848

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ