Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Ռաֆայել Ջրբաշյանի վերջին հրաժեշտը

Ռաֆայել Ջրբաշյանի վերջին հրաժեշտը
16.01.2019 | 20:05

Հայ թատերարվեստը ծանր և անդառնալի կորուստ կրեց:

2019 թ. հունվարի 16-ին, 96 տարեկան հասակում, կյանքից հեռացավ ՀՀ ժողովրդական արտիստ, մանկավարժ, պրոֆեսոր, բեմադրիչ Ռաֆայել Ջրբաշյանը:
Ռաֆայել Ջրբաշյանը հայ թատրոնի երախտավորներից էր, մարդ, ում հարուստ և բովանդակալից ստեղծագործական կյանքը արվեստի նվիրական ծառայության վառ դրսևորումներից է:


Ռաֆայել Ջրբաշյանը ծնվել է Կիսլովոդսկում: Սովորել է Թիֆլիսի պետական մանկավարժական ինստիտուտի ռուսաց լեզվի բանասիրության բաժնում: 1949 թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը` Վավիկ Վարդանյանի արվեստանոցը: Եղել է ֆակուլտետի առաջին շրջանավարտը: 1955-69 թթ. աշխատել է Երևանի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում` որպես բեմադրիչ:
1971-72 թթ. եղել է Վանաձորի Հ. Աբելյանի անվան դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավարը, 1975-90 թթ.` Արտաշատի Ա. Խարազյանի անվան և միջշրջանային թատրոնների գեղարվեստական խորհրդատուն: Հայաստանի Հանրապետության գրեթե բոլոր թատրոններում Ռաֆայել Ջրբաշյանն իրականացրել է մի շարք բեմադրություններ:


1956 թվականից դասավանդել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում, որտեղ 1984-98 թթ. եղել է ամբիոնի վարիչ, 1994-98 թթ.` պրոռեկտոր: 1986 թ. նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում:
Մեծ է վարպետի ներդրումը սերունդների կրթման գործում: Նրա ջանքերով ինստիտուտում ստեղծվել է ռեժիսուրայի ամբիոնը և բեմանկարչության բաժինը: Մանկավարժությունը վարպետի համար գիտական-տեսական և գործնական մի ուրույն համակարգ էր, որի առանցքում դրված էին անհատականությունների բացահայտման ու մասնագիտական-գործնական հմտությունների և մասնագիտական-տեսական գիտելիքների զարգացման, բեմադրիչների ու դերասանների բարոյաէթիկական չափանիշների ուսուցման սկզբունքները, որոնք էլ հիմք հանդիսացան ռեժիսորական վարպետության իր դպրոցի մշակման և տարածման համար: Նրա սաներից են եղել հետագայի անվանի դերասաններ, հաղորդավարներ, թատրոնների գեղարվեստական ղեկավարներ, բեմադրիչներ, ժողովրդական արտիստներ: Ռաֆայել Ջրբաշյանը հեղինակ է բազմաթիվ մասնագիտական հոդվածների, խոհերի, գրքերի և թարգմանությունների:
1986 թ. արժանացել է ՀՍՍՀ արվեստի վաստակավոր գործչի, 2008 թ.` Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի կոչման: 2004 թ.` Մովսես Խորենացու անվան մեդալակիր:


Ռաֆայել Ջրբաշյանն իր առանձնահատուկ հետքը թողեց հայ թատերարվեստում: Նրա պայծառ հիշատակը երկար կմնա գործընկերների, մտերիմների, թատերասեր հասարակության սրտերում:
ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է Ռաֆայել Ջրբաշյանի հուղարկավորության կազմակերպման հանձնաժողով:
Ռաֆայել Ջրբաշյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, հունվարի 17-ին, ժամը` 18:00-20:00:
Վերջին հրաժեշտը` Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանից, հունվարի 18-ին, ժամը` 11:00-13:00:
Հուղարկավորությունը` Երևանի քաղաքային պանթեոնում (Թոխմախ):

Դիտվել է՝ 923

Մեկնաբանություններ