Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Չեկայի նկուղում

Չեկայի նկուղում
11.01.2019 | 04:47

(Նախորդ մասը)

Լույսը բացվել էր: Ամեն մեկս իր տեղաշորը հավաքեց, օրվա հերթապահը խուցն ավլեց, ու սկսեցինք թեյի պատրաստություն տեսնել: Էստոնացին արդեն մասնակցում էր ընդհանուրի խոսակցությանը:
Մեր խուցը կատարյալ միջազգային կամերա էր՝ հայ, թուրք, ասորի, ռուս, էստոնացի, մի խոսքով՝ կատարյալ Խորհրդային Միություն:
Թեյից հետո Էստոնացին անկյուն քաշվեց, ու կամաց-կամաց դեմքը տարօրինակ արտահայտություն ստացավ: Խցի բնակիչներից մի երկուսը նարդի էին խաղում. սեղանի վրա գծեր էին քաշել, քարերն էլ հացից էին պատրաստել: Ոմանք թերթատում էին օրվա լրագիրները, ոմանք էլ անկյուն քաշված զրուցում էին:


Իմ ամբողջ ուշադրությունը գրավել էր Էստոնացին: Ամեն վայրկյան նրա դեմքին տարօրինակ փոփոխություն էի տեսնում: Հանկարծ նա այլայլվեց, գույնը փոխեց, դեմքը ծռվեց և այլանդակ ձև ստացավ: Հենց որ դա նկատեցի, անմիջապես մոտեցա մեր Կամերկոմին ու խնդրեցի մի տեղ պատրաստի, ապա Էստոնացու թևից բռնելով ուզում էինք մոտեցնել անկողնուն, երբ նա մեկեն վայր ընկավ:
Սարսափելի տեսարան էր: Ամեն մեկս ցանկանում էր մի բանով օգնած լինել ճակատագրի մեր տարաբախտ ընկերոջը, բայց ոչ մի հնար չկար: Պարզվեց, որ նա ընկնավոր է:
Բավականին ծանոթ լինելով հիպնոտիզմին ու դրա ներշնչումներին, խցի ընկերներիս խնդրեցի նրան հանգիստ թողնել ու սկսեցի մի շարք հիպնոսական ներշնչումներ կատարել: Հանգստացրի նրան ու պառկեցրի թախտին: Կես ժամ անց ուշքի եկավ: Բայց ամբողջ օրը ցրված տեսք ուներ: Երեք օր անց, երբ բժիշկ կոչվածը ներս մտավ, Էստոնացին մոտեցավ և խղճուկ ձայնով նրան խնդրեց, որ իրեն դեղ տա: Բժիշկը պատասխանեց, որ այդ դեղից քաղաքում չկա:


Էստոնացին թախանձագին խնդրեց, որ բժիշկը գոնե մարդ ուղարկի իրենց տուն և կնոջից ուզի այդ դեղը, որն իրենց տանը կար: Թեև բժիշկը խոստացավ մեկ ժամից դեղը հասցնել, բայց այդ մեկ ժամը տևեց երեք օր: Մինչ դեղն առել ու մանրազնին տարրալուծման էին ենթարկել, բավականին ժամանակ էր անցել: Ստանալուց հետո Էստոնացին դեղն անմիջապես ընդունեց:
Երեկոյան դեմ էր:
Դուռը բացվեց, ներս մտավ հերթապահը՝ մի զինվորի հետ, կարդաց երեք հոգու ազգանուն, որպեսզի պատրաստվեն հարցաքննության գնալու: Գնացողներն էին կազմարար Օննիկը, Էստոնացին ու Բ-ն:
Հարցաքննվողները վերադարձան բավականին ուշ: Նրանց ներս գալուց հետո Էստոնացին մեր ոչ մի հարցին չպատասխանեց: Հետո իմացանք, որ նրան հարցաքննության ժամանակ մի լավ ծեծել էին ու սպառնացել գնդակահարությամբ:
Բ-ն առանց իրեն կորցնելու խոսում էր և անվերջ հայհոյում.
-Ախպեր, ես որտեղ, հակահեղափոխությունը որտեղ: Ես ի՞նչ գիտեմ դաշնակ-մաշնակն ինչ է: Իմը՝ մի լուծ եզ ու վարուցանք: Ես ի՞նչ ժողով անող եմ, որ ինձ ասում են: Բա ես մեղավո՞ր եմ, որ ալափարսցի եմ: Այ վիզդ կոտրվի, դուշման, հա՜… Է՜հ, ընկեր, դու խոմ լավ գիտես, էլ ես ի՞նչ ասեմ:


Իսկ մինչ այդ խեղճ Օննիկը կատարյալ խենթի էր վերածվել: Չէր կարողանում տեղում հանգիստ նստել: Ծխախոտ ուզեց: Տվեցի ու սկսեցի հանգստացնել նրան:
-Ախպար, ես ասո՞ր համար եկա հայրենիքս: Ա՞յս է սոցիալիզմի երկիրը: Հապա ինչու՞ մեզ կը խաբէին: Այնպէս կը ներկայացնէին հոն, Եգիպտոս, թէ այս երկիրը կատարեալ դրախտ մըն է: Ես տեսեր եմ անգլիական բանտ, բայց հոն նման վերաբերում ցոյց չեն տար բանտարկեալներուն: Կանոնաւոր կերպով կը կերակրեն, աս ի՞նչ է, աս հա՞ց է և կամ աս կերակու՞ր է, որ մեզի կուտան, շունը չուտեր ասիկա:
Նորից ծխախոտ առաջարկեցի նրան, ավելացնելով.
-Ծխիր, Օննիկ ջան, շատ հալվելու կարիք չկա:
Նա դարձավ ինձ.
-Ընկեր ջան, դուն Վիքթոր Հիւկոյի «Թշուառները» կարդացե՞լ ես: Անշուշտ շատ լավ կը յիշես, թէ ինչպէս հոն պաստոր մը, որ ասոնք հակայեղափոխական կը կոչեն, մի ազնիւ մարդ դարձուց գող մը: Իսկ այս սոցիալիզմի երկրին մէջ այս սրիկաները մեզ կը դարձնեն ամենասոսկալի թշնամիներ: Ո՛տքս կոտրած ըլլայի, հոս չգայի: Մեր հարազատ երկիրը դժոխք է մեզի համար:
Ես լուռ էի: Մխիթարական, սփոփանքի ոչ մի բառ չէի գտնում նրան ասելու: Միայն բավականացա նայելով նրա աչքերին, ուր տեսա ոտնահարված ցեղիս ամենադառը զայրույթը:

7. ԽՈՒԼՈՒՀԱՄՐԸ
Թե խցում և թե Չեկայում այդպես էին նրան անվանում և նույնիսկ հարցացուցակում էլ նա այդ անունով էր արձանագրված: Ըստ Կամերկոմի պատմածի, ձերբակալվել էր Պարսկաստանից Արազն անցնելիս: Սահմանագլխից բերել էին Չեկա: Մի ամբողջ շաբաթ վերևում շատ լավ պահել, կերակրել էին ու հարցաքննել: Վերջիվերջո, երբ տեսել էին բան դուրս չի գալիս, հրավիրել էին մասնագետ բժիշկներ, նրանք էլ քննելով ոչինչ չէին կարողացել հասկանալ նրա խուլ ու համր լինելուց:
Տղան ոչ կարողանում էր լսել և ոչ էլ խոսել: Դրանից հետո, ըստ իրենց սովորության, մի լավ ծեծել էին, և հենց այդ ծեծի պատճառով վնասվել էր նրա մի աչքը: Բերել-գցել էին խուց 13 ու սկսել հարցաքննությունների մի անվերջ շարան:
Ամեն գիշեր տանում-բերում էին այդ խեղճին: Չեկան համոզված էր, որ Դաշնակցությունը այդ խուլ ու համրի միջոցով գաղտնի հրահանգներ էր ուղարկել Հայաստան:
Խուլուհամրը ամբողջ օրը շարժման մեջ էր: Անընդհատ երթևեկություն էր անում նեղ խցում և մի ծխախոտը չվերջացրած՝ մյուսն էր սկսում:
Խեղճը դրսում ոչ ոք չուներ, որ իրեն գեթ ծխախոտ ուղարկեր, բայց քանի որ մենք կոլեկտիվ կյանք էինք ստեղծել, ուրեմն նա էլ մեր անդամներից մեկն էր և մեզանից ստանում էր իր արդար բաժինը:


Երբեմն նա մի անկյուն էր քաշվում ու խորասուզվում մտքերի մեջ: Ոչ ոքի հետ չէր «խոսում»: Խոսել եմ ասում, որովհետև նա մեզ հետ խոսում էր միայն իր նշաններով:
Նրա մատների շարժումն ու ձեռքերի ձևը ես սկսել էի լավ հասկանալ, այդ իսկ պատճառով նրա հետ կանոնավոր խոսում էի մատների շարժումով:
Խեղճ տղան շատ էր վախենում թոքախտից: Նա համաձայն էր գնդակահարվելու, միայն թե Չեկայի խցում տարիներ շարունակ փակված չմնար ու չտառապեր որպես թոքախտավոր: ՈՒրախ կլիներ, եթե աքսորեին, բայց հույս չուներ: Չեկիստները շատ էին ցանկանում նրա իսկությունն իմանալ, բայց չէին հաջողում:
Մի անգամ նրան վերև տարան հարցաքննելու: Նորից լավ կերակրել էին, նույնիսկ խորոված, կոնյակ, սպիտակ հաց էին տվել, հետո առաջարկել էին վերևում գիշերել: Խուլուհամրը համաձայնել էր:


Գիշերվա կեսին հինգ չեկիստներ ատրճանակները ձեռքին շրջապատել էին նրան, չորսբոլորը մեծ քանակությամբ թուղթ վառել ու բարձրաձայն բղավել՝ հրդե՜հ, հրդե՜հ: ՈՒզել էին այս ձևով Խուլուհամրին հանկարծակիի բերել, կարծելով, թե միգուցե վախից օգնություն կանչի: Բայց տղան աչքերը բացել էր, ապշած նայել չորս կողմը և ոչ մի ձայն չէր հանել:
Տեսնելով, որ այդ ձևն էլ չի օգնում, չեկիստները կատաղում են և անխնա ծեծում, խեղճ տղային ջարդուփշուր են անում, որից հետո այս խուցն են գցում: Սողալով, կոտրտված ոսկորներով նա հազիվհազ ընկնում է խուց 13-ը:
Այնքա՜ն պատմություններ և այնքան արցունքներ ու տառապանքներ կան այդ նեղ, նեխած ու խավարչտին խցի պատերի մեջ: Արդյո՞ք իմ տառապանքի ընկերները դեռ տառապում են այնտեղ ու դեռ ողջ են…
Հապա Խուլուհամրը. արդյո՞ք նրան լեզու տվին չեկիստները, թե դեռ նորանոր ձևեր են հորինում նրան խոսեցնելու համար:

8. «ԱՄԵՆԱԳԵՏԸ»
Այդ անունը նրան Մաշտոցը տվեց: Որովհետև ինչի մասին էլ խոսվեր, անկարելի բան էր, որ նա իր հեղինակավոր կարծիքը չհայտներ, լիներ դա գյուղատնտեսական աշխատանքներին վերաբերող, թե բժշկությանը, թե պատմությանն ու թե մանկավարժությանը: Նրա համար միևնույն էր:
Լեռնցի տաճկահայ էր՝ Երևանի շրջանի գյուղերից մեկում հաստատված: Եղել էր կամավոր, մասնակցել մի շարք կռիվների, իսկ հիմա քաշված մի գյուղում, մի զույգ եզով, մի սայլով, երկու հատ կովով հողագործությամբ էր զբաղվում:
Բայց արի ու տես, որ այդ խեղճուկրակ գյուղացուն հանգիստ չէին թողնում: Մեղադրվում էր գաղտնի ժողովներ գումարելու մեջ, ինչպես նաև որ «կուլակ-դաշնակ հակահեղափոխական կուսակցության» անդամ է և դեմ է «կոլխոզ» շարժմանը: Դրանից բացի, իբր, ունեցել էր տասըլիցքանի հրացան ու 200 հատ փամփուշտ:
Երբ նրան բերին, մյուսների նման իրեն չէր կորցրել: Անմիջապես սկսեց բոլորիս հետ զրուցել զանազան նյութերի շուրջ:
Խցում նույն շրջանի գյուղերից էլի մարդիկ կային, իրեն էլ ծանոթ, այդ պատճառով նա ինքն իրեն հարազատ շրջապատում էր զգում, բացի այդ, առաջին անգամ չէր, որ հայտնվել էր Չեկայի զնդանում:


Երբեմն խորհուրդներ էր տալիս, թե այս կամ այն հիվանդությունը ինչ դեղերով և ինչպես պետք է բուժել, կոտրած ձեռքն ու ոտքը ինչպես պետք է կապել և նման հազարումի դեղ ու դարման:
Խոսակցության ընթացքում պարզվեց նաև, որ նա իրենց շրջանում համարվում է կոտրածը կապող ամենալավ «սնխչին»: Պատմում էր զանազան արկածներ, որոնք հյուսված էին իր կյանքից: Նույնիսկ հրապուրելու, ինքն իրեն հետաքրքիր դարձնելու շնորհք էլ ուներ: Իսկ երբ վերջացնում էինք ընթրիքը, Ամենագետն առանց հանվելու պառկում էր անկողնու վրա և սկսում «Շահ-Իսմայելի» հեքիաթը: Պատմում էր ու հետն էլ երգում: Ամենից շատ մեզ հենց դա էր զվարճացնում:
Ես ու Մաշտոցը երանի էինք տալիս այդ մարդուն: Երբ երգի ձայնը մի քիչ բարձրանում էր, պահակը սկսում էր դուռը ծեծել, որ լռենք, բայց ուշադրություն դարձնող չկար: Նման դեպքերում Կամերկոմը, որպես մեր իրավունքների պաշտպան, սկսում էր հայհոյել պահակին և ավելացնում.
-Ի՞նչ ա, հերիք չի, որ նստած ենք էս մութ ու խոնավ զնդանումը, խոսել ու երգել է՞լ չի կարելի:
Պահակն էլ իր հերթին սպառնում էր մութ խցով, որտեղ նստած էր Գիժը: Մեր խցերը պալատներ էին համեմատած այդ մութ խցի հետ: Կարծես մինչև հիմա ականջներիս մեջ հնչում է Գժի գոռոցը, որ ամբողջ գիշեր բախում էր դուռը և բղավում, որ իրեն ազատեն այդ խավարչտին գերեզմանից: Բայց ո՞վ էր լսողը: Սկսած Չեկայի հայտնի Մուղդուսուց մինչև ստորին պաշտոնյայի ականջները խուլ էին: Թե մարդկային տառապանքները և թե բոլոր արժանիքները լիովին արհամարհված էին:
Դեռ չէինք քնել, երբ խցի դուռը բացվեց, և կանչեցին Մաշադուն, Մաշտոցին և ռուս Իվանին: Խե՜ղճ Մաշտոց… Նա մի րոպե կարծեց, թե իրեն տանում են գնդակահարելու: Ջղային մոտեցավ ինձ, ձեռքս բռնեց ու խնդրեց.
-Ընկեր X, եթե ազատվեք, անպայման որդուս գրեցեք: Բացի դրանից, պատասխանատու ընկեր Տ-ին էլ կպատմեք իմ քաշածը: Տանում են, և ո՜վ գիտե, թերևս էլ չվերադառնամ…
Այդ գիշեր մեր խցում գտնվողներից և ոչ մեկի քունը չտարավ մինչև նրանց վերադարձը:
Վերջապես, կեսգիշերն անց եկան: Ամեն մեկի վզին կախել էին մի մեղադրանք ու սպառնացել գնդակահարությամբ: Դա խորհրդային դրախտից ամենից էժան պրծնելու ձևն էր:
Մաշտոցը մեղադրվում էր քրդերի հետ շփման մեջ լինելու համար: Ամբողջ Հայաստանի քրդերը Մաշտոցին ճանաչում էին և նույնիսկ սիրում ու հարգում: Բացի այդ, նա լավ ծանոթ էր Իգդիրի շրջանի քրդերին, նրանք էլ փոխադարձաբար հարգում էին Մաշտոցին, որովհետև այդ շրջանի քրդական գյուղերում երկար ժամանակ ուսուցիչ էր եղել: Քրդերն էին, որ նրան մեծարում ու հարգում էին, որովհետև այդ մարդն էր, որ առաջին անգամ քրդերեն դասագիրք էր կազմել:
Երբ հարցաքննությունից վերադարձավ, մոտեցավ ինձ և ականջիս ռուսերեն փսփսաց.
-Աշխատիր խցում չխոսել:
Այդքանն արդեն բավական էր հասկանալու, որ թե խցում, թե փողոցում, ամեն ամեն տեղ Չեկան էր, Չեկա՜ն:
Այդ գիշեր մի կերպ լուսացրինք:

(շարունակելի)

Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Դիտվել է՝ 3654

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ