Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Տարբեր ուժերի ցուցակներով իմ և ամուսնուս առաջադրվելը PR տեխնոլոգիա էր»

«Տարբեր ուժերի ցուցակներով իմ և ամուսնուս առաջադրվելը PR տեխնոլոգիա էր»
14.12.2018 | 00:49

Նախընտրական «Մենք» դաշինքի համամասնական բաց (ռեյտինգային) ցուցակի թեկնածու, «Հայկական Փի Ար ասոցացիա» գիտատեղեկատվական ՀԿ-ի նախագահ ԱՍՏՂԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ վստահ է, որ արտախորհրդարանական ուժերը խորհրդարանից դուրս նույնպես ակտիվ աշխատանք են ծավալելու՝ մասնակցելով քաղաքական բոլոր գործընթացներին: Ըստ նրա՝ համարել, թե ընտրություններով ամեն բան ավարտվում է, սխալ է, քանի որ բոլորովին նոր քաղաքական իրողություններ ու գործընթացներ են սկսվում:

«Իրատեսի» հետ զրույցում վերջինս հույս հայտնեց, որ հասարակությունը պահանջատիրություն կցուցաբերի, առավել իրազեկ կդառնա ու, հավասարակշիռ վարքագիծ դրսևորելով, կմերժի ցանկացած ծայրահեղ մոտեցում:
«Ապրիլից ի վեր Հայաստանում քաղաքական նոր իրավիճակ է, և արտահերթ ընտրությունները դրանց տրամաբանական շարունակությունն էին, որ Նիկոլ Փաշինյանը հապշտապ կերպով անցկացրեց: Հասարակության մեծ մասն անվերապահորեն հավատում է Փաշինյանին, և դրա արդյունքն այն էր, որ «Իմ քայլը» դաշինքը ստացավ ընտրողների քվեների առյուծի բաժինը: Ինչպես Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին, այնպես էլ այժմ քաղաքական դաշտը բաժանվեց սևերի և սպիտակների, ու բացի Նիկոլ Փաշինյանի քաղաքական ուժից բոլոր կուսակցություններն ու դաշինքները հայտնվեցին բարիկադների մյուս կողմում:


Մեր զրուցակիցն ասաց, որ գործող Ընտրական օրենսգիրքը նախընտրական շրջանում բազմաթիվ խնդիրներ է առաջացրել, որոնցից մեկն, օրինակ, այն է, որ գաղտնի կամ բացահայտ պայքար է սկսվում նույն ուժի կողմից առաջադրված թեկնածուների միջև. «Գեղարքունիքի մարզում, որտեղ «Մենք» դաշինքի կողմից նաև ես էի առաջադրվել, մեր թիմի այլ թեկնածուներ մանիպուլացրել էին իմ ընտրողներին՝ համոզելով, որ եթե ձայնն իրենց տան, ապա այդ ձայնը նաև Աստղիկին է գնալու, ու ինձ համար էլ է լավ լինելու: Մարդկանց դժվար էր բացատրել, որ կոնկրետ մարդուն պետք է ձայն տալ: Այս խնդիրը ես նաև այլ կուսակցությունների մոտ եմ հանդիպել: Բայց ամենից զավեշտալին այն էր, երբ Փաշինյանին համակրող մարդիկ վերցրել էին 4-րդ համարի քվեաթերթիկը և ընտրել 4-րդ համարին՝ առանց հասկանալու, թե ում են ձայն տալիս»:


Այս ընտրությունները, Աստղիկ Ավետիսյանի գնահատականով, առանձնացան քաղաքական հենքի բացակայությամբ, գաղափարների քննարկում այդպես էլ տեղի չունեցավ, բայց, հասարակության ցանկությունների ու կամքի արտահայտման տեսանկյունից, բացառիկ ընտրություն էր, ուստի ընտրողներն առավել քան պահանջատեր պետք է լինեն։
«Ընդհանուր գնահատականով՝ նախընտրական շրջանը բուռն էր,- ասաց տիկին Ավետիսյանը։- Թվում էր, թե մի քանի նոր քաղաքական ուժեր կհայտնվեն ԱԺ-ում, բայց այդպես չեղավ: Հետընտրական շրջանում դեռ կպահպանվի քաղաքական ինտրիգը: Առայժմ հետաքրքիր է, թե ովքեր կհայտնվեն կառավարությունում, ովքեր են հավակնելու բարձր պաշտոնների, Արցախյան խնդրում որևէ առաջընթաց կարձանագրենք, թե ոչ, արտաքին հարաբերություններում հաջողություններ կունենանք, թե ոչ և այլն, և այլն»:


Մեր զրուցակցի հավաստմամբ` հատկապես մարզերում բարդ ու դժվար էր քարոզչություն իրականացնելը, քանի որ մարդիկ կնոջը պատգամավորի թեկնածուի կարգավիճակում չեն ընկալում, ու եթե մայրաքաղաքում հաղթահարվել է կանանց նկատմամբ վերաբերմունքը քաղաքական, հասարակական ակտիվ գործունեության առումով, ապա մարզերում, հատկապես գյուղերում, վերաբերմունքը չի փոխվել. «Ցավով պետք է արձանագրեմ, որ գյուղերում կանայք միայն լավ տնային տնտեսուհի, առավելագույնը ուսուցչուհի կարող են լինել: Չնայած պետք է հստակ ամրագրել, որ այն կանայք, որոնք ընդգրկված էին Նիկոլ Փաշինյանի թիմում, արձանագրեցին հաջողություններ: Քարոզչության շրջանում իմ ծանոթները, հարազատները, ուղղակի ինձ ճանաչողներն անընդհատ հարցնում էին՝ ինչու Նիկոլ Փաշինյանի թիմից չեմ: Ասում էին, որ ցանկանում են ինձ խորհրդարանում տեսնել, բայց նաև Նիկոլին են ուզում ձայն տալ: Ընտրողներ են եղել, որ մեկ ծրարի մեջ դրել են թե՛ «Մենք», թե՛ «Իմ քայլը» դաշինքների քվեաթերթիկները, բայց օրենքի ուժով վավեր ճանաչվել է մեկը, որի վրա եղել է դրոշմակնիքը: Մյուս կողմից էլ՝ շատերը բարձրաձայն ասում էին. «Խելացի, լավ աղջիկ ես, քեզ պե՞տք է, մտնում ես քաղաքականություն: Քաղաքականությունը տարբեր գույն ունեցող մարդկանց տեղն է, դու ուղիղ խոսող մարդ ես, լավ մարդու աղջիկ ես, ավելի լավ է գնա քո դասախոսությամբ զբաղվիր»: Նման կարծիք հայտնողները շատ էին, բայց ես ուզում էի կոտրել հենց այդ քարացած կարծրատիպը»:


Խոսելով նախընտրական ու հետընտրական շրջանում PR գործիքների կիրառումից՝ մասնագետը նկատեց՝ քաղաքական մշակույթում արձանագրվեց հեռուստաբանավեճի ծավալային դրսևորում, ինչը, ըստ էության, բոլոր քաղաքական ուժերին հնարավորություն տվեց ներկայանալու՝ չնայած այն հանգամանքին, որ որոշ քաղաքական ուժերից ներկայանում էին անվստահ պահվածքով ու պակաս պատրաստվածությամբ. «Կառանձնացնեի «սևի ու սպիտակի» տեխնոլոգիայի կիրառումը, թեկնածուների կողմից ընտրողներին նամակ-ուղերձ հղելու մեթոդը և այլն: Այս ընտրություններում առաջին անգամ ես ու ամուսինս առաջադրվել էինք տարբեր քաղաքական ուժերի ցուցակներով, ինչը նույնպես որպես տեխնոլոգիա էինք կիրառել՝ կարծրատիպեր կոտրելու նպատակով»:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 4582

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ