Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

«Աշխատում ենք շատ չնյարդայնանալ»

«Աշխատում ենք շատ չնյարդայնանալ»
04.12.2018 | 01:23

ՀՅԴ նախընտրական ցուցակի 2-րդ համար ԱՐՍԵՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ վստահ է, որ դաշնակցությունն անցողիկ շեմը հաղթահարել է, սակայն մտահոգություններ ունի, որ այսօրվա քարոզարշավում գաղափարական պայքար չկա։

-Քարոզարշավի կեսն անցավ, նախկին ու ներկա իշխանությունների ներկայացուցիչները փոխադարձաբար մեղքեր թվարկեցին, իսկ մյուս ուժերը կարծես դիտորդի կարգավիճակում են։ Ձեր քարոզարշավն այս մթնոլորտում չի՞ տուժել։ Ինչպե՞ս անցավ ՀՅԴ-ի համար քարոզարշավի առաջին փուլը։
-Մենք քաղաքականությունում մշտապես կարևորել ենք գաղափարների ու ծրագրերի պայքարը։ Այդ ակնկալիքն ունեցել ենք նաև այս քարոզարշավից։ Այսօրվա տրամադրությունները հաշվի առնելով, հազիվ թե հնարավոր լինի քարոզարշավը հետագայում այդ հունով առաջ տանել։ Ամեն դեպքում փորձում ենք մեր պատկերացումների շրջանակում քարոզարշավ իրականացնել։ Սակայն այն հռետորաբանությունը, որ որոշ քաղաքական ուժեր կիրառում են, ամենևին չի նպաստում քաղաքակիրթ քարոզարշավի իրականացմանը։ Ընդհանուր առմամբ, անցած շաբաթ, կարծում եմ, ՀՅԴ-ն բավարար արդյունքներ արձանագրեց, որովհետև հասցրել ենք ողջ հանրապետության տարածքով, տարբեր ձևաչափերով քարոզարշավ իրականացնել։ Արդյունքները գոհացուցիչ են։ Այս սեղմ ժամանակահատվածում շարունակելու ենք առավելագույն ջանքեր գործադրել, որպեսզի մեր մոտեցումները հասցնենք ժողովրդին։
-Նշեցիք, որ մարզերից արդյունքները գոհացուցիչ են։ Իսկ չկա՞ տրամադրվածություն, որ ՀՅԴ-ն համարում են նախկին արատավոր համակարգի մաս, կամ ինչու՞ է դաշնակցությունը լռել, երբ նախորդ տարիներին այդքան սխալներ են եղել։
-Նախ` մենք սխալներին լուռ չենք հետևել։ Չկան հարցեր, որոնց պատասխանները մենք չունենանք։ Քարոզարշավի ընթացքում տեղի ունեցած հանդիպումների, քննարկումների ժամանակ մեկ անգամ ևս անդրադարձել ենք այդ հարցերին։ Պետք է նշեմ, որ երբ նման հարցադրումներ են հնչել, պատասխանները եղել են համոզիչ։ Ամեն դեպքում, այս ընթացքում որևէ դեպք չի եղել, որ ՀՅԴ-ի հանդեպ անբարեհաճ վերաբերմունք ցուցաբերվի։ Բնական է, որ կլինեն հարցադրումներ, որոնք իրենց պատասխաններն ունեն։
-ՀՀԿ-ի քարոզարշավը հիմնականում կառուցված է անվտանգության, ղարաբաղյան հիմնախնդրի դրույթի վրա։ ՀՅԴ-ի համար ո՞րն է խորհրդարանում հայտնվելու առաջնային խնդիրը։
-Մեր առաջնային խնդիրը նախկին իշխանությունների ժամանակ թույլ տված սխալների կանխումն է։ Խոսքը վերաբերում է քաղաքական մենիշխանության պահպանման, ազգային ներուժի պառակտման և դիմագծից շեղումներին։
-Այսինքն, այսօրվա իշխանությունները ևս ձգտում են մենիշխանությունը պահպանե՞լ։
-Դա ակնհայտ է։ Եթե նախընթաց ժամանակահատվածում բացասական երևույթների խորքային պատճառները վերլուծենք, կարձանագրենք, որ իրականում Հայաստանում մեծ վտանգ է ներկայացնում մենիշխանությունը, ինչն իր հերթին բերել է տնտեսական մոնոպոլիայի, որից ժողովուրդը միշտ դժգոհ է եղել։ Այս իսկ պատճառով շատ կարևոր է, որ հակակշիռների և զսպումների մեխանիզմներ ստեղծվեն իշխանություն-ընդդիմություն միասնական համակարգի շրջանակներում։ Մեր մյուս մտահոգությունը բարիկադների ստեղծումն է, ներսում թշնամիների, դավադրությունների փնտրտուքն է, պիտակավորումները, որոնք ցանկալի չեն և օր առաջ պետք է ձերբազատվել այդ ամենից։ Պետք է բացառել այս բոլոր երևույթները, որոնք ազգային ներուժի պառակտմանն են միտված։
-Քարոզարշավի այս օրերին ո՞րն է դաշնակցության համար ամենաանընդունելին, ի՞նչն է ձեզ նյարդայնացնում ամենից շատ։
-Աշխատում ենք շատ չնյարդայնանալ։ Բացասական երևույթներին հարկ եղած դեպքում արձագանքում ենք։ Քարոզարշավի ժամանակ նյարդայնանալը լավ տեղ չի տանի, սառը դատողությամբ պետք է առաջ շարժվել։
-Եթե դաշնակցությանը չհաջողվի անցողիկ շեմը հաղթահարել, ինչպե՞ս եք ձեր մտահոգությունները տեղ հասցնելու։
-«Եթե»-ներով հարցերին պատասխանելուց ձեռնպահ կմնամ, որովհետև, մեր գնահատմամբ, նվազագույն շեմը հաղթահարելու խնդիր չենք ունենա։
-Ի՞նչ հիմք ունեք նման վստահության համար։
-Մեր կազմակերպական կառույցը, մեր շփումները, մեր տեսակետները, գաղափարները, որոնք ընդունելի են ընտրողների զգալի հատվածի կողմից։


Զրուցեց Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 3862

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ