Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Պարզ ու բաց խոսելու համար իմ առջև շատ դռներ են ժամանակին փակվել, որոնք մինչև հիմա դեռ փակ են»

«Պարզ ու բաց խոսելու համար իմ առջև շատ դռներ են ժամանակին փակվել, որոնք մինչև հիմա դեռ փակ են»
29.01.2019 | 04:42

Ռոք երգիչ, կիթառահար ՎԱՀԱԳ ՌԱՇԸ ներկայացրել է իր նոր՝ «Բաց թող ինձ» երգի տեսահոլովակը: Մեր զրույցի թեման նոր երգն է, առաջիկա ծրագրերը, ինչպես նաև երկրում տիրող մշակութային, սոցիալական ու քաղաքական վայրիվերումները:

-«Բաց թող ինձ» երգի տեսահոլովակը, ընդգրկուն իմաստով, ազատության մասին է: Ինտերակտիվ արկղիկում հայտնվածնե՞րն են իրականում «ազատագրվում», թե՞ նա, ով ապրում-շրջում էր փակ արկղիկի հետ:
-Արկղը, նրա միջի մարդիկ, կամ աղջիկը, որ գերության մեջ է պահում այդ մարդկանց, շատ խորհրդանշական են: Իրականում ասելիքը շատ ընդգրկուն է: Օրինակ, երբեմն մարդիկ ամուսնանում են, ու զույգերից մեկը մյուսին արգելում է շարունակել իր ստեղծագործական կյանքը, լինել այնպիսին, ինչպիսին էր նա կամ պետք է լինի: Ընդհանրապես, մարդն ինքն իրեն ազատ չի զգում. մեծ մասամբ կախված է հասարակության կարծիքից, շրջապատից ու շատ կարծրատիպերից: Ես նշեցի մի քանի տարբերակ, բայց ազատության մասին կարելի է օրերով խոսել:
-Քաղաքական ենթատեքստ ունի՞ երգդ, մանավանդ որ գրվել է 2018 թվականի մայիսին, երբ տրամադրությունները մեր երկրում, մեղմ ասած, թեժ էին:
-Կարելի է նաև քաղաքական դիտանկյունից նայել: Ժողովուրդը երկար տարիներ վանդակի մեջ է եղել: Նրա մասին թվացյալ հոգացել են, բայց պատկերն իրականում այլ է: Աղջկա ակնոցը հենց դա է խորհրդանշում. նրա համար ամեն ինչ իդեալական է:
-«Բաց թող ինձ» երգի տեսահոլովակը նկարահանվել է սեպտեմբերին, այսօր արդեն այն հասանելի է համացանցում: Վահագ, եթե նախկինում հանդիսատեսի հետ հաղորդակցվելու համար անհրաժեշտ էր ելույթներ ունենալ մեծ կամ փոքր համերգասրահներում, ակումբներում, այսօր արդեն կարևորվում են համացանցի դիտումները, մեկնաբանությունները: Ըստ այդմ, ի՞նչ է փոխվել արտիստի կյանքում՝ լավ ու վատ իմաստով:
-Հիմա շատ բան է փոխվել: Առաջ միայն հեռուստատեսությունն էր ապահովում քո լսարանը, ինչը մեծ գումարների հետ էր կապված, իսկ հիմա այդ խնդիրը չկա: Հեռուստատեսությունը, եթե չի ուզում, կարող է չհեռարձակել երգ կամ տեսահոլովակ, հանդիսատեսին այն, միևնույնն է, հասնելու է, և դրա համար մեծ գումարներ անհրաժեշտ չեն:
-Ամենաշատ դիտում ունեցող երգդ ո՞րն է:
-«Ես կգամը», որը մինչ հիմա հոլովակ չունի:
-Կարո՞ղ ենք ենթադրել, որ դա նաև քո ամենասիրած երգն է:
-Միանգամայն ճիշտ է, այդ երգում կարող եք տեսնել հոգուս արտացոլանքը:
-Եվս չորս նոր երգեր ես հանդիսատեսի դատին հանձնելու, հայ դասականների գործերով գրված երգեր կլինե՞ն: Քեզ համար դա կարծես ընդունված ձևաչափ է:
-Այդ երգերից ոչ մեկը դասականների խոսքերով չի գրվել, բայց ունեմ երգեր, որոնց հիմքում սիրված ստեղծագործություններ են: Դրանք կներկայացնեմ հանդիսատեսին քիչ ավելի ուշ:
-Մեր վերջին զրույցը քաղաքական շեշտադրում ուներ: Հարցին՝ «Երաժիշտը չպե՞տք է զբաղվի քաղաքականությամբ», պատասխանեցիր. «Երաժիշտը չպետք է անտարբեր լինի իր շուրջը և երկրում կատարվող իրադարձությունների նկատմամբ: Ոմանք ընտրում են գումարը և կարիերան, ոմանք ընտրում են արդարությունն ու ազատությունը»:
Հնարավոր չէ՞ համատեղել գումարը, կարիերան, արդարությունն ու ազատությունը:
-Հնարավոր չէր նախկին իշխանությունների օրոք, հիմա՝ չգիտեմ, ժամանակը ցույց կտա: Բայց պարզ ու բաց խոսելու համար իմ առջև շատ դռներ են ժամանակին փակվել, որոնք մինչև հիմա դեռ փակ են: Բայց ես չեմ բողոքում, քանի որ իմ տեսակը չի փոխվել ու չի փոխվի, երբեք իմ նպատակին հասնելու համար դեմ չեմ գնա սկզբունքներիս, կգտնեմ այլ դռներ՝ ավելի մաքուր ու պատվաբեր:
-«Նոր» Հայաստանում, իբրև երգիչ-երգահան, ի՞նչ դրական փոփոխություններ կուզեիր տեսնել:
-Սպասում եմ մշակութային հեղափոխությանը, ժամանակն է արդեն, առանց մշակույթի ազգը չի կարող գոյություն ունենալ, ու մշակույթը միայն արվեստը չէ, մշակույթը շատ լայն հասկացություն է: Ավելին, մշակույթը դաստիարակություն է, որը պետք է դեռ մանկուց ներարկել մարդկանց մեջ:
-Իսկ իբրև քաղաքացի ի՞նչ կասեիր սպասելիքներիդ մասին:
-Իբրև քաղաքացի առաջին հերթին կուզեի լուծվեր Արցախի հիմնախնդիրը, ժողովրդի աղքատության մակարդակը նվազեր, մարդիկ այնքան վստահ ու բարեկեցիկ ապրեին, որ, կոպիտ ասած, չխառնվեին կառավարության գործերին, կառավարությունն էլ այնքան լավ աշխատեր, որ հեղափոխության կարիք նորից չլինի:
-Արվեստագետն ազա՞տ է այսօր, մանավանդ նրանք, ովքեր պաշտոն են զբաղեցնում: Մեկ սխալ կարծիք, ու հայտնվում ես «սևերի» ցուցակում: Չե՞ս կարծում, որ վերանայման կարիք ունի այս ցուցակը:
-Իրական արվեստագետը միշտ էլ ազատ է եղել, իսկ սև-սպիտակը հարաբերական է. այսօր սև է, մյուս օրը՝ սպիտակ, մեկի համար սև է, մյուսի համար՝ սպիտակ: Կարծիքների բախումը բնականոն է: Լավ կլինի, որ ականջալուր լինեն տեղին ասված խոսքին, առողջ քննադատությանը:
-Ինձ խորհրդանշական թվաց նաև մեր նախորդ զրույցի վերջում ասած քո կոչ-հորդորը. «Կատարեք ձեր ընտրությունը ձեր կամքով, ոչ թե ինչ-որ մեկի թելադրանքով։ Անպայման գնացեք ընտրության, մենք ենք մեր երկրի տերը, ոչ թե քաղաքական այրերը, նրանք այսօր կան, վաղը մեկ ուրիշը կլինի նրանց փոխարեն, ստիպեք, որ նրանք ծառայեն ձեզ ու երկրին»: Վահագ, «Մենք ենք տերը մեր երկրի» կարգախոսը իրականությանը որքա՞ն է մոտ:
-Լիովին իրականություն է, մենք եթե տեր չլինենք, ամեն ինչ շատ սխալ հունով կգնա: Դրա վառ օրինակն ունենք. երկիրը վերածել էին բիզնես կենտրոնի: Խնդիրն այն էր, որ ժողովուրդ-իշխանություն-կառավարություն կամուրջը փլված էր: Հիմա կա այդ կամուրջը, ու հույս ունեմ, որ ավելի ամուր սյուներով կամրացվի, իսկ եթե քանդեն, նույն ճակատագիրն է սպասում նրանց, հնարավոր է՝ ավելի դաժան: Այլ բան է ատել ու ատել, այլ բան՝ սիրել ու հետո սկսել ատել, դա շատ դաժան է երկու կողմի համար էլ:
-Մի վերջին հարց . ի՞նչ ես կարծում, սոցիալական խնդիրների լուծման դեպքում մեր երկրի մթնոլորտում, մարդկանց տրամադրություններում, կացութաձևում փոխություններ կլինե՞ն, թե՞, հակառակը, ինչ-ինչ փոփոխություններ են պետք, որ սոցիալական սանդղակը փոքր-ինչ բարձրանա:
-Սոցիալական խնդիրները լուծելու համար պետք է առաջին հերթին երկրի վիճակը բարելավել, իսկ դա յուրաքանչյուրիս խնդիրն է, պետք է ազգային գաղափարախոսություն դառնա երկրի համար սրտացավ լինելը, ոչ թե միայն իմ բակի, իմ դռան ու իմ տան համար: Հենց սա է պատճառը, որ մենք վատ ենք ապրում. շատ էգոիստաբար ենք մտածել` մեզ համար լավ լինի, կողքինի համար` թեկուզ ջրհեղեղ: Ի վերջո, պետք է այնպիսի պայմաններ ստեղծվեն, որ զբոսաշրջությունը զարգանա, ներդրումներ լինեն, որ դրսի մեր հայրենակիցները վերադառնան: Սա է մեր հողը, մեզ համար ավելի լավ տեղ չի կարող լինել՝ ամեն առումով, այստեղ են մեր ընկերները, բարեկամները, հայրենակիցները, այստեղ մենք օտար չենք:

Զրույցը՝ Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 3735

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ