Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Ով գնա Ղարաբաղը հանձնելու ճանապարհով, դա կլինի նրա ինքնասպանության դատավճիռը»

«Ով գնա Ղարաբաղը հանձնելու ճանապարհով,  դա կլինի նրա ինքնասպանության դատավճիռը»
07.12.2018 | 01:39

Քարոզարշավի ընթացքում անվտանգության, Արցախի թեման բավականին շատ արծարծվեց։ Դավիթ Շահնազարյանը Նիկոլ Փաշինյանին մեղադրեց Արցախը հանձնելու մտադրության մեջ, իսկ հաջորդ օրը նրան կանչեցին ԱԱԾ՝ բացատրություն տալու։ Սակայն իրական մտահոգությունն այս փոխադարձ մեղադրանքներից չի նվազում։ Դավիթ Շահնազարյանը խոսեց նախիջևանյան հատվածում հակառակորդի լուրջ պատրաստվածության մասին, թեև այս մասին պետք է բարձրաձայնեին դեռ նախորդ իշխանությունները, քանի որ սահմանի այս հատվածում տեղաշարժերն սկսվել են յոթ ամսից շատ ավելի վաղ։ «Իրատեսը» մեկ անգամ չէ, որ անդրադարձել է նախիջևանյան անցուդարձին ու դրանց քաղաքական շարժառիթներին։ Մեզ հետ զրույցում այդ մասին հաճախ խոսել է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԸ, որին խնդրեցինք վերջին մեկնաբանությունների շուրջ ևս տեսակետ հայտնել՝ մինչ այդ անդրադառնալով ՀԱՊԿ քարտուղարի ընտրության հարցին։

-Նախ՝ այս ամենը նախապատմություն ունի,- ասաց պարոն Նավասարդյանը:- Խաչատուրովին ո՞վ բերեց հասցրեց այնտեղ՝ նախկին իշխանությունները։ ՀԱՊԿ-ում ներքին աննորմալ վիճակ կա Հայաստանի հանդեպ, քանի որ ռազմաքաղաքական այդ ալյանսը խախտում է բոլոր միջազգային գրված և չգրված օրենքները։ Դա և՛ Լուկաշենկոյի, և՛ Նազարբաևի քաղաքականությունն է, դրա մասին է խոսում նաև Ռուսաստանի զենքի վաճառքը Ադրբեջանին։ Այդուհանդերձ, մեզ համար առանցքայինը հայ-ռուսական հարաբերություններն են։ Դեռ ժամանակին պետք է այս հարցերը դրվեին ու շտկվեին։ Խաչատուրովի դեպքը մոտիվացիա եղավ։ Պարզապես Հայաստանի արտգործնախարարությունն արարողակարգային սխալ կատարեց, սայթաքում թույլ տվեց, որը թիրախ դարձավ։ Փաշինյանն Աստանայում կարողացավ դիմադրել այդ ճնշմանը։ Դժվարանում եմ ասել, թե ինչպես ստացվեց, որ հետաձգվեց հարցը, բայց դա մեր իշխանությունների համար փրկօղակ էր, քանի որ նախընտրական շրջանում շահարկման հարց կդառնար։ Իսկ հետագայում կկորցնենք այդ պաշտոնը, թե ոչ, հարցի մյուս կողմն է։ Հայաստանն ամեն ինչ պետք է անի, որ այս ճգնաժամային վիճակից դուրս գա։
-Խաչատուրովի շուրջ ստեղծված այս իրավիճակը Հայաստանի իշխանությունների անփորձության հետևանք չէ՞ր։
-Կարծում եմ՝ դա դիվանագիտական սխալ էր, բայց ոչ ողբերգություն։
-Հայաստանը ոչինչ չի՞ կորցնում, եթե չհաջողվի մեր ներկայացուցչին նշանակել այդ պաշտոնում։
-Հայաստանը չի կորցնում, պարզապես Հայաստանի համար ճգնաժամային իրավիճակ են ստեղծել այնտեղ։ Լուկաշենկոն և Նազարբաևը հակահայկական քաղաքականություն են վարում, մի վիճակ է, երբ ոչ միայն Հայաստանի, այլև Ռուսաստանի շահերն են տուժում։ Կարելի է երկար թվարկել, թե ինչ հակառուսական քայլեր են անում այդ երկրները։
-Վերլուծաբանները նշում են, թե հանուն Հայաստանի Ռուսաստանը չի փորձի հարաբերությունները վատացնել Բելառուսի և Ղազախստանի հետ։
-Եթե Ռուսաստանը գնար այն քայլին, որ նրանց հայտարարեր թշնամիներ և պաշտպաներ Հայաստանին, դա ՀԱՊԿ-ը փլուզել կնշանակեր։ Կարծում եմ, ՀԱՊԿ-ը ոչ այնքան ռազմական, որքան քաղաքական երևույթ է։ Պուտինի համար շատ կարևոր է գոնե առերես պահել ինտեգրացիոն երևույթը նախկին ԱՊՀ-ի շրջանակներում։ Սա նրա համար կյանքի ու մահվան հարց է։ Հայաստանը սա շատ լավ հասկանում է, իսկ այն ուժերը, որոնք մղում են այդ կառույցից Հայաստանի դուրս գալուն, Հայաստանի դեմ են։ Ռուս պատգամավորներից մեկը վերջերս հայտարարեց, թե Հայաստանը պետք է ՀԱՊԿ-ից դուրս գա, մտնի ՆԱՏՕ, իսկ Ադրբեջանը պետք է մտնի ՀԱՊԿ։ Սա նշանակում է Հայաստանը լրիվ մերկացնել։ Ի՞նչ է, ՆԱՏՕ-ն պետք է գա Հայաստանը պաշտպանի՞։ Նախ՝ Հայաստանը եթե ցանկանա էլ, այսօր չի կարող ՆԱՏՕ մտնել, չգիտեմ՝ Ադրբեջանը կմտնի՞ ՀԱՊԿ, թե չէ, բայց այս ողջ սցենարը հուշում է, որ Հայաստանը կարող են մատաղ անել, առաջին հերթին Արցախի հարցով։ Փաշինյանի քաղաքականության հաճելի դրվագներից մեկն այն է, որ նա մշտապես ընդգծում է, թե այս ամենում ինչ կկորցնի ու ինչ կշահի Հայաստանը, ասել է՝ մեր շահերը երբեք ոտնատակ չեն տրվում, ինչն այսօր անընդհատ շահարկում են նրանք, ովքեր ուզում են, որ այս իշխանությունը տապալվի։
-Արցախի հարցում վերջին հայտարարություններն ի՞նչ են, երբ քաղաքական հարթակ նետվեց «իշխանություն՝ Արցախի դիմաց» թեզը։
-Դա քաղաքական անբարոյականություն է, որն այսօր ընդդիմություն կոչվածն է անում։
-Անվտանգության շուրջ անհանգստություններ կան ու միշտ կլինեն, քանի որ ունենք չլուծված հակամարտություն։ Ընդդիմությունը չպե՞տք է այս ամենի հետ կապված իր մտահոգությունները ներկայացնի, երբ կարծում է, որ իշխանությունն այսօր ճիշտ ճանապարհով չի գնում։ Դա անբարոյականությո՞ւն է։
-Ղարաբաղյան հարցով այս ընդդիմության ասածներում ես տրամաբանություն չեմ տեսնում։ 27 տարվա պատմությունը ցույց է տալիս, թե նախկին իշխանություններն ինչպես վարվեցին Ղարաբաղի հետ։ Բոլոր գրավոր ու բանավոր փաստաթղթերը Փաշինյանը չի ստորագրել այս 7 ամսում։ Մադրիդյան պիղծ սկզբունքները ու՞մ օրոք ընդունվեցին։ 1994-ի զինադադարի պայմանագիրն ո՞վ ստորագրեց, 1998-ին ո՞վ Ղարաբաղը հանեց բանակցային գործընթացից, ո՞վ ստորագրեց Ստամբուլյան խարտիան, Քի Վեսթը։ Այս բոլորի, ընդհուպ կազանյան փաստաթղթի մասին շատ լավ գիտեն այսօրվա քննադատները, բայց այդ մասին ոչ մի բան չէին ասում։ Կան ազգային սրբություններ, որոնցից մեկը Ղարաբաղն է, և այսօրվա իշխանություններին մեղադրել, որ ուզում են հանձնել Ղարաբաղը իշխանությունը պահելու համար, առնվազն սադրանք է, տեռոր։ Սա ամենազգայուն տեղն է՝ ով գնա Ղարաբաղը հանձնելու ճանապարհով, դա կլինի նրա ինքնասպանության դատավճիռը։
-Դիվանագետի Ձեր հոտառությունն ի՞նչ է հուշում, այն քայլերը, որ այսօրվա իշխանությունն է անում արտաքին քաղաքականությունում, հակամարտությանն առնչվող վտանգներ չե՞ն պարունակում։
-Արտաքին քաղաքականությունն ինքնին վտանգներով լի է, այդպես է ու այդպես կլինի։ Արցախյան հարցը շատ բարդ է։ Այն, ինչ ասաց Փաշինյանը, շատ խելքին մոտ է, որ մինչև Արցախը բանակցային սեղանի շուրջ չվերադառնա, հարցը չի կարգավորվի։ Նա հայտարարեց, որ դա ժողովրդի որոշելու հարցն է։ Իսկ ինչու՞ որոշեցին, որ «Իմ քայլը» հարցն ի վնաս Հայաստանի կլուծի։ Անկախ հանգամանքից՝ 7 ամսվա ընթացքում հեղափոխականներն ինչի կարողացան հասնել, հիմքում բազմավեկտոր քաղաքականությունն է, որը ճիշտ է։ Սա ԱՊՀ երկրները չեն ընդունում, բայց պետք է տեսնել, թե աշխարհում ինչ է կատարվում։ Այսպիսի քաղաքականությունն Արևմուտքում շատ լավ են ընդունում, դրա վկայությունն է Բոլթոնի բարեհաջող այցը, որքան էլ հակառակը պնդեն, Իրանն անգամ շնորհակալություն հայտնեց, որ որևէ սայթաքում չի եղել։
-Իսկ ի՞նչ էր Իրանի հետ սահմանի փակման վերաբերյալ Փաշինյանի հայտարարությունը։
-Բայց ի՞նչ է ասել նա. եթե լինի այնպիսի իրավիճակ, որ սահմանը փակվի, կփակվի։ Իրանցիների հետ եմ ես խոսել, նրանք էլ են նույն բանն ասում, եթե պատերազմ լինի, կփակեն։ Հեղափոխությունն ունի իր հակահեղափոխական սեգմենտը, որն այսօր շատ ակտիվ գործում է բոլոր ուղղություններով։ Ինչպես Փաշինյանը լավ տեխնոլոգիաներ օգտագործեց հեղափոխության օրերին, այնպես էլ այսօրվա ընդդիմությունը թիրախավորված հակաքարոզչություն է անում։ Սա հինգերորդ շարասյան ձեռագիր է։
-Անդրադառնանք նաև նախիջևանյան խնդրին։ Դուք մինչ այս իշխանությունը հաճախ բարձրաձայնում էիք, որ Նախիջևանում վտանգավոր զարգացումներ կան։ Քարոզարշավի այս օրերին Դավիթ Շահնազարյանը խոսեց այս թեմայով, բայց իրադրությունը թվագրեց այնպես, որ այս 7 ամիսներին իրավիճակն ավելի է սրվել։ Ի վերջո, այսօր ի՞նչ է կատարվում այդ սահմանին։
-Դեռ երկու տարի ու նույնիսկ դրանից ավելի առաջ մենք՝ մի խումբ էնտուզիաստներ, ահազանգել ենք այդ խնդիրների մասին։ Հայտարարել էինք, որ ցանկանում ենք միջազգային կոնֆերանս անել, սակայն նախկին իշխանության անդամներն ասում էին՝ մի սերմանեք խուճապ հանրության շրջանում, որովհետև ամեն ինչ վերահսկողության տակ է։ Իրենց պատգամավորներից Միհրան Հակոբյանն այնպիսի բաներ ասաց, որ քիչ էր մնում Նախիջևանի իշխանություններին դրա համար շնոհակալություն հայտնեինք։ Հիմա չգիտեմ ինչպես է իրավիճակն այնտեղ, գուցե 1-2 սմ առաջ են եկել կամ ոչ, բայց հարցը խորքային պետք է դիտարկել։ 2010-ին Ադրբեջանի և Թուրքիայի միջև ստորագրվեց ռազմական պայմանագիր, և սկսվեց միլիտարիզացիան։ Որտե՞ղ էին այսօրվա ընդդիմախոսները, ինչու՞ չէին խոսում այս մասին։ Այն, որ դեռ նախկին իշխանության օրոք խոսակցություն կար, որ այնտեղ «Պոլոնեզ» էին տեղադրել, ինչու՞ դրա մասին չէին խոսում։ Այդ քննադատներն ինչու՞ չեն ասում, որ այնտեղ տեղադրված է տիեզերական կայաններից մեկը, որ 2016-ի ապրիլյան պատերազմի ժամանակ հետախուզել է մեր դիրքերը։ Այստեղ միայն Նախիջևանից Հայաստանի ուղղությամբ վտանգներ չեն, այդ ամենի հետևում Օսմանյան կայսրությունն է, Լոզանի պայմանագրի վերականգնումը և Էրդողանի հեռահար նկրտումները։ Ի՞նչ է, այս բոլոր խնդիրները Փաշինյա՞նը ստեղծեց այս ամիսների ընթացքում։
-Ոմանք այս ընթացքում սխալ համարեցին անվտանգության, Արցախի հարցի արծարծումը, մյուսներն էլ հակառակն էին պնդում։ Ի վերջո, քարոզարշավին պե՞տք է այս թեմաներն այսքան «բացվեն»։
-Եթե քաղաքական գործիչն այս լարված օրերին կանգնում է ու ասում, թե այսօրվա իշխանությունները Ղարաբաղը հանձնում են, դա, կներեք, քաղաքական անբարոյականություն է։ Սա նաև վտանգավոր է։ Ընդհանրապես մեզանում քաղաքական կուլտուրայի պակաս կա։ Ընդհանրապես հայկական այս փոքր հողի վրա դավաճանությունը շատ մեծ տեղ է գրավել։ Սա Տիզբոնն է ինձ հիշեցնում։ Քչերն են զբաղվում քաղաքականության և դիվանագիտության հոգեբանությամբ, ես այդ քչերից եմ։ Մի երևույթ կա, որը կոչվում է նախանձ։ Կողք կողքի նստել են Պողոսը, Պետրոսը և Նիկոլը, հանկարծ Նիկոլն առաջ է պոկվում, նախանձը խեղդում է մյուսներին։ Նախանձը քաղաքական կատեգորիա է, որ պետություններ է կործանում։

Զրույցը՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 4363

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ