Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Արտախորհրդարանական ուժերը համախմբվում են, որ հսկեն ու օգնեն իշխանությանը

Արտախորհրդարանական ուժերը համախմբվում են, որ հսկեն ու օգնեն իշխանությանը
14.12.2018 | 01:20

Արդեն ակնհայտ է, որ հաջորդ խորհրդարանը պրոֆեսիոնալ չի լինելու, մի պարզ պատճառով, որովհետև պատգամավորի մանդատ են ստացել անփորձ երիտասարդներ, որոնք օրենսդրական աշխատանքներից այնքան են հեռու, որքան քաղաքականությունից։ Սակայն ունենք այն, ինչ ունենք։ ՀԴԿ ղեկավար ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԸ, որը չմասնակցեց այս ընտրություններին, պահանջում է նոր իշխանություններից բարեփոխել ԸՕ-ն և 2020-ի գարնանն անցկացնել նոր արտահերթ ընտրություններ։

-Ինչպիսի՞ խորհրդարան, այդուհանդերձ, ունեցանք այսօր։
-Այս ընտրությունը տարբերվեց մյուս բոլոր ընտրություններից։ Համատարած ընտրակաշառքը կարծես վերանում է, իհարկե, չի կարելի ասել, որ ամբողջությամբ, որովհետև տարածքային թեկնածուների արդյունքները զարմանալի են։ Անհայտ մարդիկ հանկարծ ստացել են 19-20 հազար ձայն։ Առնվազն այդքան քվե ստանալու համար նրանք պետք է ֆանտաստիկ հատկություններ ունենային։ Պետք է փաստել նաև, որ մարդիկ իսկապես գնացին ընտրության՝ այո, էյֆորիայի պայմաններում, անձին, ոչ թե գաղափարախոսությանը հավատալով, ծրագրերին հավանություն տալով։ Սա ունի մի պարզ բացատրություն. հետևանք նախորդ երեք նախագահների վարած քաղաքականության։ Նրանք ժողովրդին հասցրել էին այնպիսի ցասման, որ ոչ մեկը չէր էլ նայում, թե Նիկոլ Փաշինյանն ինչ է առաջարկում, ինչ է անելու, ումով է անելու։ Այս բոլոր հարցերը գնացին երկրորդ, երրորդ պլան։ Այս ընտրությունների գերխնդիրը մեկն էր՝ ամբողջովին մերժել նախկինը և ձայն տալ դա իրականացնողին։
-Անցանք այս փուլը, ՀՀԿ-ից մաս անգամ չկա խորհրդարանում։ Ո՞րն է հաջորդ փուլը, Փաշինյանի թիմն այս փուլը հաղթահարելու ներուժ ունի՞։
-Այլևս չկա այն թիրախը, որին կարելի է մեղքերը վերագրել։ Բոլորն այս պահին մարգինալ ուժեր են, և իր պատկերացրած հակահեղափոխական ուժեր չեն կարող ձևավորվել։ Եթե, իհարկե, ինքը շատ արագ տեմպերով չնպաստի նրանց համախմբմանը։ Այս կադրային քաղաքականությունը, որ Փաշինյանն է վարում, շատ վտանգավոր է։ Պետություն կառավարելը մեծագույն հմտություն է պահանջում, մի մարդու միանձնյա կառավարման հետևանքը շատ արագ կտեսնենք։ Եթե մնացածները պետք է լինեն ստատիստներ, նշանակում է ողջ պատասխանատվությունը մնացել է նրա վրա։ Բացարձակ անփորձ, անհայտ, 25-30 տարեկան երիտասարդներով քաղաքական կտրուկ սերնդափոխությունը ոչ մի լավ բանի չի բերի։ Փորձին ոչինչ չի փոխարինում։ Հմտությունը ոչ մեկը չի կարող միանգամից ձեռք բերել։ Լիկբեզ խորհրդարանում ընդունված չէ, նման բան չկա։ Աստիճանաբար պետք է մարդը հասնի այդ աստիճանին։
-Հասկանալի է, որ այսպիսի երիտասարդներով իշխանությանը պետք է վերահսկել, սակայն աբսուրդն էլ այն է, որ խորհրդարանում ընդդիմություն չկա։ Ի՞նչ անել։
-Այսօր պարզ է, որ խորհրդարանում ընդդիմություն, որպես այդպիսին, չի լինելու։ Կլինեն ելույթներ, որոշ օրենսդրական նախաձեռնություններ, բայց մի ուժը՝ ԼՀԿ-ն, նույն գաղափարական դաշտով անցած կուսակցություն է, ինչ «Իմ քայլը», մյուսը՝ ԲՀԿ-ն, բավականին հմտացած թիմ ունի, սակայն նրանց հնարավորությունները շատ սահմանափակ են, որովհետև արդեն հայտարարվել էր, որ ԲՀԿ-ն աջակցում է հեղափոխական ուժերին։ Այսինքն, չի լինելու դասական, ժամանակակից խոսքով ասած, կլասիկ ընդդիմություն։ Առավել ևս հստակ չէ նաև խորհրդարանական մեծամասնության գաղափարախոսությունը։ Այսօր տեսնում ենք պայքար կոռուպցիայի և այլ արատավոր երևույթների դեմ, բայց ապագայի համար տնտեսական, սոցիալական քաղաքականության տեսլական չկա։
-Հիմա հայտարարվել է տնտեսական հեղափոխության մասին։ Ի՞նչ է սա նշանակում։
-Եթե մենք լինեինք, պետք է եղած համակարգը կազմաքանդեինք։
-Դեռ այդ համակարգը չի՞ քանդվել։
-Իհարկե ոչ։ Եթե հայտարարում եք, թե այլևս օլիգարխներ, մենաշնորհներ չկան, այդ հայտարարություններով իրավիճակը չի փոխվում։ Պետք է հստակ ձևավորված տնտեսական կացութաձև լինի, որը կունենա իր ձևակերպումները։ Հայաստանը պետք է որոշի, թե պետության դերն ինչպիսին է լինելու տնտեսական քաղաքականությունում։ Առայսօր դա եղել է իրավիճակային։ Եթե պետք է նախկինների պես ասեն, թե ամեն ինչ մասնավորը, շուկան կորոշի, ուրեմն կրկին նույն ճահճում ենք հայտնվելու։ Դա թույլ չի տա Հայաստանին այնպիսի ներդրումներ ներգրավել, որ երկրում հարցեր կարգավորվեն։ Ասել է՝ նոր տեխնոլոգիաներով հագեցած արտադրություն ունենալ, արդյունաբերություն զարգացնել, սոցիալական վիճակը փոխել։ Եթե իրենք չեն կարողանա այս դերը ստանձնել, կես տարի հետո կպարզվի, որ թագավորը կրկին մերկ է։ Պատկերացնենք, որ ստվերի դեմ պայքար է գնում, կրճատեցին այն, լավ են անում, բայց չկա նոր եկող տնտեսավարող, որը ձեր բյուջեն ավելացնի։ Եթե եղածից անընդհատ բերեք լցնեք բյուջե, հետո ի՞նչ եք անելու։ Հիմա դա մի գետակ է, հետո կդառնա բարակ առու։ Սրանով տնտեսություն չես կարող սնել։ Տնտեսական հեղափոխությունն այն չէ, որ հայտարարես, թե` այ, կաշառք չեմ վերցնելու, կոռուպցիայով չեմ զբաղվում։ Խոսքն այն մասին է, թե այդ ինչպիսի արդյունաբերական հանրապետություն պիտի դառնանք, ինչպիսի զարգացած գյուղատնտեսություն պիտի ունենանք, որ զարգացում գրանցվի։ Ենթադրենք, ներդրող է ուզում գալ Հայաստան, նա ինչն է առաջինը կարևորում մեզ մոտ. բացի արդարադատության համակարգից, որն իսկապես շատ կարևոր է, որակյալ բանվորական կազմ, ինժեներական որակյալ աշխատուժ, ենթակառուցվածքներ, տրանսպորտային միջոցներ, բաց ճանապարհներ։ Այս ամենի բացակայության պայմաններում ներդրողն իր մասի՞ն պիտի մտածի, թե՞ ձեր։ Մի ժամանակ Հայաստանում մեկանգամյա օգտագործման ներարկիչների գործարան կառուցեցին, բացումը արեցին, բայց կարճ ժամանակ անց հօդս ցնդեց, փակեցին, չկա։ Ի՞նչ պատահեց, չգտա՞ն այստեղ արտադրելու հնարավորություն։ Այնպիսի խնդիրներ կան, որոնց ամենօրյա աշխատանքում բախվելու են։ Պատկերացրեք, մի լուրջ գործարար գալիս է այսօրվա չինովնիկի մոտ, որը ոչ հմտություն ունի, ոչ փորձ, ի՞նչ է լինելու։ Այսօր կառավարությունը պետք է գույքագրում իրականացնի, որպեսզի հասկանա՝ ինչ կարելի է զարգացնել։
-Այդ տնտեսական լուրջ փոփոխությունները որոշակի ժամանակ են ենթադրում, իսկ հասարակությունը կյանքի որակի արագ բարելավում է սպասում։ Չե՞ք կարծում, որ մարդիկ կարող են շուտ հիասթափվել այս կառավարությունից։
-Արագ փոփոխություններ տեսնելու համար այսօր կառավարությունը պետք է հստակ հայտարարի, թե երբ է աշխատավարձ, թոշակ բարձրացնելու։ Բազմիցս ենք ասել կոռուպցիայի բունը պետական պարտքն է։ Հիմա խոսում են ջրի 60-80 տոկոսի կորստի մասին։ Մենք այս ոլորտի համար վերցրել ենք 220 մլն դոլար, որպեսզի ձևավորենք ոռոգման համակարգը։ Եթե այս գումարները տեղ հասնեին, այսօր մենք ջրի կորուստ չէինք ունենա։ Հիմա դժվա՞ր է տեսնել, թե որ կազմակերպությունն է այդ գումարները յուրացրել, ով է այդ չարաշահումը թույլ տված պաշտոնյան։ Բայց քանի որ այս բոլոր խնդիրներն առնչվում են Համաշխարհային բանկի և արժույթի միջազգային հիմնադրամի հետ, որոնք նաև պետք է վերահսկեին այդ միջոցների ծախսը, կարող է բացահայտումով այնպիսի կոռուպցիոն սխեմաներ բացահայտվեն, որ ցնցի բոլորին։ Մեր կառավարությունը պետք է հասկանա, որ կոռուպցիայի դեմ պայքրում սա լավագույն ճանապարհն է, գնալ բոլոր վարկերի հետևից, հասկանալու, թե այդ միջոցներն ուր են և ով է յուրացրել։ Եթե այս գումարով ոռոգման համակարգը փոխեինք, այլևս Սևանից ոչ մի կաթիլ ջուր չէինք վերցնի, ողջ խնդիրը սա է։
-Եթե խորհրդարանական ուժերն ընդդիմություն չենք կարող համարել, արտախորհրդարանական հարթությունում բավականին արմատական ուժեր կան։ Կկարողանա՞ն արտախորհրդարանական ուժերը վերահսկել իշխանությանը՝ ինչ-որ հարցի շուրջ ընդհանուր օրակարգ ձևավորելով։
-Խորհրդարանական այս ընտրություններին չմասնակցեցին նախկին բոլոր ընտրություններին ակտիվ մասնակցած ուժերը, նախ որովհետև ԸՕ-ն չփոխվեց։ Որքան էլ գովենք այսօրվա ընտրությունները, փողը, այնուամենայնիվ, մեծ դերակատարում ունեցավ, փոխարենը ոչ մի դեր չունեցան գաղափարախոսությունը, ծրագիրը։ Այս տեսանկյունից շատ թերի էր այս ընտրությունը։ Արտախորհրդարանական ուժերի համագործակցությունը հնարավոր է։ Հիմա այդ գործընթացը սկսել ենք։ Բանակցությունների մեջ ենք նոր ուժերի հետ։ Արտախորհրդարանական ուժերը կմիավորվեն մի քանի խնդիրների շուրջ, առաջնայինն անվտանգության խնդիրն է, որը միշտ վերահսկողության տակ պետք է պահել, որպեսզի իշխանությունը թեկուզ մի սխալ իսկ չանի։ Սրանով են պայմանավորված բոլոր հարցերը, եթե մեր անվտանգությունը չապահովենք, անիմաստ է որևէ բանի մասին խոսել։ Սա չի կարող լինել դաշինք, սա արտախորհրդարանական ուժերի համագործակցություն է, որպեսզի իշխանություններին և օգնենք, և վերհասկենք։ Հիմա պիտի տեսնել, թե ինչ է անում վարչապետը, միայն այս թիմո՞վ է փորձելու լուծել այն բոլոր խնդիրները, որոնք կանգնած են մեր երկրի առաջ։ Եթե այդպես է, խիստ կասկածում եմ հաջողելու հարցում։
-Ինչու՞ եք կասկածում։
-Տեսեք՝ ինչքան սխալներ արվեցին այս 7 ամիսների ընթացքում զուտ այն պատճառով, որ չունեին համապատասխան փորձ, անգամ բանակցային փորձ էլ չունեն։ Հնարավոր չէ հենց այնպես մտնել մի ոլորտ ու զբաղվել դրանով ըստ էության։ Իմ օրինակով ասեմ. եթե ես աստիճան-աստիճան բարձրացած չլինեի, քաղբյուրոյում կարող էի կորչել ու ոչինչ չկարողանալ անել ի շահ մեր պետության։ Ես դպրոց էի անցել, դասարան-դասարան էի բարձրացել։ Հիմա ստացվել է այսպես. Փաշինյանը մի քայլ արեց ու անմիջապես թռավ Արարատի գագաթին։ Ողջ խնդիրն այն է, որ այնտեղից միանգամից չգահավիժի։ Պետության ղեկավարը վերջապես պետք է հասկանա, որ նախկինում եղած սովորույթները, կեցվածքը, պահվածքը պետք է փոխվեն, չի կարող նույնը լինել։ Երբ իր հետ մեկ այլ պետության ղեկավար է հանդիպում, վերջինս տարբեր խողովակներով շատ ավելին գիտի նրա մասին, քան մենք։ Իսկ մենք դեռ սիրողական մակարդակում ենք, «պատին ծեփենք», «ասֆալտին փռենք»-ի շրջանակում։ Այս ամբողջը պետք է վերանա, ամեն խոսք իր նշանակությունն ունի։ Այս առումով արտախորհրդարանական ուժերի համագործակցությունը պարտադիր է, որպեսզի ճիշտ ուղիով գնա իշխանությունը։ Մենք առաջարկել ենք նաև 2020-ին ընտրություններ անել՝ բարեփոխելով ԸՕ-ն և մի շարք օրենքներ, երբ իսկապես գաղափարական մրցակցություն կլինի։
-Իշխանությունից հակադարձում են, թե 2 տարի հետո արտահերթ ընտրությունների անցկացման մասին հայտարարությամբ նպաստում եք տնտեսությունում սպասողական իրավիճակի շարունակմանը, ներդրումների խոչընդոտմանը։
-Դա պարզ փորձ է կրկին թիրախներ գտնելու։ Մենք ասել ենք` 2 տարուց, թող իշխանությունն էլ հաստատի, որ դրա կարիքը չի լինելու։ Դուք ձեր աշխատանքով, ժողովրդի մոտ վստահությամբ, կոնկրետ արդյունքով ապացուցեք, որ ընտրություններ պետք չեն։ Ի միջի այլոց, ես այդպես էլ չհասկացա, թե ինչու իշխանությունը պետք է ունենա 88 մանդատ ԱԺ-ում, կամ մնացածների մանդատներն ինչու պիտի ավելանան։
-Դոնթի բանաձևով։
-Դոնթն ով է, ինչու՞ մենք պետք է դոնթերով առաջնորդվենք։ Կար 70,4 տոկոսը, ենթադրվում էր 70 մանդատ, ինչու՞ են ավելացրել նաև մյուսների մանդատները, 0,4 տոկոսի համար վերանայեցին ամբողջը։ Ինչու՞ պիտի ԱԺ-ում 31 հոգի ավելանա։

Զրույցը՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 4903

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ