Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Տնտեսական դաշտի մարտահրավերները

Տնտեսական դաշտի մարտահրավերները
28.01.2019 | 20:26

Կրկին ժողովուրդը դժգոհ է հարկային քաղաքականությունից։ Տարին ՊԵԿ-ի համար բարեհաջող չսկսվեց. կառույցը ստիպված է լինում գրեթե ամեն օր հերքել այս կամ այն բողոքը կամ բացատրություն տալ։

Ճիշտ է, հունվարի 26-ին Թուրքիայից Հայաստան ապրանք ներկրողները դադարեցրել են բողոքի ակցիան և բացել են Բագրատաշենի մաքսակետի ճանապարհը, բայց գժգոհությունը շարունակվում է։ Չի բացառվում, որ բողոքի նոր ակցիաներ լինեն, համենայն դեպս այդպիսին է բողոքողների տրամադրվածությունը։ «Ճանապարհը բացեցինք` հարգելով ճանապարհին մնացած մեր վարորդների խնդրանքը։ Մենք հասկանում ենք, որ նրանք մեղավոր չեն խնդրի առաջացման հարցում և պարտավոր չեն տուժել ՊԵԿ-ի սխալ քաղաքականությունից։ Այն հարկային քաղաքականությունը, որն իրականացվում է Հայաստանում, բոլորովին էլ չի նպաստում բիզնեսի զարգացմանը։ Հարկերը բարձրացնում էին նաև նախորդ իշխանությունները. արդյունքում երկիրը զրկվեց փոքր և միջին բիզնեսից»,- մեզ հետ զրույցում նշում էին բողոքողները։


Իսկ բողոքի պատճառն այն է, որ այս տարվա հունվարի 1-ից 25 կգ-ից ավելի անձնական բեռը, որի արժեքը չի գերազանցի 500 եվրոն, կհարկվի մաքսատուրքով։ Հետաքրքիրն այն է, որ բողոքողների մեջ քիչ չեն նաև շարքային քաղաքացիները, ինչը բնական է, քանի որ այդպիսով ֆիզիկական և իրավաբանական անձանց կարգավիճակները, կարելի է ասել, հավասարեցվում են։ Մինչ օրենքի հիշյալ փոփոխությունը ֆիզիկական անձինք կարող էին անհատական օգտագործման նպատակով 25կգ-ից ավելի ապրանք ներկրել առանց հարկվելու, իսկ այս փոփոխությամբ շարքային քաղաքացին այլևս իրավունք չի ունենա իր տան համար գնումներ անելու, ասենք, հենց նույն Բագրատաշենի շուկայից։ Գուցե պատկան կառույցների ղեկավարներն ասեն, թե նույն ապրանքը վաճառվում է նաև Հայաստանում, և որ կարող են գնումներ անել հենց տեղում։ Նման կերպ մտածողներին շտապենք տեղեկացնել, որ մարդիկ գերադասում են անգամ լվացքի փոշին գնել հարևան Վրաստանից, քանի որ այնտեղ վաճառվող ապրանքը շատ ավելի բարձրորակ է և մատչելի։ Այո, օրենսդրական այս փոփոխությունը կարող է հարվածել նաև ՓՄՁ բիզնեսին, պարզ է, որ այս ոլորտում խոշոր գումարներ չեն պտտվում։ Ներդրումներն այստեղ փոքր են, սակայն հարկային բեռը գնալով ավելանում է, և բնական է, որ այդ բիզնեսով զբաղվողները ոչ միայն բողոքում են, այլև սկսում են հաշվել իրենց օգուտն ու վնասը։


Այս օրերին, կարելի է ասել, Հայաստանի ամբողջ տնտեսական դաշտն է հաշվում, գումարում, հանում, քանի որ առաջիկայում քննարկվելու է հարկային նոր օրենսգիրքը։ Այն այս պահին ԱԺ-ում չէ, սակայն գտնվում է հանրային քննարկումների դաշտում, և դժգոհությունները բիզնես միջավայրում արդեն իսկ շատ են։ Եվ եթե քաղաքական դաշտում «հեղափոխությունը» սահուն անցավ, ապա տնտեսական դաշտում մարտահրավերները ավելի լուրջ են լինելու։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 2677

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ