«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Արթուր Բաղդասարյանը հեռացավ առաջինը

Արթուր Բաղդասարյանը հեռացավ առաջինը
16.12.2018 | 12:16

Երեկ ՕԵԿ-ն արտահերթ համագումար էր հրավիրել` հրաժեշտի ու նախագահափոխության: ՕԵԿ անփոփոխ նախագահ Արթուր Բաղդասարյանը շնորհակալություն հայտնեց կուսակցության օգտին քվեարկած 12 000 քաղաքացիներին, համախոհներին, գաղափարակիցներին, կառույցների ղեկավարներին և վերստին շնորհավորեց խորհրդարան անցած ուժերին: ՕԵԿ համագումարը ի գիտություն ընդունեց Արթուր Բաղդասարյանի՝ հրաժարականի հայտարարությունը: Ի՞նչ էր ասում նա. «Ես հեռանում եմ ակտիվ քաղաքականությունից՝ վայր դնելով նաև ՕԵԿ նախագահի լիազորությունները և իմ հետագա կուսակցական գործունեությունը: ՕԵԿ հիմնադրումից 20 տարի անց ես ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ բոլոր հայրենակիցներին, ինձ քննադատող ու մերժող, սիրող ու գնահատող մարդկանց, կրկին հայցել բոլորի ներողամտությունը իմ քաղաքական գործունեության ընթացքում ունեցած սխալների ու թերությունների համար, շնորհակալություն հայտնել իմ կատարած աշխատանքը գնահատողներին ու արժևորողներին: Ցանկանում եմ երախտիքի խոսք հղել բոլոր լրագրողներին և զանգվածային լրատվության միջոցներին իմ գործունեությունը լուսաբանելու համար, առանձնահատուկ շնորհակալություն հայտնել իմ գաղափարակից ընկերներին և թիմակիցներին ու մեր ողջ ժողովրդին: Զբաղվելով հանրային գործունեությամբ կփորձեմ իմ հրապարակային առաջարկություններով նպաստել երկրում կուտակված և օրեցօր բազմացող խնդիրների լուծմանը: Ակտիվ քաղաքականություն կվերդառնամ ժողովրդի ցանկությամբ, երբ զգամ դրա կարիքն ու անհրաժեշտությունը:

Աստված պահապան մեր ժողովրդին»: Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ կուսակցությունները պահում են նախագահները` որևէ կուսակցություն անդամավճարով չի գոյատևում և հիմա հարց է` ՕԵԿ նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը ինչպե՞ս է կուսակցություն պահելու, ու երեկ հրաժեշտ տվեցինք միայն Արթուր Բաղդասարյան ՕԵԿ նախագահի՞ն, թե՞ ՕԵԿ-ին: Երկրորդ հարցը` ի՞նչ է նշանակում «հանրային գործունեություն» Արթուր Բաղդասարյանի պատկերացմամբ և ինչպե՞ս է իր հրապարակային առաջարկություններով նպաստելու երկրում կուտակված և օրեցօր բազմացող խնդիրների լուծմանը: Իբրև շարքային քաղաքացի՞: Երրորդ հարցը` Արթուր Բաղդասարյանը իսկապե՞ս հեռանում է քաղաքականությունից, թե՞ ռեբրենդինգի նոր տարբերակ է փորձարկում, եթե հաշվի առնենք, որ իր հայտարարությամբ` կվերադառնա, երբ ժողովուրդն իր կարիքն ունենա:


Իսկ ամեն ինչ այնքան խոստումնալից էր սկսվել` երիտասարդ քաղաքական գործիչ, ամենահաջողակը քաղաքական դաշտում: ՕԵԿ-ը մշտապես հայտնվում էր ԱԺ-ում` շնորհիվ Արթուր Բաղդասարյանի անպարագիծ պոպուլիզմի ու սոցիալական խնդիրների շեշտադրման: Ժամանակին նրան նույնիսկ համարում էին նախագահի թեկնածու, համենայն դեպս` ֆրանսիացիները: Եվ նա կարող էր դառնալ քաղաքական ու պետական նշանակալից գործիչ, եթե Հայաստանում այլ մթնոլորտ ու այլ վերաբերմունք լիներ քաղաքականությանը: Արթուր Բաղդասարյանն ուներ ընտրություն` կամ դառնալ ընդդիմություն, կամ իշխանական քրեաօլիգարխիկ համակարգի մաս: Նա ընտրեց իշխանությունը: Ու անգամ ցուցադրական հրաժարականները` նախ ԱԺ նախագահի, ապա Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից` համակարգում մնալու համար էին: Շրջադարձայինը նրա ու ՕԵԿ-ի կյանքում 2008-ն էր, երբ նախագահական ընտրություններում ՕԵԿ նախագահը ստացել էր 18 տոկոս` երրորդ արդյունքը, ու հանգամանքների բերումով` կարևոր դեմք էր դարձել Լևոն Տեր-Պետրոսյան-Սերժ Սարգսյան հակամարտության մեջ: Անձնական վիրավորանքներն ու հակասությունները հիմնական դրդապատճառն էին նրա որոշման, որի համար նա 10 տարի արդարանում էր, բայց չարդարացավ: 2018-ին նա նույնիսկ որոշեց ներողություն խնդրել 2008-ի որոշման համար, բայց դա էլ չօգնեց: Հատկապես թավշե հեղափոխությունից հետո 2008-ի իրադարձությունները նորից օրակարգ վերադարձան իրենց հիմնական ու երկրորդական գործող անձանցով` և այդ համապատկերը լավագույն մեկնարկ չէր ՕԵԿ նախագահի համար: Ու նորից Արթուր Բաղդասարյանի բախտը չբերեց…


Ինչպես չէր բերել 2017-ին, երբ Արթուր Բաղդասարյանը հերթական ռեբրենդինգին էր գնացել ու հրաժարվել «Օրինաց երկրից» հանուն հայկական վերածննդի: Վերածնունդ չեղավ: Եղան տարատեսակ սկանդալներ` նրան միացած կուսակցությունների հետ:
Ինչպես բոլոր պուպուլիստները` թավշե հեղափոխության օրերին ՕԵԿ-ը օրը մեկ հայտարարություններ էր անում ու ներկայանում համաժողովրդական շարժման մաս, բայց կոտրված բաժակը կպցնելուց հետո էլ չի օգտագործվում:
2018-ը ֆիասկո էր` Երևանի ավագանու ու ԱԺ արտահերթ ընտրություններում ՕԵԿ-ը ստացավ մեկ տոկոս` ու դա դատավճիռ էր:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Անցյալ տասնամյակների կոալիցիոն եռյակ-քառյակներից ասպարեզում է մնում միայն ԲՀԿ-ն, որ ի սկզբանե քաղաքական կուսակցություն չի եղել ու չի դառնում, իսկ հայ երախտագետ ժողովուրդը հարգում է բարեգործությունը, մանավանդ եթե կախում ունի բարերարից: Ընտրություններ-2018-ում մերժվեցին նաև ՀՅԴ-ն ու ՀՀԿ-ն: Արտասահմանում ՀՅԴ-ականները ատամներն են կրճտացնում` «Ինչփե՞ս կըլլա Թաշնակցութիւնը Երևանին փառլամենտին մեջ չըլլա», առանց հաշվի առնելու իրենց հայաստանյան կառույցի ընդգրկվածությունը քրեաօլիգարխիկ համակարգում ու Հայաստանում կատարվող փոփոխությունները: ՀՅԴ-ն ևս հեղափոխության գնացքի վերջին վագոնը ցատկողներից էր, պարզվեց` վագոնը շարժակազմից անջատված է: Հունվարին ՀՅԴ-ն համաժողով է անելու ու չի բացառվում, որ վերջ է դրվելու Հրանտ Մարգարյանի կառավարմանը, չնայած դաշնակցականները պնդելով պնդում են, որ ՀՅԴ-ն ապակենտրոն կառույց է, որոշումները միանձնյա չի ընդունում, և այլն. և այլն, բայց ակնհայտ է, որ կուսակցությունը նոր դեմքերի կարիք ունի: ՀՀԿ-ում ևս բուռն քննարկումներ են` չի բացառվում, որ հունվարից Սերժ Սարգսյանը հեռանա ՀՀԿ նախագահությունից և հարց է, թե ում է մնում կուսակցությունը: Վիգեն Սարգսյանի՞ն: Նրան չեն ընդունում իբրև նորագրի: Դավիթ Հարությունյանը որոշել է իրավաբանական ընկերություն ստեղծել՝ «Դավիթ և ընկերներ», որը կզբաղվի իրավաբանական խորհրդատվությամբ: Թերևս «ընկերների» մեջ լինի Արփինե Հովհաննիսյանը: Մնում են Արմեն Աշոտյանն ու Էդուարդ Շարմազանո՞վը: Թե՞ ՀՀԿ-ի հնաբնակները:
Բոլոր դեպքերում` Արթուր Բաղդասարյանն առաջինը հեռացավ: Թեպետ չի բացառվում, որ սա հերթական «Գնում եմ, որ գամ»-ն էր:

Դիտվել է՝ 2767

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ