Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Դա տարածք է, որն ունի անուն, այդ անունն էլ` որոշակի պատմություն, որևէ այլ բան այնտեղ ներկայումս չկա»

«Դա տարածք է, որն ունի անուն, այդ անունն էլ` որոշակի պատմություն, որևէ այլ բան այնտեղ ներկայումս չկա»
07.12.2018 | 02:20

Կինոռեժիսոր Հայկ Բաբայանն ու իր ընկերները տևական ժամանակ է պայքարում են «Հայֆիլմ» կինոստուդիայի «վերածննդի» համար: Մինչ կինոոլորտի ներկայացուցիչներն առանձին զրույցներում գուժում են երբեմնի հեղինակավոր կինոստուդիայի թալանն ու մահը, երիտասարդների այս խումբը պայքարի, ստուդիան վերականդանացնելու ծրագրեր է առաջարկում: Բոլորովին վերջերս «Հայֆիլմի վերածնունդ» նախաձեռնությունը պետական գույքի կառավարման վարչությանը ներկայացրեց «Հայֆիլմը» վերականգնելու ծրագրային փաթեթը: Թեմայի շուրջ զրուցել ենք պետական գույքի կառավարման վարչության պետ ՆԱՐԵԿ ԲԱԲԱՅԱՆԻ հետ:

-Պարոն Բաբայան, ծանոթացե՞լ եք նախաձեռնության ներկայացրած փաթեթին:
-Ծանոթացել եմ փաթեթում ներկայացված առաջնահերթություններին, սակայն այդ առաջնահերթությունների մեջ կան բաներ, որոնք ավելի շատ դեկորատիվ բնույթ են կրում: Եթե անդրադառնանք բուն էությանը, ապա խնդիրը ներկայացրած ծրագրերն ինչպես և ինչ միջոցներով անելն է:
-Նկատի ունեք՝ հովանավորնե՞ր են պետք:
-Հիմա հովանավորի խնդիրը չէ, այնտեղ ֆիլմ չի նկարահանվում, համապատասխան պայմաններ չկան: Կինոստուդիան, ինչպիսին եղել է սովետմիության տարիներին, չկա ու առաջիկայում չի էլ կարող լինել: Այն կարող է դառնալ ֆիլմ նկարահանելու հարթակ, և տարբեր կինոարտադրողներ կարող են տարածք վարձակալել: Բայց այդ ամենի համար նաև ներդրումներ են հարկավոր: Մինչդեռ հակառակը, այսօր մեզ մոտ ֆինանսական միջոցների կրճատման խնդիր կա, նույնիսկ որոշ հաստիքների համար խնդիր կա: Իրականում հիմա միայն պահպանության ծախսեր են արվում, և նույնիսկ դրանով հնարավոր չէ պատշաճ պահպանություն իրականացնել:
-Ի՞նչն են պահպանում, երբ ասում են՝ ստուդիայում էլ ոչինչ չկա:
-Օրինակ, կան տարբեր ոճերի, ժամանակաշրջանների հազարավոր հանդերձանքներ, որոնք օգտագործվել են կինոներում: Հաճախ տարբեր ֆիլմերի համար վարձակալում են որոշակի հագուստ: Այդ բաժնում աշխատող կա, բնականաբար, պահակային ծառայություն կա...
-Այսինքն, փորձ է արվում պահպանելու այն, ինչ մնացել է «Հայֆիլմից», բայց պե՞տք է մի բան արվի, որ ստուդիան խոպան չմնա: Եվ եթե տղաները մեծ ոգևորությամբ, սրտացավությամբ ինչ-որ բաներ են առաջարկում, հնարավոր չէ՞ իրենց հետ համագործակցել, հնարավորություն տալ ինչ-որ քայլեր անելու: Մանավանդ վստահեցնում են, որ ունեն աջակիցներ, համակիրներ տարբեր ոլորտներում:
-Իրենց փաթեթում դա արտացոլված չի եղել: Նշված են ցանկություններ, որոնց հետ ես ինքս համաձայն եմ, ու ցանկալի է, որ այսպիսի փոփոխություններ լինեն: Բայց այդ ամենը միլիոնավոր դոլարների ներդրում է ենթադրում:
Ես հանդիպել եմ տարբեր հետաքրքրվողների հետ, որոնք ոչ մեծ ծավալի, բայց որոշ հատվածներ վերանորոգելու պատրաստակամություն են հայտնել: Առայժմ խոսակցությունների մակարդակում է, վերջնականապես չի հստակեցվել: Այդպես կամաց-կամաց ինչ-որ քայլեր գուցե արվեն, բայց լայնամասշտաբ ծրագիր դեռ չի նախանշված:
-Եթե «Հայֆիլմի վերածնունդ» նախաձեռնությունը ներկայացնի «ինչպե՞ս և ի՞նչ միջոցներով անելու» հարցերի պատասխանը, հնարավո՞ր է մի երկրորդ հանդիպում, գուցե նաև՝ համագործակցության եզրեր:
-Եթե իրենք նորից հանդիպում խնդրեն, ոչ մի խնդիր չկա, կարող ենք մի քանի օրվա ընթացքում կազմակերպել: Ես ինքս չեմ հասկանում... ֆեյսբուքյան տարբեր գրառումներում նշում են իմ անունը և ասում են, օրինակ, որ երկու հոգու աշխատանք տրամադրվի: Նորից եմ ասում, բացարձակապես դեմ չեմ, բայց չկան այդ հնարավորությունները: Աշխատանքը, որ իրենք ասում են, մի այլ բան է ենթադրում, որն այս պահին դեռևս հնարավոր չէ: Բայց եթե ինչ-որ հանգամանքներ, հարցեր բաց են մնացել մեր կողմից, պատրաստ եմ նորից քննարկելու:
-«Հայֆիլմի» մասնավորեցման մասին ի՞նչ կասեք (եթե չհաշվենք մասնավորեցման նախորդ տխուր փորձը):
-«Հայֆիլմը» շատ մեծ տարածք է, մեծ ծավալի շենք-շինություններով, և ամբողջական մասնավորեցումը, պահպանումը առայժմ ոչ մեկի հետաքրքիր չէ: Դա տարածք է, որն ունի անուն, այդ անունն էլ որոշակի պատմություն, որևէ այլ բան այնտեղ ներկայումս չկա: Որոշ տարածքներ վարձակալվում են, սակայն վարձակալները նույն հաջողությամբ կարող էին լրիվ այլ տեղ վարձակալել, «Հայֆիլմն» էլ մնար ուղղակի որպես դատարկ շենք: Մեր նպատակն է որոշակի բարեկարգումներ անել և առաջարկել, որպեսզի որոշ ֆիլմարտադրողներ նկարահանումներ իրականացնեն: Բայց այն, ինչ եղել է Խորհրդային Միության ժամանակ, երբ պետության աջակցությամբ կինոստուդիա պետք է լիներ, որտեղ տարեկան որոշակի թվով ֆիլմ պետք է նկարահանվեր, հասկանում եք, որ դա չի կարող լինել: «Հայֆիլմը» տարածք է, որպես պետական կինոստուդիա դիտարկել հնարավոր չէ: Պետությունը կինո նկարող չէ, կինո նկարողները ռեժիսորներն են, որոնց պետությունը կարող է, պետք է, աջակցում է: Պետպատվերի ծրագրում էլ որոշակի փոփոխություններ են լինելու եկող տարվանից, որ որակն ու հսկողությունը մեծացվեն:
-Իսկ ստուդիան մշակույթի նախարարության տիրույթում ընդգրկելու հեռանկարի մասին ի՞նչ կասեք:
-Անկեղծ ասած, մշակույթի նախարարությանն անցնելու հրամայականը այս դեպքում ես չեմ տեսնում, որովհետև դա առայժմ դիտարկվելու է որպես տարածք, որտեղ ֆիլմեր են նկարահանվելու: Երբ բարեկարգվի, երբ մշակութային գործունեություն ծավալելու այլ հնարավորություններ ստեղծվեն, ես բացարձակապես դեմ չեմ, որ «Հայֆիլմը» գործի մշակույթի նախարարության ենթակայության ներքո:

Զրույցը՝ Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 3725

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ