Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Չինաստան, Չինաստան և էլի Չինաստան»

«Չինաստան, Չինաստան և էլի Չինաստան»
22.01.2019 | 03:44

2018 թվականը բազմանշանակ էր ոչ միայն Հայաստանի, այլև ողջ աշխարհի համար: Ես կաշխատեմ առանձնացնել այն առավել կարևոր իրադարձությունները, որոնցից, իմ կարծիքով, կախված է ամբողջ մոլորակի ամենամոտ ապագան: Հուսով եմ, որ Հայաստանում այլևս չկան «առաջնակարգ ապուշներ», ինչպես վերջերս արտահայտվեց Իրանի գերագույն առաջնորդ Խամենեին (ԱՄՆ-ի որոշ պաշտոնյաների վերաբերյալ), որոնք շարունակելու են ինչ-որ «հայակենտրոնություն» քարոզել և պնդել, թե համաշխարհային իրադարձությունները «հայերի համար կարևոր չեն», «թող աշխարհը հարմարվի մեզ» և այլն: Հայաստանի քաղաքականության մեջ տխմարների ժամանակն անցել է, այժմ հարկավոր են բացառապես պրոֆեսիոնալները և իրազեկները:


Առաջին տեղում եմ դնում հարաբերությունների ուժեղացող կտրուկ սրումը ԱՄՆ-ի և..., ո՛չ, ոչ թե Իրանի կամ Ռուսաստանի միջև, այլ ԱՄՆ-ի և Չինաստանի: Անցյալ տարի տարբեր դեմքերից, այդ թվում՝ «իշխանությանը մերձ», բազմիցս եմ լսել, թե «Հայաստանն ի՞նչ կապ ունի ամերիկա-չինական հարաբերությունների հետ, կապրենք, էլի»: Չեք ապրի: Վերջերս Պենտագոնի ղեկավարի պաշտոնակատար նշանակված Պատրիկ Շանահանն իր աշխատակիցներին հրամայել է հիշել. «Չինաստան, Չինաստան և էլի Չինաստան»: Եվ դա կրկնել է արդեն 2019 թ.:


Թե դա ինչի կվերածվի աշխարհի համար, առայժմ դժվար է նույնիսկ պատկերացնել, բայց ամենատեսանելի հետևանքները հասկանալի են: Կսրվի առևտրային պատերազմը Չինաստանի և ԱՄՆ-ի միջև, ինչը համաշխարհային տնտեսությունը փալասի կվերածի: Կսրվեն ԱՄՆ-ի հարաբերություններն այն բոլոր երկրների հետ, որոնք սերտ կապեր ունեն Չինաստանի հետ: Կուժեղանա լարվածությունը Հեռավոր Արևելքում, Ասիա-Խաղաղօվկիանոսյան ավազանում, իրադարձությունները կսրվեն ԿԺԴՀ-ի և Հարավային Կորեայի շուրջը, հնարավոր է՝ նաև Հարավարևելյան Ասիայում, որտեղ Պեկինի և Վաշինգտոնի շահերը խիստ տարբեր են:


Երկրորդը ԱՄՆ-ի դուրս գալն է Իրանի հետ «միջուկային գործարքից» և Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելը: Իրադրությունն արդեն դուրս է գալիս հսկողությունից, ինչքան էլ իրար սիրտ տան ԱՄՆ-ը և Իսրայելը և նրանց դաշնակից այն երկրները, որոնք նույնպես պատրաստ են Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու: Պաղեստինում, հատկապես Գազայի հատվածի և Իսրայելի սահմանին ողջ 2018-ին ընթացող պատերազմի մասին արևմտյան ԶԼՄ-ները չեն գրում, բայց այդ պատերազմն արդեն հանգեցրել է «պատերազմի ճուռակի»՝ Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանի հրաժարականին: Ի դեպ՝ թուրքերի բարեկամի և հայերի թշնամու: Այդ նա է իսրայելցիներին մղել ամենաանմիջական կարգով Ադրբեջանին օգնելու: Նկատի ունեմ 2016 թ. ապրիլին Հայաստանի դեմ Ադրբեջանի 4-օրյա ռազմական արկածախնդրությունը: Հիշեցի՞ք, հայեր: Պաղեստինյան ՀԱՄԱՍ ազգայնական շարժումն անցյալ տարվա աշնանն իր հրթիռներով այնպես պատասխանեց Իսրայելին, որ... Կարճ ասած, թրքասեր Լիբերմանը հրաժարական տվեց, իսկ Իսրայելն առաջին անգամ հասկացավ (նրանից հետո` նաև Ադրբեջանը), որ հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) «Երկաթե գմբեթ» համակարգը, որն Իսրայելը հասցրել էր վաճառել Ադրբեջանին, ոչինչ չարժե, եթե հրթիռակոծումը կատարվում է ավելի լուրջ հրթիռներով, քան ՀԱՄԱՍ շարժման ստորաբաժանումների ունեցածները։ ՈՒղղակի խնդրում եմ, Հայաստանի և Արցախի զինվորականներ, նկատի առեք այդ փաստերը, մեր թշնամիներին այնպիսի քոթակ տվեք, որ դարերով մոռանան հայ ազգին ուղղված` Արցախի հիմնախնդիրը «ուժային միջոցներով» կարգավորելու սպառնալիքները։


Երրորդը, հասկանալի է, Ռուսաստանի կողմից 2018-ի վերջին իր գերձայնային զենքի ցուցադրական ու հաջող փորձարկումներն էին։ Թվում է, թե աշխարհն ամեն ինչ հասկացավ, չնայած չեմ բացառում, որ ԱՄՆ-ում կամ էլ ուրիշ երկրում դեռ կարող է գտնվել ինչ-որ «առաջնակարգ ապուշ»։ «Ավանգարդ» հրթիռային համալիրն ավելի կատարյալ զենք է, քան ամերիկյան ցանկացած համանմանը` հաղորդում է «The Washington Examiner» թերթը։ Չնայած ամերիկացիների նշանառու համակարգերն ավելի ժամանակակից են, բայց մնացած առումներով ռուսական հրթիռն ավելի հզոր է։ «Ավանգարդը» ԱՄՆ-ի զինվորականներն առայժմ կալանել էլ չեն կարող։ Այնուհետև թերթը տեղեկացնում է, որ գերձայնային հրթիռների ոլորտում ԱՄՆ-ը սկսել է զիջել նաև Չինաստանին։ Պարզվում է, որ ԱՄՆ-ի Հաշվիչ պալատի նախկինում հրապարակված զեկույցում կան այսպիսի տողեր. «Ռուսաստանի և Չինաստանի գերձայնային զենքն ընդունակ է գործնականում հաղթահարելու ԱՄՆ-ի ՀՀՊ-ի ցանկացած համակարգ։ Ոչ մի հակամիջոց չկա»։ Ապա Հաշվիչ պալատն զգուշացնոմ է Սպիտակ տանը, որ Մոսկվան ու Պեկինը նոր զենքեր են մշակում, որոնց արագությունը, բարձրությունը և մանևրականությունն ընդունակ են հաղթահարելու ՀՀՊ համակարգերի մեծ մասի արգելքը։ Զեկույցում նշվում է, որ գերձայնային տեխնոլոգիաները կարելի է կիրառել միջուկային հեռահար հռթիռների արդիականացման համար։


Հյուսիսային Ամերիկայի օդատիեզերական պաշտպանության հրամանատարության ղեկավար, գեներալ Թերենս Օ’Շոնեսին ասել է, որ պատերազմի դեպքում ԱՄՆ-ի տարածքը հնարավոր չի լինի պաշտպանել ռուսական և չինական զենքից։ Իսկ ահա թե ինչ է ասել Պուտինը ռուսական նոր համալիրի մասին. «Այն դեպի նպատակն է գնում որպես մետեորիտ, որպես հրե գունդ։ Նրա մակերևույթի ջերմաստիճանը 1600-2000 աստիճան է, բայց թևավոր բլոկը հուսալիորեն կառավարվում է։ Նրա հզորությունը, ըստ զինվորական փորձագետների, կարող է վիթխարի լինել, իսկ արագությունն այն անխոցելի է դարձնում ՀՀՊ-ի և ՀՕՊ-ի ժամանակակից համակարգերի համար, քանի որ հակահրթիռները, պարզ ասած, չեն հասնում նրա հետևից»։
Հունվարի 11-ին պահեստի գեներալ-մայոր Հովարդ Թոմփսոնը, որն ուսումնասիրել էր ռուսական նորագույն զենքերի գծով Միթչելի օդատիեզերական հետազոտությունների ինստիտուտի զեկույցը, ամերիկյան «The Hill» թերթում գրել է. «Գերձայնային զենքի մշակման և փորձարկման բնագավառում Ռուսաստանը չափազանց առաջ է անցել ԱՄՆ-ից։ Ձայնի արագությունը բազմակի գերազանցող մարտագլխիկներն օժտված են չորրորդ չափման էֆեկտով և վերացնում են հակաօդային պաշտպանության գոյություն ունեցող միջոցները։ Ռուսական «Ավանգարդ» գերձայնային ճախրող համալիրը դեկտեմբերին փորձնական հաջող թռիչք է կատարել։ Ասում են, թե ճախրող բլոկը հասել է ձայնի արագությունը 27 անգամ գերազանցող արագության։ Ռուսները նաև հայտնել են, որ այդ համակարգն այժմ արտադրության մեջ է և պատրաստ է թողարկման»։ Այնուհետև նա տրտնջում է, թե տվյալ պահին ԱՄՆ-ը չունի նման զենք, իսկ Կոնգրեսի անդամները չեն հասկանում նորագույն սպառազինության առավելությունները. «Դաժան իրողությունն այն է, որ հակահրթիռային պաշտպանության մեր այժմյան համակարգերը, ինչպես նաև մեր օպերատիվ մտածողությունը պարզապես ընդունակ չեն դիմակայելու այդ վտանգին»։


Մի պարզաբանում է պետք. «չորրորդ չափման էֆեկտի» էությունը մարտական հարվածների արագության որակական աճն է։ Հարվածների արագության այդ աճն այնքան բարձր է, որ հակառակորդը որոշում ընդունելու ժամանակ չի ունենում, և նրա հակահրթիռային պաշտպանությունն անօգուտ է դառնում։ Այդ առնչությամբ հիշենք, թե ազգային անվտանգության գծով ԱՄՆ-ի նախագահ Թրամփի խորհրդական Ջոն Բոլթոնն ինչպես էր Հայաստան իր այցի ժամանակ արհամարհաբար արտահայտվել ռուսական զենքի մասին, ըստ էության, ակնարկելով, որ Հայաստանը պետք է փոխվի և փոխի իր գերակայությունները զենք գնելու հարցում. «Ես հայտնեցի Հայաստանի պարոն վարչապետին, որ եթե խոսքը ռուսական, թե ամերիկյան ռազմական տեխնիկայի գնմանն է վերաբերում, ապա մենք, իհարկե, կնախընտրենք երկրորդ տարբերակը։ Ամերիկյան սպառազինությունը ռուսականից լավն է ամեն դեպքում։ Եվ դա (ամերիկյան զենքի գնումը) զգալիորեն կբարձրացներ երկրի հնարավորությունները։ Սպառազինության մատակարարման հարցերում կդադարեր ամբողջովին մի պետությունից կախված լինելուց»։ Չեմ կարծում, թե 2019-ի հունվարին պարոն Բոլթոնը պատրաստ է հրապարակավ հերքելու գեներալ Թոմփսոնի խոսքը։
Այժմ, հուսով եմ, մեր երկրի ընթերցողները հասկացան, թե ինչու ամերիկա-չինական հարաբերությունների սրումը և Պենտագոնի նոր ուղեգիծը («Չինաստան, Չինաստան և էլի Չինաստան») կարող են ամենածանր ու տհաճ հետևանքներն ունենալ։ Չէ՞ որ Վաշինգտոնը Հաշվիչ պալատի զեկույցում հրապարակավ խոստովանել է, որ «Ռուսաստանի և Չինաստանի գերձայնային զենքն ընդունակ է գործնականում հաղթահարելու ԱՄՆ-ի ՀՀՊ-ի ցանկացած համակարգ։ Ոչ մի հակամիջոց չկա»։ Եվ եթե ԱՄՆ-ն անզոր է գերձայնային զենքի առաջ ընդհանրապես, եթե Չինաստանն էլ է ի վիճակի սարսափ ազդելու ամերիկացիներին, ապա... Չեմ շարունակում դատողություններս, միայն կրկնեմ, որ վերջին խոսքը պատկանում է ռազմական հրթիռների և ՀՕՊ/ՀՀՊ-ի գծով մասնագետներին։


Վերջապես, ևս մեկ իրադարձություն. ԱՄՆ-ի նախագահ Թրամփը հայտարարեց, որ Վաշինգտոնը զորքերը հանելու է Սիրիայից։ Եվ, որպես դրա տրամաբանական շարունակություն, քրդական հարցի շրջանակում սկսված սրացումը։ Թրամփի հայտարարությունը երկու փոփոխություն առաջացրեց Իրանի արտքաղաքական հռետորաբանության մեջ։ Առաջին. անհրաժեշտ է մշտապես հիշել այաթոլահ Խամենեիի գլխավոր ռազմական խորհրդատու, ԻՀՊԿ-ի նախկին հրամանատար, բրիգադային գեներալ Սեֆևիի պահանջը` ԱՄՆ-ը պետք է անպայման հեռանա Արևմտյան Ասիայից. «Այդ տարածաշրջանը պատկանում է մեզ»։ Տարբեր կերպ կարելի է մեկնաբանել «մեզ» բառը. մեզ` Իրանին, կամ մեզ` տարածաշրջանի ժողովուրդներին։ Հիշեցնեմ. Արևմտյան Ասիան ոչ միայն Արաբստանն է, այլև մեր Այսրկովկասը (որպես Առաջավոր Ասիայի մաս), Թուրքիան (որպես Մեծ Ասիա և Միջագետքի մաս)։ Հուսով եմ, որ Հայաստանում հասկանում են, թե ինչ եմ ակնարկում։ Երկրորդ. Իրանի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադային գեներալ Քիումարս Հեյդարիի ասածը, որ իրանական բանակն այսուհետ «բոլոր սահմանների ակտիվ պաշտպանություն» է վարում, որ «Իրանի բոլոր սահմանները լիակատար անվտանգություն ունեն»։ Թե ինչ է «սահմանների ակտիվ պաշտպանությունը», արդեն գրել եմ, այժմ հիշեցնեմ։ Իրանական սահմանների ակտիվ պաշտպանության օրինակ ցույց տրվեց, երբ ԻՀՊԿ-ի ստորաբաժանումները մտան Պակիստան և այնտեղ հակաիրանական ահաբեկչական խմբերի ոչնչացման գործողություններ ձեռնարկեցին։ Մնացածը հայ ընթերցողներն իրենք կարող են մինչև վերջ մտածել։

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 3013

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ