Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Պրկված աղեղ

Պրկված աղեղ
21.12.2018 | 00:36

Հայաստանի շուրջ տեղի ունեցող զարգացումները կայծակնային արագություն են ձեռք բերում: Շատ դժվար է անգամ դրանք դասակարգելը: Հիմնական ուղղությունը Ռուսաստան-Հայաստան «երկխոսությունն» է: Ակնհայտ է` մինչ այս «համբերատար» սպասող, ՀԱՊԿ-ի, «շոգ եղանակների», դրանից առաջ, նույն Փաշինյանի բնորոշմամբ, Ապրիլյան պատերազմի հրահրող Ռուսաստանի համբերության բաժակը լի ու լի լցվել է: ՈՒ բոլոր մակարդակներում դեմարշ է սկսվել Փաշինյանի իշխանության` իրականում Հայաստանի դեմ:


ա) Դիվանագիտության մեծ գիտակ Լավրովն է կրկին մտել խաղի մեջ և ուղղակի հասկացնում է Հայաստանին` իրենց հետ խաղեր չտալ, այլ զինվորականների մուտք` կոնկրետ դեպքում Հայաստանում առկա կենսալաբորատորիաներ, թույլ չտալ:
բ) Լավրովի տեղակալ Կարասինն էլ, երկրորդելով իր շեֆին, խիստ «հանրամատչելի» բացատրում է, թե ինչ զինվորականների մասին է խոսքը. Նա կարծում է, որ Հայաստանը պետք է իր մեջ ուժ գտնի` դեմ կանգնելու ամերիկյան-«բոլթոնյան» ճնշումներին. «Եթե այդպես հրապարակավ են ճնշում Փաշինյանին, ապա կուլիսներում ինչե՜ր են արվում»,- եզրակացնում է Կարասինը:
գ) Տողատակերը բացահայտելու սև աշխատանքը լրումին է հասցնում ոչ անհայտ Մոդեստ Կոլերովը. նա երկրորդում է Պուտին-Փաշինյան առաջին անգամ տեղի ունեցած հանդիպման խոսակցությունը. «ՈՒզում եք 102-րդ ռազմաբազան հանվի՞ Հայաստանից։ Կհանվի՛»:
դ) ՀԱՊԿ անդամ երկրների բոլոր ներկայացուցիչներն ընդդեմ Փաշինյանի մեծ պարտիա են սկսել, չգիտես ինչու, հենց հիմա` իրար հետևից հավաստելով, որ ՀԱՊԿ-ում պաշտպանում են Բելառուսի թեկնածուին: Իսկ թե ինչ բառամթերքով է խոսում Լուկաշենկոն Փաշինյանի մասին, ուղղակի նոնսենս է հայոց նորագույն պատմության մեջ: Եվ ընդհանրապես` արտքաղաքական հարաբերություններում: Չնայած ասված է` մի արա այն, ինչ չես ուզում, որ քեզ հետ անեն: Այնպես, ինչպես խոսում է Լուկաշենկոն Փաշինյանի հետ, Փաշինյանը խոսում է իր… այո, ժողովրդի հետ: Սա` ի միջի այլոց:

ե) Եվ վերջապես. պարզվում է` Ռուսաստանն արդեն իսկ դիմել է հայկական կողմին` գազի հայտով: 215 դոլար: Այն է` 30 տոկոս թանկացում:
Ասվա՞ծ է սրանով ամեն բան, թե՞ դեռ ասելիք կա: Կարծես թե` կա: Երեսուն տոկոս գազի թանկացումը` երեսուն տոկոսով թանկացում է ենթադրում կյանքի բոլոր ոլորտներում: Կարո՞ղ են Հայաստանը, հայստանյան տնտեսությունը և, վերջապես, սիրելի հեղափոխական ժողովուրդը դիմանալ այդ ծանությանը: Եզրակացությունը թողնում ենք ձեզ:
ՈՒ թե փոքր-ինչ էլ «բայղուշություն» անենք, իսկ դրա համար նույնպես ցավալի հիմքեր կան, ու թե Աստված մի արասցե, այնպես լինի, որ սահմանում վիճակը բարդանա՞...
Իսկ եթե Ռուսաստանն ու իրենց էքսցենտրիկ Կոլերովը իսկապես ցանկանում են 102-րդ ռազմաբազան հանե՞լ այդ պատասխանատվությունից: Չմոռանանք, որ իրենց հերթին Ադրբեջանից դուրս են գալիս անչափ հայտնի նավթային ընկերությունները, ինչը կարող է և պայմանավորված լինել սպասվող վտանգով:
Ի դեպ, կապ ունի՞ Արցախի զինվորական վերնախավի փոփոխությունն այս ամենի հետ. իշխանությունները ցանկանում են այստեղ և՞ս ունենալ իրենց «սեփական» զինվորական էլիտան:


Մի խոսքով, զուգորդումներն ու պատճառահետևանքային բաղադրիչներն անչափ շատ են:
ՈՒ թե այս ամենին էլ հավելում ես նախիջևանյան թևում տեղի ունեցող զարգացումները (անկախ նրանից, թե այդ առնչությամբ ինչ է ասում Նիկոլ Փաշինյանը. նա ընդհանրապես ինչ ուզում ասում է, ինչն իրեն ձեռնտու է, այդպես է մեկնաբանում), ու դրանց կողքին դնում Ադրբեջանից բավականին բարձր մակարդակով հնչող հայտարարությունները, նկատում ես, որ լուրջ աղեղ է ձգվում Հայաստանի շուրջը:
Իսկ թե այն երբ կպրկվի… Աստված պահապան լինի:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 3970

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ